ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ՉԻ ՏՐՎԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԱՅՍՕՐ ՈՒՆԵՆՔ

Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջը նոր ուսումնական տարին դիմավորեց նոր անվանումով` Սիսիանի պետական քոլեջ: Ինչպես բազմիցս արդեն ասվել եւ գրվել է,  ՀՀ կառավարության 2011 թ.-ի հունիսի 10-ի N 781-Ն որոշմամբ Սիսիանի հումանիտար քոլեջը վերակազմավորման, վերամիավորման սկզբունքով միացել է Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջին: Սիսիանում այժմ գործում է մեկ քոլեջ ՀՀ ԳԿ նախարարության` Սիսիանի պետական քոլեջը:
Ի՞նչ բերեց այս միավորումը, դրական եւ բացասական ի՞նչ կողմեր ուներ, եւ փոխվեց, արդյո՞ք, ինչ-որ բան տնտեսագիտական քոլեջի գործունեության մեջ:
Մեր հարցազրույցը Սիսիանի պետական քոլեջի տնօրեն Հենզել Առաքելյանի հետ է:

-Պարոն Առաքելյան, քոլեջը հիմնադրվել է 1968 թ.-ին, Սիսիանի` մ/մ առաջին ուսումնական հաստատությունն է, իրավահաջորդության սկզբունքով այն մի քանի անգամ փոխել է անվանումը, կրթության ուղղվածությունը, եւ, հեղինակությունը պահպանել շարունակելով, կարողանում է դիմանալ նաեւ ժամանակի բոլոր փորձություններին: Ինչպե՞ս է դա հաջողվում եւ ինչո՞վ է պայմանավորված:
-1968-ին հիմնադրվել է որպես Երեւանի` Ալ. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումի մասնաճյուղ, երբ այդ ժամանակ շրջանում լայն թափ էր ստացել շինարարությունը, հետո ուղղվածությունը փոխել է որպես էլեկտրատեխնիկում, քանի որ այդ ժամանակ էլ ծավալվել էր հիդրոէլեկտրակայանների շինարարությունը, եւ այն սպասարկող մասնագետների պահանջարկն էր հրատապ, հետո դարձավ պոլիտեխնիկում:
1993 թ.-ին ՀՀ կառավարության որոշմամբ նրա բազայի վրա ստեղծվեց ժողտնտեսության քոլեջը, որոշ ժամանակ անց` տնտեսագիտական: Կրթական հաստատության անվանումներից անգամ պարզ երեւում է, որ նրա խնդիրն է եղել պատրաստել տնտեսության այդ ոլորտները սպասարկող միջնակարգ մասնագիտական կրթությամբ կադրեր: Դասավանդվող մասնագիտությունները համապատասխանեցվել են տարածաշրջանի ժողտնտեսության դիմագծին եւ արդեն ձեւավորված շուկայական հարաբերությունների պահանջներին: Դրան, ինչպես նաեւ` կազմակերպված կառավարման արդյունքում է, որ մ/մ կրթություն տվող այս հաստատությունը դիմացել է ոչ միայն ժամանակի փորձությանը, այլեւ` իր գործունեությունը համապատասխանեցրել է նրա պահանջներին` միշտ արդիականացնելով այն:
-Քոլեջային կրթությունը տեղ ունի՞ մեր իրականության մեջ, քոլեջային կրթություն տալու անհրաժեշտությունը կա՞ այժմ:
– Անշո՛ւշտ, կա, նույնիսկ, կարող եմ ասել, բավականին առավելություններ էլ ունի: Նախ` 2-3 տարում դպրոցի շրջանավարտը հնարավորություն է ստանում նոր մասնագիտություն ձեռք բերել, քոլեջային կրթությամբ կարող է շարունակել բուհական կրթությունը: Անգամ` քոլեջային կրթությամբ աշխատանք գտնելն է մեր օրերում ավելի դյուրին` բուհական կրթության համեմատ: Մյուս կողմից` այնքան է իջել բուհական կրթության մակարդակի նշաձողը, որ ցանկացած մարդ կարծում է, թե իր գիտելիքները համապատասխանում են բուհական պահանջներին: Շատ դեպքերում  բուհի դիպլոմ ստանալու խնդիր է լուծվում: Ճիշտ է, տնտեսությունը, գիտությունը, արտադրությունը թույլ է զարգացած, եւ ոչ միայն քոլեջի, այլեւ բուհի շրջանավարտները դժվարությամբ են համապատասխան աշխատանք գտնում, բայց սա ավելի շատ սոցիալական ուղղվածության հարց է: Եթե այսօր այդ պահանջարկը չկա, մտածում ենք, որ վաղը կլինի, երկրորդ` պիտի սերունդը կրթված լինի: Ի վերջո, քոլեջը նաեւ զբաղվածության խնդիր է լուծում` աշխատանքով ապահովելով շատ ու շատ մանկավարժների:
Պետությունն, անշուշտ, նաեւ այս ամենը հաշվի է առնում, որ պահպանում է միջն. մասնագիտական այսպիսի ուսումնական հաստատությունները, իհարկե, եթե դրանք արդյունավետ ու նպատակային են գործում:
-Պարոն Առաքելյան, ի՞նչ տվեց մյուս քոլեջի վերամիավորումը Ձեր քոլեջին` դրական կամ բացասական առումով եւ ի՞նչ փոխվեց քոլեջի գործունեության մեջ:
-Վերամիավորման, վերակազմավորման որոշումը կայացրել է կառավարությունը, եւ, չեմ կարծում, թե նման որոշում կայացրել է հենց այնպես: Իմ կարծիքով` այդ որոշումն ընդունվել է խիստ անհրաժեշտությունից ելնելով, եւ սա եզակի դեպք չէր հանրապետության քոլեջային կրթահամակարգում:
Սիսիանի հումանիտար քոլեջի` մեր քոլեջին միավորումը որակական փոփոխություն առանձնապես չի մտցրել մեր քոլեջի գործունեության մեջ եւ խիստ շոշափելի ու տեսանելի առավելություններ առանձնապես չի տվել: Որպես միակ առավելություն կարելի է համարել այն, որ նախկին 2 քոլեջների դիմորդները կդիմեն միայն մեկ քոլեջ, եւ այս պարագայում մեծանում է նաեւ մեր` դիմորդի ընտրություն կատարելու հնարավորությունը, ինչն էլ, բնականաբար, բերում է կրթության որակի բարձրացմանը:
Այդ միավորումից մեր ուսանողների տեսակարար կշիռն առանձնապես չի ավելացել, նախկին քոլեջից մեզ մոտ տեղափոխվել է ընդամենը 35 ուսանող: Նախկին քոլեջում դասավանդվող առարկաների գծով նոր ուսումնական տարում որեւէ դիմորդ չենք ունեցել, այսինքն, այդ մասնագիտությունների պահանջարկ չի եղել: Ի տարբերություն դրան, Սիսիանի պետական քոլեջը ֆինանսական մեծ հիմնախնդիր է բաժին ստացել նախկին հումանիտար քոլեջից, որը կազմում է ավելի քան 22 միլիոն դրամ: Որտեղի՞ց է գոյացել այդ պարտքը, ինչո՞ւ է գոյացել, ինչպե՞ս է գոյացել, ինչպե՞ս պետք է մարվեն այդ պարտքերը, մեզ համար դեռեւս պարզ չէ ու հասկանալի չէ: Դեռեւս չվճարված են մնում հումանիտար քոլեջի` մինչեւ միավորումն ընկած հատվածի հուլիս-օգոստոս ամիսների աշխատավարձը, դրա վճարումը նույնպես դրվեց մեզ վրա:
-Աշխատանքային պայմանագիր կնքվե՞ց նախկին քոլեջի որեւէ աշխատողի հետ:
-Ոչ թե որեւէ մեկի, այլ` գրեթե կեսի: 35 աշխատողից 14-ի հետ կնքել ենք աշխատանքային նոր պայմանագիր, նրանք եւ դասախոսական կազմից են, եւ` վարչական: Դասախոսները կաշխատեն ժամավճարային սկզբուքով:
-Թե բուհական, թե մ/մ ուսումնական հաստատություններն այս տարի առաջին կուրսեր համալրելու լուրջ խնդիրներ ունեցան` շրջանավարտ չլինելու պատճառով: Ձեզ մոտ ինչպե՞ս լուծվեց այդ հարցը:
-Նման իրավիճակում կարողացանք կատարել ոչ միայն անվճար ուսուցման պլանը, այլեւ` շուրջ 30 հոգի ընդունվեց վճարովի հիմունքով: Առաջին կուրսերում ունենք  60 ուսանող, ինչը, կարծում եմ, շատ լավ արդյունք է: Դիմորդների հիմնական մասը 9-րդ դասարանի կրթության հենքի վրա են ընդունվել, քանի որ քույրական գործ մասնագիտությունը թույլատրվեց մեր քոլեջում դասավանդել նաեւ 9-րդ դասարանի կրթության բազայի վրա: Սա հո հենց այնպես չի տրվել մեզ: Դրան հասել ենք միայն ու միայն հետեւողական աշխատանքի արդյունքում:
-Ինչպիսի՞ն եք տեսնում պետական քոլեջի վաղվա օրը:
-Կայո՛ւն: Որովհետեւ մեզ հաջողվել է ստեղծել ֆինանսական կայուն վիճակ, հիմնականում` նաեւ արտաբյուջետային միջոցների հաշվին: Ունենք կազմակերպված կայուն կոլեկտիվ, այսօրվա շուկայի պահանջներին համապատասխանող կրթություն, շենքային բավարար պայմաններ: Բայց դա ոչ միայն չի հանգստացնում մեզ, այլեւ` միակ քոլեջը լինելու հանգամանքը ստիպում է եւ պահանջում, որ չկորցնենք մեր` ժամանակակից եւ արդիական լինելու զգացողությունը, եւ մեր գործունեությունը համապատասխանեցնենք ժամանակի պահանջներին:
Միավորման գործընթացը եւ ֆինանսական պարտքի խնդիրը լուծելուց հետո հաջորդ ուսումնական տարվանից պիտի վերանայենք 2 քոլեջների միավորման արդյունքում գոյություն ունեցող 13 մասնագիտությունների անհրաժեշտությունը: Կարծում եմ` ժամանակակից պահանջարկ չունեցող մասնագիտությունները կհանվեն եւ կմնան առավել արդիական ու պահանջարկ վայելող 4-5 այնպիսի մասնագիտություն, որը, հրապուրիչ լինելով երիտասարդության համար, միաժամանակ աշխատանք գտնելու երաշխիք կտա:
Այս խնդիրները լուծելուց հետո Սիսիանի պետական քոլեջը, համոզված եմ, կդառնա ոչ միայն տարածաշրջանի, այլեւ` հանրապետության օրինակելի քոլեջներից մեկը, ինչին ես հավատում եմ:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *