…ՀԵՏՈ, ԵՐԲ ՆՐԱՆՔ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ

«Որոտան» թերթի խմբագրությունը եւ ԵԿՄ Սիսիանի բաժանմունքը համատեղ իրականացնում են «ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ» խորագրով հոդվածաշարի տպագրություն` նվիրված նրանց, ովքեր հաղթողի պատվով վերադարձան մեծ Ազատամարտից եւ այսօր ապրում են մեր կողքին, մեզ հետ շատ սովորական իրենց կյանքով ու աշխատանքով: Կարեւորելով այս նախաձեռնությունը, մեր նպատակն է նրանց կենդանության օրոք գրառել, վավերացնել այն, ինչի ականատեսն ու մասնակիցն են եղել իրենք անձամբ:
Մեր հերթական հարցազրույցը ազատամարտիկ Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ է:

-Մարիետա, երբ սկսվեց մեծ Ազատամարտը, բոլորս էինք հայրենասեր, բոլորս էինք հոգեւոր, բայց դու էիր այն եզակի կանանցից մեկը, որը հատեց «ռուբիկոնը» ու գնաց Ազատամարտի դաշտ, ինչո՞վ ես դա բացատրում, դա պատահականությո՞ւն էր, թե` օրինաչափ:
-Օրինաչա՛փ: Ես շատ եմ կարդացել: Շա՛տ: «Անիի կործանումը» կարդացել եմ 4-րդ դասարանում: Հիշողությունիցս դեպքերը, մանրամասները, թվերը ջնջվել են, բայց մնացել է նստվածքը, որ` թշնամու առաջ դուռ չեն բացի: Իմ գիտակցության, իմ ներաշխարհի, իմ աշխարհայացքի մեջ այդ գիտակցումն է գերիշխել, որն էլ ինձ դարձրել է հայրենասեր: 80-ական թվականներին, երբ շատերը գնում էին բուլղարական ավազների վրա հանգստանալու, ես երազում էի Կումայրի-Լենինականը տեսնելու մասին, երբ Կումայրի անունը քչերին էր հայտնի: Ես երազում էի Կումայրու գեղեցիկ ճարտարապետությունը տեսնել, հայ մարդու ձեռքի աշխատանքը տեսնել: Դա է ինձ հայրենասեր դարձրել:
-Այսինքն, հայրենասեր դառնում են, ոչ թե ծնվո՞ւմ:
-Անպայամա՛ն:
-Եթե այսօր այդ դաստիարակությունը չունենք, չունենք նաեւ հայրենասիրությո՞ւն:
-Այո՛: Այո՛: Հայրենիքը ինչի՞ց է սկսվում. քո բակից, քո հարեւանից, քո բարեկամից, քո հարազատից: Սրանք բոլորը հայրենիք են: Հայրենիքը սկսվում է Շաքեի ջրվեժից, էնտեղ նստել-հաց ուտելուց, հայրենիքը ջրվեժի` դեմքիդ խփող էն ցողն է: Բակում աղբի հետ խաղացող երեխան հայրենասեր չի դառնալու:
-Մի քիչ շատ չե՞ս շաբլոն ու գրքային ասում:
-Ո՛չ: Ո˜չ, ընդհակառակը: Մենք հենց այդ «գրքային» արժեքներն ենք կորցրել: Երբ որ պատուհանիցդ դուրս նայեցիր, ու հայացքդ բախվեց պատիդ տակ դրված աղբակույտերին ու աղբամաններին, երբ որ հայացքիդ հորիզոնը մեծ չեղավ, երբեք չես կարողանալու ներաշխարհ ունենալ: Իսկ ներաշխարհ չունեցող մարդը երբեք չի կարող հայրենասեր լինել: Դա բացառված է: Էսօր Խանջյան փողոցում գարաժների տեղ են տալիս: Գարաժները այդ փողոցի վրա գիտե՞ք` ինչ է նշանակում. դիմացի շենքերի երեխաների հայացքն ամեն օր պիտի հանդիպի անիվ սարքող տղամարդկանց` մինչեւ մեջքը բաց հետույքներին: Նույնն արվում է Չարենցի փողոցում: Ամեն օր հետույք տեսնող երեխան կդառնա՞ հայրենասեր, կլինի՞ ներաշխարհ ունեցող: Չի՛ դառնա: Ծաղիկը պիտի տեսնի, գեղեցիկը պիտի տեսնի, որ կարողանա ինքն իր համար ստեղծել իր ներաշխարհը, որը գունավոր պիտի լինի, տաք պիտի լինի: Սրանք չեղան, հայրենասեր չես լինելու:
Եթե զանգահարեցին ու ասացին` ընկեր քաղաքապետ, Ջրվեժը բացիր` մենք տեսնենք, էդ մարդիկ հայրենասեր չեն լինելու, որովհետեւ Ջրվեժը իրենցը չի: Ջրվեժը ջրվեժ «բացող-փակող» քաղաքապետինն էլ չի, որովհետեւ նրանը միայն Ջրվեժից թափվող փողն է: Հայրենիքը իմը չեղավ, ես չեմ գնալու այն  պաշտպանեմ, ես հայրենասեր չեմ լինելու: Այսօր հեռուստաեթերից ցուցադրում են «աստղերի» բնակարանների շքեղ զուգարանները, որն ավելի ճոխ է, քան` մարդկանց տները: Ես դեմ չեմ, թող ճոխ լինի, նրանք իրենց աշխատանքով են վաստակում այդ ճոխությունը, բայց այսօր դա դարձնել քարոզվող «արժեք» օրվա հացի կարոտ հեռուստադիտողի համար, բարոյական չէ, եւ աշխարհայացքի ու ներաշխարհի խեղում է:
-Իսկ նրանք, ովքեր գնացին հայրենիքը պաշտպանելու, բոլորը քո ասած հայրենասերնե՞րն էին:
-Բոլորը նաեւ թասիբ ունեին: Դա էլ հայրենասիրության դրսեւորման մի յուրահատուկ ձեւ է: Նրանք այն տղաներն էին, ովքեր ունեին պատվախնդրություն: Պատվախնդիր չեղար, Էնտեղ չես գնալու: Նրանք այն մարդիկ էին, որ հաղթել էին ոչ թե վախին, վախն ամեն վայրկյան կարող է լինել, այլ` մահին: Նրանք այլ կերպ չէին կարող:
-Ինչի՞ց ես ենթադրում, որ մարդիկ հիմա պատվախնդրություն չունեն եւ անհրաժեշտության դեպքում չեն գնալու Էնտեղ:2012_12
-Ասեմ. վերջերս դիմեցի մի երիտասարդի` հարցնելով, թե` մեր քաղաքում գործող աղբահանության այս եղանակը իրեն դուր գալի՞ս է, բացասական պատասխան տվեց: Խնդրեցի ստորագրել աղբահանության այդ ձեւին դեմ լինելու` Սիսիանի քաղաքապետին ուղղված դիմումի տակ, հրաժարվեց, ասելով` ինձ կկանչեն պատասխանատվության: Եւ ասողն ընդամենը 27 տարեկան երիտասարդ էր: Ես պատռեցի դիմումը: Եթե 27 տարեկան երիտասարդը չի կարող իր պարզ, հասարակ իրավունքին տեր լինել, հայրենիքին տեր կլինի՞:
Մի օր էլ մի ուսուցչուհու հարցրեցի, թե ինչպե՞ս է հանդուրժում իր պատշգամբից ընդամենը 5 մետրի վրա գտնվող աղբակույտը, ասաց` Աղասու խաթեր: Ասացի` Աղասին թող քո խաթեր աղբամաններն այստեղ չդնի, ոչ թե` դու Աղասու խաթեր հարմարվես աղբակույտերին: Մարդ մինչեւ ինքն իր խաթրը չհարգի, ուրիշի խաթրը չի կարող հարգել:
-Մարիետա Խաչատրյանն ունի՞ այդպես խիստ դատելու իրավունքը:
-Ունեմ, որովհետեւ ես իմ քաղաքը շատ եմ սիրում, եւ, կարծում եմ, բոլորն ունեն այդ իրավունքը: Այդ սերը չէ՞ր, որ մեզ մարտադաշտ տարավ, իսկ Սիսիանը մեծ հայրենիքի փոքր մասնիկն է:
-Դէ, լավ ես արել, որ գնացել ես, ինքնակամ ես գնացել, ոչ ոք քեզ չի ստիպել: Մի տեսակ չե՞ք շահարկում ձեր` կռված լինելը:
-Հասկացա ասածդ: Մի քանի տարի առաջ մտա քաղաքապետարան եւ խնդրեցի մի փոքր տարածք` առետրի կետ բացելու: Այն ժամանակվա ճարտարապետը, իրեն բնորոշ ցինիզմով ասաց` որ ազատամարտիկ ես, պիտի տարածք ստանա՞ս: Ես մինչեւ հիմա ապշում եմ, թե ինչպես նրան ոչինչ չպատասխանեցի ու լուռ հեռացա: Երեւի էդ տեսակ մարդկանց հետ ճիշտը դա էր:
Մեկ ուրիշ անգամ էլ մի կին, որ յուղարտում էր աշխատել, ասաց` Արցախի պատերազմում ժողովուրդն է հաղթել: Իհարկե՛, ժողովուրդն է հաղթել: Բայց նրան, որպես հաղթած ժողովրդի ներկայացուցիչ, հարցրեցի, թե իր նկուղում լիքը յուղի դույլերից քանի՞ գրամ յուղ է ուղարկել ճակատ, նայեց աչքերիս ու լռեց: Ժողովուրդը անդեմ հասկացություն չէ: Այն կոնկրետ մարդկանցից, անհատներից կազմված միավոր է, իսկ մարտադաշտում գնդակը խլում էր ոչ թե անդեմ «ժողովրդի» կյանքը, այլ` անհատ մարդկանց, որը մեկի հայրն էր, մեկի որդին, մեկի ամուսինը… Ես չեմ դատում այդպես դատողներին:
-Լա՛վ, Մարիետա, ինչպե՞ս եղավ, որ գնացիր մարտադաշտ:
-Ամենասկզբում էլ գնում էի Վուրգի ջոկատի մոտ, նայում էի, օգնում էի, ինչով կարող էի: Հետո տեսա, որ ես այնտեղ անելիք չունեմ, տղաները գնում էին սահմանները, կարծես վտանգավոր ոչինչ չկար: Բայց երբ առաջին 7 զոհը եղավ, ու նրանց մեջ նաեւ գործարանի իմ շատ սիրելի ընկերն էր` Ժորա Հակոբյանը, ես հասկացա, որ պիտի գնամ Էնտեղ: Եւ այլ կերպ չէր կարող լինել:
-Մարտադաշտում բոլորը զինվոր են` կին, թե` տղամարդ: Բայց կա՞ր տարբերություն, մեր տղաները քեզ խնայո՞ւմ էին որպես կին:
-Սկզբում նման բան չի եղել, ես էլ թույլ չեմ տվել: Եթե գնացել եմ, ուրեմն… Բայց հետո սկսեցին խնայել: Ու այդ պատճառով էր, որ այդ օրը այնտեղ լինելով, Քարվաճառի գրավումը չտեսա, ինչի համար շատ ափսոսում եմ: Հրամանատարը մարտից առաջ ինձ տուն ուղարկեց, ես ընդդիմացա, բայց հասկացա, որ ճիշտ չէ զինվորի համար Հրամանատարի հրամանը չկատարելը: Ողջ գիշեր, իհարկե, չքնեցի: Բլիթներ թխեցի եւ ուղարկեցի տղաներին, որ, գոնե, այդկերպ լրացնեմ իմ բացակայությունը, եւ այդկերպ նրանք զգան իմ ներկայությունն իրենց կողքին: Հաջորդ անգամ, երբ Գյուլիբերդն էինք գրավում, Հրամանատարը նորից փորձեց ինձ ետ պահել կրակի գծից, բայց թաքնվեցի: Տղաներն էլ էին ուզում, որ իրենց կողքին լինեմ: Ու ես տեսա Գյուլիբերդի գրավում: Զինվորի համար երջանկության ուրիշ ավելի մեծ պարգեւ չի կարող լինել, քան` գրոհը հաղթանակով ավարտելը եւ տարածք ազատագրելը:
-Պատերազմական դեպքերը դժվա՞ր են մոռացվում եւ հաճա՞խ են «հետապնդում» քեզ:
-Աղվանս մի բանաստեղծություն ունի` «Մենք կանգնած ենք իրար դեմ,  ու մեզանից մեկը պիտի զոհվի»: Ինքը զենքն առաջ պարզած գրոհեց,  զոհվեց մյուսը, մեր ճանապարհը բացվեց, ու մենք նետվեցինք առաջ: Նրան հերոսացրեցինք, բայց նա ասաց` դա ճակատագիր էր, որ ես նրան սպանեցի: Հաջորդ անգամ զոհը ինքը…եղավ: Դա իրական պատմություն է, ինչպե՞ս մոռանաս…
-Դու զինվոր էիր, բայց դու նաեւ կին էիր: Զինվորը եւ կինը համատեղելի՞ են:
-Մի դեպք պատմեմ. հրետանին կրակ էր թափում մեր գլխին, մենք խրամատի մեջ էինք: Նման դեպքերում ես ասում էի` մենք հող էինք ուտում: Սարսափելի չոր քամի էր: Պայուսակիցս շրթներկ հանեցի-քսեմ, որ շրթունքներս չճաքեն: Մակարյան Շահենը նկատեց եւ ասաց` դրա ժամանա՞կն է: Կատակեցի, ասելով` եթե մեռնեմ, ուզում եմ, որ սիրուն մեռել լինեմ: Կատակը, հումորը, երգը, ծիծաղը չեն լքել ինձ անգամ պատերազմի ամենածանր օրերին: Ինչ վերաբերում է քո հարցին. ես կին էի ուզում մնալ անգամ պատերազմի դաշտում: Իսկ երբ տուն էի գալիս, երբեք զինվորականի համազգեստը չէի հագնում, որ քայլեմ Սիսիանի փողոցներով, ինձ ցուցադրեմ: Ես հագնում էի կանացի զգեստ: Ես ուզում էի ապրել նաեւ մեր տղաների համար, որ նրանք հասկանային, որ իրենց կողքին կանգնած է նորմալ կին, որը սիրում է իրենց բոլորին:
-Նույն կենսախինդն էիր նաեւ պատերազմի դաշտո՞ւմ:
-Հա՛: Բաբաջանյան Վազգենը մի օր պատմում է, որ գնացել էր դիրքերը ստուգելու, տեսել է` տղաները քնած են, ասել է` Մարիետա, երգիր, թող տղերքը զարթնեն: Երգեցի: Ճուտ Արմենը զանգեց-ասաց` Մարիետա, 4 կմ հեռվից երգիդ ձայնը լսում ենք: Գիտե՞ք` դա ինչ մեծ ոգեւորություն է: Զենքին համազոր զենք են երգն ու ծիծաղը: Ոգին են:
Մի օր էլ Գորիսի տղաները մեզ օգնության էին կանչել: Ժամկետայիններ էին: Մահացու վիրավոր ունեին: Տխուր էին: Նրանցից մեկն ասաց` մորաքույր ջան, մի տխուր երգ երգիր: Ասացի` տղաս, առանց զոհի հաղթանակ չի լինում, հետո, երբ որ կգնաք ձեր ընկերոջ շիրմին, տխուր երգ կերգեք, բայց մարտի դաշտում տխուր երգ չեն երգում, իսկ էսօր ձեզ համար ուրախ երգ կերգեմ եւ երգեցի` «Ով որ քաջ է, ինչ կսպասե…»: Այդ օրը մի ահավոր ծանր օր էր, 94-ի հունվարի 26-ն էր, մինչ մենք Գորիսի տղաների մոտ էինք,  նկատեցինք, որ թուրքերի 11 տանկ գրոհում է մեր տղաների դիրքերի վրա, մենք միայն մեկ տանկ ունեինք, մե՛կ տանկ: Բայց մերոնք հաղթեցին: Մոխրոտն անգամ տանկ վերցրեց, հասկանո՞ւմ եք` տա՛նկ: Էդ ոգին էր, որ հաղթում էր:
-Ինչպե՞ս հրաժեշտ տվեցիր զենքին:
-Պատերազմն արդեն ավարտվել էր, մենք հաղթել ինք, բայց կոնկրետ քո հարցադրման հետ վատ հիշողություններ ունեմ, չեմ ցանկանա վերհիշել:
-Ափսոսանք կա՞ պատերազմի դաշտում անցկացրած տարիների համար:
-Գիտե՞ք, երբ որ մեր բանակի 20 ամյակն էր նշվում, ես շատ ուրախ էի, որովհետեւ ունենք մեր հզոր բանակը: Մենք մի տանկով էինք գնում գրոհի: Երբ որ Անկախության 20 ամյակն էինք նշում, ես շատ տխուր էի, անկախ Հայաստանում այսպես չէ, որ մարդիկ պիտի ապրեին` օրվա հացի խնդիր լուծելով: Տղաներն են անգամ գնում երկրից: Այս տարի մեր տղաներից մեկը` Արա Պետրոսյանը /Նազարը/ ընտանիքով գնաց: Էլ ետ  դառնալո՞ւ է: Մեր ոգին հիմա շատ է թուլացել, շա՛տ: Թուլացել է չլինելուց, կողքինին չտեսնելուց, միայն սեփական գրպանի մասին մտածելուց:  Մի օր Մանվելն ինձ հարցրեց` Մարիետա, էդ հաղթող տղաները կարո՞ղ են ստրուկ լինել: Ստրուկ չեն, համեստ են: Այսպես չպիտի լիներ:
-Իսկ ինչո՞ւ այդպես եղավ:
– Երբ որ մենք պատերազմում էինք, սովետի եղածն արդեն բաժանում էին:  Գիտե՞ս` իրականում ինչ ստացվեց. էն որ հոտը ետ է դառնում է˜…այսպիսի բաներ եղան: Եվ այսօր անազնիվ է, որ հայրենիք պաշտպանած ու ազատագրած տղաները պիտի օրվա հացի խնդիր լուծեն, իսկ էս հայրենիքի, էս երկրի հետ որեւէ կապ չունեցողը Շաքեի ջրվեժ «փակի»` մարդկանց զրկելով իրենց հայրենիքով զորանալու մի սիմվոլից, ինչ է թե` իր գրպանները պիտի լցնի: Դա ծանր բան է, մեծ ամոթ է:
-Այս զգացողությամբ եւ հոգեվիճակով դու նորից կգնայի՞ր մարտադաշտ, եթե…
-Մեր Փաշան որ մարտադաշտ գնաց, արդեն  60 տարեկան էր, առողջությունն էլ տեղը չէր: Գիտե՞ք` էնտեղ, որտեղ մեր տղերքն են, որտեղ նրանք կարող են լինել, ես ուղղակի չեմ կարող նրանց հետ ու նրանց կողքին չլինել: Հիմա ուղղակի չգիտեմ` ինչքանով կարող եմ պիտանի լինել:
-Լա՛վ, Մարիետա, ի՞նչ կորցրեցիր եւ ի՞նչ ձեռք բերեցիր պատերազմում:
-Շատ շատերի նման ես էլ առողջությունս կորցրեցի, բայց դա էական չէ: Ամենամեծ կորուստը ընկերներս էին: Ձեռք բերեցինք հաղթող լինելու հոգեվիճակ ու կարգավիճակ: Դա շատ կարեւոր բան է: Բայց նաեւ` դժվար ապրելու 20 տարի: Դժվար ապրելու համար 20 տարին արդեն շատ է: Ոգին տեղի է տալիս, եւ դա կորուստ է:
-Պատերազմը նաեւ ճակատագրեր խեղեց:
-Մեր Արմենին` Ասկյարին գիտեք: Ի˜նչ տղա էր, ինչքա˜ն խելացի: Ի˜նչ հետախույզ էր, ի˜նչ զինվոր, ո˜նց էր տիրապետում մերձամարտին, բայց ի՞նչ ճակատագիր ունեցավ պատերազմից հետո, ի˜նչ անհեթեթ մահով մահացավ պատերազմի դաշտում մահին հաղթած տղան: Եթե մի քիչ ուշադիր լինեինք նրա նկատմամբ, աշխատանք ունենար, մի քիչ ջերմությամբ շրջապատվեր, չանտեսվեր, «չմոռացվեր»…  Ինձ համար դա մեծ ցավ էր:
-Ի՞նչ սովորեցրեց պատերազմը:
-Մերոնք գերի էին բռնել, վիրավոր էր: Լավ էին վերաբերվում, ծխախոտ էին տալիս: Դրանից, երեւի, մարդկայնորեն շատ էր զգացվել, սկսեց լաց լինել ու շատ տխուր երգել: Մեր Ասկյարին խնդրեցի թարգմանել: Գերին երգի մեջ ասում էր` մայրի՛կ ջան, մայրի՛կ, լա՛ց եղիր ինձ համար, մեռնում եմ, մայրիկ: Հետո պատմեց, որ Սումգայիթից հետո մայրն ասել էր` աստված մեզ դրա համար կպատժի:
Պատերազմը ահավոր բան է: Մենք դեռ հաղթող կողմն ենք, որ ահավոր է, բա որքա˜ն ահավոր է պարտվող կողմի համար: Մենք գրավել էինք Ֆիզուլին եւ հաղթանակի ցնծության մեջ էինք, բայց լքված ու դատարկ տների պատերը ինձ կարծես ուտում էին: Տիրոջը կորցրած դատարկ տունը ահավոր բան է:
-Մի ողջ երկիր ենք կորցրել, բա դա ահավոր չէ՞:
-Էսօր էլ Սիսիանում դատարկ տներ կան, փակ դռներ: Իմ պատուհանից որ նայում եմ, 10 բնակարանից 6-ի լույսը մարած է, դուռը` փակ: Դա էլ է ահավոր:
-Պատերազմը որքանո՞վ անդրադարձավ քո անձնական կյանքի վրա:
-Մինչ պատերազմն էի ես արդեն իմ ճշմարտության հետ միայնակ մնացել, եւ այն որեւէ կապ չունի իմ անձնական կյանքի հետ: Ես արդեն 40 տարեկան էի, որ գնացի մարտադաշտ:
-Ես քեզ ինչքան ճանաչում եմ, հիշում են որպես «ըմբոստ», չնայած դու քեզ անհաշտ ես համարում: Դու այն ըմբոստն էիր, որ դեռեւս գործկոմի նիստերից մեկի ժամանակ հաճկատարություն անող մի տղամարդու ասացիր` «գնա` յուբկա հագիր»,  դու այն մարդն ես, որ երդվում է ոչ թե հոր, մոր, այլ` «տղերքի արեւ», դու այն ըմբոստն էիր, որ ըմբոստացար ԵԿՄ-ն պառակտել փորձողների դեմ, դու այն ըմբոստն էիր, որ ըմբոստանալով աղբահանության` իրեն չարդարացրած մեխանիզմի դեմ, Սիսիանի փողոցներով քարշ տվեցիր աղբամանը եւ գցեցիր գետը: Հիմա էլ դու այն ըմբոստն ես, ով նախաձեռնել է «Ազատություն Շաքեի ջրվեժին» ակցիան: Ո՞ւր է տանում քեզ քո անհաշտ ըմբոստությունը:
-Երեւի ես անխելքս եմ, որ մտածում եմ, որ կարելի է պատը շուռ տալ: Շատ ցավալի է գիտակցել, որ դիմացդ պատ է, իսկ երբ այն կա, ուրեմն լույսը չեմ կարող տեսնել: Ես դրա հետ չեմ հաշտվում: Չնայած հոգով դեռ չեմ ծերացել եւ հավատում եմ անգամ… հեքիաթներին:
-Ո՞վ է այսօր Սիսիանի փողոցներում քայլող 20 տարի առաջվա «խենթը»` Մարիետա Խաչատրյանը:
-Սիսիանի քաղաքացի, ով բոլորի նման ամեն օր շնչում է կամրջի մոտակայքի սպանիչ գաղջահոտը, ով ամեն օր տեսնում է օդում ծածանվող ցելոֆանի տոպրակներն ու զուգարանի թղթերը, որոնք մի օր  պիտի փաթաթվեն մեր քիթ-բերանին, ով բոլորի նման երազում է մաքուր քաղաք ու լուսավոր ապագա եւ տառապում է դրանք չտեսնելով, տառապում է փակ դռների, հանգած լույսերի համար, ով շատ է սիրում իր քաղաքը եւ ուրիշ տեղ չի կարող ապրել…

Զրուցեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *