ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ-100. ԻՄ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԸ

Դատապարտված մի ամպ եմ..
Եկել եմ ես,  որ ջուր տանեմ քո ձորերից
Դաշտի ծարավ  ծաղիկներին…

Ես ունեցա մի ուսուցիչ, որն, իրոք, ինձ ուսման գիրկը տարավ, ուսուցիչ, որ հոգու ու մտքի այբուբենը տվեց, ուսուցիչ, որն ինձ աշխարհներ նվիրեց…
Երբ սկսեցի «աշխատել» Համո Սահյանի հետ,  նույնիսկ էությամբ սկսեցի փոխվել: Ես «ընդունեցի» Սահյանին իմ մեջ ու սուզվեցի, այս անգամ՝ մի աներևույթ, գուցե և առաջին տպավորությունից անհասկանալի մի աշխարհում…Սուզվեցի ու սկսեցի խճճվել այդ բազմաբովանդակ ու ներդաշնակ աշխարհում…Սկսեցի շնչել, զգալ, լսել երբեմն՝ լռել, ինձ թագադրեցի այդ աշխարհում …եւ սկսեցի երկրպագել բնությունը…..
Բույրեր՝ անթիվ-անհամար, շշուկներ՝ տարբեր, բազմաթիվ  գույներ… ու այս  զգացողությամբ է, որ փորձում եմ կիսվել ձեզ հետ…
Սահյանական աշխարհից առաջինը կանգ առա նրա՝ զգայական աշխարհի ամենակարևոր երևույթի վրա…ես սկսեցի զգալ ու շնչել նրա… հոտերը…հազարաբույր, հազարագույն ու հազարերանգ…
Նաեւ՝ այս առումով է Սահյանն առանձնանում մյուս գրողներից՝ իր յուրահատկությամբ, իր օրինակով, ֆանտաստիկ մտահորիզոնով ….
Համատարած են սահյանական «հոտերը», որ ուղղակի երբեմն զարմանալու չափ ապշեցնում են. միայն Սահյանը գրի կառներ քարի հոտը, սարի հոտը, ապուպապոտ հոտը, խենթության, խեղճության, պարզության  ու  մոր ծոցի հոտը: Երբեմն շշմում ես պարզությունից, այն պարզությունից, որից հաճախ բոլոս փախչում ենք, կարծելով, թե բարդն ավելի հնչեղ է…

Այս ձորերում ամեն ինչից
Օրորոցի հոտ է գալիս,
Պապենական սուրբ օջախի
Ծուխ ու բոցի հոտ է գալիս:

Միայն Սահյանը կարող է տեսնել, զգալ ու գրի առնել, նկարագրել ու շարադրել այնպիսի հերթականությամբ ու բառի ճշգրիտ շարադասությամբ, որ, ընթերցելով, դու էլ զգում ես այդ հոտերը…

Արմատի հոտ, բողբոջի հոտ,
Ու խեժի հոտ տոհմածառի,
Վարող-ցանող հոր ձեռքերի
Ու մոր ծոցի հոտ է գալիս…

Մեզանից յուրաքանչյուրն էլ նկատում, զգում է շուրջը կատարվող երևույթները, սակայն քչերին է վիճակված  տեսնել  ու զգալ բնությունն իր գունագեղության ու հազարաբույրության մեջ…
Երեխայի հոտ… ահա մի աննկարագրելի զգացողություն: Կարծում եմ՝ շատերն ինձ հետ համամիտ կլինեն, որ երեխայի հոտից ու նորաթուխ հացի հոտից աշխարհում ավելի ապրեցնող հոտ չկա, հոտերից՝ ամենաքաղցրը, ամենազգլխիչը, ամենայուօրինակը, ամենացանկալին, որ զգում ենք, բայց երբեմն չենք արտահայտվում, իսկ Սահյանն իր աշխարհով եկել է մեզ ցույց տալու, ասելու, որ անտեսված ոչինչ չպետք է լինի, ամեն բան յուրովի է տրված Աստծո կողմից, անգամ՝ չորացած ժայռից կախված, փշփշոտ մասրենին էլ իր գեղեցկությունն ունի, միայն պետք է նկատել ու գնահատել առավելագույն արժեքներով:
Արմատի, ծխի հոտեր, որ հաճախ մեր շուրջն են, ու մեզ համար ուղղակի հոտ, երբեմն՝ ոչ հաճելի, իսկ Սահյանի  համար սրանք …բույրեր են…
Հետաքրքիր է՝ եթե Սահյանը լիներ 21-րդ դարում ու ապրեր այս դարի մտածելապերպով և տեսներ՝ մարդն ինչպես է հեռանում բնությունից, արդյո?ք կհաշտվեր այդ մտքի հետ: Երբեմն մտածում եմ, որ հաստատ մի հնար կգտներ յուրաքանչյուրի սրտում մասրենի, դաղձ ու մանուշակներ աճեցնելով:

Գնամ բնաշխարհն իմ բարձրագմբեթ,
Մտնեմ վիհավոր կիրճերը նրա…
Աշխարհաստեղծման կավի հոտն առնեմ,
Մութի հոտ առնեմ…

Սահյանին ճանաչելով, փոխվեցի , փոխվեց իմ աշխարհայացքը, իմ ինքնությունը, դիմագիծը, ես դարձա ավելի համարձակ, ավելի կենսախինդ:

Մարդահոտ առնեմ, սիրեմ բոլորին,
Զգամ բոլորի սերը նախնական…
Խառնվեմ նրանց….Այնքան խառնվեմ,
Որ ինձանից էլ մարդահոտ առնեմ,
Դառնամ գոհ սրտով, անվրդով մեռնեմ….

Նրա պոեզիայից սամիթի, վարունգի, դաղձի, մասուրի հոտ է գալիս, հզոր վարպետի աչքից ոչինչ չի վրիպել:
Հոտը, համը, շշուկներ- գույները, ահա այսպիսի երևույթներով է նա գունովորել-համ ու հոտ տվել, յուրօրինակ դարձրել իր պոեզիան…

Կաթի հետ, մորս կաթի
Քո երգի համը իմացա,
Սարերիդ պաղ ջրերից
Երկնքի համը իմացա,
Իմացա՝ համը բառիդ….

Խեղճության հոտ… ապրելով գողտրիկ, սարերի մեջ ծվարած մի գյուղում, տեսնելով գյուղացու տանջանքը, ապրելակերպը, ինքն էլ ապրելով ոչ շքեղ կյանքով, միայն Սահյանն է իր անպարագիծ հոտառությամբ կանգ առել, բնորոշել նաև իրեն՝ հենց այդ խեղճության հոտով:
Խնկի հոտ, մորմոքի, արցունքի, հողի, ցավի …
Յոթանասուներկու ընդգծված հոտ ու բույր կա Սահյանի պոեզիայում…
Ներաճած, ներծծված է Սահյանը բնության մեջ, բոլորիս մեջ Սահյան կա, Սահյանի կյանք կա, հոգի, ցավ, երազանք…

Այստեղ ամեն ինչ ապուպապոտ է,
Հորոտ-մորոտ է, մանկությունոտ…
Խեղճության հոտ է, խենթության հոտ է,
Պարզության հոտ է, մաքրության հոտ:

Քնքուշ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համո Սահյանի տուն-թանգարանի տնօրեն
Լոր
01.05.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *