ՀԱՅՐԵՆԱԿԱՆՉ

«Իմ գիտակցական կյանքում ինձ երբեք չի լքել հայրենի գյուղի պատմությունը գրելու միտքը,- գրել է Ալեքսանդր Սուքիասյանը իր «Տոլորս» գրքում, ապա հավելել,-իսկ երբ լրջորեն անցա գործի, պարզեցի այն բեռի ծանրությունը, որ սիրահոժար վերցրել եմ իմ ուսերին»:
Այս գրքով հեղինակը` Ալեքսանդր Սուքիասյանը ձգտել է ներկայացնել Սյունյաց աշխարհի Ծղուկ գավառի հինավուրց Տոլորս գյուղի պատմությունը վաղնջական ժամանակներից մինչեւ մեր օրերը: Այն ստեղծվել է արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության, հեղինակի երկար տարիների պրպտումների եւ տքնության արդյունքում: Գրքի տպագրության ծախսերը հոգացել են նրա որդիները: Գիրքը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում եւ Արցախյան ազատամարտում զոհված համագյուղացիների հիշատակին:
Երկարատեւ ու ջանադիր աշխատանքի արդյունքում ծնված այս գիրքը, ահա, լայն արձագանք է գտել հայրենակիցների շրջանում, ովքեր իրենց անկեղծ գնահատանքն ու վերաբերմունքն են արտահայտել գրքի վերաբերյալ` խնդրելով դրանք տպագրել նաեւ մեր թերթում:
Համայնքի ղեկավար Մարատ Առաքելյանը գրել է. «Մեր գյուղի մասին տպագիր գիրք երբեք չի եղել: Շատ եմ կարեւորում հեղինակի քրտնաջան, հայրենանվեր եւ շնորհակալ աշխատանքը: Այս գրքով ընթերցողը կտեղեկանա մեր գյուղի պատմությանն ու ժողովրդի կենցաղին: Այն մեկ անգամ եւս փաստում է, որ մարդ որտեղ եւ ինչ տարիքի էլ լինի, ձգտում է իր ակունքներին»:
Թոշակառու, երեւանաբնակ Բ. Գեւորգյանը գրել է` «Կարդալով այս գիրքը` 70 տարով ետ վերադարձա դեպի իմ մանկություն: Գրքում հիշատակված ու ջրածածկ եղած տեղանուններն ինձ շատ հարազատ են: Այս գրքով Ա. Սուքիասյանն ինձ ու շատերին հնարավորություն տվեց կրկին մանկանալ, ապրել մանկության քաղցր, հեռավոր ու բարի հուշերով…»:
«Անսահման սեր դեպի հայրենի եզերքը, չմարող կարոտ այդ եզերքի բնաշխարհի, մարդկանց եւ անցյալում մնացած մանկության հեքիաթի ու անկրկնելի հրաշքի` Սյունյաց աշխարհում ծվարած Տոլորսի հանդեպ: Կյանքում լինում են սերեր, որոնք հուզում են մարդու ուղեղը, զգայարանները, միտքն ու սիրտը: Դրանց մեջ կա մի սեր` սերը հայրենի եզերքի հանդեպ, որը ոչ թե հուզում, այլ` թափանցում է մարդու էություն եւ մեռնում այն էակի հետ, ում սրտում արմատ է գցել: Այսպիսի մեծ ու անսահման սիրով է համակված գրքի հեղինակ Ալեքսանդր Սուքիասյանը, եւ այդ սերը փոխանցում է ընթերցողին: Այս գրքի ընթերցողը ակամա սիրահարվում է Տոլորսին, իսկ տոլորսեցին ինչքան էլ հեռանում, երբեք չի մոռանում իր արմատները»,- գրել է Տոլորսի միջն. դպրոցի ուսմասվար Նաիրուհի Ղազարյանը:
Սեւադա եւ Երանուհի Բադալյանները գիրքը համարել են հուշամատյան` ակնկալելով շարունակություն:
Ի դեպ, Տոլորսի մասին իր ասելիքն ամբողջացնելու նպատակով, նաեւ` խանդավառված այս ընդունելությունից, հեղինակը պատրսատվում է տպագրել գրքի երկրորդ հատորը:

«ՈՐՈՏԱՆ»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *