ՀԵՌՈՒՆԵՐՈՒՄ ԷԼ ՉՊԵՂՎԱԾ ԳԱՆՁԵՐ

18

Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Անուշ Մուրադյանը երկար տարիների աշխատանքի ընթացքում բարեխղճորեն ընդունել է պատկերասրահի այցելուներին:

-Տիկին Մուրադյան, որքա՞ն ժամանակ է, ինչ աշխատում եք պատկերասրահում:
– Այստեղ աշխատում  եմ 1986 թվականից: Մասնագիտությամբ ակումբագրադարանավար եմ: Երկար ու ձիգ 22 տարիների ընթացքում կարծես ձուլվել ու մի փոքրիկ մասնիկն եմ դարձել այս պատկերասրահի: Նախկինում այս շինությունը ծառայել է իբրև կինոթատրոն, այնուհետև ՀԿԿ Սիսիանի շրջկոմի առաջին քարտուղար Շչորս Դավթյանի նախաձեռնությամբ շինությունը վերափոխել և դարձրել են պատկերասրահ: Այդ ժամանակ ես աշխատել եմ որպես ցուցանմուշի պահապան:Ղարաբաղի պատերազմի տարիներին պատկերասրահը փակվեց եւ որպես առանձին բաժին գործում էր թանգարանի շենքում: Ես աշխատում էի էքսկուրսավար: Թանգարանում մեզ մի փոքրիկ սրահ էին հատկացրել: Մեզ համար դժվար էր ճոխ ցուցադրություններ կազմակերպել: Իսկ պատկերասրահի շենքը, 5 տարի մնալով փակ ու չօգտագործվող, արդեն շարքից դուրս էր եկել եւ քայքայվում էր: Սակայն հետագայում Սիսիանի առաջին քաղաքապետ Գառնիկ Հովհակիմյանի նախաձեռնությամբ պատկերասրահն առանձնացվեց թանգարանից եւ նրա հովանավորությամբ վերակառուցվեց և վերաբացվեց որպես Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղ: 1998 թվականի նոյեմբերի 15-ին մեր կազմակերպած առաջին ցուցադրությունը բոլորին պարզ դարձրեց, որ պատկերասրահն իր հետագա բեղուն գործունեությամբ ու աննախադեպ ցուցադրություններով դեռ զարմացնելու է իր այցելուին:
Չեմ կարող չհիշատակել Զաքար Խաչատրյանին, որն իր տունը նվիրաբերել է մեր պատկերասրահին: Նա ամեն հարցով փորձում է աջակցել մեր տաղանդավոր երիտասարդներին:
-Ի՞նչ ցուցահանդեսներ եք կազմակերպվում,  որքա՞ն հաճախ են թարմացվում ցուցադրությունները և ի՞նչ նորություններ ունեք:
– Յուրաքանչյուր ազագային տոն առիթ է հանդիսանում մի նոր ցուցահանդեսի ծննդի, իսկ յուրաքանչյուր ցուցադրություն ինքնին տոն է մեր այցելուների համար: Նրանք շատ հաճախ են հետաքրքրվում դրանցով և ցանկանում ներկա գտնվել հետագա ցուցադրություններին: Յուրաքանչյուր տոն թելադրում է իր թեման, ուստի ամեն անգամ կտավները թարմացվում են: Տաս տարի է, ինչ մեր պատկերասրահում իր տեղն է զբաղեցնում մեծն Մարտիրոս Սարյանի գեղեցիկ կտավներից մեկը, որը կորած էր համարվում եւ գտնվեց դարձյալ առաջին քաղաքապետ Գ. Հովակիմյանի ջանքերով: Այստեղ կան նաև մեր հայրենակից նկարիչների`  Սլավիկ Խաչատրյանի, Զարա Գասպարյանի և այլոց վրձնի գործերը: Պատկերասրահում նաև տեղակայված են հազվագյուտ նմուշի 5 քանդակ:
– Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք մեծ է զբոսաշրջիկների    հետաքրքրությունը հայ արվեսի նկատմամբ, իսկ սիսիանցին հետաքրքրվու՞մ է արվեստով:
– Անշուշտ, զբոսաշրջիկների հետաքրքրությունը բավականին մեծ է, մենք բազմիցս համոզվել ենք դրանում: Յուրաքանչյուր այցելու(ցանկության դեպքում) տպավորությունների գրքում գրում է իր կարծիքը ցուցահանդեսի, պատկերասրահի և անգամ սպասարկման մասին: Հույն այցելուները հիացել էին մեր կազմակերպած մի ցուցադրությամբ, նրանք մեր պատկերասրահին փոքրիկ կավե կճուճ հուշ թողեցին: Անգլիացի այցելուները ևս հավանել են մեր արվեստի գործերը, նրանք էլ մեր նկարիչներից գնում են նրանց կտավների բնօրինակները: Իսկ ինչ վերաբերում է սիսիանցիներին, ապա հարկ է նշել, որ նրանք ևս  հետաքրքրվում են պատկերասրահի ցուցադրություններով: Պատանի արվեստասերների թիվն էլ բավականին մեծ է: Ցավով եմ ասում, բայց քաղաքում սովորող շատ պատանիներ հնարավորություն չունեն այնտեղ այցելել պատկերասրահներ` մասնակցելու ցուցահանդեսների, իսկ ահա այսօր նրանք այդ հնարավորությունն ունեն իրենց իսկ քաղաքում:
– Իսկ ի՞նչ խնդիրներ ունի այսօր պատկերասրահը, ի՞նչ կցանկանայիք փոխել:
– Մեր առջև ծառացող խնդիրները հաճախ ինքներս ենք փորձում լուծել: Վերջերս վերանորոգվեց տանիքը: Գեղարվեստի դպրոցին և պատկերասրահին կից մի փոքրիկ սրահ կա, որը կցանկանայինք դարձնել պատկերասրահի սրահներից մեկը, այդպես կլուծվեր նաև այն նկարների խնդիրը, որոնք, սրահի փոքր լինելու պատճառով, չենք կարողանում ցուցադրել: Ըստ իս` գերագույն խնդիրը սրահի լուսավորությունն է, անգամ այցելուներից մեկն այդ փաստը նշել էր տպավորությունների գրքում: Առանց կատարյալ լուսավորության նկարի գույներն ու մանրամասներն այնքան էլ պարզ չեն: Սանհանգույցի մի փոքրիկ խնդիր էլ կա… Այս խնդիրների լուծման համար, անշուշտ, մեզ աջակցություն է հարկավոր: Ինձ թվում է` մեզ հաջողվում է գոհացնել այցելուին, դրանում մենք բազմիցս համոզվել ենք: Ամենավառ ապացույցը տարեցտարի այցելուների թվի աճն ու նրանց կարծիքներն են: Հայաստանում Ֆրանսիայի լիազոր և արտակարգ դեսպան Միշել Լեգռան  իր կարծիքը հետևյալ կերպ է արտահայտել. «Սյունիքի մարզ իմ այցելությունից հետո Սիսիանում մենք գտանք մի գողտրիկ արվեստի ցուցահանդես: Արվեստի գործերը, որ մենք տեսանք, կարող էին գտնվել ուրիշ այլ ցուցահանդեսներում և ընդունվել օտարերկրացիների կողմից: Ես ողջունում եմ արվեստագետներին իրենց աշխատասիրության համար»:

Անահիտ ՄԱՐԳԱՐՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի
ֆակուլտետի ուսանողուհի

 

171 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *