ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԳՈՐԱՅՔ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ

DSC06441

-Պարոն Առուստամյան, հաղթելով 2016 թ.-ի սեպտեմբերի 18-ին Սիսիանի տարածաշրջանի առաջին խոշորացված համայնքի ղեկավարի ընտրություններում՝ դարձել եք Ծղուկ, Սպանդարյան, Սառնակունք, Գորայք բնակավայրերն ընդգրկող՝ Գորայք համայնքի ղեկավարը:

-Այո, արդեն անցել է 6-7 ամիս, եւ աշխատում ենք այնպես, որ ոչ մի բնակիչ որեւէ խնդիր չունենա՝ համայնքապետարանի աշխատանքներին առնչվելիս:

-Դուք տարածաշրջանի ամենափորձառու համայնքապետերից եք, 2005 թ.-ից եղել եք  Գորայքի համայնքի ղեկավարը, հիմա էլ՝ խոշարացված համայնքի ղեկավարն եք: Ի՞նչ տարբերություն կա խոշորացված համայնքի եւ նախկին համայնքի ղեկավարի աշխատանքի միջեւ:

-Նույն պաշտոնն է, նույն գործառույթներն են, անվանում է մի քիչ փոխվել, իրականացնում ենք նույն աշխատանքը, ինչ՝ նախկինում: Տարբերությունն այն է, որ հիմա ավելի կուլտուրական սպասարկում է իրականացվում:

-Իսկ մինչ այդ անկուլտուրական է՞ր:

-Եթե նախկինում փողոցում, օրվա ամենատարբեր ժամերին, գիշերը, առավոտ-ծեգին, որտեղ հանդիպեր՝ բնակիչը համայնքի ղեկավարին դիմում էր իր հարցերով, հիմա նման խնդիր չկա, որովետեւ այդ աշխատանքները կանոնակարգվել են, բնակչի յուրաքանչյուր դիմում, խնդրանք գրանցվում, մուտքագրվում է համայնքապետարանում՝ հնարավոր խնդիրներից հետագայում խուսափելու համար: Նախկինում, երբ տեղեկանք էինք տալիս, մի քանի տարի հետո հանկարծ ինչ-ինչ խնդիրներ էին ծագում, ու չես էլ իմանում որտեղ, երբ, ինչու ես տեղեկանք տվել, ինչը դարձել է քաշքաշուկի պատճառ:

Համայնքապետարանում գործում է քաղաքացիների սպասարկման՝ «մեկ պատուհան, մեկ կանգառ» գրասենյակը, որի բացումն օրերս եղավ: Աշխատողներն զբաղվում են հողի հարկի, գույքահարկի, դիմումներն ընդունելու եւ պատասխանելու հարցերով, իրականացնում համայնքային գործառույթները: Համայնքի 4 բնակավայրերից քաղաքացին դիմում է տվյալ տարածքի վարչական ղեկավարին, օպերատորը էլեկտրոնային եղանակով դրանք ուղարկում է համայնքապետարան: Նույն եղանակով էլ տրվում են պատատսխանները:

-Կարող ենք ասել, որ համայնքապետարանի աշխատանքները հեշտացե՞լ են:

-Կարող ենք ասել՝ կանոնակարգվել են: Դեռեւս փորձի պակաս կա, համակարգի ներդրումը նոր է, որոշակի խնդիրներ կան, բայց ժամանակի ընթացքում կհարթվեն:

-Դրանից բացի՝ ուրիշ էլ ի՞նչ տարբերություն կա նախկինի համեմատ:

-Ֆինանսական միջոցների համատեղում, ինչը հնարավորում է ավելի մեծ հարցերի լուծում: Կոնկրետ՝ Ծղուկ-Սպանդարյան-Սառնակունք համայնքների բյուջեն մոտավորապես 8-9-ական միլիոն դրամ էր: Որպես առանձին միավոր՝ նրանք չէին կարողանում որեւէ խնդիր լուծել: Հիմա այդ գումարները կենտրոնացել են մեկ տեղում, Գորայքի բյուջեն էլ բավականին մեծ է, մեր սեփական եկամուտներն էլ հետը՝ տարեկան կազմում է մոտ 130 միլիոն դրամ, որին գումարվում է մյուս երեք բնակավայրերի գումարը, ինչը մեզ թույլ կտա ժողովրդին հանել այս վիճակից: ԿլDSC06458ուծենք բնակավայրերի համար շատ կարեւոր՝ խմելու ջրի խնդիրը: Գորայքում նման խնդիր չկա, խմելու ջրի նոր ջրագիծ է անցկացվել, փոխվել են ներքին ցանցերը, կոյուղագծերը՝ մինչեւ խոշորացումը, հիմա այդ միջոցները պիտի ներդնենք մյուս բնակավայրերի առաջնահերթ խնդիրները լուծելուն: Կոնկրետ այս պահին 87 մլնի նախագիծ է արված Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան բնակավայրերի մուտքի ճանապարհները բարեկարգելու:

-Մինչեւ համայնքների խոշորացումը գյուղացին գումար չուներ՝ հողի հարկը վճարելու, խոշորացումից հետո գումարները ծլե՞լ են, եւ նա արդեն գումար ունի՞:

-Շատ լավ հարցադրում եք անում: Գյուղացին միշտ էլ գումար ունեցել է, ուղղակի մոտեցման ձեւն է փոխվել: Գյուղացին հողի հարկը չէր վճարում: Կոնկրետ իմ օրինակով ասեմ. երբ ընտրվել եմ Գորայքի համայնքի ղեկավար, համայնքն ունեցել է 64 մլն դրամի հողի հարկի ապառք, 2 տրվա մեջ այն հասցրել եմ 34 միլիոնի: Մարդիկ զգացին, որ իրենց վճարած գումարները ծառայում են իրենց: Միշտ ասել եմ նրանց՝ տվեք մեզ՝ վերադարձնենք ձեզ: Լուսավորություն ենք անցկացրել, խմելու ջուր, փոխել ենք խմելու ջրի ջրագիծը, կոյուղագծերը, փողոցներ ենք բարեկարգել, շենքեր ենք վերանորոգել, կենցաղի տուն, երիտասարդության կենտրոն: Ավագանու որոշմամբ նորածիններին միանվագ տվել ենք 50, ամուսնացող զույգին՝ 100 հազարական դրամ: Հիմա էլ նույնը պիտի շարունակենք խոշորացված համայնքի կարգավիճակում:

-Խոշորացված համայնքի ղեկավարը, ենթագիտակցորեն, գուցե՝ տրամաբանորեն, ասում են իր համայնքի հանդեպ որոշակի վերապահում անում է: Ձեր պարագայում նման խտրականություն կդնե՞ք, թե բոլոր 4 բնակավայրերին հավասար աչքով կնայեք:

-Միանշանակ չեմ ընդունում նման ընկալումը: Համարենք՝ դու ընտանիքի հայրն ես եւ ունես 4 զավակ: Պիտի մեկին ասես՝ քեզ քիչ եմ հատկացնում, մյուսին՝ շա՞տ: Ոչ, իմ պարագայում նման մոտեցում եւ նման վերաբերմունք չկա եւ չի լինի: Բաշխումը կանենք ըստ պահանջի եւ տվյալ իրավիճակի անհրաժեշտության: Կոնկրետ՝ 2017 թ-ին Գորայք համայնքում ոչինչ նախատեսված չէ, ամեն ինչ նախատեսված է մյուս 3 բնակավայրերի համար: Ծղուկում կանցկացնենք լուսավորություն, հաջորդ տարի՝ Սպանդարյանում, Սառնակունքում… Հենց հիմա վերանորոգվում է Սպանդարյան գյուղի դպրոցը՝ պետբյուջի հաշվին…

-Եթե համայնքները չմիավորվեին, Սպանդարյանի դպրոցը չէ՞ր վերանորգվելու:

-Վերանորոգման հարցը վաղուց կար: Բայց 10 միլոն դրամ էլ համայնքն է հատկացրել՝ ջեռուցման համակարգն անցկացնելու համար: Ձեր ասած՝ խտրականությունը չի լինելու:

-Այդ դեպքում էլ՝ մի բնակավայր ավելին կպահանջի՝ ըստ իր կարիքների, մյուսը՝ «համեստորեն» կլռի, սուբյեկտիվ գործոն չկա՞ այստեղ:

-Կա, համայնքի ներկայաչուցիչ կա՝ ավելի «պահանջատեր է», բայց խնդիրների առաջնահերթությունը քննարկում ենք ըստ հրատապության: Հնարավոր չէ բոլոր խնդիրները միանգամից մեկ տարվա ընթացքում լուծել, բայց դրանք աստիճանաբար կլուծվեն: Հիմա ձեռք ենք բերել մեկ կոմբայն, վարի տրակտոր, 15 միլիոն դրամի ներդրումն արել է համայնքը, եւ այն ծառայելու է բոլոր 4 բնակավայրերին:

-Խոշորացված համայնքի համայնքային կենտրոնը վերանորոգված է, հաճելի, աշխատանքային բարեկիրթ պայմաններ են ստղծված բնակչության սպասարկման համար, գյուղացիների հոգեբանության վրա ի՞նչ ազդեցություն է թողնում այս հանգամանքը, թե՞ այնքան հոգսաշատ ու խնդրաշատ են, որ նման բաները նրանց երկրորդական կարող են թվալ:

-Այսպես ասեմ՝ եթե մարդ մտնում է մեկի տան շեմից ներս, եւ տեսնում է անբարեկարգ, փնթի, թափթփված վիճակ, նրա համար հաճելի չէ, եւ արդեն նախնական կարծիք է ստեղծվում այնտեղ ապրողների մասին: Եթե բնակիչը մտնի ու տեսնի քանդված հատակ, խարխլված, ծեփաթափ պատեր, կասի՝ սրանց աշխատանքային պայմանները որ սա է, սրանց արած գործը՞ ինչ պիտի լինի: Հիմա էսպես գեղեցիկ է, մաքուր է, սիրուն է, քաղաքացու աչքին էլ է հաճելի, ինչն էլ, կարծում եմ, լավ է անդրադառնում նրա տրամադրության եւ հոգեբանության վրա:

-Բայց՝ համայնքի բնակիչը համայնքային կենտրոն է գալիս քանդուքարափ ճանապարհով, որտեղով մենք էլ եկանք…

-Ճիշտ եք նկատել: Հուլիսի առաջին տասնօրյակին կսկսենք բարեկարգումն ու ասֆալտապատումը, որն իրականություն կդառնա «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսավորմամբ:

-Ինքս համայնքների խոշորացման կողմնակիցներից չեմ, եւ, տառապանքս էլ փորձ ունի, իմ ծննդավայրը սովետների ժամանակ միավորվեց կողքի համայնքին՝ դնելով գյուղի փլուզման հիմքը: Ինչեւէ, աշնանը մեր տարածաշրջանում սպասվում է համայնքների խոշորացման երկրորդ փուլը, եւ 30 բնակավայր կմիավորվի մեկ՝ Սիսիան համայնքի մեջ: Որպես խոշորացված համայնքի ղեկավար՝ Ձեր խոսքը:

-Միանշանակ ասեմ, որ վախենալու որեւէ հիմք չկա: Մտավախությունը, թե գյուղերը կդատարկվեն, արտահոսք կլինի, հիմնավոր չէ: Համայնքապետարանի՝ տեղում լինել-չլինելը էական չէ: Ինձ համար, օրինակ, ավելի մտահոգիչ է դպրոցների խոշորացումը: Դա արդեն լուրջ խնդիր է՝ իր հետեւանքներով: Իսկ ընդհանուր առմամբ՝ համայնքների խոշորացումից վախենալ պետք չէ, մտահոգվել պետք չէ, պետք է ուղղակի աշխատել: Միակ մտահոգիչը, թերեւս, 30 բնակավայրը մեկ համայնքի մեջ միավորելն է, ինչը բավականին մեծ թիվ է: Սիսիանը մեծ քաղաք է, եւ այն եւս 30 բնակավայրով, ընդ որում՝ նաեւ խոշոր գյուղական բնակավայրերով, ծանրաբեռնելը ճիշտ չէր: Կարելի էր դա անել ենթափնջերով, ինչպես որ սկզբնական շրջանում էր խոսվում: Համայնքի ղեկավարի վրա մեծ պատասխանատվություն է ընկնում…

-Ի՞նչ եղավ նախկին համայնքների նախկին համայնքապետերի ճակատագիրը:

-Սպանդարյանի նախկին համայնքապետը նշանակվել էր վարչական ղեկավար, աշխատեց մինչեւ մայիս եւ իր դիմումով ազատվեց աշխատքնից, Սառնակունքի նախկին համայնքապետին առաջարկեցի աշխատակազմի ղեկավար, հրաժարվեց, Ծղուկի նախկին համայնքապետն աշխատում է:

-Ինչպե՞ս եք պատկերացնում տարածաշրջանի ապագա 2 խոշոր համայնքների փոխհարաբերությունները:

-Կհամագործակցենք բազմաթիվ ծրագրերում, օրինակ՝ աղբահանության… Մեր համայնքի եւ հարակից համայնքների աղբահանությունը կիրականացնի Սիսիանի համայնքային կազմակերպությունը: Եվրամիության ֆինանսավորմամբ արդեն կնքվել է եռակողմ պայմանագիր՝ աղբահունությունը քաղաքակիրթ եղանակով իրականացնելու համար:

-Ի՞նչ կավելացնեք:

-Շնորհակալ եմ ձեր թերթին՝ հարցազրույցի, մեր խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու համար: Ժամանակը բոլոր հարցերին կտա իր պատասխանը, բայց եւ այնպես եւս մեկ անգամ ասեմ՝ ամեն ինչ կանենք, որ համայնքապետարանը քաղաքակիրթ ծառայություն մատուցի բնակչությանը եւ իրականացնի բարեկիրթ սպասարկում:

Զրույցը՝ Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ

 

549 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *