ՀԱՄՆ ՈՒ ՀՈՏԸ ԿՈՐՑՐԱԾ ՍԻՍԻԱՆՍ…

Տարվա ջերմառատ եղանակը տնից դուրս է հանում բոլորին՝ վայելելու ամառային օրերի տաքությունն ու երկարությունը: Երկա՜ր, երկար բացակայությունից հետո՝ իմ հարազատ քաղաքում եմ: Այստեղ ես ուրիշ եմ, քայլերս վստահ են, բարեւում եմ ծանոթ-անծանոթներին… նաեւ՝ աչքերով: Չեմ սիրում օտարությունը, բառն անգամ բառարանում է տխուր:

Ահա մեր թաղը, մեր դպրոցը, կարծես հարյուր տարի չէի եղել այստեղ: Բայց իմ փոքրիկ քաղաքը, որ ափսոսում եմ գավառական անվանել, ձեռքից գնացել-պրծել է: Երկար կանգնեցի կամրջի վրա, ինչպես առաջ էի անում. եւ փայլող ջրային անապակ հայելիների փոխարեն տիղմահայելիներ տեսա՝ անզուլալ ու թանձր: Ես ինձ մխիթարեցի. ամառ է, կմաքրեն, ամոթ է… Ու սպասում եմ: Մեծերից եմ լսել՝ «մարդն իր տունը, շուրջը, բակն ու դուռը մաքուր կպահի»: Ես ամաչեցի տեսածիս համար: Քայլերս հին սովորույթի ուժով ինձ Երեւանյան զբոսայգի տարան… Քրքրեցի հիշողությունս… այնտեղ վարդերի ածուներ էին, կանաչ, մաքուր գազոններ, կարուսելների վրա ճոճվող ժպտերես փոքրիկներ: Մեր աղջիկներից շատերը Երեւանյանում էին սիրահարվել, ու այգին սիրո պես մաքուր էր, վարդաբույր: Բայց տեսածս նման չէր հիշողությանս ու մտածեցի՝ բնության օրենքնե՞րն են փոխվել, թե՞ մարդիկ են կորցրել գեղեցկի զգացողությունը: Գուցե մոռացվել է հնօրյա բարի սովորո՞ւյթը, երբ լուսավոր երեկոներին զբոսնում էինք այգում բազմամարդ խմբերով, մոտոռանավակ նստում, վայելում ջրային հայելիների գեղեցկությունը, երբեմն՝ թիավարելու բերկրանքը զգում: Մինչեւ հիմա ականջիս մեջ է այն ժամանակ Սիսիան հյուր եկած գյումրեցի ընկերուհուս հիացական ձայնը՝ ձեզ մոտ ի՜նչ ռոմանտիկ է: Հիմա ո՞ւր է այդ ռոմանտիկը… Այգում իշխողը տղմահոտն է: Իսկ հինավուրձ կարուսելը անաղմուկ, անձայն, կարծես հին օրերDSC04586ի մոռացված մի երգ լինի՝ պտտվիր, պտտվիր կարուսել… Այգում ոչ նստարան կա, ոչ՝ սրճարան, ոչ ճեմուղի ու անցուղի… Համատարած գաղջահոտ է ու գարշահոտ… Զբոսայգին, ախր, արժանի չէր այդչափ անտարբերության ու լքումի:

Նորօրյա քաղաքի այս լքված տեսքից հիասթափված՝ փորձեցի աշխատանք փնտրել: Մի քանի խանութում մերժեցին. ցավո՞ք, թե՞… բարեբախտաբար: Ու ձանձրացա սին-ունայնությունից: Ու պարզ է, թե ինչու է ամեն երկրորդ հայը դրսում վաստակում իր ընտանիքի հացը: Չներեցի մեր պրեզիդենտ-նախագահներին: Ի՞նչ են անում մեր իշանավարները մեզ հետ: Ո՞ւր չքվեցին մեր աշխատատեղերը: Քանի՜ ֆաբրիկա ու գործարան էր աշխատում մի պստլիկ Սիսիանում:

Չեմ սիրում օտարություն բառը: Բայց գնում են շատերը, դատարկվում են գյուղերը, մի շենքից մի տաս մարդ հաստատ բացակա է: Բա մեր քաղաքի իշխանավորը հեռուստաեթերում ո՞նց է ասում՝ Սիսիանն անճանաչելիորեն փոխվել է՝ դեպի լավը, քաղաքը վերածնվում է. բայց՝  որտե՞ղ, ե՞րբ… Ամենուր ձանձրույթ, զուր կորցրած ժամանակ: Թվում է՝ հավերժորեն: Իսկ սա մեր քաղաքն է, մեր սիրո երբեմնի քաղաքը, ու մենք այստեղ ապրում ենք: Գուցե մեր բախտաբաժինն էլ սա՞ է: Բայց՝ ոչ… Մենք էլ ենք մեղավոր մեր շուրջը կատարվածի համար: Ո՞ւր են մեր խելացի, տաղանդավոր, բանիմաց հայրենակիցները. «փրկություն» են փնտրում ամեն տեղ, բացի՝ Հայաստանից: Համընդհանուր ցավ է:

Ես կարեկցանքով եմ լցվում իմ հայրենի երկրի, քաղաքի նկատմամբ: Հեռացողները նախընտրում են ապրել Մոսկվայի ինչ-որ մի խուլ անկյունում, անօթեւան, մի խցում, մի գարաժում, բայց՝ տուն ու ընտանիք պահող վաստակ ունենալ, քան… Ինչ խոսք, նրանք DSC04585արկածախնդիրներ չեն, եւ մեզ պես սիրում են հայրենին: Մեկը վարպետորեն քանդակում է, եւ դա դուր է գալիս օտարին, մեկը համով լավաշ է թխում, օտարի ուշքը գնում է հայկական հացի համար… Իսկ իմ հայրենի քաղաքում ոչինչ չգտա, որ օգներ բավականություն ստանալ… Այստեղ պիտի մոռանալ… քաղաքավարի ապրելու մասին, մոռանալ մարդ լինելդ, մոռանալ երիտասարդությանդ մասին՝ երիտասարդական մայրաքաղաքի կոչում ստացած քաղաքում,  ուր կանաչ տարածքները ամայանում են կամ դառնում ջարդոն-մեքենաների գերեզմանոց:

Մեր քաղաքը հիմա նման է հին տան, որի տերերն անդառնալիոներն հեռացել են… պատից ընկած քարը տեղը չի դրվում, ու տունը… քանդվում է: Մեր շենքերի բակերը՝ անուրախ, անխաղահրապարակ, անտեսք ու անհետաքրքիր, անմակություն, անժամանց… Երիտասարդներն են մեղք, ու երեխաներն են մեղք՝  իրենց բաժին ընկած այսպիսի Սիսիան ունենալու համար: Հետո նրանք ի՞նչ են հիշելու…

Բա էս քաղաքի ժողովրդի համար, երեխայի համար, երիտասարդի ու տարեցի համար չարժե՞ր մի բան անել… Քաղաքը խամրել է՝ անլույս, անկյանք, առանց աշխատանքի ու ամենասովորական վայելքների…

Չեմ սիրում օտարություն բառը: Ես, որ տուն եմ վերադարձել օտարությունից, անգամ՝ բառարաններից եմ ուզում ջնջել բառն այդ… Բայց հիմա ես կարծես տանն էլ չեմ…

Անահիտ ԵՍԱՅԱՆ

Լուսանկարները՝ «ՈՐՈՏԱՆԻ»

6 մեկնաբանություն ՀԱՄՆ ՈՒ ՀՈՏԸ ԿՈՐՑՐԱԾ ՍԻՍԻԱՆՍ… հոդվածին

  1. Աշխեն Շիրինյան says:

    Ողբում եմ Քե՛զ, Սիսիանս….ինչ էիր, ինչ դարձար…..Շնորհակալ եմ, իմ Արև, որ վերհանում ես կործանված Սիսիանիս թաքնված կողմերը:

  2. Հրաշալի է ասված….համ ու հոտը կորցրած ՍԻՍԻԱՆՍ․․․

  3. Mary says:

    Ev sa kochvum e texakan inqnakaravarum, vori glxavor npataky bnakchutyan barekecutyan barelavumn e. Cavoq mer hamaynqnery minus ansahmanutyun heru en texakan inqnakaravarum irakanacneluc.

  4. Astxik Baghdasaryan says:

    cavok srti aydpes e.

  5. Էհ,,կարդացի և մի պահ ես էլ ընկա հիշողության գիրկը,երբ իրոք կարծես թե ամեն ինչ լավ էր,,,

  6. նույն այս խոսքերն այսօր կրկնում էի մտքումս լուռ ու հուսահատ…մարդ չկար շուրջս. ովքեր էլ մնացել են, գերադասում են տանը մնալ, այլապես փոշուց ու կեղտից շնչահեղձ կլինենն…
    Հիշեցի ես էլ Երևանյան այգին, կարուսելները… սիրտս մի անասելի թախծով է լցվել, ահավոր է…

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *