ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ՝ ՍԻՍԻԱՆՑԻ 1-ԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ

18403167_1946799168913414_5820770557277689474_n

Ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Խաչիկյանի անունը դեռեւս Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցում սովորելու տարիներին արդեն լավագույն օլիմպիականների շարքերում էր: Մարզային, հանրապետական փուլերի արդյունքներն ամփոփելիս՝ նույն օրը նրա անունը նույնիսկ մի քանի անգամ է հնչել՝ տարբեր առարկաներից պատվոգրեր ստանալիս: Ասում է,՝ առաջին անգամ աշխարհագրության առարկայական օլիմպիադայի մասնակցել է 8-րդ դասարանում, քանի որ իրենից ավագ քույրն էլ էր մասնակցում, եւ ինքը չէր ուզում ետ մնալ նրանից: Ամենահետաքրքիրն այն է, ասում է, որ օլիմպիադային մասնակցել է ուղղակի մասնակցության համար, բայց, ի զարմանս իրեն եւ տնեցիների, ինքը հանրապետական փուլում 1-ին տեղ է բերել, քույրը՝ 3-րդ: Ու այսպես սկսվել է Լիլիթ Խաչիկյանի օլիմպիական կենսագրությունը: «Տարի է եղել, որ Լիլիթը օլիմպիադայի մասնակցել է 6 առարկայից եւ մրցանակային տեղեր բերել»,-ասում է Լիլիթի մայրը, հետո հավելում, որ սահմանափակել են նրա մասնակցությունների թիվը, եւ Լիլիթը ողջ ուշադրությունը բեւեռել է ամենաշատ սիրած առարկաների՝ մաթեմատիկայի, աշխարհագրության և ֆիզիկայի վրա: Մասնակցել է նաեւ «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» (SPARE) միջազգային օլիմպիադային՝ Հայաստանը ներկայացնելով Ղազախստանում: Օլիմպիական հարուստ ավարով էլ 2-րդ դպրոցից տեղափոխվել է Սիսիանի ավագ դպրոց, ընդունվել ֆիզմաթ հոսք: 19 աշակերտների մեջ միակ աղջիկն է: Ասում է՝ դժվարին ու ճշգրիտ առարկա է մաթեմատիկան, ու այն հաղթահարելն էլ գայթակղում է իրեն, դրա համար էլ ընտրել է այդ հոսքը: Ավագ դպրոցում էլ օլիմպիական մրցանակների պակաս չունեցավ՝ եւ մարզային ,եւ հանրապետական փուլերի մասնակցությունից: 9-րդ դասարանում հանրապետական օլիմպիադայում մաթեմատիկա առարկայից նվաճել է 3-րդ կարգի դիպլոմ եւ շատ ուրախ է, քանի որ մրցակցել է հիմնականում Երեւանի «Ֆիզմաթ» և  «Քվանտ» վարժարանի սաների հետ:

2016-ին մասնակցել է համահայկական բնագիտական 3-րդ օլիմպիադային եւ իր տարիքային խմբում աշխարհագրություն առարկայից վաստակել 1-ին կարգի դիպլոմ: Նույն տարում մաթեմատիկայի համահայկական բնագիտական եւ հանրապետական օլիմպիադայում բերել է 3-րդ կարգի դիպլոմներ: «Վերջին 10-15 տարում Սյունիքից մաթեմատիկա առարկայից դիպլոմակիր չի եղել»,-ինքնավստահ ասում է Լիլիթը՝ լավ զգալով, որ իր մարզի, իր քաղաքի անունը ինքն է բարձրացրել այդ դժվարին մրցապայքարում: «Հայրս ասում է՝ քո մաթեմատիկայի 3-րդ տեղը ավելի բարձր է, քան՝ աշխարհագրության առաջին տեղը, քանի որ մրցել ես ֆիզմաթ դպրոցի աշակերտների հետ»,- մեղմիկ ժպիտով ասում է Լիլիթը ու ինքն էլ մեկնաբանում, որովհետեւ հայրը՝ Արմեն Խաչիկյանը, մաթեմատիկայի ուսուցիչ է, ու գիտի այդ առարկայի բարդությունները եւ դժվարությունները:

Լիլիթն իր նոր գովասանագիրն է ստացել մարտին՝ 2017 թ.-ի մաթեմատիկայի հանրապետական օլիմպիադայից: Իսկ ապրիլի վերջերին կայացած աշխարհագրություն առարկայի օլիմպիադայից իր տարիքային խմբում բերել է 1-ին կարգի դիպլոմ: Ասում է՝ ավանդույթի համաձայն այն հանձնելու է երկրի վարչապետը՝ կառավարության շենքում: Երազանքը բնագիտական առարկաների միջազգային օլիմպիադաներին մասնակցելն ու մրցանակային տեղ գրավելն է: Ափսոսում է, որ այս անգամ միայն տարիքը չբավարարեց միջազգային օլիմպիադայի մասնակիցների կազմում ընդգրկվելու համար: «Եթե մաթեմատիկա առարկայից էլ չկարողանամ, աշխարհագրություն առարկայից անպայման պիտի Հայաստանը ներկայացնեմ միջազգային օլիմպիադայում»,-ասում է Լիլիթը ու երախտագիտություն հայտնում իր աշխարհագրության ուսուցիչ Գոհար Քարամյանին, իր քրոջ ուսուցիչ Ֆլորա Ազոյանին, ովքեր իրեն տվել են այդ առարկան բացահայտելու, հասկանալու, սիրելու բանալին: Կարծում է, որ իր ապագան էլ կարող է կանխորոշել՝ այն կապելով հենց իր սիրած առարկաների հետ, ու դրանով էլ պայմանավորում հետագայում պիտանի լինել իր երկրին: Սիրում է կին լիդերներին, աշխարհի կին առաջնորդներին, ու մի քիչ թաքուն, մի քիչ բացահայտ ասում՝ մի օր էլ իր մասին լսել կտա…

«Որոտան»

 

11,660 դիտում

3 մեկնաբանություն ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ՝ ՍԻՍԻԱՆՑԻ 1-ԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ հոդվածին

  1. Anna Ghukasyan -ը գրել է:

    ԽԵԼԱՑԻ ՀԱՅՐԻԿԻ ԱՐԺԱՆԻ ԴՍՏՐԻԿ …Ապագան այնպիսի մի տեղ է, որտեղ միշտ հարմար է տեղավորել երազանքները…ցանկանում եմ լինես միշտ առաջինը ,կյանքի բոլոր բնագավառներում…

  2. Mary Manukyan -ը գրել է:

    Հպարտանում եմ յուրաքանչյուր սիսիանցու հաջողություններով: Լիլիթ ջան, թող որ քո վարքագիծը օրինակ լինի յուրաքանչյուր հայի համար:

  3. Arpine -ը գրել է:

    Mer shaaat sireli Lilit Jan du shat lusavor mard es.maxtum em,vor qo kyanqi uxin el lini lusavor,ev vor hetagayum qo anun@ lsenq aveli mec hajoxutyunneri hasnelis ev hpartananq.es qez sirum em voch miayn giteliqi hamar, ayl lav mard linelu hamar mer jpteres Lilit jan.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *