ՀԱՎԱՏԻ ՄԵՋ` ԱՄՈՒՐ, ՈՒԺԵՂ ԵՎ ՀԶՈՐ ՄԱՐԴԸ

Ճանաչված ու սիրված քանդակագործ Գետիկ Բաղդասարյանի հետ մեր հերթական հանդիպումը կրկին ուրախալի առիթով էր. 2009 թ.-ի արվեստի բնագավառի 7 անվանակարգում  ներկայացված 19 աշխատանքների մեջ նրա «Ներսես Աշտարակեցի» քանդակը, համահեղինակ հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյան, արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի: Արձանը, որի վրա աշխատել են 4 տարի, տեղադրվել է Աշտարակ քաղաքում: Արձանը կերտված է 4 կտոր բազալտից, ունի 5 մետր բարձրություն, պատվանդանի հետ միասին նրա բարձրությունը 6 մետրից ավելի է:

-Ինչպե՞ս ծնվեց արձանը քանդակելու գաղափարը, եւ ինչո՞ւ հատկապես` Ներսես Աշտարակեցի: Ինչո՞վ էր նրա կերպարն այդպես ոգեշնչել եւ ներշնչել` մրցանակի արժանի նման գործ ստեղծելու համար:
-Ամենայն Հայոց Վեհափառը եւ Աշտարակի քաղաքապետը ճարտարապետ Ջիմ Թորոսյանին առաջարկել էին ընտրել Ներսես Աշտարակեցու որեւէ քանդակ` Աշտարակում տեղադրելու համար: Ջիմ Թորոսյանը մտաբերել էր հոգեւոր թեմաներով իմ աշխատանքները` Գրիգոր Լուսավորիչ, Գրիգոր Նարեկացի: Տեղեկացրել էր Վեհափառին: Հանդիպեցինք, խորհրդակցեցինք, ու սկսեցինք մտածել տեղի կոմպոզիցիայի մասին: Արձանը տեղադրելու համար ընտրվեց Աշտարակ քաղաքի հրապարակի մի հատվածը, որ հրապարակն ու հուշարձանը լրացնեն միմյանց:
Վեհափառը հավանեց էսքիզները, եւ սկսեցինք աշխատել: Աշխատանքը տեւեց ավելի քան 4 տարի: Նման մոնումենտալ հուշարձանը պիտի կերտվեր պինդ բազալտից: Աշխատում էինք ձմռանը, քարը սառչում էր, գործիքները սառչում-կպչում էին քարին: Բայց քարը նահանջեց, ու արդյունքում «ծնվեց» «Ներսես Աշտարակեցին»: Շատ օգնեցին Մելիքը եւ Հարությունը: Գոհ եմ տղաներից: Իսկ ՀՀ նախագահի մրցանակին արժանանալը հիմք է տալիս ինձ նաեւ հոգեպես բավարարված զգալ, աշխատանքը` գնահատված: Ավարտուն աշխատանքը տեսնելուց հետո Վեհափառն անկեղծ հիացմունքով խոստովանել է` թե իմանար, որ արձանն այդքան լավ էր ստացվելու, Էջմիածնում կտեղադրեր: Ուրախ եմ, որ վերջին տարիներին ծնունդով սիսիանցի մի շարք արվեստագետներ ստանում են թե՛ ՀՀ նախագահի, թե՛ պետական մրցանակներ:2010_55
– Ինչո՞վ Ներսես Աշտարակեցու կերպարը գրավեց քեզ, եւ ո՞րն է նրա հոգեւոր եւ մարդկային այն հզոր ուժը, որն այնպես տիրականորեն ճառագում է քանդակից:
– Ընդհանրապես, ավելի դժվար է կոնկրետ մարդու քանդակը կերտելը, որովհետեւ քանդակի մեջ նրա կերպարը պիտի երեւա, բնավորությունը, պիտի ծանոթ լինես տվյալ անհատի` հայ իրականության մեջ ունեցած դերին, գործունեությանը, պիտի կարողանաս զտել նրա կերպարը եւ թողնել ամենակարեւորը` հզոր մարդը, այն էլ` բազալտի մեջ:
Ներսես Աշտարակեցու դիմապատկերը կա. այն նկարել է նկարիչ Հովնաթան Հովնաթանյանը:
Ինձ առավելապես գրավել է նրա ե՛ւ հոգեւոր, ե՛ւ աշխարհիկ, ե՛ւ ազգային գործչի հզոր կերպարը, մարդ, որ երազում էր հայկական պետականություն ստեղծելու մասին եւ շատ հեռատես ու դիվանագետ քաղաքականությամբ քայլ առ քայլ գնում էր դրան` դիվանագիտություն պահպանելով թե՛ ցարական Ռուսաստանի, թե՛ Պարսկաստանի հետ: Զգալով, որ Արեւելահայաստանում բնակչության թիվը բավարար չէ իր մտադրությունն իրականացնելու, կազմակերպում է հայերի ներգաղթը 1828 թ.-ի ռուս-պարսկական պատերազմի ժամանակ: Լինելով հոգեւորական` կռվել է թուրը ձեռքին, նրան կոչում էին պաշտպան հայրենյաց: Ռուս-պարսկական պատերազմին մասնակցելու համար պարգեւատրվել է Ալեքսանդր Նեւսկու շքանշանով: Կարճահասակ էր, բայց հզոր էր ոչ միայն եկեղեցական գործերում, կարեւորում էր ազգային կրթությունը. հիմնադրեց Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը:
– Ներսես Աշտարակեցին կոնկրետ անձնավորություն է, բայց, այնուամենայնիվ, կոմպոզիցիան ինքը նաեւ շատ խորհրդանշական է: Ո՞րն է այդ խորհուրդը:
– Պատվանդանի ճարտարապետական լուծումը խաչ է, այսինքն` մարդ, որ ամուր կանգնած է իր հավատքի վրա: Կաթողիկոսն օրհնում է իր ժողովրդին, խաղաղություն է ցանկանում ու ամուր պետականություն: Կառույցը եկեղեցի է հիշեցնում, ասես բարձր, ամպերից էլ բարձր լինի: Քանդակի մեջ ուժ կա, բնավորություն կա, հանգստություն կա, եւ այդ հանգստությունը համակում է նաեւ դիտողին, նայողին: Հավատի մեջ` ամուր, կերպարով` ուժեղ եւ զորավոր մարդ, որը հոգեւորական է, ազգային գործիչ, ազատագրական շարժման մասնակից: Նա հայ մարդու այն տեսակն է, որի պահանջն ու պակասը այսօր  զգացվում է: Այս տեսակն է մեզ հիմա պետք, որին ժողովուրդը հավատում է, եւ որի ետեւից գնում է:
– Ներսես Աշտարակեցու նման հզոր անհատի քանդակը Աշտարակում դնելը չի՞ փոքրացնում հայ ժողովրդի կյանքում նրա ունեցած դերը եւ տեղային մտածողություն չի՞ ընկալվում:
– Հզոր անհատականությունների արձանը որտեղ էլ դնես, նրա մեծությունը եւ հզորությունը մնում է, եւ կապ չունի, թե որտեղ ես այն տեղադրում: Մյուս կողմից` ցանկացած որեւէ տեղ էլ այն կարող է դրվել: Խնդիրն այլ կողմ ունի. արձանը տեղադրվեց, մրցանակը տրվեց, բայց հաջորդ քայլը, որ պիտի արվի, չի արվում, չի քարոզվում, թե ում է տրվել մրցանակը, ինչի համար, տվյալ աշխատանքի ո՛ր արժանիքի համար, կարծես մի շատ կարեւոր բան կիսատ է մնում, եւ դա է ցավոտ խնդիրը: Պիտի Ներսես Աշտարակեցու մասին այնքան ասվի, խոսվի, քարոզվի, որ նոր սերնդի մեջ իմաստավորվի նրա արժեքը, նրա կերպարը, եւ դառնա մեր օրերի արժեհամակարգ, որի պահանջն այնքան կա: Միշտ էլ ասել եմ, որ քանդակագործությունը պետական արվեստ է, քանդակագործն ու ճարտարապետը պետական հարստություն են, եւ նրանց չպետք է «պարապ թողնել»: Կարծում եմ, որ եղած ուժերը ճիշտ չեն օգտագործվում: Գործը, որ մեկ ուրիշը կարող է անել ավելի լավ, տալիս են բարեկամին, ծանոթին, դրա համար էլ շատ բան իր տեղում չէ:
– Սի՛րելի Գետիկ, վերջերս անձնական ողբերգություն ունեցար, կորցրեցիր Արմինեին` սիրելի կնոջդ, հաջողված աշխատանքը, ստացած մրցանակը, գոնե, ինչ-որ չափով սփոփանք, մխիթարություն եղա՞վ քեզ համար:
– Անկեղծ ասած, ես մտադրություն չեմ էլ ունեցել այդ աշխատանքը մրցանակաբաշխության ներկայացնել, մտածելով, որ շատ արժանավորները կան, եւ ես մրցանակ չեմ ստանա: Բայց կինս` Արմինեն եւ միջնեկ դուստրս շատ հորդորեցին, որ մասնակցեմ: Անգամ մահից առաջ Արմինեն խնդրեց ներկայացնել աշխատանքը: Երեխաներս շատ ուրախացան այս մրցանակի համար, իսկ ինձ համար մխիթարություն էր եւ սփոփանք, որ կատարեցի Արմինեի վերջին պատգամը: Մրցանակը  նվիրում եմ նրան եւ երեխաներիս: Թեեւ աղքատ չեմ մրցանակներից, բայց այս մեկը ստանալիս զգացի, թե ինչքան կարեւոր է, երբ պետությունը ձեռք է մեկնում իր արվեստագետին եւ գնահատում նրան:
– Ի՞նչ նոր աշխատանքներ ես նախատեսում եւ ինչ ես մաղթում ընթերցողին:
– Աշխատանքների մասին… ժամանակը ցույց կտա, իսկ մաղթանքս, որ Ներսես Աշտարակեցու արձանը տեսնողը եւ նրա մասին լսողը մի քիչ ներծծվի նրանով, նրա հոգեւր տեսակով եւ մի քիչ նրա նման մտածի ազգի մասին:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *