ՀԵՐՈՍՆԵՐԸ ԵՐԿՆՔԻՑ ՉԵՆ ԸՆԿՆՈՒՄ, ՀԵՐՈՍՆԵՐԸ ԾՆՎՈՒՄ ԵՆ ԺՈՂՈՎՐԴԻՑ

Հարգելի պարոն Վահրամ Յոլչյան եւ տիկին Արշալույս Եղյան, ԼՂՀ Պաշտպանության բանակի թիվ N զորամասի հրամանատարությունը ի սրտե շնորհակալություն է հայտնում Ձեզ` Ձեր որդու` Գեւորգ Յոլչյանի լավ դաստիարակության համար, որն ազնվորեն եւ բարեխղճորեն կատարում է իր զինվորական պարտքը հայրենիքի հանդեպ: Ծառայության ընթացքում Ձեր որդին առնականացավ, հարստացավ հոգեպես, կոփվեց ֆիզիկապես եւ դարձավ մեր հայրենիքի նվիրյալ ու հավատարիմ պաշտպանը: Աշխատասիրության, ազնվության եւ մարտական ծառայության ընթացքում ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի համար Ձեր որդին արժանացավ հրամանատարության եւ ընկերների հարգանքին:
Վստահ ենք, որ Ձեր որդին այսուհետ եւս ազնվորեն ու բարեխղճորեն կկատարի իր զինվորական պարտքը, հավատարիմ կմնա Զինվորական Երդմանը եւ Կանոնադրությանը, կօգնի հրամանատարությանը զինվորական կարգապահությունն ամրապնդելու գործում:
Ցանկանում ենք Ձեզ քաջ առողջություն, երջանկություն, հաջողություններ աշխատանքում եւ անձնական կյանքում:

ՊԲ թիվ N զորամասի հրամանատար
գնդապետ Ս. Ղուկասյան
ՊԲ թիվ N զորամասի հրամանատարի
անձնակազմի հետ տարվող աշխատանքների
գծով տեղակալ փոխգնդապետ

Գ. Պետրոսյան

Սամվել Սուլեյմանյանը եւ Ջուլիետա Վարդանյանը երկար չսպասեցին Հայոց բանակում զինվորական պարտքը կատարող իրենց որդու` Արամի բարեխիղճ ծառայության մասին պատմող թիվ N զորամասից ստացված նամակի: Զորամասի առաջին ՀԴՀ հրամանատար փոխգնդապետ Ա. Ավակիմյանը եւ առաջին ՀԴՀ հրամանատարի ԱՀՏԱԳՏ մայոր Պ. Ղահրիյանը շարքային Արամ Սուլեյմանյանի ծնողներին խորին շնորհակալություն են հայտնում հայրենիքի իսկական պաշտպան դաստիարակելու, ազգային բանակին արժանի զինվոր մեծացնելու համար: Նրանք Արամի ծնողներին ուղարկած նամակում մասնավորապես նշում են. «Արամ Սուլեյմանյանը բարեխղճորեն կատարում է իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ: Իր զինվորական կոլեկտիվում վայելում է արժանի հեղինակություն, օրինակ է հանդիսանում ծառայակիցների համար: Դասակի հրամանատարի բացակայության ժամանակ բարեխղճորեն եւ հստակորեն է կատարում նրա պարտականությունները: Անթերի եւ ժամանակին կատարում է հրամանատարի բոլոր հրամանները եւ առաջադրանքները, որի համար վայելում է զորամասի սպայական անձնակազմի սերն ու հարգանքը: Իր համեստ եւ աշխույժ բնավորությամբ սիրված է նաեւ զինվորական կոլեկտիվի կողմից»: Բանակում ծառայող ո՞ր զինվորի ծնողը չի հպարտանա եւ չի ուրախանա իր որդու մասին հրամանատարության կողմից ասված այսպիսի խոսքերի համար: Անշուշտ, ուրախացել եւ երջանկացել են նաեւ Արամ Սուլեյմանյանի ծնողները, եւ նրա մայրը` Ջուլիետան, մայրական հրճվանքով ու երջանիկ ժպիտը դեմքին այս նամակը հանձնեց խմբագրությանը:
Երջանիկ է այն ծնողը, որն ունի նման զավակ, եւ պաշտպանված է այն երկիրը, որն ունի նման զինվոր:

«Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *