Հարուստ ժառանգություն, որ փոխանցվում է սերունդներին…

Ամեն տարի ապրիլի 18-ին նշվում է Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը: Այս տարի այն կրում է «Ժառանգություն` սերունդներին» խորագիրը: Օրվա շրջանակներում զրուցում ենք Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության մարզային ծառայության պետ Արամ Դավթյանի հետ:

Արամ Դավթյանն ասում է, որ իր ղեկավարած կառույցի հիմնական նպատակը պետական ցուցակում ներառված` պատմամշակութային հուշարձանների պահպանումն ու հսկումն է: Սյունիքի մարզից այդ ցուցակում ներառված է 2442 օտարման ոչ ենթակա եւ 2812 օտարման ենթակա հուշարձան: Սիսիանի տարածաշրջանում գրանցված է օտարման ոչ ենթակա 860 հուշարձան: «Սակայն թող թյուրըմբռնում չլինի, որ պահպանվում են միայն պետական ցուցակում ներառված հուշարձանները: Պահապանները հսկում են նաեւ ցուցակում չներառված հուշարձանները»,- հավելում է ծառայության պետը:

Խոսելով օտարման ենթակա պատմամշակութային հուշարձանների մասին, Արամ Դավթյանը նշում է, որ դրանք կարող են լինել եկեղեցիներ, որոնք վերականգնվում եւ հանձնվում են Մայր Աթոռին, գրադարանի, դպրոցի շենքեր, որոնք ե´ւ պատմական արժեք ներկայացնող հուշարձաններ են, ե´ւ գործող կառույցներ: Օտարումը կատարվում է կառավարության կողմից` պահպանելով գործունեության ոլորտը, այսինքն` մնում է մշակութային դաշտում, պահպանում է արտաքին տեսքը:

Անդրադառնալով Սիսիանի տարածաշրջանի` օտարման ոչ ենթակա` առավել հայտնի պատմամշակութային հուշարձաններին մեր հարցադրմանը, ծառայության պետը նշում է, որ սխալ է առանձնացնել այդ մշակութային արժեքները որպես առավել կամ` պակաս արժեքավորի, որովհետեւ ամեն մեկն ունի իր պատմական եւ մշակութային յուրովի արժեքը: «Ենթահամարներում ունենք 1320 թվականի խաչքար, որը չի կարելի համեմատել որեւէ վանական համալիրի հետ, բայց ինքնին ուրույն արժեք ներկայացնող հուշարձան է: Պատմա-մշակութային մեծ արժեք են ներկայացնում ժայռապատկերների հուշարձանախմբերը, հնավայրերը, դամբարանադաշտերը, ամրոցները, Որոտնավանքի վանական համալիրը, Զորաց քարերը, Թանահատի վանքը, Աղիտուի կոթողը (հաղթակամարը), բնակելի քարանձավը եւ այլ հուշարձաններ»,- ասում է Արամ Դավթյանը:

Պատասխանելով անձեռակերտ` բնության հուշարձանների մասին մեր հարցմանը, Արամ Դավթյանն ասում է, որ,  բացի Պորտաքարի հուշարձանից, մյուսները ներառված չեն  պետական ցուցակում: Հայտնի` Շաքեի ջրվեժն, օրինակ, ընդգրկված չէ ՊՄՊ-ի պետական ցուցակում, եւ իրենց ծառայության պահպանության ներքո չէ: Բնության հուշարձանների պահպանությունն ու հսկումը իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների, բնապահպանության նախարարության կողմից:

Խոսելով մարզում կատարավող պատմա-մշ30414806_10210627895923822_8193820302006847978_nակութային հուշարձանների վերականգնման, վերանորոգման աշխատանքների մասին, ծառայության պետը նշում է, որ վերանորոգվել են Շիկահողի, Եղվարդի եկեղեցիները, մասնակի վերանորոգվել է Հալիձորի բերդը, Վահանավանքի, Որոտանավանքի վանական համալիրները: Վերանորոգման փուլում են Տեղ գյուղի, Մեղրիի եկեղեցիները, Տաթեւի վանական համալիրը:

Պատմա-մշակութային հուշարձանների պահպանության մասին խոսելիս անհնար է չանդրադառալ մարդկային միջամտությանը, նաեւ` գանձագողության նպատակներով, ինչի հետեւանքով դրանք վնասվում են: Արամ Դավթյանը ցավով է նշում, որ այդ հանգամանքը կա, եւ` ոչ սահմանափակ թվով: «Անցյալ տարի գրանցվել է 17 դեպք: Դրանք տարբեր բնույթի են` հուշարձանի պահպանման տարածքում աղբի թափումից մինչեւ ոչ կանխամտածված վնասումները, քարարդյունահանման նպատակով հուշարձանի պահպանվող տարածքում գործնեություն ծավալելը: Արձանագրված խախտումների մասին իրազեկել ենք իրավապահներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, որոշ խախտումներ մեր ուժերով ենք վերացրել, որոշները հասել են դատարան, խախտումներ կատարողները ենթարկվել են վարչական պատասխանատվության, կիրառվել են տույժեր: Ինչ վերաբերում է գանձագողության դեպքերին, այդպիսի որակում կարող են տալ միայն իրավապահները իրավախախտման դեպքի հետաքննությունից հետո, իսկ նման դեպքերը քիչ չեն»,- հավելում է Արամը:

Ծառայության պետը նշում է, որ ամեն տարի նորահայտ հուշարձանների ցանկ են ներկայացնում, եթե այդպիսիք լինում են, համապատասխան մասնագետները գալիս- ուսումնասիրում են, թվագրում, չափագրում, ապա ներկայացնում մշակույթի նախարարություն, որպեսզի այն ընդգրկվի պետական պահպանության ներքո գտնվող հուշարձանների ցուցակ: Կան նորահայտ հուշարձաններ, կան լրացուցակով ներկայացված հուշարձաններ, որոնք տարեցտարի ավելանում են:

Նորահայտ հուշարձաններից հիշատակում է անցյալ տարի Կապանի տարածաշրջանում հայտնաբերված նոր բնակատեղի, նոր դամբարանադաշտը, Սիսիանի տարածաշրջանում` ժայռապատկերների հուշարձանախումբ: «Բայց եթե հուշարձանը համապարփակ տեղեկություն է տալիս տվյալ տարածքի, ժամանակաշրջանի, մշակույթի, կենցաղի վերաբերյալ, արդեն նշանակում է ունի եւ պատմական, եւ մշակութային արժեք»,- շեշտում է ծառայության պետը եւ հավելում, որ հողի տակ գտնվող խաչքարերի, մշակութային բեկորների բարձրացման, ամրակայման, հանրությանը տեսանելի դարձնելու նպատակով Պատմամշակութային արգելոցների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության կողմից իրականացվող` «Խաչքարերին` նոր կյանք» ծրագրի շրջանակներում, օրերս Ույծ գյուղում երեսնիվայր, մասամբ` հողածածկ երկու խաչքար բարձրացվել եւ տեղադրվել են համապատասխան հարթակի վրա: Այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրելու:30581916_10210641481583455_5142769853722236421_n

Խոսելով հանրային գիտակցության մեջ պատմամշակութային հուշարձանների դերի եւ նշանակության մասին, Արամ Դավթյանը նշում է, որ բավականաչափ բարձրացել է հանրության գիտակցությունը, եւ առանց սրտացավ մարդկանց օգնության` իրենց աշխատանքն ավելի դժվար կլիներ: «Բայց, ժողովրդական խոսքն ասում է` գեղ չկա, որ շուն չլինի: Կան մարդիկ, որ պատմա-մշակութային արժեքը տեսնում են բիզնես հարթակում, տեսնում են սեփական շահի դիրքերից: Շարքային մարդը, սովորաբար, չի վնասում պատմական հուշարձանը, եթե նման դեպքեր լինում են, դրանք անում են կազմակերպված խմբերը, որի ժամանակ դիմում ենք իրավապահների օգնությանը: Հազվագյուտ դեպքեր կլինեն, որ տեղի բնակիչը, այն էլ` գիտակցված, վնասի հուշարձանը»,- ասում է Արամ Դավթյանը եւ հորդորում զերծ մնալ մշակութային հուշարձաններում մշակութային արժեք ներակայացնող իրեր փնտրելուց, քանի որ այն օրենքով է արգելվում, եւ նախատեսված է քրեական պատասխանատվություն: Հետագայում երկրի վիճակը կկարգավորվի, բայց մենք կուենանք կորցրած մշակութային արժեք, որը վերականգման ենթակա չի լինի եւ անդառնալիորեն կոչնչանա:

Անդրադառնալով ապրիլի 18-ին նշվող` հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվան, ծառայության պետը նշում է, որ ամեն տարի ապրիլի 18-ին «Պատմամշակութային արգելոց- թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը», ՀՀԿԳ եւ ՀՀՊ նախարարությունների հետ համատեղ իրականացնում են հուշարձանների տարածքների մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ, ըստ նախօրոք հաստատված ցանկի, որում ընդգրկված են հայրենական մեծ եւ արցախյան պատերազմում զոհվածների հուշարաձաններն ու հուշահամալիրները: Այս տարի դրանց ավելացվել են որոշ վանական համալիներ, այլ հուշարձաններ, կազմակերպում  են ցուցահանդեսներ, բաց դասեր` հուշարձանների պահպանության վերաբերյալ, Հայաստանի 1-ինին Հանրապետության անկախության 100 ամյակին նվիրված միջոցառումներ:

Խոսելով պատմամշակութային հուշարաձանները պահպանելու խնդիրներից, Արամ Դավթյանը նշում է, որ կան առավել վտանգված հուշաձաններ, եւ, ցավոք, տարեցտարի մեծանում է դրանց թիվը, արձանագրվել են մասնակի եւ ամբողջական փլուզման դեպքեր, օրինակ` տարիներ առաջ Շենաթաղի եկեցեղին: Անցած տարի քարաթափումներ եղան Հալիձորի ամրոցում, Վերին Գոդեձորի եւ Թանահատի Սբ. Սեփանոս եկեղեցիներում: 2013 թվին Թանահատի վանքի հարավային պատից 8 քմ փլուզվել էր: Խորանում են Գետաթաղի եկեղեցու պատերի եւ տանիքի ճաքերը: Անցյալ տարի որոշակի աշխատանքներ են արվել, տանիքը մաքրվել է բուսածածկից, բայց անհրաժեշտ է այն մշակել քիմիական եղանակով, քանի որ բույսը հետո ավելի ագրեսիվ է աճում:

Մեր տարածաշրջանը հարուստ է պատմամշակութային արժեքավոր հուշարձաններով, ինչը կարող է լավագույնս խթանել տուրիզմի զարգացմանը: Խոսելով այս խնդրի մասին, Արամ Դավթյանը նշում է, որ Սիսիանի տարածաշրջանում, ի համեմատ Գորիսի, ցավոք, բավականին թույլ է զարգացած տուրիզմը, մենք անհրաժեշտություն ունենք ճիշտ եւ պատշաճ ներկայացնելու մեր հուշարձանները, երթուղիները: «Այս տարի Սիսիանի համայնքի ղեկավարի կողմից ստեղծվել է աշխատախումբ, տեղի է ունեցել առաջին նիստը, քննարկվել են տուրիզմի զարգացման, ենթկառուցվածքների ստեղծման եւ այլ հարցեր, հուսով ենք, որ Սիսիանը կկարողանա վերադարձնել իր կորցրած դիրքերը այս որոլտում»,- իր խոսքն է եզրափակում ծառայության պետը:

Զրույցը` Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *