ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ – 100. ՀԻՇՈՒՄ Է ՆԱԻՐԻ ՍԱՀՅԱՆԸ

Մի օր նստած՝ զրուցում էինք: Ասացի՝ այստեղ չես, ասաց՝ ե՞րբ եմ այստեղ որ: Հարցրեցի` բա որտե՞ղ ես, ասաց՝ ասեմ՝ չես հավատա: Ու պատմեց՝ …գիշերը տավար եմ տարել սարը, մեկ էլ՝ գելերի ձայները եկան, 10 տարեկան էի, սկսեցի վախենալ, մեկ էլ, ասում է, մի երեխայի պատկեր հայտնվեց, ասաց՝ մի վախեցիր, ես այստեղ եմ, քեզ հետ եմ: Ասաց՝ միշտ, հենց ուզում եմ մի բանի մեջ խորանալ, էդ պատկերն է գալիս աչքիս առաջ: Երբ խմած էր լինում, էդ գայլերի ձայներն էր հանում: Միշտ այդ պատկերը հետն էր: Թե ո՞վ է եղել, կամ՝ ի՞նչ է եղել, ոչ մեկին պարզ չի, բայց որ ամբողջ կյանքում էդ պատկերը ուղեկցել է, ինքն էր ասում:
2011թ., հունիս, Երեւան

ԻՆՉՈ՞Ւ ՀԻՇԵՑՐԻ

Քամին սարերից
Առաջին ձյունի
Փոշին է բերում
Եվ շաղ է տալիս
Բոբիկ ոտներիս
Ու փշաքաղված
Մազերիս վրա:

Շապիկիս փեշքից
Ու թեւից կախված
Մաշված, գույնզգույն,
Խաշամանման
Կարկատանները
Պոկում է քամին,
Խառնում ծառերից
Թափվող խաշամին…

Խաշամ, ինչ խաշամ,
Թեժաթուխ լավաշ,
Տավարն ուտում է
Ու չի կշտանում:
Ես լուռ նստել եմ
Կապույտ մի քարի,

Կապտել եմ ես էլ
Եվ կապույտ քարից
Տարբերվում եմ ես
Այնքանով միայն,
Որ ես դողում եմ,
Քարը չի դողում:

Գյուղ տանող ճամփով
Գնում է հայրս
Ցախը շալակին:
-Ցո՞ւրտ է,-հարցնում է:
-Տաք է,-ասում եմ:
-Քարին մի նստիր,
Վե՛ր կաց,-ասում է:
-Տավարն,-ասում է,-
Լույսով չբերես:
Ասում է, գնում…

Անցել է ուղիղ
Քառասուն տարի:
Հիշեցրի երեկ,
Հայրս լաց եղավ:

Ինչո՞ւ հիշեցրի…

            1963 թ.


ՄԵՐ ՔԵՌԻՆ ՉԷՐ «ԳԺՎԵԼ»

vorotan22042014-6Հիշում եմ՝ աշուն էր, Տաթեւհէկի շինարարության տարիներն էին: Վերջին տերեւներն էին ծառերի վրա՝ կարմիր, դեղին գույներով…
Մեր տան պատվավոր հյուրն էր Համո Սահյանը՝ մեր քեռին: Այդ օրը թոնրում կճուճ էինք դրել. դդումով ճաշ էր եփվում: Հայրս դրսում էր, իսկ Համո Սահյանը պտտվում էր այգում, վայելում աշնանային այգու գեղեցկությունը:
Երբ հայրս տուն եկավ, կճուճը թոնրից հանել էինք եւ հացի պատրաստություն էինք տեսնում:
Հայրս կանչեց ինձ եւ ասաց.
-Այ տղա, գնա քեռուդ կանչի, ճաշը պատրաստ է:
Գնացի քեռուս կանչելու: Տեսա՝ ինքն իրեն խոսում է եւ ինձ անծանոթ բառեր ասում: Անմիջապես եկա տուն եւ պատմեցի հորս.
-Պապա, քեռին ինքն իրեն խոսում է, ինչ-որ անծանոթ բառեր է ասում, ոնց որ գժվել է:
-Այ տղա, գնա կանչի, երեւի անգիր է հորինում, մուսան եկել է:
Նորից կանչեցի նրան: Նա սթափվեց իմ ձայնից եւ լուռ եկավ տուն:
Հացի ժամանակ պատմեց, որ այդ ճաշը կոչվում էր ղափամա, բայց բաղադրությունը ուրիշ էր:
Ճաշկերույթից հետո քեռին վերադարձավ Երեւան:
Նրա գնալուց մի քանի օր անց «Որոտան» շրջանային թերում կարդացինք նրա՝ «Դարբասի ձորը» բանաստեղծությունը: Երբ կարդացի այդ ստեղծագործությունը, հասկացա, որ մեր քեռին «չէր գժվել»…  բանաստեղծում էր…

Մեջքին է ընկել Դարբասի ձորը,
Բացել բերանն իր ահագին,
Եվ ինձ թվում էր, թե նա ուր որ է
Կուլ կտա ելնող արեգակին:
Իսկ արեգակը միշտ խուսափում էր,
Նրան խաբում էր ու հեռանում,
Ձորը խռովում ու մրափում էր՝
Խեղդելով բախտս իր բերանում…
Ձորի լանջերը հիմա ծաղկում են,
Այգեստաններ են շրշում անվերջ,
Հիմա կանգնել է եւ աղմկում է
Լույսի կայանը այդ ձորի մեջ:
Անցյալը դառն էր, ծանր է հիշելը…
Ի՞նչ իմանայի ես այն մութ օրը,
Որ մի աստղ՝ իբրեւ փրկության հույս,
Հեռու հյուսիսից գալով այս ձորը,
Կբերի հազար արեւի լույս:

Գուրգեն ԱԼԱՎԵՐԴՅԱՆ  
Դարբաս


ԱՐՏՈՒՅՏԻ ԵՐԳԻՆ ՄԻ ԽՓԵՔ ՔԱՐՈՎ

vorotan22042014-8Սահյանը գրել է այնպես, ինչպես զգացել է, մտածել, գրել է ինքն իր պես, միշտ հավատարիմ իր արմատներին, իր հոգեկան պաշարներին, իր խղճի ձանին, իր մեծ ու փոքր կարոտներին, իր կանաչ-կարմիր երազներին: «Ես աշխարհ եկա, որ ընտրաբանեմ խորհուրդը հասկի, եւ այս աշխարհում հասկի զորությունն արարող բազկի»:
«Սահյանն իր լեռնաշխարհի, իր հողի ու քարի ծնունդն է, եւ այդ ոգին է, որ նրա ստեղծագործությունը դարձնում է եւ այդքան նյութական, եւ այդքան նյութեղեն»,- նրա մասին գրել է Վահագն Դավթյանը:
Բնության հետ Սահյանը հաղորդակցվում է ինչպես գերագույն աստվածության, փորձում նրանով ճանաչել ժամանակակից մարդուն:
Մարդը մահկանացու է, բնությունը` հավիտենական: Մարդն անմահանում է` բնությանը ձուլվելու միջոցով: Բանաստեղծը խորհրդածում է աշխարհի մասին, չի հաշտվում անարդարությունների հետ, կրկին մաքրություն, անաղարտություն է փնտրում բնության հետ ներդաշնակվելով. «Արտույտի երգին մի խփեք քարով: Դա ամենամեծ մեղքն է աշխարհում…»:

Կարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ավագ դպրոցի ուսուցչուհի


ԲՈԼՈՐՆ ԷԼ ԻՄ ԶԱՎԱԿՆԵՐՆ ԵՆ

vorotan22042014-320-րդ դարի ոչ միայն հայ, այլեւ` համաշխարհային պոեզիայի  ամենապայծառ անհատականություններից է քարափների, ջրվեժների ու ծիածանների գունագեղ մի աշխարհ ստեղծող, իրեն ծնող միջավայրի մեծությամբ ու խորությամբ օժտված Համո Սահյան-սիսիանցին:
Սահյանական պոեզիան բացեց սեփական հունը եւ, կամաց կամաց լայնացնելով, վերածվեց վարարուն, վիթխարի գետի: Բոլորին չի հաջողվում սեփական հուն ունենալ, դրան ի զորու են միայն մեծերը: Սահյանը մեծություն է: Լինելով հայ դասական բանաստեղծության ավանդների հավատարիմ շարունակողը, Սահյանը թարմացրեց այդ ավանդները եւ նոր ու ժամանակակից բովանդակություն հաղորդեց դասական ձեւերին:
Մի առիթով Սահյանին հարցրել են, թե որ խումբ բանաստեղծություններն են առավել հարազատ իր սրտին: Նա պատասխանել է` «Բոլորն էլ իմ զավակներն են: Ինչքան էլ կակազ լինեն, խուլ կամ` կաղ, հարազատ են ինձ, եւ գալու են իմ թաղմանը»:
Սահյանը նույն պապն է` քարափների, կածանի ու անտառի, հողի ու ակոսի, անձրեւի ու ամպի, մասրենու, կանաչ արտի  ու սեւ ցելերի գործընկերը, նույն հողի ազնիվ ու տքնաջան աշխատավորը:
Երբ տարիներ առաջ Լորում լորեցիները մեծարում էին իրենց նշանավոր զավակին, Սահյանը ծափողջույններին պատասխանել է:
-Այսօր ես վաթսուն տարեկան եմ: Հարյուր վաթսուն էլ դառնամ, ես էլի էս քաղաքի` Սիսիանի, էլի ես էս գյուղի` Լորի, էլի ես էս ժողովրդի զավակն ու քաղաքացին եմ մնալու:
Սիսիանս, Լորս, ժողովուրդս հավիտենական են, հավիտենական են նաեւ նրանց խոսքն ու երգը:

Արեւիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Սիսիանի թիվ 1 հիմն. դպրոցի ուսուցչուհի


ԲԱՐՈՎ  ՏԵՍԱՆՔ

vorotan22042014-2Հարգելի խմբագրություն, ես ծնունդով Նոյեմբերյանից եմ, բայց ապրում եմ Ռուսաստանում:
Անցյալ տարի օգոստոսին եղել եմ իմ սիրելի եւ Ձեր մեծ բանաստեղծ Համո Սահյանի ծննդավայր Լորում եւ տեսել նորակառույց տուն-թանգարանը:
Իմ սրտի` բանաստեղծական խոսքը նվիրում եմ Սահյանի ծննդյան 100 ամյակին: Եթե հնարավոր կհամարեք, խնդրում եմ տպագրեք այն: Շնորհակալ եմ:

Հարգանքներով`
Նաիրա ՆԱՍԻԲՅԱՆ

 

Հանեմ ճամպրուկից մեր հայոց գինին,
Ու Որոտանի ափին նստելու
Փափուկ, կանաչոտ մի տեղ որոնեմ:
Նստելու համար ի՞նչ կանաչ, ի՞նչ բան.
Այստեղ նստում են վայրի ժայռերի
Կնճռոտ փեշերին.
Վերեւից իջած հրաշք-բնակերտ
Մյուս փեշը քեզ դառնում է սեղան:
Երբ արծվի կաթից արբում ես արդեն,
Նոր հասկանում ես, որ սա խնջույք չէ:
Սա Սյունիքի հետ քո հանդիպումն է`
Իշխանասարի սեգ արծիվների
Ճախրանքի ներքո,
Շաքեի փրփուր ցալքունների տակ;
Սա Ուրցաձորի հրաշք կտավն է`
Սարյանոտ, կանաչ, կապույտ ծիածան:
Սա Հացավանի թոնրատան բույրն է,
Եւ Լորաձորի Լոր-արծվաբույնը,
Եվ եկեղեցին` լքված- անկնունք,
Բայց եւ մեր սիրո հայրական տունն է:
Հրաշք երկիր է, հայկական աշխարհ:
Սա նախնիների արյուն-քրտինքով
Դալարած ժայռն է:
Մեր նահատակաց մահ ու արյունով
Փրկված աշխարհն է:
Սա փոքրիկ երկրի Հոգեւոր սյունն է:
Երկնքից կախված վայրի ժայռերի`
Էրգըրին թիկունք` հզոր պարիսպը`
Թագավորանիստ:
Աստծուց օրհնված` բար ու բարիքի
Հարսանքանիստը…


ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻՆ

vorotan22042014-9Հայաստանն ես երգել, քո տաղերում, վարպետ,
Արարատին սեգ հայացքդ հառել հավետ,
Մանկությունդ էր կախարդված բնաշխարհով հայկական,
Ոտաբոբիկ քայլեցիր քո եզերքով գոթական:
Սիրահարն ես բնության,
Ու քո գրչով տաղերիդ հազար գույներ ես ներկել,
Աշխարհում անծիր սփռված հային
Հայրենի հողի կարոտն ես երգել,
Հայրեններ չկան ուրիշ տեղերում,
Ու չեն էլ երգում անուշ հորովել,
Յարաբ կտեսնե՞նք՝ իղձդ կատարված,
Որ հայը երկրից գնալ չուզենա,
Ախր հասկանա, մի քիչ դիմանա,
Մեծ հաղթանակով նա հպարտանա,
Նաիրյան հողը, ողջ հայությանը
Իր գիրկը առած՝ հար հավերժանա:
Եվ հպարտորեն ու պայծառ դեմքով
Գոհ ու երջանիկ ի լուր աշխարհի՝
Կրկնի անդադար՝
Երանի, Սահյան, մեզ հետ լինեիր,
Արցախ-Հայաստան մեծ հաղթանակի փառքը կիսեիր,
Եվ իմ տողերը՝ ներշնչված քեզնով,
Քո պոեզիայով, կերգեն Հայաստան,
Մեկ դար բոլորած հայ մեծ բանաստեղծ
Մեր Համո Սահյան:

Աննման ՇԱՀԲԱԶՅԱՆ
Ապարան

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *