ՀԱՇՎԵՏՈՒ

Չնայած Սիսիանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի կոլեկտիվի առջեւ ծառացած դժվարություններին, չնայած վերջին շրջանում ՄՊՍԿ-ի առաջին հարկը վաճառելու մասին տարածված ու մտահոգող հարցերի ճնշումներին , կոլեկտիվի անդամներն ու կենտրոնի սաները ջանք չէին խնայել տարեվերջյան իրենց հաշվետվությունը արժանվույնս ներկայացնելու եւ կենտրոնը զոհված ազատամարտիկ Աղվան Մինասյանի անունով կոչելու 15 ամյակը հավուր պատշաճին նշելու:
Հաշվետու հանդիսությունը սկսելուց առաջ ցուցադրվեցին 1993թ.-ի պատմական եւ այսօր արդեն շատ թանկ ու արժեքավոր կադրեր` կենտրոնը «սիրո ուժգնությամբ ու խաչի զորությամբ փայլատակած հրեղեն նահատակի»` Աղվան Մինասյանի անվամբ կոչելու հանդիսությունից: Կադրերում երեւացած մարդկանցից ոմանք, որոնք, ցավոք, այսօր ողջ չեն, կենսագրությամբ եւ գործունեությամբ նույնպես անքակտելիորեն կապված են կենտրոնին: Պահը հուզիչ էր ու տպավորիչ:
Կենտրոնի 10 խմբակներ հաճախող ավելի քան 150 սաներ հմուտ խմբավարների ձեռքի տակ սովորում են ոչ միայն ավանդական, հայկական ձեռարվեստի գաղտնիքները, ոչ միայն նկարչության գունն ու երանգը, ոչ միայն բանաստեղծական խոսքի ոգին ու շունչը, այլեւ սովորում են սիրել երգը, պարը, ասմունքը, խոհարարությունն ու վարսահարդարությունը, սովորում են երազել ու իրենց երազանքն իրենց հետ մեծացնելով եւ փայփայելով` տանել կյանք: Կենտրոնում մեծ ուշադրություն է դարձվում աշխատանքային դաստիարակությանը, ճաշակի ձեւավորմանը, գեղեցիկի ընկալումներին: Խմբերում իրենց սովորածը ցուցադրող սաները հավաստեցին, որ, իրոք, ապարդյուն չի անցել տարիների այն ջանքը, որ ներդրվել է խմբավարների կողմից: Կենտրոնին հրաժեշտ տվող 70 պատանի խոհարարները, վարսահարդարները, հելունագոծներն ու նկարիչները, խոսքի պատանի վարպետները իրենց հետ կյանք են տանում այն ամենալավն ու գեղեցիկը, վեհն ու վսեմը, որը մարդուն զարդարում է ողջ կյանքի ընթացքում:
«Հրաժեշտ տալուց հետո էլ նրանց կապը պահպանվում է կենտրոնի հետ,- ասաց ուսմասվար Զեփյուռ Համբարձումյանը` հավելելով,- խնդիր է առաջանում վերանայել կենտրոն հաճախելու տարիքի սահմանափակումը: Կավելացնենք նոր խմբակներ»:
Թե՛ սաները, թե՛ կոլեկտիվի անդամները մինչեւ վերջին ակնթարթն ակնկալում էին վերադաս կազմակերպության` քաղաքապետարանի աշխատակիցների մասնակցությունը հաշվետու հանդեսին, որոնք այդպես էլ չեկան` արժանանալով կոլեկտիվի անդամներից մեկի դիպուկ գնահատականին` «Այդքանից հետո երես ունե՞ն այստեղ մտնելու»:

Սեփ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *