ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ – 100. ԷՍ ԷՆ ՏՈՒՆՆ Է, ՈՐ ՇԻՆԵԼ Է…

Ինչպես Լորում կառուցվեց Համո Սահյանի տուն-թանգարանը

Համո Սահյանի տունը Լորում կառուցվել էր դեռեւս 1972-73 թվականներին՝ Կիմ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, Լորի կոլտնտեսության միջոցներով, ինչի մասին հաճախ է պատմել այդ տարիների կոլվարչության նախագահ Ռուբիկ Միրզոյանը  (այժմ՝ հանգուցյալ), բայց այն այդպես էլ անավարտ է մնացել: 40 տարիների կիսակառույցը ոչ քանդված էր, ոչ՝ պահպանված, եւ նախատեսված էր բնակելի տան համար: Իսկ նոր կառույցը պիտի համապատասխաներ տուն-թանգարանի պահանջներին, դրա համար բոլորովին նոր նախագիծ է արվել, պահպանվել է միայն երկրորդ հարկի դիմահայաց պատը եւ աստիճանների դիրքը:

13 տարի, այսինքն՝ համայնքապետ դառնալուց ի վեր, շատ դռներ եմ բախել: Ում ասես՝ չեմ դիմել, ինչ կազմակերպության ասես՝ չեմ խնդրել, նաեւ՝ մշակույթի նախարարություն, գրողների միություն… բայց՝ ապարդյուն:
Իսկ երբ 2010 թ.-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել էր Լոր համայնքի հարեւան՝ Շամբի գործարան, նույն խնդրանքով նրան էլ դիմեցի: Պատասխանը չուշացավ: Նախագահը հետաքրքրվել էր անգամ տուն-թանգարանի հետագա պահպանության հարցով, եւ 3 տարվա համար կոնկրետ գումար հատկացրել նախագահականից՝ թանգարանի տնօրենի հաստիք պահելու համար:
Հիմնանորոգումն իրականացել է Հայաստանի Սոցներդրումների հիմնադրամի՝ 34 մլն դրամ ֆինանսավորմամբ, իսկ համայնքային՝ 10 տոկոս ներդրումը կատարել է ամերիկահայ մի բարերար, ում նույնիսկ չենք  ճանաչում:
Կառույցի կանոնադրությունը գրվել եւ հաստատվել է որպես Լորի համայնքային ենթակայության՝ «Համո Սահյանի անվան տուն-թանգարան» ոչ առեւտրային կազմակերպություն եւ ենթակա է Լորի համայնքապետարանին:
Երբ սկսվեց տուն-թանգարանի հիմնանորոգումը, որեւէ փաստաթուղթ չի  եղել դրա վերաբերյալ, Լորի համայնքի գույքացանկում գրանցված է եղել Հ. Սահյանի տուն-թանգարան մի շինություն միայն: Կանոնադրությունը ինքս եմ գրել, այն հաստատելու, կազմակերպության կնիքը հանելու եւ կազմակերպչական բոլոր աշխատանքները ինքս եմ կատարել՝ շինարարական աշխատանքներին զուգահեռ:
Մեր նպատակը տուն-թանգարան՝ ստեղծելն է` պահպանելու այն կոլորիտը, այն միջավայրը, որը միայն եւ միայն Սահյանական պիտի լինի, Սահյանով լեցուն եւ Սահյանաշուչ, որտեղ պիտի «ապրի» Սահյանը:
Տուն-թանգարանի առաջին հարկում թոնրատունն է, որտեղ պահպանվել է Խաչիպապենց թոնիրը, որի մասին է գրել՝
Թոնրի շրթունքը, որ մի ժամանակ բոցից էր ճաքում,
Հիմա ճաքել է բոցի կարոտից…
Պահպանվել է հացի տաշտը՝  նույնպես անմահանալով սահյանական  տողերում՝ Տաշտը, որի մեջ Խաչիպապ պապի Հարսանյաց հացի խմորն են հունցել, եւ հոգեհացի խմորը նաեւ…
Մնացած ամեն ինչը տարբեր տեղերից գտել-բերել ենք եւ շարունակում ենք բերել:
Հայթայթել ենք  Սահյանի անձնական իրերից՝ նրա գրամեքենան, հայտնի ցիլինդրը, մոխրաման, գրիչ, այլ իրեր, որ թանգարանին են նվիրել նրա քույրերը: Լուսանկարներ եւ արժեքավոր կիսանդրի, Սահյանի անձնական գրասեղանը Կիմ Հովհաննիսյանի ընտանիքի անդամներն են նվիրել: Այդ կիսանդրին կտեղադրվի տուն-թանգարանի մուտքի պատին՝ «Համո Սահյանն իր Լորինն է» մակագրությամբ:
Համո Սահյանին շատերն են փորձել «տեր կանգնել», երբ Սահյանն արդեն Սահյան էր, բայց մինչ «Սահյանի Սահյան լինելը» Կիմ Հովհաննիսյանն էր, նրա կողքին, սակայն այսօր այդ մասին քիչ է հիշվում: Տուն-թանգարանի ցուցասրահներում մենք այդ «բացն էլ կլրացնենք»:
Գտել ենք Սահյանի` վաճառված տան կահույքը, որը պահպանել է երեւանյան տան հարեւանը: Ձեռագրեր եւ այլ փաստաթղթեր է նվիրել Շչորս Դավթյանը, Սասուն Պասկեւիչյանը խոստացել է նվիրել Սահյանի կոշիկները, նկարիչ Սլավիկ Խաչատրյանը  որմնանկար կնկարի: Եվ թանգարանին, եւ դպրոցի՝ Սահյանի անվան անկյունը ձեւավորելուն  օգնել է ՀՀ սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար, Սահյանի մեծ երկրպագու Հովհաննես Պապիկյանը՝ տրամադրելով ցուցանմուշներ, Սահյանի գեղանկարը, գրքեր:
Որտեղ լսում ենք՝ մի բան կա, հապճեպ հետաքրքրվում ենք` կնվիրեն, շատ լավ, չեն նվիրի` իրենց խիղճը:
Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի` Սահյանի նոր քանդակը կտեղադրվի բակում, եկել-տեղը ընտրել է: Նրա՝ Սիսիանում տեղադրված քանդակի մանրակերտը իմ խնդրանքով դեռեւս այն կերտելու ժամանակ է հեղինակը նվիրել դպրոցին:
Սահյանի ամյակները պատշաճ կարգով չնշելը երբեմն փորձել են «արդարացնել» հեռու լինելու պատճառաբանությամբ:
Գուցե այդպես մտածողնե՞րն են մեզնից հեռու:
Տուն-թանգարանի ստեղծմամբ, իհարկե, համայնքային իշխանության եւ Լորի պարտքը մեր մեծ հայրենակցի, համագյուղացու հանդեպ չենք համարում  «մարված»:
Ջանում ենք ամենայն պատասխանատվությամբ տուն-թանգարանի դռները բացել այցելուների առջեւ, որին այնքան երկար ենք սպասել:
Տուն-թանգարանը թեեւ առայժմ չի գործում, բայց անգամ հիմա այցելուների պակաս չունենք: Եկել են Սիսիանի ավագ դպրոցի աշակերտները,  Երեւանի՝ Սահյանի անվան դպրոցի կոլեկտիվը, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի աշակերտները, անհատներ, մարդիկ, ում համար Սահյանի պոեզիան կենսական տարածք է: Հետո ավելի շատ են գալու:
Սահյանը սկսվում է Լորով, շարունակվում է Լորով, հարատեւելու է Լորով: Բացի այն, որ նրա պոեզիայի ակունքը Լորն է, 20-ից ավելի բանաստեղծություն ունի նվիրված միայն Լորին: Այս տուն-թանգարանը համարում ենք Լորի նվերը Սահյանի ծննդյան 100 ամյակին: Իսկ նրա՝ հաջորդ եւ բոլոր ամյակները հավերժելու են՝ մեծացնելով մեր «պարտքը» նրա հանդեպ:
Լորեցիների մի սերունդ կար, որ Սահյանին ընկալում էր որպես գյուղի եւ գյուղացիների համար «հարց լուծող»: Սահյանը ինքն իր հարցերը չէր լուծում, ուր մնաց… Բայց կամա-կամաց այդ սերունդն էլ հասկացավ, որ Լորի համար ինչ արել է, Սահյանն է արել՝ այդպես հնչեղացնելով ու հնչեցնելով Լորի անունը: Դրանից ավել ի՞նչ աներ…
Իսկ նոր, ներկա սերնդի համար Սահյանն այն է, ինչ՝ բոլորիս, գուցե եւ՝ ավելին, որպես նրա հայրենակից ու համագյուղացի:
Ասում են՝ լավ, 100 ամյակը նշեցիք, հետ՞ո…
Հետո՝ գյուղն իր դռները հո չի՞ փակելու: Գյուղն իր տեղում է, տուն-թանգարանն իր տեղում: Մենք կշարունակենք Սահյանով ապրել, Սահյանը՝ մեզնով ու յուրաքանչյուրով…

Դավիթ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ
Լորի համայնքապետ
22.04.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *