ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ – 100. ՀՈՒՇԻ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ

ՍԻԼՎԱ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻ ՀՈՒՇԵՐԻՑ


Համո Սահյանի եւ Վահագն Դավթյանի ընկերությունը մեծերին հատուկ մաքրագործված եւ սուրբ դաշինք էր: Հետեւելով, վկան լինելով նրանց մտերմության, միշտ մտածում էի` երեւի այսպիսին է եղել Թումանյանի եւ Աղայանի ընկերությունը, որ շատ լսել ու կարդացել էի ականատեսների գրառումներում…
Այո, նրանք գիտեին, որ գրականությունը այն բնագավառն է, ինչպես Դավթյանն է ասել` «որտեղ ոչ մեկը մյուսի տեղը չի խլում, եւ ապրեցինք խաղաղ համակեցությամբ: Համոյի հետ մեր մտերմությունը հիսուն երկար ու ձիգ տարիների պատմություն է ունեցել, հազվադեպ օրեր են եղել, որ Համոյի հետ հանդիպած չլինեմ: Օրեր, ամիսներ, տարիներ են եղել, որ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր միասին ենք եղել: Անգամ` գիշերներ ենք լուսացրել: Եվ ես, ամեն ինչից հոգնող ու ձանձրացող մարդս, չեմ հիշում դեպք, որ փոքր-ինչ հոգնած ու ձանձրացած լինեի Համոյից»:
Այո, գիշերներ էին լուսացնում… Ինձ բախտ վիճակվեց նրանց հետ երկու անգամ կտրել- անցնել Ատլանտյանը եւ հյուրընկալվել ամերիկահայ համայնքին: Նրանց միակ ցանկությունը` հյուրանոցի միեւնույն համարում տեղավորվելն էր լինում, որից, ի դեպ, շատ զարմանում էին հյուրընկալները: Ես չէի զարմանում, գիտեի, որ պիտի շարունակվի նրանց հավիտենական զրույցը, երբեմն էլ` լուռ զրույցը…
Մի օր առավոտյան, երբ իրենց հյուրանոցային համարի դուռը հրեցի կամացուկ, ի դեպ, սովորություն չունեին բանալիով փակելու, պատճառաբանում էին, որ իմ այցերի համար չեն փակում, որ ազատ մուտք ու ելք ունենամ, բայց նահապետական սովորություն էր իմ կարծիքով… Ներս մտա ու մնացի կանգնած, չնկատեցին ինձ, բազկաթոռներին նստած էլի զրուցում էին: Մեկ էլ Համո Սահյանը, նայելով թեւի ժամացույցին, տեղից վեր կացավ ու ասաց.
– Այ’ Վահագ, առավոտվա հինգից խոսում ենք, ա’յ խոսել, համա թե շատախոսեցինք, ժամը 9-ը եղավ, հետո էլ ասում են` քարի պես լուռ ենք, էս ճամփորդությունների օգուտը գիտե՞ս ինչն է, որ խանգարող չունենք, ավելորդ, երրորդ մարդ չկա …
Հենց այդ պահին ինձ տեսան, Դավթյանը Սահյանի խոսքի վրա մեղավոր նայեց ինձ: Ես, իբր վիրավորված, թե`
– Բա ե՞ս, Համո Սահակիչ, ես մարդ չե՞մ, հա՞:
– Մարդ, էն էլ ի՞նչ մարդ, առանց քեզ ի՞նչ գործ ունեինք էստեղ, դու չլինեիր, էս կողմերը եկողը ո՞վ էր, գիտե՞ս, մի բան ասեմ, դու էլ ես մեր տարիքին, Սիլվա ջան, պարզապես ուշ ես ծնվել…
Ծիծաղեցինք…
Իսկապես, շատ ջանքեր էի թափել, մերժում էին երկուսն էլ ճամփորդական հրավերները, մինչեւ ինքնաթիռի` օդ բարձրանալը լարված էին պահում, չգիտեիր` ո՞ր պահին կհրաժարվեին իմ սիրելի՛, սիրելի՛ Համո Սահյանը եւ Վահագն Դավթյանը…

27 հունիս, 1985թ.
…Համո Սահյանը,Վահագն Դավթյանը եւ ես հրավիրված էինք Գորիս` մասնակցելու Բակունցյան օրերին: Առավոտյան ճամփա ընկանք: Գորիսի քարտուղարը ավտոմեքենա էր ուղարկել…
Ճանապարհին ասում, խոսում, կատակում էին պոետները. ափսո~ս շատ բան պատշաճ չէ թղթին հանձնելը:
Արարատյան դաշտից այն կողմ երաշտ էր: Երաշտի ծաղիկը` ռնդակը, խեղդել էր ցորենի արտերը:
– Ոտքներս բարի լիներ, մի լավ անձրեւ գար, անցած տարի էլ մեր գնալուն պես անձրեւ եկավ, հիշու՞մ ես, Համո,- ասաց Դավթյանը:
Համո Սահյանը ժամանակ առ ժամանակ ննջում ու վեր էր թռչում: Նա սովորություն ուներ, թեկուզ հինգ րոպե, բայց շատ խորը քնել: Դավթյանը ոչ մի վայրկյան աչք չփակեց: Առհասարակ քունը նրա ոխերիմ թշնամին է միշտ եղել, հաճախ քնաբերներով էր իր քունը կարգավորում: Ավտոմեքենայի աջ ու ձախ կողմերից ըմբոշխնում էր բնությունը եւ ափսոսանք հայտնում.
– Ա՛յ մարդ, լացդ ուղղակի գալիս է. սարերը վառվում են:
Ես նայում եմ հսկայական քարաբեկորներին եւ ասում, որ իսկապես քարաստան է Հայաստանը: Արտասանում եմ քարի մասին բանաստեղծական տողեր. …

Քարե մրրիկ է ու քարե բուք է,
Քարե բողոք է ու քարե բերդ,
Քարե շեփոր է, քարե թմբուկ է,
Քարե թափոր է, քարերի երթ…

Ձայնիս վրա Համո Սահյանը վեր է թռչում` Վահագն Դավթյանը թե`
– Համո, էս մեր Սիլվան չգիտի, որ գալու է ժամանակ, որ մեր ժողովրդի հարստությունն այս քարն է լինելու. ինչ ասես` չեն ստանալու էս քարից: Համո, քարափներդ ծախելու են-ուտեն, հա~,- կատակում է Դավթյանը: Ծիծաղում ենք:
Մտնում ենք Սյունյաց աշխարհ: Բակունցից են խոսում: Երկու պոետներն էլ այն կարծիքին են, որ մեր արձակում «Խոնարհ աղջկա» պես գործ չի գրվել: Անցան Սարոյանին, Թումանյանին: Ես քառյակներ եմ արտասանում Թումանյանից, Դավթյանն ասում է.
– Տիեզերքի՛ց է գալիս զրնգոցը, մի լսի, է՜, Համո:
Համո Սահյանն էլ թե`
– Վահա՛գ, երիտասարդ տարիներին եթե այսպես հասկանայինք Թումանյանին, երեւի չհամարձակվեինք գրիչ վերցնել…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *