“ՀԱՅՐԵՆՅԱՑ ՓՇԵՐԻ ՄԵՋ ՎԱ’ՐԴԸ ՏԵՍԵՔ”. ԴԱՆԻԵԼ ԵՐԱԺԻՇՏ

Report.am-ի զրուցակիցն է “Շարական” համույթի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Դանիել Երաժիշտը

“Հայրենյաց փշերի մեջ վա’րդը տեսեք”. Դանիել Երաժիշտ Հաշվի նստել Աստծո կամքի հետ

-Ինչ կատարվում է մեզանում, ինչ կա մեր շուրջը, Աստծո կամքն է: Առանց Աստծո կամքի անգամ մի մազ չի ընկնում մեր գլխից: Չի կարելի հաշվի չնստել Աստծո կամքի հետ: Մարդու մտածելակերպը տարբերվում է Աստծո մտածելակերպից: Այն, ինչը մարդուն այսօր թվում է անտրամաբանական,  հետագայում պարզվում է` միակ ճիշտ լուծումն էր: Մարդը չի կարող հասնել կամ գերազանցել Արարչին: Դրա համար կյանքին պետք է նայել սթափ աչքերով: Ո՞վ է ասել, թե այսօրվա մեր իրավիճակը, հասարակական ներկապնակը այլ կերպ պետք է ծավալվեր, որ մենք էլ նեղանանք, թե ինչու իր խոստումը չի կատարում: Սա մարդկային նեղ մտածելակերպ է, որ այն ամենը, ինչը քո սրտով չէ, ուրեմն ճիշտ չէ: Մարդը չպետք է զարմանա, որ մյուս մարդիկ ուրիշ կերպ են մտածում, համաձայն չեն, չեն ներդաշնակվում իր ցանկությունների, մտքերի, պատկերացումների հետ: Մարդը պետք է հաշտ լինի դրանց հետ:

Տիրապետել ապրելու արվեստին

-Մերօրյա այս խժդժությունների մեջ, այս անորոշ իրավիճակում հաճախ հիշում եմ Արբերտ Շվայցերի առաջ քաշած էթիկական դրույթներից մեկը, որ ես մի կյանք եմ, որը պետք է ապրել մյուս կյանքերի մեջ, որոնք նույնպես ուզում են ապրել: Այս գաղափարին նա Աֆրիկայում է եզրահանգել, երբ նավակով որպես բժիշկ գնալիս է եղել հիվանդի մոտ` փրկելու արնահոսող մի մարդու: Գետաձիերը փակել են նրա նավակի ճանապարհը: Շվայցերը խոստովանել է, որ ստիպված են եղել սպասել մինչեւ որ գետաձիերն իրենց այդ պահի կյանքն իրականացնեն, հետո ճանապարհը բացեն, որ իրենք անցնեն: Ստացվում է, որ մարդն անգամ գետաձիերի հետ է հաշվի նստում: Միթե մարդը մարդու հետ չպետք է հաշվի նստի: Իհարկե, պետք է նստի: Ուրեմն, մենք մեր կյանքը պետք է կառուցենք ուրիշների կյանքերի մեջ, ովքեր նույնպես ուզում են ապրել: Ըստ իս, սա ուսանելի մոտեցում է եւ օգնում է տիրապետելու ապրելու արվեստին:

Նա արդեն պատժված է

-Չեմ արդարացնում ոչ ոքի եւ ոչինչ: “Արդարացնել” բառն օգտագործում են այն դեպքում, երբ դու մեղադրում ես կամ ուրիշն է մեղադրում: Ես չեմ կարող մեղադրողի դերում լինել: Ես կարող եմ վրդովվողի դերում լինել: Մեր կյանքն օբյեկտիվ օրինաչափություն է, դա իրողություն է: Ես չեմ կարող դա փոխել, ես պետք է փոխվեմ, գնամ դեպի լավը, պետք է կատարելագործվեմ, ուրիշ ոչինչ իմ ձեռքում չկա, անգամ եթե ես շատ ցանկանամ որեւէ բան փոխել: Եթե մարդը շփացած է, նրան մասին ես մտածում եմ, որ դրանից ավելի մեծ պատիժ, քան այդ մարդն արդեն ունի, հնարավոր չէ ստեղծել: Նա արդեն պատժված է, եթե կյանքն անտեսում է, ոտնահարում է: Պետք է կյանքի, կյանքերի, բնության հանդեպ ակնածանք ունենալ: Այդպիսին է մեր կյանքը: Այն բեմադրվել է այսպես, ոչ թե ուրիշ ձեւ: Մենք պետք է շարունակենք կյանքը` ըստ մեր հնարավորությունների: Մեզ չեն խոստացել ավելի լավ կյանք:

Կասկածելի մարդիկ, կասկածելի խոստումներ

-Մեզ խոստանում են ավելի լավ կյանք: Ո՞վ է խոստացել, ո՞ւմից պահանջենք: Մենք պետք է նայենք` խոստացողն ի վիճակի՞ է, իրավասո՞ւ է խոստումները կատարելու: Նրանք խոստանում են, որ սովորական շահ ստանան: Մենք ինչո՞ւ պետք է կառուցենք մեր կյանքը այդ կասկածելի մարդկանց կասկածելի խոստումների վրա: Ի սկզբանե չպետք է խոստումը համարել լուրջ երեւույթ, դա այսօր կա, վաղը չկա: Սայաթ-Նովան ասել է. “Ո՞վ կասի,թէ ես կու ապրիմ առուտեմէն ինչրու մութըն, Աստծու ձեռումն հեշտ է՝ մարդու աշխարհք էլումուտըն…”: Մարդ է, խոստացել է, այսօր կա, վաղը չկա, 5 րոպե հետո ինքն իր տերը չէ: Մենք ո՞նց կարող ենք մեր հույսը հոսող ջրի վրա գրենք: Կամ թե ուրիշի` հոսող ջրի վրա գրած խոստումներին հավատանք եւ ամբողջ մեր կյանքն ուղղենք այդ խոստումներին հավատալուն: Որեւէ պաշտոն սովորական մի աշխատատեղ է, մարդն իր ֆունկցիան է կատարում, ինքը պետք է խոստում տա, իսկ ես պարտավոր չեմ դա լուրջ ընդունել: Չգիտեմ, իմ կենսափորձին եւ աշխարհընկալմանը ապավինելով` այսպես եմ մտածում:

Եթե իմ սիրեցյալից եմ հարվածներ ստանում…

-Ամեն օր առիթ եմ ունենում բախվելու դաժան իրականությանը: Կուլ եմ տալիս: Եվ պնդում եմ, որ “կուլտուրա” բառը հայկական ծագում ունի` կուլ եւ տուր: Եթե քեզ վիրավորում են, իսկ դու կարողանում ես կուլ տալ, ուրեմն կուլտուրական մարդ ես, չարին չարով չես պատասխանում, չես չարանում` դրանով քեզ կատարելագործելով: Վերեւ Աստված կա: Չեմ ասում` հլու-հնազանդ եմ, բայց իմ հնարավորությունների մեջ օրենքի սահմաններում փոքրիկ փորձ եմ կատարում այդպես լինելու: Եթե ստացվում է, ուրախանում եմ, եթե ոչ` հաշտվում եմ: Մենք այնքան բանի հետ ենք հաշտված հիմա: Օրինակ, որ Ցեղասպանությունը չեն ընդունում: Ի՞նչ ենք անում մենք, մեր ձեռքն ի՞նչ կա:  Ոչինչ: Այդ համատիեզերական անարդարության ֆոնին շատ բաներ մանրուք են թվում: Սայաթ-Նովան ասում է, որ եթե ես իմ սիրեցյալից եմ հարվածներ ստանում, ինչո՞ւ նեղանամ օտարից: Սա էլ վերաբերմունք է, մոտեցում է, օգնում է ապրել…

 Թավշյա ցեղասպանություն է մեզանում

-Ոչ մի դեպքում արտագաղթելը ճիշտ չէ: Դա պարտություն է, եւ, փաստորեն, դարերով, թանկ գնով ձեռք բերած հաղթանակները, մեր նախնիների հիշատակները ոտնատակ ենք տալիս արտագաղթի պարագայում: Անիմաստ է դառնում ոչ միայն մեր կյանքը, այլեւ մեր նախնիների: Հազարամյակների հայության գոյության իմաստն է խաթարվում: Արտագաղթն անթույլատրելի է: Ամեն ոք ինքն է որոշում ինչպես ապրի եւ որտեղ, բայց գնացողը ցույց է տալիս իր կամքը, իր մակարդակը, իր առաքելությունն այս կյանքում: Այդքան են հասկանում, այդպես են վարվում: Կրկնում եմ, ինձ համար արտագաղթն ամենաանթույլատրելի բանն է: Ցեղասպանության բանաձեւի մեջ, որը տվել է Ռաֆայել Լեմկինը նյուրնբերգյան  դատավարության ժամանակաշրջանում, կետեր է առաջ քաշել, որոնք նպաստում են ցեղասպանություններին. ֆիզիկական ոչնչացումն առաջին տեղում է, դրանցից հետո գալիս է ազգի լեզուն վերացնելը եւ էլի այլ բաներ: Թավշյա ցեղասպանություն է մեզանում: Կոնկրետ չեն ոչնչացնում, բայց այնպիսի պայմաններ են ստեղծում, որ այլեւս չի ազգը չի վերարտադրվում, չի բազմանում, մշակույթը չի պահպանում:

Արվեստն ազգային անվտանգության երաշխիք է

-Մշակույթը կորցնելով` մարդը կորցնում է իր ինքնությունը, դառնում է վերացական մարդ, բիոլոգիական միավոր, որ ուր էլ տանես, կապրի` Չուկոտկայում, Դանիայում եւ ամենուր: Հայ մարդկանց մոտ վերանում է հայի տարբերանշանը: Կարեւորը տարբերությունն է, ոչ թե այն, ինչը ընդհանրացնում է մարդուն: Ընդհանրություն կենդանական աշխարհի հետ էլ կա… Մեր տարբերությունը ձգտում են վերացնել դրսի ուժերը` ներսի որոշ ուժերի օգնությամբ: Խնդիրն այն է, որ ներսի այդ որոշ ուժերը` հայ մարդիկ, չեն գիտակցում արվեստի ուժը, նրանք գրագիտության, կրթության պակաս ունեն, որովհետեւ եթե կիրթ լինեին, կհասկանային Պլատոնի ասածը. “Երաժշտությունը պետական գործ է”: Արվեստը ազգային անվտանգության երաշխիքներից մեկն է: Մերոնք  կա’մ չգիտեն դրա մասին, կա’մ գիտեն եւ հանդուրժում են այդ կործանումը: Երկու դեպքն էլ վատ է: Մի դեպքում` հետամնաց, անկիրթ մարդն իր տեղում չի գտնվում, մյուս դեպքում` չար մարդ է, ծախվել է: Մարտիրոս Սարյանն ասում էր. “Ես 5 հազար տարեկան եմ, այդ տարիքին է նաեւ Արամ Խաչատրյանը”: Արվեստագետներն իրենց մեջ խտացված` պահպանում են ազգի մշակույթը եւ ժողովրդի անցած ճանապարհը: Հիմա այդ 5 հազար տարվա մշակույթը փողոց են գցում եւ մի պսևդո, կեղծ, իրենց խոսքով ասած` “ռազըվի” հակամշակույթ են բերում: Արվեստը հավասարեցրել են ամբոխի, փողոցի մակարդակին:

Մանրուք-ողբերգություն է

-Երեւանի հարավ-արևմտյան թաղամասում, ուր ես բնակվում եմ, կա Սուրբ Երրորդություն եկեղեցի, մենումենտալ գործ է, զվարթնոցակերպ տաճար: Հաճախ ուղեւորները երթուղային տաքսու վարորդին խնդրում են “Սաս”-ի, “Սթար”-ի կամ  “Ֆրեշ”-ի մոտ կանգառել: Այդ մոնումենտալ եկեղեցին թողած, որի կողքն է կանգառը, տալիս են ինչ-որ օտար բառեր` խանութների անուններ: Ինչո՞ւ ենք գերադասում մեզ համար անսովոր այդ բառերը: Սա մանրուք է թվում, բայց ողբերգություն կա դրանում:  Նույն թաղամասում կա նաեւ ավետարանչական եկեղեցու հետեւորդների հավաքատեղի, նրանք իրենց այդ շինությանը մոտենալով, ասում են. “Եկեղեցու մոտ կանգնեք”: Նրանք դրա մեջ էլ քարոզ են տեսնում: Իսկ մենք դա չենք գիտակցում: Երբ թուրքերը նվաճում էին մեր հողերը, առաջինը տեղանուններն էին փոխում: Հիմա մենք կամավոր փոխում ենք շատ անուններ, նկատի չունեմ հենց տեղանունները, բայց խանութների եւ այլ շինությունների անուններ շատ օտարամուտ են, որ բեռ է  դարձել մեր բառապաշարի մեջ:

Ապրել վսեմ, ոչ թե նսեմ

-Հովհաննես Թումանյանն ասել է, որ “պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած”: Ես այդ արշալույսի շողերը տեսնում եմ տաղանդավոր ուսանողների եւ էլի շատերի տեսքով: Դա ապագայի հույս է, որ կծագի նոր արեւ:  Հանուր կյանքի արշալույսը ընթացք է, մի միջոցառում չէ, շոու չէ, դա երկարատեւ պրոցես է: Ուրախ կլինեմ, եթե մենք հային վայել ապրելակերպ ունենանք, նկատի ունեմ` վսեմ կյանքով ապրենք, ոչ թե նսեմ կյանքով: Հայն ամեն օր իր առջեւ ունի այդ օրինակը` Արարատը: Արարատ տեսնող մարդն իրավունք չունի նսեմ ապրելու: Արարատը չի թողնի, որ հայը նսեմանա: Կյանքը պայքար է` հանուն արժանի ապրելակերպի: Հային հաղթանակն է սազում, ամենախորթ բանը հայի համար պարտությունն է: Բայց եթե հայը հայի դեմ է դուրս գալիս` թեկուզ հանուն վսեմ ապրելակերպի կամ ուրիշ որեւէ պատճառով, ուրեմն նրանցից մեկը հաստատ հայ չէ: Ուրախ կլինեի, եթե մենք կարողանայինք խաղաղ պայմաններում նույն հերոսականությունը, նվիրումը, պոռթկումը  դրսեւորել, ինչը պատերազմի ժամանակ էինք դրսեւորում: Մենք դա կարող ենք, մեր այս անբավարարությունը գալիս է մեր բարձր չափանիշի հասնելու ձգտումներից: Հայ լինելը ճիգ է, առաքելություն, այսօր նույնիսկ` սխրագործություն: Իսկ Հայաստանում ապրելը` երանություն, քանի որ երկիր-դրախտավայր է Հայաստանը: Վարդն առանց փուշ չի լինում: Հայրենյաց փշերի մեջ վարդը տեսեք:

ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
www.report.am
22.05.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *