ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ

«WO/men in politiks»  ծրագրի շրջանակներում Բրիտանական խորհուրդը Երեւանում Բրիտանական դեսպանատան ֆինանսական աջակցությամբ եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյանկը 2008 թ.-ից Հայաստանում անցկացնում են լրագրողական աշխատանքների ամենամյա` Նա/Նե մրցույթ, որի նպատակը տարվա ընթացքում քաղաքական, հասարակական եւ տնտեսական ոլորտներում կանանց գործունեության, ձեռքբերումների ու նվաճումների վերաբերյալ լրագրողական տարբեր ժանրերում տպագրված կամ հեռարձակված նյութերի, հոդվածների խրախուսումն է:
2011 թ.-ի մրցույթի իրականացմանն աջակցել են նաեւ Վորլդ Վիժն Հայաստան գրասենյակը, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան եւ այլ կառույցներ:
Մրցույթը սահմանել է դրամական մրցանակ եւ արծաթե հատուկ մրցանակ, որը խորհրդանշում է Նա-ին եւ Նե-ին` կնոջն ու տղամարդուն, եւ Կենաց ծառը, որ բարձրախոսի տեսքով արձանիկի հիմքն է կազմում:
Ամեն տարի ավելի քան 300 հյուր է ներկա գտնվում Նա/Նե մրցանակաբաշխությանը: Պատկերավորության եւ գունեղության առումով այն համարվում է օսկարատիպ:
2011 թ.-ի մրցույթին ներկայացվել է 136 հեղինակի ավելի քան 240 աշխատանք, որից 24-ն արժանացել է մրցանակների` ավանդական եւ հատուկ անվանակարգերում:
Մրցույթին մասնակցել է նաեւ «Որոտան» թերթի լրագրող Դիանա ԲԱԽՇՅԱՆԸ եւ «…Ու բացում եմ փակ դռները» հոդվածի համար արժանացել Նա/Նե հատուկ մրցանակի` արծաթե արձանիկի եւ դրամական պարգեւի: «Ուսանողական  լավագույն աշխատանք» անվանակարգում այս մրցանակը սահմանել էր Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան:
Փետրվարի 10-ին Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում տեղի ունեցավ մրցանակաբաշխման արարողությունը, որին ներկա էին մրցույթն իրականացնող կառույցների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, լրագրողներ, հյուրեր:
Լուսանկարում.- Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը մրցանակներն ու պատվոգրերն է հանձնում Դիանա Բախշյանին:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *