ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. ՎՈՒՐԳԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆԻՆ ՈԳԻ ԷՐ…

1511053_546309402145491_4542454998610107511_n

Հիմա թեեւ հեշտ է կյանքիս որոշ դրվագների մասին խոսելը, սակայն ամեն անգամ նոր իմաստավորմամբ եմ վերապրում դրանք: Իսկ երբ այդ անջինջ հուշերը վերաբերում են Վուրգին, բոլորիս հրամանատար Վուրգ Ոսկանյանին, ամեն վերհուշի հետ դրանք առավել սիրելի, առավել թանկ են դառնում այն ռոմանտիկ ու խռովահույզ օրերի ծալքերում…

Երկուսս էլ զինղեկ էինք դպրոցում:

1988 թվականին, երբ ազգային զարթոնքը նոր-նոր էր թափ հավաքում,   զինպատրաստականության  ղեկավարների հավաք կազմակերպվեց Երեւանում, որին մասնակցեցին նաեւ Սիսիանի դպրոցների զինղեկները: Այդ հավաքը համընկավ Ազատության հրապարակում անցկացվող հերթական ցույցին: Վուրգի նախաձեռնությամբ մենք էլ մասնակցեցինք: Ոգեւորությունն անասելի էր, ինքնաբուխ, ներսից պոռթկացող: Խառնվեցինք-տարրալուծվեցինք հրապարակը լցրած հոծ զանգվածին, գոռուն- գոչյուններով, ծափերով սատարում էինք ելույթ ունեցողներին: Հանկարծ բեմահարթակից հայտարարեցին, որ հարթակ են հրավիրում ելույթ ունենալ ցանկացողներին: Որոշեցինք, որ մենք էլ ելույթ ունենանք, և մեզ իրավունք վերապահեցինք, որ սյունեցիների անունից ելույթ ունենա Վուրգ Ոսկանյանը: Նա մոտեցավ բեմահարթակին, մի երկու խոսք փոխանակեց նախաձերնողների հետ, մոտեցավ խոսափողին: Եւ երբ հնչեց առաջին բառը՝ «ԺՈՂՈՎՈ́ՒՐԴ», ամբոխը միանգամից քար կտրեց. պատճառը նրա ազդեցիկ, խռպոտ ու խրոխտ ձայնն էր: Հիշում եմ, որ խոսեց խորհրդային ինտերնացիոնալիզմով դաստիարակված հայ մարդու՝ հայրենիքի հանդեպ անձնուրաց սիրո, սպասվելիք դժվարությունների, նույնիսկ՝  կյանքի գնով Հայաստանի, Արցախի սահմանների պաշտպանության մասին: Հետո առաջարկեց կազմավորել կամավորական ջոկատներ, անցկացնել տեսական, գործնական պարապունքներ եւ նրանց ուղարկել սահման: Լսվեցին «կեցցես, կեցցես» բացականչությունները: Խանդավառությունն այնքան մեծ էր, տպավորությունը՝ այնքան ազդու, որ Ազատության հրապարակում միանգամից ոգին բարձրացավ, եւ ամբոխի միջից սկսեցին հարցեր տալ՝ «Ախպեր ջան, կացինով կամ բահով ե՞նք կռվելու»:

Բոլորի 190418_257116631099613_1127826232_nհամար անսպասելի պատասխանեց՝ «եթե բանը հասնի դրան, կզինենք բոլորիդ»Մի պահ լռություն տրիեց,  հետո հրապարակը պայթեց  բացականչություններից:

Քիչ անց մեր խմբին մոտեցան քաղաքացիական համազգեստով երեք հոգի, շնորհավորեցին մեզ,  հետաքրքրվեցին՝  որտեղից ենք, անգամ ուզեցին իմանալ, թե  որտեղից այդքան զենք, որով կկարողանանք զինել ջոկատներինՎուրգը պատասխանեց կարճ եւ հստակ՝ «Պետք լինի, կտանք»:

Հավաքներից հետո վերադարձանք Սիսիան: Մի երկու օր հետո բոլորիս կանչեցին ժողկրթբաժին, ապա՝ ոստիկանություն: Պարզվեց, որ  քաղաքացիական հագուստով այն մարդիկ ազգային անվտանգության (КГБ) աշխատակիցներ են եղել, ձայնագրել էին մեր խոսակցությունը և ներկայացրել համապատասխան վայր…

Ժամանակները փոխվեցին, մարդիկ էլ, իրավիճակներն էլ, եւ Վուրգը տվեց իր իսկական կռիվը՝ մարտադաշտում, ոխերիմ թշնամու դեմ,  զենքով, իսկական հրամանատարի կերպարով ու ոգով…եւ անմահացավ…

Իմ հիշողության մեջ էլ մնաց նրա նկարագիրը, դիմանկարն ամբողջացնող այս լուսավոր հիշողությունը այն հեռավոր փոթորկոտ ու խռովահույզ օրերից, երբ շատերը չէին էլ կարող մտածել, որ…օրեր հետո պատերազմ էր սկսվելու…

Էսպիսին էր Վուրգը՝ հախուռն, տարերքին տրվող, բայց եւ՝ իսկական մարտիկ ու ռազմագետ: Նրա ներկայությունն ինքնին ոգի էր, ներքին հաղթանակ, վստահություն ու ինքնավստահություն…

Թռել-անցել են տարիները: Վուրգը քարեղեն կերպարով հավերժանում է մեր քաղաքում որպես ազատույթան, ոգու, հայրենանվիրումի, մարտիրոսի ու հաղթանակի սիմվոլ…

Եվ թող որ նոր սերունդներն էլ այսպես հաղորդակից լինեն նրա հզոր ոգուն ու զանգվածներ քարացնող հավերժահունչ ձայնին…

Վարդան ՄԿՐՏՉՅԱՆ
25.06.2014թ.

 

 

560 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *