ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ – 100. «ՈՐՈՏԱՆՆ» ԱՅՆՔԱՆ ՍԱՀՅԱՆԱԿԱՆ Է, ՍԱՀՅԱՆԸ` ԱՅՆՔԱ՜Ն «ՈՐՈՏԱՆԻՆԸ»

«Որոտան» թերթը իր մաքառումի էջերում ամփոփում, պահում-պահպանում է նվիրական ու սուրբ մասունքներ, որոնք միայն իրենն են: Նրա «հարստություններից» բացառիկը՝ թանկ ու եզակի, անգին ու հարատեւող,Համո Սահյանի անվան «փորագրումն է» իր տարեգրությանը՝ ոսկետառ ու ոսկեբառ, ծիրկաթինոտ ու ապուպապոտ, անվերջ ու անվախճան, մշտահմա, անջինջ ու հարահոս…

Համո Սահյանն աշխատել է շրջանային թերթում: (Տպագրվում է 1933 թ.-ից): Այդ մասին իր հուշերում գրել է նաեւ Սերո Խանզադյանը. «Մի ժամանակ մենք երկուսով աշխատում էինք շրջանային թերթում, ինքը` Սիսիանում, ես՝ Գորիսում»:
1965 թ.-ից «Որոտան» նվիրական անունը կրելով, թերթը շարունակում է պատմության տարեգրի` իր լավագույն ավանդույթները, շարունակելով որպես արտ ու ակոս, մի բուռ խիղճ, մի ափ հավատի  նշխար, մի բարդու շրշյուն ու մասրենու վարսաթափ մի թուփ, առաջին սիրո հմայքն ունեցող ձնծաղկի բուրմունք իր մեջ պահել քարափների ու մարդու հզոր երգչի շառաչուն, մեղմահոս  ու մշտահոս…. երգը:
Սահյանին ժամանակը բերեց շրջանային թերթ, ժամանակն էլ` տարավ: Մեծ նավերը մեծ նավարկության համար են:
Բայց հետագայում նրան հայրենի շրջանի հետ կապելու՝ Կիմ Հովհաննիսյանի անշահախնդրությունից  ու նախանձախնդրությունից հետո, երբ Սահյանի ամեն օրն ու տարին այլեւս արդեն «անդառնալիորեն» Սիսիանինն էին, նա նույնքան նաեւ «Որոտանինն» էր: Նրա բանաստեղծություններից շատերը առաջին անգամ տպագրվում էին «Որոտանում», իսկ նրա առաջին ընթերցողը լինելու պատիվը վերապահվում էր հայրենակիցներին:
Իսկ Սահյանի ծննդյան 60 (1974թ.) եւ 70 (1984թ.) ամյակների` հայրենի շրջանում մեծ շուքով եւ արժանավայել նշելու «անլռելի ղողանջները» առ այսօր «լռելյայն խոսում են» հոբելյանական այդ առիթներով տպագրված «Որոտանի»՝ նույն թվականների արխիվներում եւ վկայում հայրենակիցների մեծ սերը պոետի ու նրա պոեզիայի հանդեպ, երեւացնում այն օրերի ու ժամանակների ոգին, շունչը, տրամադրությունները, որ տասնամյակներ հետո էր միայն համակելու եւ վարակելու իրենց համար նոր-նոր Սահյանական աշխարհը բացահայտողներին:
Կարդում ես հոբելյանական համարներում տպագրված՝ մեր հայրենակիցների խոսքերը Սահյանի պոեզիայի մասին, ու սիրտդ ուռչում է բավականությունից, շունչդ` կտրվում, «հասակդ ծաղկում է, թեւերդ բացվում են», որովհետեւ՝ «էլ մահը ո՞ւմ շունն է, Կմնանք, կլինենք այսպես»
Սահյանի 60 եւ 70 ամյակներին նվիրված համարներում իրենց սրտի խոսքն են ասել հողի մշակն ու ուսուցիչը, պատերազմի վետերանն ու դպրոցականը, պոետի գրչակից ընկերներն ու պարզապես լեռնաշխարհի մարդիկ, ում ոտնահետքերով քայլել ու անցել են պոետի ժամանակակիցները:
Այս մեծարման երեկոներին մասնակցած եւ այս համարներում իրենց շնորհավորանքի խոսքերն ասած Սահյանական պոեզիայի սիրահարներից շատերը հեռացել են կյանքից, ինչպես եւ՝ Պոետը, մյուսները վաղուց-վաղուց հասակ են առել եւ «թռել» ամենքը իր երամի ետեւից, բայց «Որոտանը» մնացել է այն տաք, այն ջերմ, այն սիրասուն ու ապահով «բույնը», որտեղ այսպես անուշ-անուշ, համ ու հոտով, սիրով ու երկյուղածորեն, ակնածանքով ու վեհացումով ձվարել-ծվարել են նրանց նվիրական մտքերը՝ դառնալով պատմություն, տարեգրություն:
Այսօր «Որոտանի» էջերում «լռող» այս եզակի հարստությունը, այս կարծիքներն ու տպավորությունները, «Որոտանի» երակներից հոսող այս տաք տրամադրությունները բացառիկ ու թանկ սկզբնաղբյուր են նրանց համար, ովքեր հետաքրքրված են  Պոետի՝ սիսիանյան օրերի ու ժամանակների, սիսիանցիների՝ իրենց Սահյան-հայրենակցի հանդեպ ունեցած վեհասքանչ վերաբերմունքով ու Սահյանական կենսագրությամբ, ինչից խորին ակնածանքով օտվելու պատիվն ունեցանք նաեւ մենք՝ Սահյանի ծննդյան 100 ամյակին նվիրված՝ «Որոտանի» ա՛յս հոբելյանական համարը պատրաստելիս:
Հետագա բոլոր տարիներին արդեն ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԸ «ՈՐՈՏԱՆՈՒՄ» էր…
Իսկ «Որոտանը»՝ Սահյանոտ ու Սահյանական, Սահյանաշունչ ու Սահյանապաշտ, որ «տնօրինում է» իր էջերին պահ տված Սահյանական այս հիշատակները որպես սրբազան մասունք:
Շատ ու շատ տարիներ հետո էլ, ինչպես մենք ենք այսօր երկյուղածորեն եւ ակնածանքով թերթում «Որոտանի»՝ Սահյանին նվիրած էջերը, վստահ եմ՝ հետո եկող սերունդն է այսօրվա «Որոտանում» «որոնելու» Սահյանին եւ խենթանալու է այն նվիրական վերաբերմունքի համար առ պոետը, ինչպես որ մենք ենք խենթանում նրա 60 եւ 70 ամյակներին նվիրված հարուստ ու գեղեցիկ, բովանդակալից համարները թերթելիս:

Դարձ ի շրջանս յուր…

Ու այդ հարստության սեփականատիրոջ իրավունքով է, որ «Որոտանը» առանձնանում է, առանձնանալու է, եւ վաստակածի ու մենատիրոջ իրավունքով իրեն իրավունք է վերապահում եւ վերապահելու է ասել՝ «Որոտանն» այնքա՜ն Սահյանական է, Սահյանն այնքա՜ն «Որոտանինը»…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
«ՈՐՈՏԱՆԻ» խմբագիր
23.04.2014

Մեկ Արձագանքման ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ – 100. «ՈՐՈՏԱՆՆ» ԱՅՆՔԱՆ ՍԱՀՅԱՆԱԿԱՆ Է, ՍԱՀՅԱՆԸ` ԱՅՆՔԱ՜Ն «ՈՐՈՏԱՆԻՆԸ» համար

  1. Vladik Lernashenci says:

    AREVHAT AMIRYAN@ misht var e pahum SISAKAN ashxarhi mer meceri anmar krak@

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *