Հարգանքի տուրք՝ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

Անցյալ դարի 60-ականներին Դաստակերտ ավանի՝ երկրաշարժից տուժած բնակիչներին կացարանով ապահովելու նպատակով Սիսիանի ծայրամասում հիմնադրված տնակների (դոմիկներ) թաղամասում կառուցվեց 1988-ի Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Նախաձեռնել է ՀԿԿ Սիսիանի շրջկոմի վերջին առաջին քարտուղար Հենզել Առաքելյանը: Նախագծի հեղինակն էր վաղամեռիկ ճարտարապետ Հրահատ Հակոբջանյանը, քարագործ-վարպետը՝ Մհեր Սիմոնյանը:

Փողոցը, որ կրում էր Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի անունը, անվանափոխվեց Շիրակի: Եվ քաղաքի ծայրամասը իր հուշարձանով, իր անունով դարձավ մեր պատմության մի տխուր դրվագի մարմնացումը՝ ամեն տարի դեկտեմբերի 7-ին դառնալով դեպի իրեն ձգվող սգերթի լուռ վկան ու ականատեսը, խոնարհումի ու հառնումի մարմնավորումը…

Հուշարձանը բացվել է 1989 թվականի դեկտեմբերի 7-ին՝ մեծ աղետի մեկամյա տարելիցի կապակցությամբ: Աշխատանքների ավարտման պահին Հենզել Առաքելյանի խնդրանքով Համո Սահյանը հընթացքս երկնել է բանաստեղծական երկտող, որը մանրատառով փորագրված է հուշարձանի վերեւի անկյունում: Հուշահամալիրի պատվանդանին եղել է նաեւ կաթկթացող ջրի շիթ, որը հետագայում փակել են:

Թեեւ 28 տարի է անցել Սպիտակի ավերիչ երկրաշարժից, բայց վերքը դեռ մխում է, ցավը դեռ ապրում է բոլորիս ու յուրաքանչյուրիս սրտում:

Այս դեկտեմբերի 7-ին էլ բոլոր ճամփաները երկրաշարժի զոհերի հիշատակին կանգնեցված հուշարձաններ տարան՝ խոնարհվելու եւ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:

Սիսիանի քաղաքային իշխանությունների գլխավորությամբ բազմաթիվ սիսիանցիներ նույնպես սգերթ կազմակերպեցին եւ ծաղիկներ խոնարհեցին անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Քաղաքի երաժշտական դպրոցի մանկական երգչախմբի կատարմամբ հնչեց Շարլ Ազնավուրի եւ Կարվարենցի հանրահայտ՝ «Քեզ համար, Հայաստան» երգը: Ու սարսռաց նույնիկս ինքը՝ հուշարձանը, ու խռովվեցին մարդկանց հոգիներն այնպես, ինչպես 88-ի դեկտեմբերի չարաշունչ օրը: Բայց ապրելով հաղթելու կամքը վերստին նորոգվեց բոլորի հոգիներում՝ այդպես հրավառելով նաեւ 25 հազար անմեղ նահատակների՝ չապրված կյանքը: Քաղաքային ենթակառույցների ստեղծագործական խմբերի անդամները արտասանեցին մեծ աղետին նվիրված բանաստեղծություններ, որոնք հուզառատ լինելուց զատ՝ մեր ժողովրդի կամքի եւ հոգու ամրության գովերգ էին, կյանքով մահվանը հաղթելու մշտագո բանաձեւ:

1989 թվականին կանգնեցված հուշահամալիրի տարածքում ներկաների ուշադրությանն անմիջապես զարնեց նորությունը. Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի կողմից հուշարձանի մոտ տեղադրվել է երկրաշարժի խորհրդանիշ ժամացույցը, որը կարծես ասում էր՝ թեեւ ժամանակը հոսում է, բայց ժամանակը 1988-ի դեկտեմբերի 7-ի ժամը 11/41-ին մի պահ կանգ է առել… որ կրկին մեր կյանքը նոր նպատակներով ու նոր երազանքներով տանի դեպի հավիտենություն…

«Որոտան»

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *