ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՄԱՅՐԸ ԵՎ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ

Վաղատինի միջնակարգ դպրոցի 6 առաջին դասարանցիների անձնական կյանքի օրացույցում, ինչպես շատ պատկերավոր ասաց դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Սուսաննա Աղայանը Այբուբենի հրաժեշտի հիշարժան օրը ալ կարմիր երանգով կներկվի, որովհետեւ այդ օրը նրանք պատվով հանձնեցին տառաճահաչի իրենց քննությունը թե՛ դպրոցին, թե՛ ուսուցիչներին, թե՛ ծնողներին, թե՛ իրենք իրենց:
Դեռեւս կյանքի անակնկալներին ու դժվարություններին անհաղորդ ու անտեղյակ` նրանք խոստովանեցին, որ իրենց այս փոքրիկ, փոքրիկ կյանքում ամենամեծ տոնն էր հայոց ոսկեղենիկ այբուբենին հրաժեշտ տալու եւ ոսկեմատյան Մայրենիի հազարաշունչ դռնով ներս մտնելու տոնը: 6 առաջինցիները երդվեցին իրենց շնչով, արյունով ու կյանքով հավատարիմ մնալ լեզուների շքեղ շարքում իր դարավոր ու փառավոր տեղն ունեցող Հայոց լեզվին ու դառնալ նրա քաջ զինվորն ու պաշտպանը, որ անպարտ մնան Հայրենիքը, Մայրը ու Հայոց լեզուն:
Այս ամենի համար, իհարկե, արժանին պիտի հատուցել դասվար Վարդուհի Սահակյանին, որ կարողացել էր երեխաներին ոչ միայն անմնացորդ սիրել տալ Հայոց Այբուբենը, այլեւ նրանց առջեւ բացել գիտելիքի լայնահուն աշխարհ տանող առաջին արահետի հմայքներն ու գաղտնիքները:
Երեխաները մեծ ոգեւորությամբ բեմադրեցին «Չարի վերջը» հեքիաթը` անկեղծորեն հավատալով, թե «առակն ինչ էր ցուցանում»:
Իրենց գոհունակությունը հայտնեցին երեխաների ծնողները, դպրոցի տնօրինությունը, հույսով, որ գիտելիքի խորհրդավոր տաճարին դրված առաջին քարերն ամուր կմնան ու կդիմակայեն բոլոր փորձություններին այնպես, ինչպես մեր դարավոր ու փառավոր Հայոց լեզուն: Առաջինցիները դպրոցի տնօրինության եւ համայնքապետարանի կաղմից նվերներ ստացան:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *