ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ-100. ՀԱՅԵՐԵՆ ԵՆ ԳԱԼՈՒ… ԴԱՐԵՐԴ

Սահյանի աշխարհն իր համար բացող ընթերցողն անհնար է, որ չնկատի «Ընկերոջս՝ Ալեքսանին», «Ալեքսան Կիրակոսյանին» ընծայագրերով գողտրիկ բանաստեղծությունները եւ մտքով անցկացրած չլինի, ինչպես որ ես՝ երեխա օրերից սկսած, թե ո՞վ է նա՝ Ալեքսան ընկերը, որին այնպես երկյուղածորեն ու սիրով իր գարունների հայերեն երթը, ջրերի հայերեն հորդը, հավքերի հայերեն երգը, խոփերի հայերեն հերկը, գրերի հայերեն տոկումը, արեւի հայերեն ծագումը, ծառերի հայերեն ծաղկումը, ցավերի հայերեն տանջումը, զոհերի հայերեն ննջումը, ձեռքերի հայերեն կռումն է նվիրել Համո Սահյանը:

Մեր զրույցը Համո Սահյանի Ալեքսան ընկերոջ՝ կուսակցական, պետական գործիչ Ալեքսան Կիրակոսյանի հետ ընթացավ բացառիկ ջերմությամբ, նրա տանը, իր իսկ խոսքերով՝ «երբ հոգնած ու ջղայնացած եմ լինում, Սահյանը հանգստացնում է»:

-Ալեքսան Մատվեյի, ինչպե՞ս է սկսվել Ձեր բարեկամությունը Համո Սահյանի հետ:
-Շատ վաղուց եմ ճանաչում Համոյին, դեռ բանակից: «Պրավդայում» տպագրված «Նաիրյան դալար բարդին» ինձ վրա ցնցող տպավորություն թողեց: Զգացի, որ հրապարակ էvorotan18032014-2 իջնում մի վիթխարի անհատականություն, մի մեծ բանաստեղծ, որը մեծ ապագա է խոստանում:
Իսկ անձնական ծանոթությունս եղել է 1958 թ.-ին: Մի օր ինձ հյուր եկան Սահյանը եւ իմ ընկեր Քրիստափոր Թափալցյանը: Դրվեց մեր ծանոթության հիմքը, ահագնացավ, մեծացավ, Համոն մտավ իմ կյանք, ու ստեղծվեց այնպիսի մի իրադրություն, որ այլեւս կյանքս առանց նրա անհնարին էր պատկերացնել: Դա անխառն, ջինջ, մաքուր ընկերություն էր: Բացի այդ, ես ինքս պոեզիա սիրող մարդ էի, ու նախանձախնդրորեն հետեւում էի նրա ամեն մի տողին: Իսկ երբ «Քարափների երգից» մի շարք տպագրվեց «Գարունում», ինձ համար իսկական տոն էր, ցնծություն: 58-ից հետո նա իմ կյանքում բախտորոշ եղավ, նա մտավ իմ կյանքի մեջ ու վիթխարի ազդեցություն թողեց: 40 տարի անընդհատ եղել ենք միասին:
Ըստ իս՝ Համո Սահյանը մինչեւ վերջ բացահայտված բանաստեղծ չէ: Ճիշտ է, ահագին հրապարակումներ եղան, հոդվածներ կան, բայց նա մինչեւ վերջ համակողմանիորեն բացահայտված չէ: Բացահայտված չէ որպես մարդ, մտածող, փիլիսոփա, ես կասեի՝ պայծառատես: Նա տեսնում էր, կանխատեսում էր ավելի վաղ, կանխատեսում էր ապագան, ինչը մենք հետո էինք համոզվում:
Նրա յուրաքանչյուր տողը գրված է անկեղծ, անգամ՝ թույլ բանաստեղծությունները, որոնք, անշուշտ, կան, ինչպես բոլոր բանաստեղծների մոտ, բայց բոլորը գրված են անկեղծ:
Նույնիսկ՝ կոմունիստների մասին գրվածները՝ «Աշխարհի կտուրն են քերում», «Թե հոկտեմբերյան դրոշի փայլից» եւ այլն, գեղարվեստական, բանաստեղծական բարձրարժեք գործեր են: Բայց ամենակարեւորն այն է, որ նա զգում էր, կանխատեսում էր դեպքերի հետագա զարգացումը, սովետական զորեղ եւ անզոր պետության վախճանը, միաժամանակ խիստ տագնապում էր, մի սարսափելի տագնապ էր զգում աշխարհի համար. «Ախ, ես այս ծեր աշխարհին, եւ այս ծծկեր աշխարհին, Տեր ու անտեր աշխարհին Ի՞նչ ասեմ, որ հասկանա»: Նա զգում էր եւ պատգամում՝ «Աչքդ պահիր, աշխարհ, խղճիդ վրա, որ չփակվի հանկարծ աչքը նրա»:
Այս առումով նա տարբերվում էր բոլոր բանաստեղծներից:
Մեր նոր շրջանի պոեզիայի մեջ որեւէ մեկին չի հաջողվել այդպիսի կանխատեսումներ:
-Ալեքսան Մատվեյի, Դուք էլ, անշուշտ, Սահյանի կյանք եք մտել, եւ պատահական չէ, որ Ձեզ է ձոնել մի քանի չքնաղ բանաստեղծություն եւ «Գարունդ հայերեն է գալիս» գլուխգործոցը;
-Դա՛ էլ կա: Եղբայրությունից առավել մի բան է եղել: Կենցաղային հարցերում անպաշտպան մարդ էր: Ընտանեկան կյանքը չստացվեց:
Իմ ընկերությունը նրա հետ սովորական ընկերություն չէր: Ամբողջ Հայաստանով միասին ման ենք եկել ինքը, ես, Վահագն Դավթյանը: Ինքը լռակյաց, դիմացկուն, դինջ մարդ էր: Նրա նման տառապանքին, ցավին դիմացող մարդ չկար: Իմ կյանքը նրանով հարստացավ: Շնորհապարտ եմ կյանքին, շնորհակալ եմ իմ բախտից, որ նա ներխուժեց իմ կյանք:
-Որտեղի՞ց է սկսվում, որտեղի՞ց է գալիս Սահյանը:
-Այս վերջերս միտում կա մեր մեծերին տանել գավառ: Ծանոթ եմ նույն ժամանակաշրջանի եւ ռուսական, եւ եվրոպական պոեզիային: Այդ ժամանակաշրջանը նրանց չտվեց այնպիսի մեծություն, ինչպիսին Սահյանն էր: Սահյանը հանճարեղ էր, մեր դարի ամենախոշոր պոետը:
Սահյանը գալիս է իր հայրենիքի խորքերից, վաղնջական ժամանակներից, դարերի խորքից: Նա որեւէ մահճում չի տողավորվում: Նրա արմատները շատ են խորը, նրա արմատները ամբողջ Հայաստանն է:
Նրա մոտ բնապաշտություն կա, նա բնության մեծագույն սիրահար է, բայց բնության երեւույթների ետեւում մարդն է: Զարմանալիորեն մարդը կարողանում է բնության լեզվով տեսնել, քննել աշխարհի ու իր երկրի երեւույթները: Նրա քնարական հերոսը Հայաստանն է.
Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը:
Անցնող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած-տանջված այս կածանը:
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես ապառաժի
Կողին խաչված այս կածանը:
Զարմանալի խիտ բանաստեղծ է: Բառի նկատմամբ հատուկ պաշտամունք ուներ: Բանաստեղծություններ կան, որ տարիների ընթացքում են ամբողջացվել, որովհետեւ մինչեւ փնտրված բառը չգտներ, չէր ավարտի: Վարպետաց վարպետ էր: Բանաստեղծության մեջ բառն իր իսկական տեղում պիտի դներ:
Նա պաշտամունք ուներ հողի նկատմամբ բառի իսկական իմաստով: Նրա համար հողը, հասկը աստվածություններ էին. «Թագավորն ապրած կենա, Աստվածս ցորենին ասեմ»:
Հողին, հասկին նվիրված նրա բանաստեղծությունները գյուղական թեմաների հետ ոչ մի առնչություն չունեն: Դա աշխարհն է, ինքն է, իր երազներն են: Երբեմն տրտնջում է, որ «մաճկալը եզ էր, չհասկացավ», բայց այդպես չէր: Շատ լավ էլ հասկանում էին՝ ով է Սահյանը: Երբ «Սարալանջերը» տպագրվեց, ասաց, որ դրանք շիրիմներն են մեր արտերի: Զանգահարել էր Քոչինյանը եւ ասել՝ «Համո, էդ մեռածների ետեւից ինչի՞ ես լաց լինում»: Համոն ասել է՝ «Մինչեւ հիմա գիտեմ, որ մեռածների ետեւից են լաց լինում, եթե որոշել ես, որ ողջերի համար լացենք, սրանից հետո էդպես կանենք»: «Համո Սահակիչ,-ասել է Քոչինյանը,-դե դու մեծ մարդ ես, կապրես, կհավերժանաս, մենք կանհետանանք»: Համոն ասել է՝ «Այժմ դուք եք ապրում, մենք մեռած ենք, չե՞ք ասի՝ էդ ժամանակները երբ են փոխվելու»: Դրանից հետո ազատեցին թերթի խմբագրությունից:
Հայաստանը նրա համար իսկապես բիբլիական երկիր էր, եւ նա գիտակցում էր դա: «Հայաստան, անունդ տալիս», «Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են»: Մարգարեություն է նրա «Գալիս է հոտը…»: Հոտը դեռ գալիս է…
Նա տագնապում էր «պարզ ու խրթին, լույս ու մթին» դարի համար: Տեսնում էր: Եկա՜վ է: Դերվիշի նման խորը փիլիսոփա էր.
Ինձ մի տագնապ է համակում,
Մոտալուտ աղետի մի սարսափ…
Եկավ այդ աղետը: Սովետմիության քայքայումը 20-րդ դարի մեծագույն աղետներից մեկն էր, որովհետեւ այդ գերտերությունը կտուր էր բոլորի համար: Սովետմիության դեմ բանաստեղծություններ ուներ, հոգնել էր այդ «ծերացած» պետությունից, բայց տագնապում էր նրա կործանման համար:
Կարողացավ մեծերի առկայության պայմաններում բարձրանալ այնպիսի փիլիսոփայական խորը մակարդակի, բանաստեղծական այնպիսի վարպետության,  որ ժամանակաշրջանի աշխարհը չտվեց: Պատճառներից մեկն էլ մաքառումն էր, դիմադրությունը: Երբ վերեւից ոտնձգություններ էին կատարվում մեր լեզվի, գրականության, մեր մշակույթի նկատմամբ, ներքեւից դիմադրությունը ահագնանում էր:
Ժամանակակից բոլոր մեծերը կարդում եւ խենթանում էին, որ այդպիսի բանաստեղծ կա:
…Ախր ուրիշ տեղ սեփական մոխրում
Սեփական հոգին խորովել չկա…
Դե արի ու մտածիր: Բոլորս գիտենք, որ հայ ապրելը դժվար է: Բայց բանաձեւել միայն նա էր ընդունակ:
Նա անսահման, հրաբխի նման ժայթքող սեր ուներ եւ չցուցադրվող: Ամենավառ սիրահարներից մեկն էր: Երբ մարդ դադարում է սիրելուց, դադարում է նաեւ մարդ լինելուց:
Այդ զգացողությունը նրա մոտ այնքան սուր էր, այնքան սրացած:
Պարզ, հասարակ, բայց ամենախորունկ, ամենագիտակ, ամենատաղանդավոր մարդն էր: Քայլելիս էլ էր մտածում, քնած ժամանակ էլ:
Էն մութ, խավար տարիներին հինգ րոպեից մեկ զանգում էր: Զգում էի, որ տագնապում է:
Պարզ մարդ էր, մարդկանց հետ հարաբերվելիս գեղեցիկ մի երեւույթ էր: Գնալով նրա արժեքը բարձրանում է:
Նա գնաց անմահություն: Ինքն իր սեփական աշխարհը ստեղծեց, բացեց իր հունը, եկավ վիթխարի-վիթխարի, վարարեց-վարարեց, մի հսկայական գետ դարձավ, միացավ հայ ժողովրդի բանաստեղծական վիթխարի ժառանգությանը: Դեռ կենդանության ժամանակ արդեն դասական էր:
Կա Համո Սահյան բանաստեղծը, մտածողը, փիլիսոփան, պայծառատեսը, մարդը, հետաքրքիր անհատականությունը:
Պոեզիա մարդկության երեք տոկոսն է ընկալում: Նա ամենաշատ հրատարակվող բանաստեղծն է: Նա Հայաստանի կատարյալ հանրագիտարանն է: Հայաստանի խորքերը նրա պոեզիայով կարելի է ճանաչել:
Նա գնաց դեպի հավերժություն որպես դարի ամենամեծագույն երեւույթներից մեկը: Սա համաշխարհային պոեզիա է, 20-րդ դարի վերջին շրջանի ճակատին փակցված մեծ պորտրետ, որ կողմից գնաս, էն կողմից պիտի տեսնես: Կործանումից անգամ էլ ահուդող չունի: Սա է Համոն:
-Կպատմե՞ք հետաքրքիր դեպքեր, միջադեպեր:
-Մի անգամ բարձր հոնորար էի ստացել: Իտալական ռատինե երկու վերարկու գնեցի: Մեկը ինձ, մեկը՝ իրեն: Ասացի՝ հագի՛ր, ասաց՝ հա, բայց ծախելու ապրանք է, հենց տուն տարա, Սվետիկը կծախի:
Ես արդեն կառավարությունում չէի: Գրողների միության տղաները որոշում են Սահյանին «ռեմոնտի ուղարկել» լեչկամիսիա: Նախկինում նա պարտադիր լյուքսում էր մնում: Այս անգամ լյուքսը չէին հատկացրել, պատճառաբանելով, թե ղեկավարության կարգադրությունը չկա: Տղաները, բանից անտեղյակ, գնում են տեսության: Տեսնում են՝ լյուքսում չէ, սովորական սենյակում է, զարմացած հարցնում են՝ Համո Սահակիչ, էս ի՞նչ բան է, պատասխանում է՝ էն ժամանակ ես Համո Կիրակոսյան էի, իսկ հիմա ընդամենը՝ Համո Սահյան:
Մի անգամ էլ կառավարության՝ իմ ծառայողական մեքենայով գնում է Դիլիջան: Ճանապարհին գայիչնիկները կանգնեցնում են մեքենան, պատիվ են տալիս: Վարորդը ոգեւորված ասում է՝  Համո՛ Սահակիչ, տես ո՛նց են քեզ պատիվ տալիս: Գնա՛, գնա՛, մեքենայիդ համարներին են պատիվ տալիս, ասում է:
Վա՛յ նրան, ով ընկներ նրա լեզվի տակ:
Հիմա գրում եմ մտորումներ, հուշագրություններ: Երբ հոգնած, ջղայնացած եմ լինում, Սահյան եմ կարդում: Օգնում է, խաղաղացնում, մարդկայնացնում:

Զրույցը վարեց Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ
Սիսիան-Երեւան
(«Որոտան», ապրիլի 15, թիվ 6(47), 2002 թ.)    
18.03.2014

Ա. Իսաբեկյանի գեղանկարը, 1998 թ.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *