ՀԱՐՍԱՆՅԱՑ ԾԵՍԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ

Ինչպես յուրաքանչյուրի համար  թանկ է իր մանկությունը, այդպես էլ ամեն մի ժողովրդի համար թանկ են իրենց ազգային ծեսերը: Ծեսերը մեր պատմության մի մասն են, մեր մշակույթի կարևոր էջերից են և մենք պարտավոր ենք պահպանել դրանք: Ճիշտ է, կան ծեսեր, որոնք մատնվել են մոռացության, կան ծեսեր էլ, որոնք պահպանվում են մինչև այսօր: Բայց ես ուզում եմ անրադառնալ հարսանյաց ծեսին, որը այսօր չգիտես ինչու դարձել է համերգային շոու, իսկ հարսանյաց սրահները վերածվել են պարային հրապարակների, ուր անհասկանալի աղմուկի մեջ պարում են «ջահելները» չգիտես թե ինչ ծագում ունեցող երգերի «մուղամների» տակ:
Հարսանիքը եղել է ու կմնա ամենագեղեցիկ ծեսը: Եվ այսօր ցավալի է, երբ հարսանիք են անում շրջապատին զարմացնելու, իրենց դրամի ուժը ցույց տալու համար, և դրանով իսկ այդ հրաշալի ծեսը զրկվում է իր կարևոր խորհրդից: Շատ ցավալի է, երբ այն ուղեկցվում է ճոխ և թանկարժեք նվերների ցուցադրումով, բամբասանքով և չարախոսությամբ:
Մի ցավալի փաստ ևս, որ այսօր շատ մեծ տեղ է տրվում «շաբաշ» կոչվածին: Հարսանիքից հետո շատ մեծ հպարտությամբ պատմում են, թե ով ում որքան շաբաշ տվեց:
Գեղեցիկ ծեսը պետք է ավելի գեղեցկացնել, հաճելի և անմոռաց դարձնել: Եվ ոչ թե ավտոմեքենաների ականջ ծակող աղմուկով, համերգային ծրագրերով, արաբա-թուրքական ելևէջներ պարունակող անճաշակ երաժշտությամբ գռեհկացնել այն:
Հարսանիքը եղել և մնում է մի մեծ ծես, որի իմաստը եղել է  ոչ թե ուտել-խմելը, հաջորդ օրը`  «սեղանին ինչ կար» հարցը, այլ` հենց ուրախությունը:
Սիրելի ընթերցողներ, հիշեք, որ հարսանիքը ամենաուրախ ու ամենահիշվող իրադարցությունն է, եղեք ինքնատիպ և մի փորձեք կրկնել այն համերգային չստացված շոուները, որոնք շատ հաճախ հանդիպում են ձեզ, իմաստավորեք մարդկային կյանքի այդ անմոռաց էջը` պահպանելով ազգայինը և դարերից եկող ծեսի խորհուրդը:

Աննա ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՊՀ ժուռն. ֆակ-ի ուսանողուհի

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *