ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ` ԾՆՎԱԾ ՃՇՄԱՐԻՏ ՍԻՐՈՒՑ

Զբոսնելու էին եկել: Նրանց սպասել տվեց սկսված քամին: Վերջապես խենթացած ալիքները կամաց-կամաց հանդարտվեցին, եւ լիճը խաղախվեց: Վայրի աղավնին վերսկսեց ընդհատած ղունղունոցը: Ափամերձ կանաչ հագած մեծ ու փոքր բլուրների երկարուկ ստվերները մեղմ ծփանքից սկսեցին օրորվել զուլալ ջրի հայելում: Ստվերների եզրագծից սկսած` արտացոլվել էին ամպերի պատկերները, որոնք հեռվից փրփուրի էին նմանվում: Բնության հորինած այդպիսի տեսարանին անծանոթը ուշադիր դիտելուց հետո միայն կարող էր համոզվել, որ դրանք փրփուր չեն:
Երկուսով էին` Վահանն ու Զապելը: Ափին կառանած նավակի ճոպանն արձակելով` հրեցին լիճ: Արդեն նավարկում էին: «Թող ես»,- ասաց Զապելը եւ շարժեց թիերը` ուղղություն տալով ընթացքին: Տիրեց լռություն, որը խախտվում էր թիերի շարժումից առաջացած ջրի ճողփյունից:
Զապելի մտքից չէր հեռանում ոտքը ջարդված, հենակներին կռացած եղբայրը: Նա ցավից կծկվում, սեղմում է ատամները, մտածում` գնալ-վրեժ լուծել, բայց ոտքն ուժազուրկ է, քայլել չի կարող: Զայրույթը կուլ է տալիս եւ անզորությունից վհատված լռում:
Այդ ձախորդ օրը հարեւանի աղջկա` Ռուզաննայի ծննդյան օրն էր հիշեցնում: Զանազան ուտելիքների, ոգելից խմիչքների ու տեսակ-տեսակ հյութերի առատությունից սեղանները տնքում էին: Չէր մոռացվել բուրող խորովածը:
Ուրախ էին բոլորը: Երիտասարդները առիթը բաց չթողնելով` հայացքները գողտուկ ուղղում էին օրիորդ Ռուզաննային, ապա արագ փախցնում, մասնակիցներին նկատելի չդառնալու համար:
Սովորաբար այդպիսի հավաքներն ունենում են բարեհաջող ավարտ, բայց ոչ առանց բացառությունների: Խրախճանքի ընթացքում կատարվածով լրացվեց բացառությունների շարքը:
Սեղանի շուրջը մի ծայրում նստած էին Գեղամը եւ Վահանի հանգուցյալ հորեղբոր տղան, երբ մյուս ծայրում սեղանապետը կենացներ էր ասում, թունոտ նայեց Գեղամին եւ հարբեցողի ինքնավստահությամբ հոխորտաց.
-Մռութդ ինձ դուր չի գալիս:
-Ի՞նչ ես ուզում ասել:
-Քննի՞չ ես գլխիս, դուր չի գալիս, վերջ: Թե դուխդ հերիքում է, գնանք, խոսենք առանձին:
Եւ աննկատ դուրս սողացին:
Վիճելով հասան շենքի վերջը: Հանկարծ Վահանի հորեղբոր տղան շրջվեց, ուժգին մի հարվածով Գեղամին տապալեց կիտված քարերի վրա ու թունդ հիշոցներով նրան անարգելով` հեռացավ:
Տուն հասցրեցին:
Կրկնվող սրտամաշ օրերը նրան տանում էին հուսահատության դուռը:
Ամբարտավանը չհանգստացավ, ոչ մի անգամ չայցելեց նրան: Կարծես ոչինչ տեղի չէր ունեցել: Իսկ Վահանը նրան հրավիրում է տղայի հարսանիքին: Զապելն այլեւս չէր կարող լռել, իր վրդովմունքը հայտնեց.
– Մեզ վիշտ բերողին ինչու՞ ես որոշել մասնակից դարձնել: Նա արածի համար չի զղջում, իր մեղքով հաշմված պատանուն չի խղճում եւ անպատկառորեն պարծենում է, որ լավ է արել:
– Դատի տվեք, ես չեմ դժգոհի, թող պատժվի:
– Մայրս ծանր հիվանդ է, այդ անելու համար` անկարող:
– Գանգատ դու ներկայացրու:
– Ե՞ս, ա~խ, ե՞ս …, հասկացիր, չեմ կարող, նա քո բարեկամն է:
Հուզմունքը մի կերպ զսպելուց, քիչ լռելուց հետո շարունակեց.
– Իսկ եթե այդ չարագործին տեսնեմ հարսանքավորների մեջ, մենք այլեւս չենք հանդիպի… սա կլինի վերջինը:
Եւ խոր հոգոց հանեց` բաժանման տանջանքից սարսափած:
Վահանը զիջեց, որովհետեւ շատ էր սիրում, ջերմանում միայն նրանով: Եւ վստահ, երդումի պես հնչեցրեց իր խոսքը.
– Չեմ կանչի:
Գրկեցին միմյանց: Նրանց տաք-տաք արցունքները խառնվեցին իրար…

Նիկոլայ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *