ՀԱՅԵԼԻ

Էլի լույսը բացվեց, հիմա ամեն ինչ նորից կսկսվի: Ախր շատ եմ հոգնել: Չեմ հասկանում` ինչ են գտնում նրանք ամեն երեսուն րոպեն մեկ իրենցով հիանալու մեջ: Չեմ վիճում, բոլորդ էլ լավն եք, բայց իմ մեջ նայելով, ճակատին թափված մազափնջերն ուղղելով, երիտասարդ աղջկան ոչ վայել շպարի հաստ շերտն ավելի հաստացնելով, երիտասարդ տղային ոչ վայել չսափրված դեմքի թուխ աղվամազով հիանալով` էլ ավելի լավը չեք դառնալու: Ախր` առաջ լավ էր, բոլորը միանման էին, եւ իմ աչքերն էլ չէին հոգնում  բազմազանության մեջ ամեն մեկին յուրովի արտացոլելուց:
Մի օր հաստատ ծռվելու եմ: Դառնալու եմ այնքան ծուռ, որ իմ մեջ նայողն իր զարհուրելի արտացոլանքից սարսափի եւ այլևս չնայի իմ մեջ: Եթե թողնես` ամեն բան ու գործ թողած, ժամերով իմ առաջ կծռմռվեն, որպեսզի իրենց երեւակայած դեմքի փոխարեն ավելի լավը ստեղծեն: Ափսոս` խոսել չգիտեմ, թե չէ` բոլորին այնքան գովեստներ կշռայլեի, որ բոլորն էլ վերջնականապես համոզվեին` իրենք ամենալավն են: Գուցե այդպես ինձ հանգիստ թողնեն:
Որքան ցավ եմ զգում`տեսնելով, թե ներկա սերունդն իր տարիքից ինչքան է մեծ: Ամեն մի դեմք իր խորքում մեծերին հատուկ մի հոգս է պարունակում: Զարմանում եմ, թե ինչու են մարդիկ սկսել բարդացնել առանց այդ էլ բարդ կյանքը: Երևի այդ է պատճառը, որ ես ինքս էլ հայելուն ոչ վայել հոգսերով եմ պատել ինձ: Հա՛, հա՛, ճիշտ եմ ասում, վերջերս, երբ մութն ընկնում է, եւ  անհավատ սերունդն էլ իմ մեջ չի փնտրում սեփական գեղեցկության արտացոլումը, ակամա սկսում եմ երազել, թե ինչ լավ կլիներ, եթե հայելու փոխարեն պատի ռադիո լինեի: Այն վատ տարիներին, ճիշտ է, կտանջվեի,  բայց հիմա բոլորի կողմից մոռացված մի պատի վրա կվայելեի վաստակածս հանգիստը:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՊՄՀ կուլտ. ֆակ-ի ռադիոլրագր.
բաժնի ուսանողուհի

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *