Հարցազրույց Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ

DSC05766

-Տիկին Ներսիսյան, Դուք Սիսիանի բկ եք տեղափոխվել Դարբասի առողջության կենտրոնից, որտեղ աշխատել եք շուրջ 26 տարի՝ գյուղական առողջության կենտրոնում բուժսպասարկումը բոլորովին նոր մակարդակի վրա դնելով:

-1991 թ-ին ընտանիքով Երեւանից տեղափոխվեցինք Դարբաս: Չեմ խուսափի ասել, որ սկսել եմ զրոյից: Նկատի ունեմ ե´ւ շենքային պայմանները, ե´ւ բուժսպասարկման որակը: Այդ տարիների ընթացքում ահռելի աշխատանք է կատրվել: 2016 թ.-ին առողջապահության նախարարության առաջարկով Դարբասի առողջության կենտրոնը ներկայացվել է որակի պետական մրցանակի, ինչը մեր տարածաշրջանի համար հպարտություն է:

-26 տարի աշխատել եք Դարբասի տարածաշրջանի բնակչության հետ, եւ, հավանաբար, դարձել իրենցից մեկը:

– Գյուղական միջավայրերում ընտանեկան բժշկությունն ավելի հեշտ կայացավ, եւ դու, իսկապես, դառնում ես նրանց առողջական խնդիրներով ապրող, այդ հոգսերը կրողը, բայց իրենցից մեկը չես դառնում. լինում ես նրանց ե՛ւ աստվածը, ե՛ւ ծառան միաժամանակ:

-Առողջապահական համակարգում նոր մարդ չեք, բայց՝ նոր աշխատավայր, նոր կոլեկտիվ, նոր խնդիրներ: Ինչի՞ց եւ ինչպե՞ս սկսվեցիք աշխատանքը Սիսիանի բժշկական կենտրոնում:

-Որպես բժիշկ եւ առողջապահության կազմակերպիչ՝ բավականաչափ փորձ ունեմ, պատրաստ եմ դիմագրավել նաեւ այն խնդիրները, որոնք այստեղ ահռելի շատ են: Դրանք կուտակվել են ե´ւ օբյեկտիվ, ե´ւ սուբյեկտիվ պատճառներով: Կյանքում մի կարգախոս ունեմ՝ եթե աջակցություն չունես, առաջ գնա փոքր քայլերով: Միգուցե, աջակցության դեպքում, հնարավոր լինի այդ խնդիրներն ավելի արագ լուծել, բայց երբեք սպասողական վիճակում չեմ եղել, եւ փորձել եմ սեփական ուժերով առաջ գնալ, թեկուզ՝ փոքր քայլերով: Կազմակերպչական առումով բավականաչափ փոփոխություններ արդեն ունենք: Ցանկացած փոփոխություն, ցանկացած հարց քննարկում եմ կոլեկտիվի հետ, լսում բոլորի կարծիքը, գալիս ենք ընդհանուր հայտարարի, որից հետո կատարում ենք քայլը, որոշ ժամանակ հետո վերլուծում արդյունքները, անհրժեշտության դեպքում նոր քայլեր որոնում: Այս աշխատաոճը սկզբում մի փոքր շփոթություն առաջացրեց կոլեկտիվում, որովհետեւ հարմարվել էին պասիվությանը, բայց համոզվեցին, որ վիճակը բարելավելու միակ տարբերակը դա է:

– Յուրաքանչյուր նոր աշխատանքում ծանոթանում են խնդիրներին, համակարգում դրանք, փորձում լուծումներ գտնել: Ըստ Ձեզ՝ որո՞նք են Սիսիանի բկ-ի դրական եւ խոցելի կողմերը:

– Դարբասի առողջության կենտրում աշխատելիս էլ Սիսիանի բկ-ի աշխատանքներին հետեւել եմ՝ համեմատելու առումով: Շատ խնդիրներ հասկանալու համար երբեմն պետք է դրսից նայել: Երբ ներսում ես, դրանց նայում ես այլ ասպեկտով, այսինքն՝ ցանկացած խնդրի ես նայել եմ ե´ւ ներսի, ե´ւ դրսի աչքերով: Սիսիանի բկ-ն, այո, ունի դրական կողմեր՝ կոլեկտիվը երկար տարիների աշխատանքի ընթացքում ստեղծել է լավ ավանդույթներ, եւ կցանկանամ, որ դրանք շարունակվեն: Լավ է նաեւ ժողովրդի հավատը բժիշկների նկատմամբ: Բայց շատ են նաեւ խոցելի կողմերը: Չանդրադառնալով առողջապահական համակարգում առկա՝ համապետական բացասական երեւույթներին, սկսենք մեզանից՝ երիտասարդ բժշկական կադրերի մեծ պակաս ունենք, թեեւ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, սակայն շատ դժվար է, աշխատավարձերը բարձր չեն, մայրաքաղաքից հեռու ենք: Բայց փնտրում եմ խնդիրների լուծման տարբերակներ: Համոզիչ լինելու համար օրինակով ներկայացնեմ: Սկսեցի շտապօգնության ծառայությունից: Ինձ համար, որպես բժիշկ, որպես առողջապահության կազմակերպիչ, ցավոտ էր, երբ լսում էի, որ Սիսիանում շտապօգնության կանչերը սպասարկում են բուժքույրերը: Բժիշկների հետ հանդիպման առաջին զրույցի ժամանակ ասել եմ՝ հիվանդ մարդը առաջինը կանչում է շտապօգնություն, բայց երբ նրա դուռը բացվում է, եւ այդ ընտանիք է մտնում բուժքույրը՝ առանց բժշկի, այլեւս բժշկին չեն կարող հավատալ: Զուտ բժշկական շտապօգնության ծառայության գաղափարը առանձնապես խանդավառությամբ չընդունվեց՝ պատճառաբանությամբ, թե լավ բուժքույրեր ունենք, բժիշկները ծանրաբեռնված են, ի վիճակի չեն նաեւ կանչեր սպասարկել, երկար համբերեցի,  նաեւ՝ սեփական օրինակով ցույց տվեցի, որ անհնարին ոչինչ չկա: Ինձանից առաջ ոչ մի տնօրեն չի հերթապահել շտապօգնությունում: Որոշեցի առաջինը ինքս հերթապահել: Արդյունքում հնարավոր եղավ վերակազմակերպել շտապօգնության ծառայությունը՝ ի նպաստ բնակչի:

Ցավալի է ասել, բայց մեր շտապօգնության ծառայությունը բավարար սարքավորումնր չի ունեցել: Այսօր կանչի գնացող մեր շտապօգնության մեքենան մինի-լաբորատորիա է՝ հագեցած հետազոտությանն անհրաժեշտ բոլոր գործիքներով: Գորիսի հայ-ֆրանսիական կենտրոնում բժիշկներն անցել են անվճար վերապատրաստման դասընթացներ: Շնորհակալություն եմ հայտնում կենտրոնին եւ՛ անվճար դասընթացների, եւ՛ մեր հիվանդանոցին դեֆիբրիլյատոր նվիրելու համար: Եվ՛ բժիշկները, եւ՛ բուժքույրերը բնական աղետների վերաբերյալ կատարելագործման անվճար դասընթացներ են անցել Երեւանում:

Սիսիանի բկ-ի շտապօգնության մեքենաներն իրենք շտապ օգնության կարիք ունեին, 10-15 տարվա մեքենաներ էին, պատերազմ գնացած-եկած, «վիրավորված»: Սյունիքի մարզպետի աջակցությամբ՝ շտապօգնության նոր մենքենա է տրամադրվել Սիսիանի բկ-ին, երկրորդ մեքենան եւս ստանալու հույս ունենք:

-Ըստ սիսիանյան հանրության մեջ ձեւավորված կարծիքների՝ սիսիանցիներն առավելապես նախընտրում են բուժսպասարկում ստանալ Աղիտուի զինվորական հոսպիտալում, երբեմն՝ Գորիսում, քան՝ Սիսիանի բկ-ում:

Խոսենք անկեղծ՝ ինչու՝ հոսպիտալում, եւ ոչ՝ մեզ մոտ: Հոսպիտալում երիտասարդ բժշկական կադրեր են, պետական քաղաքականությամբ պայմանավորված՝ պարտադիր ծառայություն են կատարում, աշխատավարձը շատ ավելի բարձր է: Մարզային հիվանդանոցների պարագայում նման մոտեցում չկա: Շատ ցավալի է, որ ինչ-ինչ հանգամանքներով թույլ չեն տալիս, որ այդ կադրերը համատեղությամբ աշխատեն նաեւ Սիսիանի բկ-ում: Սա կլիներ շատ մեծ աջակցություն եւ բնակչությանը, եւ բուժհաստատությանը: Ես կողմ եմ, որ լինեն երկու հիվանդանոցներն էլ, եւ լինի մրցակցություն: Որտեղ չկա մրցակցություն, այնտեղ առաջընթաց չի կարող լինել: Սա աքսիոմա է: Բայց մրցակցել մի կազմակերպության հետ, որտեղ բժշկական վճարովի ծառայությունների ինքնարժեքից ցածր գներով են աշխատում, մրցակցությունը դառնում է անիմաստ: Ինչո՞ւ է այդպես, ես չեմ կարող ասել:

-Վերջերս խոսակցություն տարածվեց, որ, օպտիմալացման նպատակով, Սիսիանի բկ-ն միավորվելու է Աղիտուի զինվորական հոսպիտալին: Որքանո՞վ են հավանական այդ խոսակցությունները:

-Օպտիմալացման խնդիրը կա, թե դա ինչ ձեւով կընթանա, ժամանակը ցույց կտա: Մտավախությունը, որ Սիսիանի բժշկական կենտրոնը կդադարեցնի իր գործունեությունը, եւ հոսպիտալն ամբողջությամբ կկատարի նրա ֆունկցիան, հիմնավոր չէ: Օպտիմալացումը կվերաբերի որոշ բաժանմունքների: Նման փոքր տարածաշրջանում երկու բաժանմունք ունենալը համարվում է շքեղություն: Իմ անձնական կարծիքով՝ պետք է լինի մրցակցություն, մյուսը՝ անիմաստ է թանկարժեք գործիքային հետազոտումների կազմակերպումը երկու հիվանդանոցում: Բայց սխալ է քաղաքային հիվանդանոց չունենալը: Բերեմ հենց անցյալ տարվա քառօրյա պատերազմի օրինակը, երբ հոսպիտալում տեղ չկար, եւ զինվորականներից բացի քաղաքացիական անձանց այնտեղ չէին ընդունում: Չէ՞ որ չի բացառվում պատմության կրկնվելը: Բացի դրանից, ունենք ծառայություններ, ինչպիսիք են՝ պոլիկլինիկական, մանկաբարձա-գինեկոլագիական, կանաց կոնսուլտացիան, մանկական սոմատիկ բաժանմունքը, շտապ օգնությունը, որ հոսպիտալն ընդհանրապես չունի, եւ այսպես թե այնպես, Սիսիանի հիվանդանոցը, գուցե ավելի փոքր հզորությամբ, կշարունակի իրականացնել իր գործունեությունը:

– Սիսիանի բկ-ն ե´ւ բուժսպասարկան որակի, ե´ւ շենքային պայմանների, ե´ւ բուժսարքավորումների առումով զիջում է մարզի մյուս բժշկական հաստատություններին, ինչն էլ տեղիք է տալիս բնակչության դժգոհություններին:

– Դա փաստ է, սակայն չեմ կարող մեղադրել նախորդ տնօրեններին, որովհետեւ բյուջեից հատկացվող գումարները չեն տալիս մեծածախ հարցեր լուծելու հնարավորություն: Այդ խնդիրները պետք է լուծվեն պետական աջակցությամբ: Սակայն ոչ բոլոր բաժիններում է վիճակը անմխիթար: Ունենք լավ վերանորոգված վիրաբուժական բաժանմունք, ընդհանուր սոմատիկ բաժանմունքը բավականաչափ լավ վիճակում է, բավարար է մանկաբարձ-գինեկոլոգիական բաժանմունքի վիճակը, բայց մյուս կառույցները, իրոք, անմխիթար են: Ուրախությամբ տեղեկացնեմ, որ մարզպետարանի աջակցությամբ գումար է հատկացվել դիահերձարանի վերանորոգման համար, այն կհագենա նոր սարքավորումներով:

-Ի՞նչ է արվում բուժսպասարկան որակը եւ մակարդակը բարձրացնելու համար:

-Սիսիանի բկ-ի շտաօգնության որակը հիմա շատ ավելի բարձր մակարդակի վրա է, քան մարզի մյուս հիվանդանոցներում: Ընդհանրապես՝ ամեն ինչի համար ժամանակ է պետք: Ստեղծել ենք Sisianmedcenter.am կայք-էջը, որտեղ մեր բնակիչները կարող են ներկայացնել իրենց մեկնաբանությունները, առաջարկությունները: Առայժմ նրանք պասիվ են, բայց հույս ունեմ, որ կակտիվանան:

Մարզում առաջինը՝ Սիսիանում շաքարային դիաբետով հիվանդների համար կգործարկվի գլյուկոլիզացված հեմոգլոբինի որոշման գործընթացը, որը շաքարի պարունակությունը կորոշի 3 ամսվա կտրվածքով: Որակի վրա ազդող գործոն են նաեւ լաբորատոր-գործիքային հետազոտությունները: Այսօր ունենք սարքեր, որտեղ մարդկային գործոնի եւ սխալվելու հավանականությունը նվազագույն է:

Բուժսպասարկան որակը բարձրացնելու առումով մեկ այլ ծրագիր նույնպես իրականացման գործընթացում է, եւ հանրապետությունում առաջինը կիրառվում է Սիսիանի բկ-ում:

Կնքվել է հայ-կանադական պայմանագիր, որի բազմաթիվ կետերից մեկը օնլայն խորհրդատվությունն է: Այն 24 ժամյա վճարովի ծառայություն է, ինչի արդյունքում խորհրդատվության համար հիվանդն այլեւս կարիք չի ունենա գնալ Երեւան: Արդեն միացել ենք ցանցին, միացված է հզոր ինտերնետային երեք կապ, նախապատրաստված է համապատասխան սենյակը, տեղադրված են սարքավորումները: Սա շատ կարեւոր է նաեւ այն առումով, որ մեր նեղ մասնագետները մեկական հոգի են, եւ դժվար է լինում միայնակ որոշում կայացնել: Ըստ ծրագրի՝ հերթագրում ենք հիվանդներին, հրավիրում մասնագետի, ովքեր տեղում կատարում են հետազոտությունը, նշանակում բուժումը:  50 %-ով՝ բարեգործական,  50 % -ով վճարովի ծառայություն է: Սա կլինի բարձրորակ բժշկական սպասարկում: Ուռոլոգն արդեն եկել է, սպասում ենք կարդիոլոգին եւ մյուս մասնագետներին: Սա ոչ թե ժամանակավոր, այլ՝ մշտական պայմանագիր է, որի շրջանակներում նախատեսվում է տեղում դասընթացներ կազմակերպել նաեւ բժիշկների համար: Այս նախագծերն ընթացքի մեջ են, եւ կլինեն շարունակական:

-Ինչպիսի՞ն է գյուղական բնակավայրերի բուժսպասարկամն վիճակը:

-Ծանր: Բուժքույր գրեթե բոլոր բմկ-ներն ունեն, անկախ բնակչության թվից, պետությունը նրանց աշխատավարձ վճարում է, բայց գյուղական համայնքներ կան, որտեղ բմկ-ն օդի մեջ է, անգամ՝ տարածք չունի, եթե ասենք, որ դրանց շենքային պայմանները արագ կլուծենք, գույքով կապահովենք, համոզիչ չի լինի, դրանց պահպանման պարտականություններն էլ դրված են համայնքապետարանների վրա:  7-8 ամսի ջեռուցման խնդիր է լինում, այսինքն՝ տարվա կեսից ավելին բմկ-ները փակ են: Բուժքույրերը երկար ժամանակ աշխատում են առանց բժիշկների եւ դուրս են մնում ընդհանուր դաշտից, տարիների ընթացքում գիտելիքներն էլ չթարմացնելով, մոռանում են: Ուստի՝ փոխել ենք նաեւ բմկ-ների այցելության ձեւը: Բուժքույրերը ամիսը 2 անգամ պարտադիր հերթապահություն կանեն այստեղ, որպեսզի ակտիվ շփվեն ե´ւ հիվանդների, ե´ւ բժիշկների հետ՝ իրենց հմտությունները կատարելագործելու համար: Պատատսխանատու բժիշկները, հաստատված գրաֆիկով, կայցելեն բմկ մինի-լաբորատորիայով եւ դեղորայքով, ինչը նախկինում նույնպես չի եղել:

Բուժելով հիվանդի մարմինը, բժիշկը բուժում է նաեւ նրա հոգին, այս գիտակցությունը պիտի գերակա դառնա յուրաքանչյուրիս մոտ չափազանց նյութականացված եւ նյութապաշտ մեր իրականության մեջ, մասնավորապես՝ առողջապահական համակարգում:

Զրույցը՝ Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԻ

 

 

2,744 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *