ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ. ԱՓՍՈՍ ԷՐ ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ. ԱՆԵՐԸ «ԶՈՀԱԲԵՐԵՑ» ՆՐԱՆ…

23316218_1197121283765805_1381447877_n

2016 թվականի ՏԻՄ ընտրությունների անփառունակ պարտությունից հետո, թվում էր` Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, գոնե, արժանապատվորեն դուրս կգար սիսիանյան քաղաքական դաշտից, եւ, ինչպես ինքն էր ասել` ոչ ապրուստի խնդիր ուներ, ոչ` փողի, կվայելեր Շաքեի ջրվեժում ոտը ոտի վրա գցելու եւ կոֆե խմելու հաճույքը: Բայց միայն` թվում էր… Մեկ անգամ արդեն Սիսիանի քաղաքապետի «աթոռի համը» տեսած մարդը, ով էս աշխարհում ներկայանալի լինելու ուրիշ այցեքարտ այդպես էլ չունեցավ, եւ` չուներ, աթոռազրկվելուց հետո, անգամ` Շաքեի ջրվեժից հարահոս թափվող փողերի պարագայում, չկարողացավ մնալ «գրաված բարձունքում», քանի որ այնտեղ էր հասել ուրիշի թեւերով: Ինքն էլ զգալով, որ «ոչ մեկն է» առանց աթոռի, փառամոլ եւ ինքնասիրահարված մարդը փորձեց շատ արագ «ռեաբիլիտացվել» որպես քաղաքական ֆիգուր…եւ 2017-ի ԱԺ ընտրությունների ժամանակ հայտարարեց իր հեռահար` խոշորացվայծ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու մասին: Շատերը հեգնանքով վերաբերվեցին այդ հայտարարությանը: Սակայն` իզուր… Նրա մոլեգին տենդը դեպի աթոռ այս անգամ «վիրավոր գազանի» մոլուցքի էր նման, ով պատրաստ էր զոհաբերել բոլորին` հանուն իր հավակնությունների, ինչպես որ` արել է միշտ: Դեռեւս պաշտոնավարման «երանելի» ժամանակներում էր հայտարարել` քանի դեռ իրենք կան, Սիսիանի քաղաքապետի աթոռը 25 տարի իրենցն է, ու հերթափոխ էին նախապատրաստում` սկզբում` փեսա Կարենին, ապա` որդի Մամիկին, մինչեւ նրա մեծանալ- սովորել-ավարտելը:9dfdb46ace06c08e86da0a111d66b803

Քաջ իմանալով նրա հավակնոտ բնույթը, որոշ մարդիկ, փոխարեն սրտացավորեն կասեցինեին նրա անպտուղ պոռթկումը դեպի աթոռ, որը «կորցրել էր» դեռեւս պաշտոնավարման առաջին իսկ տարում, «դուխ տվեցին» նրա պատրանքներին, «մարմին տվեցին» խոշորացվող համայնքի ապագա համայնքապետի սին նկրտումներին եւ նախօրոք փորձեցին գլորվող ձնագնդի էֆեկտ ստանալ… Սակայն ձնագունդն ինչքան գլորվեց, այնքան փշուր-փշուր եղավ ճանապարհին` դեռեւս տեղ չհասած… Սիսիանյան քաղաքական ընկալումներից եւ բարոյական արժեհամակարգը պահած սիսիանյան հոգեբանությունից հեռու ոմանք, սակայն, նրան անընդհատ մղեցին դեպի պայքար, դեպի ընտրություններ, դեպի միավորված համայնքի ղեկավարի աթոռ, իհարկե` իրենց շահը հետապնդելով, մոռանալով ամենակարեւորը` Սիսիանն անողոքաբար եւ անհարգալից 2016-ին արդեն մերժել էր նրան…

Բայց ահա` «Էվրիկա»… Աղասը «գտել էր» կորցրած «ամենազոր» աթոռը ետ բերելու յուրօրինակ տարբերակը` միավորված համայնքի ղեկավարի պաշտոնի համար «Ծառուկյան» դաշինքից «պոկելով» Սիսիանի քաղաքապետի պաշտոնի պայքարում ԲՀԿ անդամ Կարեն Համբարձումյանին առաջադրելու «երաշխիքը», ով ոչ ավել, ոչ պակաս` իր փեսան էր, դստեր ամուսինը: Սիսիանն իռոնիայով ընդունեց քաղաքականապես թույլ` «ֆիգուրների փոխատեղման» շախմատային այդ քայլը…

Նախընտրական շրջանում Կարեն Համբարձումյանի անունը որպես միավորված համայնքի ղեկավարի թեկնածու շրջանառելու, հնչեղացնելու համար «ընտանեկան կրուգում» «մոգոնվեց» նրանից քաղաքական կերպար, մրցակից թեկնածու «թխելու» մի գործընթաց, ինչը ի սկզբանե քննություն չբռնեց: Նախ` փորձեցին նրան ներկայացնել որպես Սիսիանի երիտասարդության թեկնածու, իբրեւ թե` նա առաջադրվում է Սիսիանի երիտասարդության խնդրանքով, բայց` չստացվեց, քանի որ Սիսիանի երիտասարդության ճնշող մեծամասնությունն արդեն հստակ գիտեր` ով է իր թեկնածուն: Ապա փորձեցին սիսիանյան հասարակական, քաղաքական, հանրային դաշտում երբեւէ աչքի չընկած 35 ամյա երիտասարդից քաղաքական գործչի կերպար սարքել, բայց Սիսիանը հասկացրեց, որ եթե աներոջ քաղաքապետության օրոք «Աղասու փեսա» լինելու հանգամանքը ինչ-որ տեղ «աշխատում էր», ապա ներկա քաղաքական զարգացումների պարագայում «Աղասու փեսա» լինելը քաղաքական կատեգորիա չէ, իսկ ԲՀԿ անդամ եւ «Ծառուկյան» դաշինքի թեկնածու լինելը դեռեւս քաղաքական գործիչ եւ Սիսիանի հավանական քաղաքապետ լինելու համար բավարար հիմք չէ: Հետո փորձեցին կուսակցական գործչի կերպար կերտել` քարոզարշավին ընտրողների հետ հանդիպումների գնալիս նրա անունը համաժամանակյա շրջանառելով Գագիկ Ծառուկյանի անվան հետ` փորձելով տպավորություն ստեղծել եւ ազդեցություն թողնել նախորդ համապետական ընտրություններում մասնավորաբար Գագիկ Ծառուկյանին ընտրողների վրա: Սակայն ստացվում էր այնպես, որ այդ հանդիպումների ժամանակ ավելի շատ հնչում էր Գագիկ Ծառուկյանի անունը, քան` Կարեն Համբարձումյանի, ու թերագնահատեցին հենց նրանց քաղաքական հոտառությունը`ստանալով Ծառուկյանին ենք ընտրո՞ւմ, թե` Կարենի՞ն հակադարձումը:

Աներոջ կողմից սարքված փեսայի ինքնաշեն «իմիջը» փրկելու համար քարոզարշավին մասնակցեցին նաեւ «Ծառուկյան» դաշինքի ԱԺ պատգամավորները, սակայն նրան քաղաքական, կուսակցական «շապիկ» կամ` «գլխարկ» հարմարեցնելու բոլոր փորձերն ապարդյուն անցան, որովհետեւ անգամ ԱԺ փոխխոսնակի հետ նախընտրական հանդիպումներն էին սակավամարդ ու առանց Ծառուկյանի քարոզարշավներին բնորոշ «դրայվի», ու նրանք էլ հասկացան, որ ընկել են Աղասու սարքած «որոգայթը», եւ վիճակը փրկելու համար ստիպված հայտարարեցին, թե քարոզարշավին շուտով միանալու է նաեւ Գագիկ Ծառուկյանը: Բայց…

Բայց Գագիկ Ծառուկյանն արդեն զգացել էր, որ իրեն չարաչար խաբել են` հրամցնելով մի կերպար, որը ոչ միայն մրցունակ չէր մրցակցի` Սիսիանի գործող քաղաքապետի հետ, այլեւ` «Ծառուկյան» դաշինքին է դրել տխուր փաստի առջեւ… ու հրաժարվել էր հետագա աջակցությունից… Հավանաբար` Գագիկ Ծառուկյանի` «առյուծի վանդակում գցելու» հնարավոր «պատժից» խուսափելու հանգամանքն էր, որ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի հայտնի դեմքերի` Երեւան վերադարձից հետո Աղասի Հակոբջանյանը, իր քաղաքական «վարժապետների» հետ միասին, ստիպված եղավ կատարել ամենաանսպասելի քայլը` նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններից օրեր առաջ` նոյեմբերի 2-ին, Կարեն Համբարձումյանի անունից տարածել աննախադեպ` քարոզարշավը դադարեցնելու մասին հայտարարությունը: Մոտ 20 տարի ընտրապայքարների մեջ «թրծված» Աղասի Հակոբջանյանի «շախմատային» քայլը մատային վերջաբան ունեցավ` ընտրություններից դեռեւս շատ առաջ կանխատեսելի ավարտով: Օդում մնացին ինչպես նրա` «Մեր խոսքը գործ է», այնպես էլ` Կարեն Համբարձումյանի` «Խոսքից գործի անցնելու ժամանակը» մեծադղորդ կարգախոսները, որովհետեւ խոսքը պիտի արժեք ու գին ունենա, որ գործ դառնա…

Մնացածն արդեն շատ տեսանելի էր. քարոզարշավը դադարեցնելու` «մեղմացուցիչ դեպք հանցանացի» տարբերակով հետագայում «հնարավորություն» տվեցին իրենց արդարանալ, որ քիչ ձայները ընտրապայքարը դադարեցնելու, քարոզարշավը չշարունակելու արդյունք է: Թող որ… Բայց հայրենի Ույծ գյուղում, սեփական` Գայի թաղամասում, աներոջ ծննդավայր Տոլորս գյուղում Կարեն Համբարձումյանը ստացել էր մրցակցից եռապատիկ պակաս վստահության քվե… Ընդհանուր առմամբ` 1922 ձայն Արթուր Սարգսյանի ստացած 10457 ձայների դիմաց: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են…

Հ.Գ. Երբ Կարեն Համբարձումյանն առաջադրվեց որպես խոշորացվող Սիսիանի համայնքի ղեկավարի թեկնածու, սիսիանցիները շատ լավ հասկացան, թե որտեղ է «թաղված շան գլուխը»: Եվ շատ արագ կրկին Սիսիանում շրջանառվեց ընդամենը մի քանի ամիս միայն «մոռացված» Սիսիանի նախկին քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի` «քցող» լինելու մասին խոսակցությունները: Ու սկսեցին թվարկել` Աղասը քցել է Շչորս Դավթյանին, Աղասը քցել է Քոչար Դավթյանին, Աղասը քցել է իր բաջանաղ Ռազմիկ Դանիելյանին, Աղասը քցել է «քաղաքական դիակից» իրեն «հարություն տված» եւ 2008-ին անհայտությունից բերած ու Սիսիանի քաղաքապետ դարձրած Գառնիկ Հովակիմյանին, Աղասը քցել է մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, Աղասը քցել է Սիսիանի նախկին ոստիկանապետ Արմեն Բեգլարյանին, Աղասը քցել է Գագիկ Ծառուկյանին, Աղասը քցել է… Բայց` ո՞ւմ չի քցել Աղասը, ով երբեւէ որեւէ կերպ առնչվել է նրան…

Ասում են` Կարեն Համբարձումյանը լավ տղա է, լավ մարդ, լավ ընկեր… Բայց Աղասը, հանուն իր հավակնությունների, զոհաբերեց նաեւ իր փեսա Կարենին, ով, ըստ լուրերի, պատրաստվում է հեռանալ երկրից: Ափսոս էր երիտասարդը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

 

3,198 դիտում

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *