ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ… ՄԻԱՅՆ ՄԱՐՏԻ ԴԱՇՏՈՒՄ ԹՇՆԱՄԻ ՍՊԱՆԵԼԸ ՉԷ

Թեև  Սիսիանում   գրանցված են մոտ 3 տասնյակ հասարակական կազմակերպություններ, բայց դրանց մի մասը գոյություն ունի միայն թղթի վրա: Որոշ ՀԿ-ներ էլ, թեեւ գործում են, եւ ոչ` պասիվ, որոշները` նույնիսկ բավականաչափ` ակտիվ, բայց ՀԿ-ների` քաղաքացիական հասարակության զարգացմանը, մեզանում դեմոկրատական արժեքների խորացմանը նպաստելու` նրանց հիմնական գործառույթը մի տեսակ մղվել է ետին պլան, եւ որոշակի շոշափելի,  տեսանելի արդյունք գրեթե չկա: ՀԿ-ի ֆունկցիանների` աշխատատեղով ապահովման 3-4-րդական գործառույթը դարձել է առաջնային, եւ, ինչպես ՀԿ-ների ներկայացուցիչները իրենք են ասում, ծանոթով կամ այլեւայլ հնարքներով որեւէ դրամաշնորհ շահել-յոլա գնալով են նրանք հիմա արդարացնում իրենց գոյությունը:
Օրերս «Սիսիանի քաղաքացիական կենտրոնում» ՀԿ-ների եվ ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված` «Սիսիանի ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների մասնակցությունը քաղաքացիական հասարակության զարգացման գործում» սեմինարը հենց նպատակ ուներ վեր հանել այն պատճառները, որոնց հետեւանքով ՀԿ-ների գործունեության արդյունքն այս առումով չի երեւում, ինչը հատկապես դրսեւորվում է ընտրական գործընթացներում:
Սեմինարի կազմակերպիչ «Սիսիանի քաղաքացիական կենտրոնի» աշխատակից Լիլիթ Ենոքյանը նշեց, որ թեեւ բոլոր ՀԿ-ների հիմնական առաքելությունն ուղղված է քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, բայց նրանց` անջատ-անջատ գործելու հետեւանքով չի երեւում որոշակի արդյունք, ինչի հետեւանքով ցածր է հասարակության` քաղաքացիա-քաղաքական, իրավական գիտակցության մակարդակը:Դրան մեծապես «օգնում է» նաեւ հասարակության` սոցիալական բեւեռացումը:
Իրենց ՀԿ-ների գործունեությունը ներկայացրեցին «Աղջիկ սկաուտների եւ գայդերի միության»  Սյունիքի մարզի կոմիսար Նունե Դիլանյանը, «Մեղվաբույծների շահերը պաշտպանող» ՀԿ նախագահ Գեւորգ Ասատրյանը, «Խարիսխ» ՀԿ նախագահ Սուսաննա Իսաջանյանը, «Էկո- Սիս» ՀԿ նախագահ  Կամո Սաֆրազյանը, Սիսիանի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ մասնակցություն ունեցոող Թաթուլ Սյունին, «Սիսիանի քաղաքացիական կենտրոնի» իրավաբան Արկադյա Հովհաննիսյանը: Քաղաքացիական հասարակության ձեւավորման մեջ ԶԼՄ-ների դերի կարեւորության եւ անհրաժեշտության մասին խոսեց «Որոտան» թերթի խմբագիր Արեւհատ Ամիրյանը:
Կարեւորելով ՀԿ-ի դերը եւ նրա ծավալած գործունեություը` «Խարիսխ» ՀԿ նախագահ Սուսաննա Իսաջանյանը այն արդյունավետ համարեց միայն համայնքապետարանի հետ համատեղ եւ շահագրգիռ գործունեությամբ, վկայակոչելով, որ ցանկացած ՀԿ-ի` ամենալավ  ծրագրի վերջնական արդյունքը պայմանավորված է միայն դրանով, քանի որ ՀԿ-ն ընդամենը հասարակական կազմակերպություն է եւ չունի լծակներ ծրագիրը կյանքի կոչելու, ինչն  ունի համայնքապետարանը, որն էլ, սակայն, թերանում է իր բաժին պարտականությունը կատարելու մեջ: Ս. Իսաջանյանը վկայակոչեց իրենց իրականացրած` «Աղբահանության մեխանիզմի բարելավման ծրագրի» ձախողումը Սիսիանում` երկրորդ կողմի` քաղաքապետարանի թերացման պատճառով:
«Էկո- Սիս» ՀԿ նախագահ  Կամո Սաֆրազյանը նշեց. «Այսօր Հայաստանում ձեւավորվում է քաղաքացիական հասարակություն, բայց ոչ` ՀԿ-ների շնորհիվ, այլ` քաղաքական գործընթացների, ինչն առկա է նաեւ Սիսիանում»:
Առավել հետաքրքրական էին Թաթուլ Սյունու` քաղաքացիական հասարակության ձեւավորման կամ դրա բացակայության մասին մտքերը: Նա նշեց, որ մեզանում  քաղաքացիական հասարակության ձեւավորմանը խանգարում են ոչ թե պետական, իրավական հիմքի վրա ստեղծված իրավահարաբերությունները, այլ` խնամի-հարեւան-բարեկամ հարաբերությունը, որի շրջանակներից դուրս գտնվողը «թշնամի է» այդ շրջանակի համար: «Դժվար կլինի արեւելյան այս մտածելակերպը արեւմտականացնել, որը դրսեւորվում է հատկապես ընտրությունների ժամանակ»,- ասաց նա` հավելելով` «Մարդը մտքում ընդունում է որեւէ թեկնածուի առավելությունը, բայց առաջնորդվում է անձնապես ի՞նչ օգուտ ունեմ նրանից սկզբունքով: Մտքի եղածի եւ լեզվի արտաբերածի տարբերությունը երկփեղկում է նրան: Այսօր ունենք այս մտածելակերպի ինքնահաղթահարման խնդիրը: Եվ  մինչեւ մեզանում չհաղթահարվի անօրինականությունների ու անարդարությունների դեմ չպայքարելու` «չեմ ուզում կլյաուզնիկ լինել» բարբարոսական մտածողությունը, պետություն չենք կառուցելու: Իսկ դա հայրենասիրություն է, որովհետեւ հայրենասիրությունը միայն մարտի դաշտում թշնամի սպանելը չէ»:
Սեմինարի մասնակիցները հույս հայտնեցին, որ այս շահագրգիռ քննարկումը հենց քաղաքացիական հասարակության ձեւավորման քայլերից մեկն է: Առաջարկվեց ստեղծել համակարգող խումբ` բոլոր ՀԿ-ների եւ ԶԼՄ-ների գործունեությունը համախմբելու եւ այդ կերպ   ծավալելու քաղաքացիական հասարակության ձեւավորմանը նպաստող իրենց հետագա քայլերը:

Դիանա ԲԱԽՇՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *