ՀԱՎԱՏԸ ԶՈՐԱՎՈՐ ՈՒԺ Է

Սիրելի՛ սիսիանցիներ, մեր երկիրը տնտեսական, քաղաքական բարդ ու դժվարին ճանապարհ է անցել ու անցնում է: Եվ արձանագրված ամեն մի հաջողություն բերկրանք է պատճառել մեզ` պետականության կայացման հիմնաքարին եւս մի նոր ամուր քար դնելու համար, ամեն մի անհաջողություն, բնականորեն, տխրեցրել:
Սակայն եթե հաջողության հասցեատերը բոլորս ենք, անհաջողությունների պատասխանատվությունը կրել ու կրում է միայն պետության ղեկավարը, միայն ղեկավարող` Հանրապետական կուսակցությունը:
Չի՛ հերքել, չի՛ ժխտել, չի՛ հրաժարվել, չի՛ քողարկել նման խնդիրների ու դժվարությունների առկայությունը, բայց եւ վստահաբար դիմել է բոլորիս` սատարել, աջակցել ու հավատալ, որ դրանք հնարավոր է հաղթահարել` միայն համատեղ ջանքերով, միայն` միմյանց վստահելով:
Լսենք մեր հոգու ձայնը, լսենք մեր երկրի ղեկավարության հորդորը եւ միասին փոխենք մեր կյանքը:
ՀՀԿ-ն, որ իր շարքերում համախմբում է պետական այրերի, մտավորականների, քաղաքական վաստակաշատ գործիչների, ավյունով լի երիտասարդների, երկրի ու սերունդների ճակատագրով մտահոգ հայ մայրերի ու կանանց, շարքային մարդկանց մի հզոր բանակ, հավատում է կուսակցության ազգային եւ համամարդկային գաղափարախոսությանը:
Տեսնելով կուսակցության` պետականությունը կայացնելու անցած տարիների ամուր կամքն ու վճռականությունը, մեր կյանքը բարելավելու հաստատակամությունը, զգալով առաջընթացի միտումները` ՀՀԿ Սիսիանի կանանց եւ երիտասարդական խորհուրդները, նրան սատարող «Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական ՀԿ խորհրդի անդամները կոչ են անում երկրի կյանքում հասարակական-քաղաքական այս կարեւոր գործընթացում` ԱԺ պատգամավորների ընտրություններում պաշտպանել Հանրապետական կուսակցությանը` մեկ անգամ եւս մեր երկիրը ղեկավարելու վստահության քվեն նրան տալով` իրականացնելու պետականաշինության շարունակական ծրագրերը` երաշխավորելով մեր հավատը նրա հանդեպ:
Մենք պաշտպանում ենք նաեւ թեկնածությունը երիտասարդի, մտավորականի, ուսուցչի` հանձին թիվ 37 ընտրատարածքի` ՀՀԿ-ի մեծամասնական թեկնածու Հայկ Գրիգորյանի եւ կոչ անում քվեարկել նրա օգտին:
«Հավատանք, որ փոխենք»: Եվ` հավատում ենք:

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ` Նաիրա ՆԵՐՍԻՍՅԱՆ
ՀՀԿ  երիտասարդական խորհրդի նախագահ` Միհրան ԱԶԱՐՈՒՄՅԱՆ
«Դավիթբեկյան ուխտեր» ԵՀԿ խորհրդի նախագահ` Վարդան ԻՎԱՆՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *