ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ – 100 ՍՅՈՒՆՅԱՑ ԱՇԽԱՐՀ. ՊՈԵԶԻԱՆ ԵՐԳԻ ԹԵՎԵՐՈՎ

Համո Սահյանի ծննդյան 100 ամյակին է նվիրված «Սյունյաց աշխարհ. Պոեզիան երգի թեւերով» խորագիրը կրող գրական-մշակութային միջոցառումների շարքը, որը հանրապետության տարբեր մարզերի քաղաքներում ներկայացնում է տաղի ու բառի՝ Սյունյաց աշխարհի ծնունդ հեղինակների ստեղծագործությունները: Հերթական հանգրվանը Սիսիանի՝ Համո Սահյանի անվան մշակույթի տան դահլիճն էր:
Ծրագիրը նախաձեռնել եւ իրականացնում է բանաստեղծական 6 ժողովածուների հեղինակ, տարվա բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը՝ ասմունքող եւ սցենարիստ Աիդա Ալեքսանյանի աջակցությամբ:
Ողջունելով  ներկաներին՝ Անահիտ Դանիելյանը նշեց, որ առավել պատասխանատու եւ պարտավորված է զգում սիսիանցի հանդիսատեսին ներկայանալիս, քանի որ այստեղ Սահյանին յուրաքանչյուր ոք լավ գիտի: Նա հավելեց, որ գրական-մշակութային այս միջոցառման եզրափակիչ ակորդը կտրվի հոկտեմբերի 23-ին՝ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում:
Գրական-մշակութային  միջոցառումը հաճելի անակնկալ ուներ սիսիանցիների համար՝ հանձին Կոմիտաս վարդապետ Հովնանյանի, ով Սիսիան ժամանած երեւանյան պատվիրակության կազմում, ի թիվս Համո Սահյանի անվան դպրոցի կոլեկտիվի ներկայացուցիչների ու Սյունիքի պատվավոր քաղաքացի Ռոզա Ծառուկյանի եւ այլոց, ներկա էր միջոցառմանը եւ իր հարազատական, բարեկամական  բարեմաղթանքն ու օրհնությունը տվեց իր համար  թանկ ու անմոռաց Սիսիանին՝ մասնավորաբար նշելով. «30 տարի ետ եմ գնում մտովի, երբ ես տակավին երիտասարդ վարդապետ եկել էի Սիսիան պաշտոնավարելու, եւ հայտնի էի որպես «զապորոժեցով vorotan24092013-1տերտեր»: Եվ Սիսիանը դարձավ ինձ համար կյանքի տրամտլին, որովհետեւ այստեղից հետո 26 երկար տարիներ պաշտոնավարել եմ Գերմանիայում, Ֆրանսիայում: Եվ այսօր կրկին Սիսիանում եմ, իմ սիսիանցիների հետ: 30 տարի հետո վերադարձել եմ իմ թեւերը բաց՝ որպես իմ հարազատներ՝ որովհետեւ Եվրոպայի փողոցներով շրջեցի՝ Սիսիանը միշտ մտքիս եւ հոգուս մեջ ունենալով, որովհետեւ այնպիսի դրոշմ դրեց Սիսիանը իմ էության մեջ, որ չեն կարող ջնջել Մյունխենը, Մարսելը, Փարիզը իմ սիրելի Սիսիանի թողած հուշերը: Ես հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ: Եկել եմ ձեզ հետ միասին հոգով եւ մտքով կրկնելու՝ ինձ բացակա չդնեք: Եկել ենք Սահյանին ասելու՝ չես կարող մեր կյանքում երբեւէ բացակա լինել, որովհետեւ դու որպես Սյունյաց աշխարհի կնիքը, յուրահատուկ ժայթքումը մտքի, հոգու եւ խոսքի ամեն վայրկյան ներկա ես մեր մեջ…» :
Հնչեցին Համո Սահյանի, Անահիտ Դանիելյանի, Աղվան Մինասյանի, Ռոմիկ Սարդարյանի բանաստեղծություններն ու նրանց խոսքերի հիման վրա գրված երգեր, եւ գուսան Աշոտի երգերը՝ ճանաչված մենակատարների կատարմամբ:
Միջոցառման ավարտին Անահիտ Դանիելյանը նկարիչ Սերգեյ Պողոսյանի «Համո Սահյան» կտավն ի պահ հանձնեց Սիսիանի քաղաքապետին՝ առաջիկայում բացվելիք Սահյանի տուն-թանգարանին նվիրելու համար:
Թեեւ 2014 թվականն է հայտարարված Սահյանական տարի, բայց Սահյանաստեղծ,  Սահյանաշունչ, Սահյանածիր մեր աշխարհում աստծո ամեն բացվող օրն է Սահյանական, լեռան գագաթին մթնող ամեն օրն է Սահյանական, «քարից հաց քամող, քարին թեւ տվող քարերի երկիր Հայաստանի» ամեն թրթիռն ու դողն է Սահյանական…

«ՈՐՈՏԱՆ»
24.09.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *