ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ ԿԱՄ` ՍԽԱԼՆԵՐՆ ՈՒՂՂԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Բնավ` նպատակ չունենալով խանգարել Սիսիանի նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի վաստակած հանգիստը, բնավ` պատճառ չտեսնելով կրկին անհագստացնել նրան` նրա մասին որեւէ նոր բան գրելով (ժամանակին գրել-ավարտել ենք), բնավ` ցանկություն չունենալով մեկ անգամ եւս անդրադառնալ նրա պաշտոնավարման ճիշտ ու սխալին, մանավանդ որ` շատ սիսիացիներ հիմա հազար անգամ փառք են տալիս նրան` գործող քաղաքապետի հետ համեմատելիս, ու, հարգելով նրա տարիքը եւ որոշ սիսիանցիների` նրա, գոնե, դարձյալ` գործողի համեմատությամբ, մարդկային հեղինակության հանդեպ պահպանած հարգանքը, հարկադրված ենք կրկին մի առիթով հիշել նրան` հենց նրա հետ կապված ինչ-ինչ առնչությունների շուրջ:
Այդ առնչությունները հարկադրում են մեզ հետադարձ հայացքով ետ գնալ 16 տարի` դեպի 1996 թ.-ն  եւ փոքր ակնարկով անդրադառնալ մեր երկրում ձեւավորվող կառավարման` մինչ այդ անհայտ ու անծանոթ համակարգի` տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծման ժամանակաշրջանին, իրավիճակին ու պատմությանը:
Պատերազմը նոր էր ավարտվել (զինադադարը կնքվել է 1994 թ.-ին), երկրի տնտեսությունը կազմալուծված էր ու աղքատ, երկրի բյուջեն` սուղ, արտադրություն գրեթե չկար, պետական կառավարման-ղեկավարման համակարգերը նոր էին ձեւավորվում, նախկին կառույցները գրեթե պարալիզված էին, կառույցներում սեփական արաքների համար պատասխանատվություն կրելու զգացողությունը` նվազագույն:
«Քո փոխարեն ես կմտածեմ» սովետական հոգեբանությամբ դաստիարակված-մեծացած տվյալ ժամանակի սերունդը  անպատրաստ էր ու անպաշտպան նոր ժամանակների տնտեսական, քաղաքական, սոցիալական մարտահրավերները դիմակայելուն: Պահպանվել էին, սակայն, բարոյական արժեքներն ու չափանիշները, ինչի շնորհիվ էլ հաղթահարվեց «անցման շրջանի» բարդույթը:
Այս իրավիճակում նաեւ մեզանում էր ստեղծվում ղեկավարման, կառավարման նոր մեխանիզմը` տեղական ինքնակառավարումը, եւ, ինչպես պատկերավոր շատ հաճախ ասում է Սիսիանում տեղական ինքնակառավարման ստեղծման ակունքներից սկսած ցայսօր աշխատող «պրոֆեսիանալ մի ծառայող», ինչքան անպետք, անհեռանկար, դժվարին, կազմալուծված, ծախսատար ու եկամուտ չբերող համակարգ կար, հանձնվեց համայնքային տնօրինմանը` նորաստեղծ տեղական ինքնակառավարման մարմնին` քաղաքապետարանին: Իսկ կառավարությունն էլ «ձեռքերը լվաց» համայնքներից:
Ինչպես ամենուրեք, 1996 թ.-ի նոյեմբերին Սիսիանում նույնպես ձեւավորվել էր տեղական ինքնակառավարման առաջին մարմինը, եւ Սիսիանի քաղաքապետ էր ընտրվել Գառնիկ Հովակիմյանը:
Ով էլ որ լիներ Սիսիանի առաջին քաղաքապետը, բնականաբար, նրան էր բաժին ընկնելու տեղական ինքնակառավարման` դեռեւս անծանոթ մարմինը ձեւավորելու, կազմավորելու, գործադրելու դժվարություններն ու պատասխանատվությունը, համայնքային սեփականության ժառանգման ու տնօրինման կազմակերպումը:
Բայց, բարեբախտաբար, գուցե նաեւ` անհրաժեշտորեն, ինչպես հետագայում պետական ու մտավորական շատ ու շատ բարձրաստիճան պաշտոնյաներ (ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանը, կառավարության նախկին նախագահի առաջին տեղակալ Ալեքսան Կիրակոսյանը, Սյունիքի մարզպետ Սուրեն Աբրահամյանը եւ այլք) Սիսիանի բախտը բերած պիտի համարեին Գառնիկ Հովակիմյանի նման կայացած, կազմակերպված, գործնական, ինտելեկտուալ, իրավիճակին տիրապետող եւ համայնքի կառավարումը ճիշտ ու գրագետ եղանակով հունի մեջ դնող քաղաքապետ ունենալու համար, ինչի մասին բարձրաձայնում էին հենց կառավարական մակարդակներում:
Երբ 2004 թ.-ին Համո Սահյանի ծննդյան 90 ամյակի առթիվ հարցազրույց էի վերցնում Սահյանի մեծագույն բարեկամ, պետական-հասարակական գործիչ Ալեքսան Կիրակոսյանից, իմանալով իմ` սիսիանցի լինելը, խիստ հանդիմամանքով ասաց` «Ինչո՞ւ  սիսիանցիները այդպես արեցին, հանրապետությունում 2-3 գրագետ քաղաքապետ կար, մեկը` Գառնիկն էր»: (Ի դեպ, Ալեքսան Կիրակոսյանի հետ այդ հարցազրույցի ձայնագրությունը սուրբ մասունքի նման պահպանվում է «Որոտանի» արխիվում` Համո Սահյանի` երբեւէ ստեղծվելիք թանգարանին նվիրելու ակնկալիքով):
Շատ խոսուն էր անգամ Գառնիկ Հովակիմյանի միջամտությամբ այդ ժամանակ աշխատանքից ազատված  դպրոցի տնօրենուհու` ով, չթաքցնելով անձնական վիրավորանքը այդ առթիվ, ուժ գտավ իր մեջ ասել այսօր արդեն թեւավոր դարձած` «Գառնիկը 3 ամսում քաղաքապետ դարձավ, երբ մյուսները 3 տարում այդպես էլ չհասկացան քաղաքապետի պաշտոնը» խոսքը:
Ուստի` եթե 1996-ական թվականներին սուղ էր երկրի բյուջն, բնականաբար, սուղ պիտի լիներ նաեւ համայնքների բյուջեն:
Սիսիանի համայնքային բյուջեն 40 մլն դրամ էր` հետագայի 280-300 մլն-ի դիմաց, տեղական տուրք, հարկ, վարձավճար հասկացությունները խորթ էին դեռեւս «սովետի» հոգեբանությունը չհաղթահարած համայնքի բնակչի համար, որով պիտի գոյանար բյուջեի` սեփական եկամուտը, այն այսօր 55 մլն  դրամ է, բայց բյուջեն լցնելու կեղծ պատրվակով համայնքային սեփականության որեւէ տարածք չօտարվեց, չծախվեց, չփոշիացավ, ինչպես հետագայում արվեց անխնա, դաժան ու անպատասխանատու եղանակներով, որից, սակայն, ոչ ենթակայության կառույցների աշխատողների, հատկապես` մանկապարտեզների, աշխատավարձը ավելացավ, մնացել է նախկինի նույն` նվազագույնի մակարդակին, ոչ համայնքային արդեն ավելացած խնդիրները լուծվեցին, ոչ փողոցները ասֆալտվեցին, մշակութային օջախներն ավելանալու փոխարեն` պակասեցին, ոչ էլ Սիսիանի հեղինակությունը բարձրացավ: Հակառակը: Դրա ականատեսը եղավ հենց ինքը` Սիսիանը այսօր նրա վարկանիշը ամենաընկածը համարելով ոչ միայն մարզում, այլեւ` հանրապետությունում: Բայց…
Բայց Գառնիկ Հովակինյանի` գրագետ ու հմուտ կազմակերպիչ լինելու շնորհիվ, ինչը հետագայում ավելի մեծ դրսեւորումներ ունեցավ ավելի լայն մասշտաբներում, Սիսիանի համայնքը դարձավ հանրապետության ամենակայացած, ինքնուրույն համայնքներից մեկը:
Ինչպես արդեն ասացինք, երբ կառավարությունը ամիսներով նույնիսկ աշխատավարձն էր ուշացնում եւ «ձեռքերը լվացել էր» համայնքներից, նույն այդ ժամանակաշրջանում Սիսիանում համայնքային ենթակայության շախմատի դպրոց հիմնադրվեց, որի առաջին խոշոր ձեռքբերումը առաջին համահայկական մարզական խաղերում նվաճած մրցանակային բարձր տեղերն էին, տվյալ ժամանակի համար անսովոր ու անծանոթ շքեղություն համարվող այսպես կոչված «եվրոռեմոնտով» հիմնանորոգվեց եւ բացվեց Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղը,  գրեթե կազմալուծման եզրին հայտնված եւ ընդամենը 5-6 աշակերտ ունեցող` գեղարվեստի դպրոցը, որտեղ հաճախումները դարձան 100-120, Սիսիանի` այլեւս արդեն գրեթե չգործող ուսումնարանը դարձավ թիվ 5 միջն. դպրոց, որը քաղաքի ամենահեղինակավոր դպրոցներից մեկն է հիմա, հիմնանորոգվեց քաղաքի երաժշտական դպրոցը, դրսից հրավիրված բարձրակարգ երաժիշտների շնորհիվ, ովքեր այժմ աշխատում են Սանկտ Պետերբուրգի սիմֆոնիկ նվագախմբում եւ մեծ հարգանք վայելում, հիմնադրվեց դասական երաժշտության երգչախումբ, կվինտետ, ինչը հետագայում ոչ միայն ավերվեց ու վերացավ, այլեւ` պրոֆեսիոնալ երաժիշտներին «խռիկ տվեցին» Սիսիանից` «նրանց պահելու համար համայնքը փող չունի» ասելով: Ստեղծելու ժամանակ էլ համայնքը փող չուներ: Տվյալ ժամանակի համար ամենաանտեսված համակարգի` հանրակրթական դպրոցի կառավարումը հանձնվեց համայնքին, իսկ ՀՀ վարչապետ Արմեն Դարբինյանին ներկայացված նույն առաջարկությամբ` հանրապետության նաեւ 55 դպրոցներ:
Հետագայում այդ ծանր պատասխանատվությունը կրել չկարողանալու ու նաեւ դրա կարեւորությունը անտեսելու պատճառով  հրաժարվեցին դրանից: Կյանքի կոչվեց գործկոմի ժամանակ արդեն սառեցված` 40 փախստականի համար ՄԱԿ-ի` «Օթեւան» ծրագրով Նորաշեն թաղամասի շինարարությունը, սակայն, անորակության պատճառով, չստորագրվեց այն համայնքային հաշվեկշիռ ընդունելու փաստաթուղթը, ինչը արվել է հետագայում` ցայսօր գլխացավանք դառնալով հենց համայնքի համար:
Համայնքի դատարկ բյուջեի պայմաններում նախաձեռնվել եւ իրականացվել է Համո Սահյանի քանդակի պատվերը: Իրականացման փուլում էր Գետափի մշակույթի տան` Սոցներդրումների հիմնադրամով հիմնանորոգման եւ մշակույթի կենտրոն դարձնելու ծրագիրը, ինչը իշխանափոխությունից հետո ոչ միայն անհետեւանք մնաց եւ դուրս մղվեց ծրագրից, այլեւ` վաճառվեց ջրի գնով:
Զուգահեռ, համայնքապետի` ընդամենը 14 հոգանոց աշխատակազմով անթերի իրականացավ Սիսիանի ողջ բնակֆոնդի սեփականաշնորհման գործընթացը:  Կառավարությանը ներկայացված ծրագրով`  արդեն տիրազուրկ մի շարք գերտեսչական, վարչական շենքեր դարձան բնակֆոնդ` շատ կարիքավորների ապահովելով սեփական բնակարանով:
Որպես համայնքային իշխանության կայացման կարեւոր քայլ` անիրականանալի թվացող ու դժվարին առճակատումների պայմաններում համայնքապետի աշխատակազմի նստավայր դարձավ ի սկզբանե իշխանության խորհրդանիշ ընկալվող եւ այդ նպատակով կառուցված` դարձյալ տվյալ ժամանակի համար շքեղություն համարվող «եվրոհիմնանորոգված»` ՀԿԿ Սիսիանի շրջկոմի նախկին շենքը, որտեղ տեղակայված էր Սիսիանի հումանիտար քոլեջը:
Այսօր անհավանական համարվող ու գրեթե անհնարին` անգամ ոչ համայնքապատկան  շատ ենթակառույցների ղեկավարներ Սիսիանի քաղաքապետարանում հաշվետվություն էին ներկայացնում համայնքի ավագանու նիստերում:
Սիսիանը ուժեղանում էր, Սիսիանը կայանում էր եւ վերագտնում  իր երբեմնի քաղաքային կոլորիտն ու միջավայրը:
Այս իրողություններից դուրս, սակայն, երկրի հասարակական-քաղաքական կյանքում կատարվող խմորումների արդյունքում  քաղաքական դաշտից դուրս մղվելու իրողությունից մտահոգ` որոշ անձինք եւ ուժեր հայտնվել էին քաղաքական նոր դաշտի որոնման  խնդրի առջեւ, որը…Սիսիանն էր լինելու: Բայց ուժեղացող Սիսիանի կայացած քաղաքապետն արդեն նրանց համար «իրենից լուրջ վտանգ էր ներկայացնում», եւ նրանից «ազատվելը» նույնպես դառնում էր քաղաքական խնդիր: Շատ խելացի, հաշվենկատ  լինելով ու հեռահար մարտավարություն ունենալով, նրանք հասկացել էին, որ այդ ճանապարհի «միակ խոչընդոտը»  Սիսիանի քաղաքապետն էր, եւ նրան ճանապարհից հեռացնելու, «ոչնչացնելու» խնդիրը նույնպես դարձել էր հեռահար նպատակ, ինչում հետագայում համոզվեցին բոլորը: Եվ գործի դրվեց նրան «ոչնչացնելու» մեխանիզմը` նոր մարդու իշխանության բերելով: Շատերը հիմա էլ կհիշեն, որ նույնիսկ պաշտոնավարման առաջին ամիսներին Լ. Սարգսյանը, հատկապես` նախորդ քաղաքապետից հետո, իրեն քաղաքապետի դերում եւ տեղում չզգալով, անգամ հրաժարական տալու մասին էր մտածում: Սակայն դրա համար չէ, որ նրան իշխանության էին բերել: Իրենց հետագա նպատակների համար նորին որպես տրամպլին` ցատկահարթակ պահելու եւ, որքան հնարավոր է, նախորդին  անխանա «սեւացնելու» «առաքլությունը» շատերի համար բացահայտվեց միայն հետո` 2002 թ.-ին, երբ «Հաղթել է ուզում հողմերին այս ողորմելին» չարենցյան կարգախոսով («հողմերը» իրենք էին, «ողորմելին»` Լավրենտ Սարգսյանը) հենց նրա հետ գնացին լուրջ քաղաքական պայքարի` նրան  3 տարով «պահ տված» աթոռը «վերցնելու» համար: Սակայն միշտ անակնկալ եւ անսպասելի որոշումներ կայացնող եւ միշտ դրսի ուժերին ու դրսի գործոնին միանշանակ մերժած Սիսիանը  Լավրենտ Սարգսյանին գերադասեց Սիսական փողոցում կազմակերպված ճարպաբույր ճաշկերույթի ճենճահոտից:
Բայց եթե «հողմերը» «ողորմելիին» «պահ տված» աթոռը վերցնելու ծրագրում ձախողվեցին, հաջողեցին նախորդ քաղաքապետին «սեւացնելու»` ի սկզբանե մշակված նախագծում: Գիտակցաբար, կամ` անգիտակից, բայց` Լ. Սարգսյանն արդեն տրվել էր այդ սադրանքին` կուլ տալով «հողմերի` հողմաբեր» խայծը: Հետագայում փոշմանե՞լ էր նա, չէ՞ր փոշմանել, դա արդեն` իր խղճին, ( բայց, քիչ թե շատ ճանաչելով նրան, պիտի ենթադրել, որ… փոշմանել էր), սակայն, ինչպես ասում են, «մավրն արդեն իր սեւ գործը արել էր»: Ցավոք, «սեւ գործը սարքելուն»  նպաստեցին ու նրա անջուր ջրաղացին ջուր լցրեցին ու դրան «հավատացին» անգամ նրանք, ովքեր Գառնիկ Հովակիմյանի հետ անցել էին նույն` դժվարին, անփող ճանապարհը, որովհետեւ հաջողել էին պատսպարվել Լ. Սարգսյանի թեւերի տակ, հիմա էլ, գործող քաղաքապետի թեւերի տակ ծվարած, չեն խորշում իրենց` 2000 թ.-ի սարքած ամոթալի, անպատվաբեր ձեռագրի «սեւագործությունը» կրկնելով` անցյալի մոռացումից հանել եւ նույնիսկ այժմ իրողության տեղ «նաղդել»` չարամիտ նպատակներով, որովհետեւ Գ. Հովակիմյանը շարունակում է այժմ էլ «վտանգ մնալ» մերօրյա «հողմերի» ու «ողորմելիների» համար:
Ու իրենց կառուցվածքով ինքնուրույն գործունեություն իրականացրած եւ այն ժամանակվա քաղաքապետարանից իրենց կարգավիճակով մղոններով հեռու առանձին կառույցներում 2000-ի` ինչ-ինչ «հայտնաբերված սխալները» կրկին շրջանառելը եւ Գառնիկ Հովակիմյանին դրանք «կպցնել» փորձելը, ի տարբերություն  եւ` ի համեմատ այսօրվա քաղաքապետարանում քաղաքապետի քթի տակ, նաեւ` նրա մասնակցությամբ կատարվող աղաղակող խախտումների եւ անօրինականությունների, մեղմ ասած, անբարո է ու նողկալի, որովհետեւ դրան քաջատեղյակ էր եւ հիմա էլ տեղյակ է հենց վերոնշյալ «սեւագործության» մասնակից եւ «սեւագործությունների մեջ» վարպետացած նույնիսկ` Աստծո ահեղ դատաստանից չվախեցող նախկին ու նոր «պրոֆեսիոնալը»: Ուրիշի աչքի փուշը նկատելու եւ` սեփական աչքի գերանը  չտեսնելու հերթական պահն է: Ինչեւէ: Բայց…
Բայց` ամեն ոք ինքն է բացում ու հարթում իր ճանապարհը, եւ ամենքի անցած ճանապարհն ու արած գործն է, որ բնութագրում է իրեն:
Հետագայում էր, որ Վերահսկիչ պալատը հսկայական չափերի հասնող չարաշահումներ պիտի հայտնաբերեր նույն այդ քաղաքապետարանում, այսօր է, որ պաշտոնական դիրքի չարաշահման եւ դիրքը անձնական նպատակներին ծառայեցնելու ու համայնքային սեփականության` ապօրինի եւ չարաշահումներով կատարած օտարումների եւ` գիտակցաբար համայնքի շահին վնաս հացնելու համար գործող քաղաքապետին քանիցս կանչում են ոստիկանության Սիսիանի բաժին…  Գործը դեռ դատաքննության մեջ է:
…Ու այդ ընթացքում, մինչ Սիսիանի հաջորդ քաղաքապետերը Սիսիանի օտարված համայնքային սեփականության «փայ-փուշկից» ստացած իրենց շահույթներն էին հաշվում, Աղասի Հակոբջանյանը, ինչպես շատ պատկերավոր ասել է երկրապահուհի Մարիետան, նաեւ` ազգային ու բնության հարստություն Շաքեի «ջրվեժից թափված փողերը», Գառնիկ Հովակիմյանը շարունակում էր գնալ իր հարթած ճանապարհով` որպես ամենաթանկ կապիտալ ունենալով կայացած համաբավը եւ չարատավորված անունը:
Հմուտ կազմակերպչի իր ջանքերով կառուցեց քարերի մշակման «ԼԵԳ ԱՊԱՐ» գործարանը, որտեղ 2002 թ.-ին այցելեց երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 2009 թ.-ին վերակառուցեց նույն` «ՎԻ ԷՅՋ ՍՏՈՈՒՆ»  գործարանը, որի հանդիսավոր բացմանը մասնակցեց նախագահ Սերժ Սարգսյանը, շինարարի մեծ պատասխանատվությամբ իրականացրեց Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցման եւ գլխավոր մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները, նրան վստահվեց մայրաքաղաքի մի շարք մշակութային այլ օջախների հիմնանորոգումն ու վերակառուցումը, Արցախի նախագահական նստավայրի հիմնանորոգումը, շինություններ` Ծաղկաձորի մարզական համալիրում, եւ բոլորը` Սիսիանի գործարանում արտադրված քարով: Հենց այս օրերին նրա կողմից է ղեկավարվում Բնունիսի դպրոցի շինարարությունը: Իրականություն է դարձել Բռնակոթի դպրոցի հիմնանորոգման նախագիծը` Սոցներդրումների հիմնադրամով: Նույն դպրոցում ստեղծեց մարզում եզակիներից մեկը` էլեկտրոնային ուսուցման կաբինետ:
Եվ այդ ընթացքում, տեսնես, քանի՞ լումայով ավելացավ 1996-ից հետո յոթնապատիկ ավելացած համայնքային բյուջե ունեցող Սիսիանի մանկապարտեզի աշխատողի աշխատավարձը, քանի՞ նոր մշակութային օջախ հիմնվեց` վերանալու փոխարեն: Եվ ինչո՞ւ,  96-ի հետ համեմատած, երկրի տնտեսական անհամեմատելի առաջընթացի պայմաններում, Սիսիանի փողոցները քանդուքարափ են, Սիսիանը` ամենահետամնաց ու ամենագորշ քաղաքային համայնքը: Ինչո՞ւ է Սիսիանի քաղաքապետը այդքան հեղինակզրկված, ինչո՞ւ էին 1996-99 թ.թ.-ին մարզային բոլոր եզրափակիչ խորհրդակցությունները երկրի վարչապետն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները ամփոփում  Սիսիանի քաղաքապետարանում, իսկ հետագայում աշխատանքային այցով  համայնք այցելած վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը իր տանը Սիսիանի քաղաքապետին ոչ միայն չեն հրավիրում, այլեւ` անտեսում եւ շրջանցում են: Ինչո՞ւ: Ու` բազում նման ինչուներ, որոնց պատասխանը արդեն գիտի Սիսիանը. որովհետեւ` Սիսիանը տե՛ր չունի, Սիսիանը լիդե՛ր չունի, Սիսիանը ղեկավա՛ր չունի: Սիսիանը… անտերության է մատնված նաեւ բոլորի կողմից…

Հ. Գ. Վերադառնալով Գառնիկ Հովակիմյանին, ասենք, որ, անշուշտ, նա էլ սխալներ ունեցել է: Սխալը եւ սխալվելը մարդկային երեւույթ է, եւ որեւէ մեկը ապահովագրված չէ դրանից, ու չի սխալվում միայն նա, ով ոչինչ չի անում:
Բայց նրա կողմից կատարված ամենամեծ սխալը Աղասի Հակոբջանյանին իշխանության բերելն էր:
Հիմա`… եկել է սխալը ուղղելու ժամանակը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ


Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *