ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՍ ԵՄ…

Հայաստանը ես եմ` անկախ  երկրիս սահմանները պահող զինվորս, Անկախության ձգտում են բոլորը, բոլոր ազգերը: Մենք` երիտասարդներս, դժվար թե կարողանանք ճիշտ գնահատել անկախության արժեքը, քանզի մենք մեր գիտակցական կյանքը կառուցել ենք արդեն անկախ երկրում: Ճիշտ է, անկախության են ձգտում բոլորը, բայց հասնելով նրան, հաճախ հանդիպում են դժվարությունների, ինչպես` մարդկանց պարագայում, երբ որոշակի տարիքում առանձնանում են ծնողներից, դառնում ինքնուրույն: Հայաստանի Հանրապետությունը նույնպես բացառություն չէր, անկախությունից մինչ օրս բազում խնդիրներ են հաղթահարվել: Այսօր վստահ կարելի է ասել, որ մեր հայրենիքը կայուն, ամուր հիմքերի վրա կառուցված պետություն է, որ մեզ` երիտասարդներիս կարող է ապահովել բարեկեցիկ եւ ապահով կյանքով:

Արմեն Մկրտչյան
(ժամկետային զինծառայող)

Հայաստանը ես եմ, մայր հողի մշակս. Հայաստան երկիրը տուն է ու օջախ, հյուրասրահ  չէ: Հայաստանը նա է, ով անցած 20 տարիների ընթացքում ինձ նման ցրտին ու անլույս գիշերներին դիմադրել, ապրել, քարից հաց է քամել, արու զավակ է ծնել, սնել ու տվել հայոց բանակին:

Վլադիկ Պողոսյան
(մենատնտես)

Հայաստանը ես եմ ` դպրոցին հավատարիմ, դպրոցով ապրող մանկավարժս. Ծանր տարիներին, ոտքով, ձյուների մեջով կամ լավագույն դեպքում` տրակտորի թափքում, խոտերի կապերին նստած, ամեն օր պարտաճանաչորեն գնացել եմ գյուղ` կատարելու մանկավարժիս սուրբ պարտականությունը, գիտակցելով, որ երկրի ապագան կրթված սերունդն է:

Վաչիկ  Մանուչարյան  
(մանկավարժ)

Հայաստանը ես եմ,  երկրիս  անկախության տարիքի`  անկախության հետ ծնված 20-ամյա պատանիս. Անկախության հետ եմ  ծնվել, սովի ու ցրտի տարիներին է մանկությունս անցել, բայց այդ «սովի ու ցրտի տարիների» գինը դարերով երազած մեր հաղթանակն էր ու կորսված տարածքների վերադարձը: Ես էլ Հայաստանի նման  դժվարությամբ եմ մեծացել, բայց Հայաստանի նման  ապագայի հանդեպ լի եմ վառ  հույսերով: Համոզված եմ, որ երբեք երկիրս լքելու առիթ չեմ ունենա:

Կարեն Մարտիրոսյան
 (ԵՊՀ ուսանող)

Հայաստանը ես եմ, բնակավայր կորցրած, բայց հայրենիք գտածս. կարգավիճակով փախստական եմ, բայց ավելի հայ եմ ու հայեցի, ես երբեք ինձ փասխստական չեմ համարել, այլ` երկրի տեր ու զավակ: Ավելի լավ է հայրենիքում մի կտոր չոր հաց, քան` օտարության մեջ` առատ սեղան: Օտար հողի «համն» արդեն ճաշակել եմ:

Ալիսա Հայրապետյան
(տնային տնտեսուհի)

Հայաստանը … Հայաստանը  արյան գնով երկիր պաշտպանողն ու Արցախ ազատագրողն է: Հայաստանը ռազմաճակատ տաք գուլպա ու սնունդ ուղարկողն է: Հայաստանը գյուղն ու մարզը բազկի ուժով, մտքի լույսով շենացնողն ու պահողն է: Հայաստանը գործարարն է, ով հայրենիքի ծանր ու դժվարին տարիներին քար է դրել քարին: Հայաստանը այն բժիշկն է, ով տաքուկ աշխատասենյակը թողած` մարտի դաշտում, գնդակների սուրոցի տակ իր սուրբ գործն է կատարել:  Հայաստանը հայի անունն ամենուրեք բարձր պահողն է: Հայաստանը օտարի ազդեցություններին չտրվողն ու այսչափ օտարածին երեւույթների մեջ ազգայինը պահողն ու հայ մնացողն է: Հայաստանը ճշմարտությունից չվախեցող, թերությունները բարձրաձայնող ու ինքնամաքրման ուղին փնտրողն է:

Հայաստանը ես եմ…Հայաստանը դու ես…Հայաստանը մենք ենք:

ԱՍՏՎԱԾ ՊԱՀԻ ՀԱՅՈՑ
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ:
Անի ՍԻՄՈՆՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *