Հայրը նշում է ծնունդը որդու, բայց որդին չկա. զոհվել է մարտում… Սեպտեմբերի 18-ին լրացավ Աղվան Մինասյանի 47 ամյակը

DSC06825

Աղվան Մինասյանի անունը կրող մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը իր ստեղծագործական եւ ուսումնական տարին սկսում է սեպտեմբերի 18-ի խորհրդանշական օրվա հիշատակումով՝ «սիրո ուժգնությամբ եւ խաչի խորհրդով» փայլատակած պայծառ պատանու՝ Աղվան Մինասյանի ծննդյան օրվա նշումով: Արդեն՝ 24 տարի… Ու կենտրոն առաջին անգամ ոտք դրած փոքրիկը, պատանին, սանը առաջին անգամ հենց այստեղ է հաղորդակից լինում նրա վճիտ ու զուլալ տողերին, կյանքի պաշտամունքին ու մահվան անխուսափելիության զգացողությանը: Առաջին անգամ այստեղ է սիրում նրա նման, հիասթափվում նրա նման, մեղավոր զգում նրա նման, հայրենիքի համար պայքարում նրա նման, ու «նահատակվում» նրա նման: Հետո խնկաբույր օդը եւ խնկի կապույտ ծուխը նրա ծննդավայր Լծենի գերեզմանների բարձունքից, որտեղ ննջում է ընդամենը 23 գարուն ապրած, բայց այսօր արեն 47 ամյա նահատակը, տարածվում է երկինքն ի վեր՝ միանալով, խնկաբուրելով մեր հերոսամարտ-ազատամարտի բոլոր նահատակների եւ կյանքը հայրենիքին զոհաբերած մարտիրոսների անմեռ ու լուսապսակ անունները: Եվ ստացվում է, որ Աղվան պատանու, Աղվան զինվորի, Աղվան պոետի, Աղվան երազողի երկրային կյանքն ավելի կարճ էր՝ երկնային կյանքից: Եվ ստացվում է, որ նա ուներ միայն ծննդյան թիվ, որովհետեւ երկնքի ընտրյալները մահվան տարեթիվ չեն ունենում…

Սեպտեմբերի 18-ին Աղվան Մինասյանի զինակից ընկերները, հարազատները, բարեկամները, համագյուղացիները, նրա անունը կրող ստեղծագործական կենտրոնի ասմունքի խմբակի սաները, չխախտվող ավանդույթով, նշեցին մարտիկ-պոետի ծննդյան օրը: Ասմունքի խմբակի սաները հնչեցրեցին նրա նուրբ, քնարական, խոհական ու հայրենասիրական տողերը: Մարտական ընկեր Մարիետա Խաչատրյանը նշեց, որ Աղվանը եթե ոչինչ էլ չգրեր, ապա նրա «Կարմիր դագաղով երազ ու սեր են տանում թաղելու» եւ «Մենք կանգնած ենք իրար դեմ, ու մեզանից մեկը պիտի զոհվի» բանաստղծությունները բավական են, որ նա բանաստեղծ կոչվի:

Ասմունքի խմբակի ղեկավար, ՄՊՍԿ ուսմասվար Զեփյուռ Համբարձումյանը նշեց, որ թեեւ 24 տարի է՝ Աղվան Մինասյանը բացակայում է մեզնից, բայց նա մշտապես ներկա է մեր սրտերում, մեր մտքերում, ներկա է իր բանաստեղծությամբ, իր հայրենասիրությամբ եւ հանուն հայրենիքի նահատակի իր լուսածիր ներկայությամբ: Ապա մեջբերեց մեկ այլ պատերազմի մասին պատմող՝ Արամայիս Սահակյանի՝ առավել քան խոսուն տողերը՝ «Հայրը նշում է ծնունդը որդու, բայց որդին չկա. Զոհվել է մարտում, Հին ընկերներն են նստել գլխահակ, իսկ մի աթոռը մնում է դատարկ: Հայրն ստիպում է, որ ուրախանան, բայց սիրտը, սիրտը լալիս է անձայն» ու հավելեց, որ թեեւ Աղվանի աթոռը թափուր է, Աղվանն այսօր մեզ հետ չէ ֆիզիկապես, բայց նրա ոգին, նրա սիրտը, նրա բանաստեղծական շունչը միշտ մեզ հետ է: «Տարիներ ի վեր սերունդները դաստիարակվում են Աղվանի մարտական ոգով, Աղվանի փիլիսոփայությամբ: Թեեւ նա մեզ հետ չի ֆիզիկապես, բայց, կարծում եմ, երկնքից հետեւում է, մեզ հետ է ու միշտ կլինի մեզ հետ»: Ի դեմս Աղվանի, Զեփյուռ Համբարձումյանը շնորհավորեց բոլոր այն նահատկների ծննդյան տոնը, ովքեր նույնպես զոհվել են մարտում, ապա մաղթեց խաղաղ երկինք եւ ցանկացավ, որ մեր կյանքը հարատեւի ոչ Աղվանների արյան հաշվին, այլ երեխաների, մեծերի ստեղծագործական եւ ջանասիրական աշխատանքի շնորհիվ:

Աղվանի մասին հիշողություններ պատմեցին մարտական ընկերները, հարազատները:

Նա՝ լուսե պատանին, ասուպի նման փայլեց ու հանգավ երկնակամարում՝ իր հոգու աստղափոշին շաղ տալով մեր կյանքի ճանապարհին…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

1,600 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *