ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ – 100. ԻՄ ԱՆՍՊԱՌ ՍԱՀՅԱՆԸ

Խենթանում եմ Սահյանի պոեզիայի համար: Հրաշք է: Ինչքան գնում է՝ ավելի շատ եմ սիրում նրան: Կարդում ես՝ ամեն ինչ կա մեջը՝ ոգի, էություն, էլ մեր սարերը, էլ մենք, էլ Թումանյան, էլ Նարեկացի, ամեն, ամեն ինչ: Կարդում ես ու փշաքաղվում: Գիգանտ է:
Գնահատել չգիտենք: Ռուսները ոնց են իրենց մեծերին մեծարում, գնահատում, նրանց արձակը հրաշք է: Բայց եթե Սահյան ունենայի՜ն…
Էս վերջերս մեկը կարդացել էր, ասաց՝ էդ ի՞նչ մեծություն է, ինչ մեծություն, չգիտեի, որ նա էդպիսի մեծություն է, էդ ինչ շշմեցնող բանաստեղծություններ է գրել: Մեր հոգին է Սահյանը՝ հոգու սովը լցնող: Հոգու սով լցնող շատերը կան, բայց նա ինձ շատ է հարազատ:
Մարդուն գնահատելը մեծագույն հարստություն է, մանավանդ՝ այդպիսի մեծություններին: Պետությունը չի գնահատում, մենք մեր մեջ գնահատում ենք, անցնում-գնում: Ռուսները ոնց են գնահատում Պուշկինին, Տոլստոյին, Դոստոեւսկուն, որին ամբողջ աշխարհն է գնահատում, որովհետեւ անհասկանալի մի խենթ բան կա նրա մեջ, որ բոլորը ձգտում են հասկանալ, եւ չեն հասկանում: Իսկ Սահյանն ուրիշ է, սիրուն, պոետիկ, ոնց որ մեծ նկարիչ լինի, վրձնահարվածներով, Սարյանի նման, մեծ է, շատ, արեւն է տեսնում, սիրուն, թաքնված բաներն է տեսնում, ջաղացպանի աղջկա սերն է տեսնում: Միայն հայը եւ միայն նա կարող է սա տեսնել, նկատել: Երեւանում ժայռից մասուր չի կաթում, Արարատում չի կաթում, սարի մարդն ուրիշ է, բնաշխարհից է:
vorotan19042014-5Իմ «պարտքը» սրանով մարած չեմ համարում Սահյանի հանդեպ: Ես նրան «գտել եմ»: Ինչքան գնում է՝ իմ քանդակն ավելի եմ սիրում, որովհետեւ ինքը կա մեջը, ոչ թե՝ նմանություն, այլ՝ Սահյան կա մեջը: Կապ  չունի՝ վերարկույով է, մերկ է, կապ չունի: Ռոդենը Բալզակին մերկ է քանդակել, դա չի նշանակում, թե Բալզակը չէ: Էությունն է կարեւոր:
Սահյանը անսպառ է: Սա իմ միակ աշխատանքը չէ: Անցյալ տարի (2001.-խմբ.) բրոնզից փոքր Սահյան եմ ձուլել:
Միշտ հարցնում էի՝ Համո Սահակիչ, էսքան բանը որտեղից է գալիս քո մեջ, ասում էր՝ մանկությունից:
Բաքվում սովորելը, այստեղ-այնտեղ գնալը ուղղակի գրագետ է դարձրել նրան: Էությունը գալիս է Լորից, իր մանկությունից, իր տեսած գետից, սարից, մարդկանցից, ապուպապից:
Մի օր ասաց՝ Գետիկ ջան, կուզենայի, որ իմ քանդակը դու անեիր: Ամենամեծ գնահատությունն էր ինձ համար:
Այս քանդակը արել եմ Սիսիանի համար: Ուրիշ տեղ չեմ ուզենա, Երեւանում, որեւէ դպրոցի բակում, ի սրտե չեմ ցանկանա: Ասում են՝ Սիսիանն ի՞նչ է, հեռու է, ո՞վ պիտի տեսնի:  Ասում եմ` Սիսիանում պիտի դրվի: Սահյանն ինքը Սիսիանից չի՞: Էջմիածինը, Երեւանը այնքան էլ կապ չունեն Սահյանի հետ, չնայած թող ամեն տեղ էլ լինի, տասը քանդակ թող լինի, բայց հատկապես այս Սահյանը Սիսիանինն է: Նրա շնչով է արված: Ինքն էլ է դժվար ծնվել, բայց՝ ծնվել է՝ գիգանտ, պոետ:
Եթե մեր ազգը տաճար համարենք, Նարեկացի, Շնորհալի, Թումանյան, ամեն մեկը՝ մի քար, Սահյանն էլ այդ տաճարի քարերից մեկն է:
Ամեն մի նոր գործ մի կռիվ է: Կամ հաղթում ես, կամ՝ պարտվում: Պիտի ուժ հավաքես, զորք հավաքես, որ հաղթես: Այս «կռվում» ես ինձ հաղթած եմ համարում:
Համո Սահյանը հզոր է, մեծություն է: Մի օր գնացի-տեսնեմ ծիծաղում է, ասում է՝ Կոսիգինը հիմա իմ օրն է ընկել, գործից հանել են, ինձ նման անգործ է մնացել, ես ու նա մի օրի ենք: Երնեկ չէր՝ Կոսիգինը քո օրն ընկներ, ասացի…
Նրանք անցնող են, Սահյանը հավերժություն է:

Գետիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
(«Որոտան», 2002 թ.) 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *