ՀԵՐՔՈՒՄ` ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿ ՏԱՐԻ ՀԵՏՈ

Սիսիանի գործող քաղաքապետի լիազորությունների չափազանց մեծ հավակնություններին բավականին անգրագետ ձեւով տարիներ շարունակ հագուրտ տվող «Սիսիանի Ձայն» թերթը, այս էլ քանի անգամ, ստիպված եղավ իր գրած անհեթեթությունների եւ անգրագիտությունների, չար միտումների եւ զրպարտությունների համար հերքում տպագրել նաեւ դատարանի վճռով:

Դեռեւս 2007թ.-ի հուլիսի 18-ի թիվ 13 (103) համարում հիշյալ թերթի նախկին խմբագիր Կ. Գեւորգյանը հարցազրույց էր տպագրել քաղաքագլուխ Լ. Սարգսյանի հետ, որտեղ մասնավորապես նշված է. «- Պարոն Սարգսյան… «Որոտանը» ամեն առիթ օգտագործում է` Ձեզ քննադատելու համար:
– Այդպես է, որովհետեւ չընդունվող կերպարի պատճառով Արեւհատին ազատել եմ աշխատանքից»,- երեւի ինքն իրենից չափազանց գոհ, ինքն իրենով հիացած ու անկախ թերթի խմբագրին «աշխատանքից ազատած լինելու իր հրամանի զորությունից» մեծամտացած` պատասխանել է այդպես էլ ութ տարվա մեջ  իր պաշտոնական լիազորություններին չտիրապետած Լ. Սարգսյանը: (Հիշեցնենք, որ այս հարցազրույցը տպագրվել էր Վաղատինի համայնքապետի նկատմամբ Լ. Սարգսյանի որդու կողմից կազմակերպված ետընտրական ծեծ-հաշվեհարդարի մասին տպագրված նյութերի շուրջ):
Մեր ընթերցողը` հավանաբար, իսկ Լ. Սարգսյանը` հաստատ, հիշում են, որ «Որոտան» անկախ թերթի խմբագրին «աշխատանքից ազատած լինելու» նրա` ինքնամեծար ցանկությունը շատ թանկ է նստել նրա վրա` դատարանի վճիռ` «աշխատանքից ազատած լինելու» գոյություն չունեցող հրամանի` պատշաճ կարգով վավերացված պատճեն տալ չկարողանալու անհնարինության պատճառով, ինչը նրա` պաշտոնական պարտականություններին եւ լիազորություններին չտիրապետելու հետեւանքն է: Նրա` ղեկավարի լիազորությունը կարող էր գործել եւ գործել է միայն տխրահռչակ Կ. Գեւորգյանին տպագրած անհեթեթությունների եւ հիմարությունների համար աշխատանքից ազատելով, ինչը, սակայն, «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ին եւ «Սսիանի Ձայն» թերթին չի ազատել տպագրած ստի եւ կեղծիքի համար պատասխանատվության կրումից: ՍՊԸ-ի տնօրինությունը եւ թերթը հրաժարվել էին ակնհայտ սուտը եւ կեղծիքը հերքող պահանջը տպագրելուց, հույսը դնելով, հավանաբար,  Լավրենտ Սարգսյանի պաշտոնական դիրքի հնարավորությունների վրա: Բայց ասենք, որ ոչ միշտ են հնարավորություններն ու ցանկությունները համատեղելի: Եվ երբ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը (Գորիսի նստավայր)  2007թ.-ի դեկտեմբերի 18-ին կայացրած վճռով մերժել էր մեր հայցը` հերքում տպագրելու մեր պահանջը «անհիմն» համարելով, ստիպված եղանք ՀՀ վերաքննիչ դատարանին ներկայացնել վերաքննիչ բողոք, նշելով, որ մարզային դատարանը իր վճիռը կայացրել է նյութական նորմերի խախտումներով:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2008թ.- հունիսի 5-ի որոշմամբ բավարարել է մեր հայցը` բեկանելով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը, եւ գործն ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության, որը, 2008թ.-ի օգոստոսի 8-ի Կապանի նստավայրում նշանակված դատական նիստում քննելով հայցը, օգոստոսի 22-ին կայացրած վճռով բավարարել է այն` պահանջելով «Սիսիանի լրատու» ՍՊԸ-ին եւ «Սիսիանի ձայն» թերթին հերքելու 2007թ.-ի հուլիսի 18-ի թիվ 13(103) համարում տպագրված` «Լ. Սարգսյանի կողմից «Որոտան» թերթի խմբագրին «աշխատանքից ազատած լինելու» ակնհայտ սուտ եւ կեղծ տեղեկությունը, գործարար համբավը վիրավորող զրպարտությունը` այն զետեղելով «Հերքում» խորագրի ներքո, տպագրելով նաեւ հերքում պահանջողի պատասխանը:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում ստիպված կլինեն այն կատարել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:

Հ. Գ. Այսպիսի բաներ, սիրելի ընթերցող: Ապավինելով քեզ` հայցում եմ քո ներողամտությունը` քեզ պարտադրելով ընթերցողը լինելու, ինչպես իրենք են ասում, «երկու թերթի կռվի» հերթական մի պատմության: Սակայն վստահ եմ, որ ինքդ նույնպես համոզված ես, որ «Որոտանը» «կռիվ» չունի եւ չի կարող ունենալ օրապակաս, դատարաններից ձեռ չքաշող, զրպարտությունների, ստերի համար քանիցս հերքում տպագրած թերթի եւ նրա հովանավորների ու տնօրենների հետ: Սա նրանց անզորության փաստարկն է «Որոտանի» սուր, ըմբոստ եւ համարձակ, քաղաքապետի անօրինականություններն ու ալան-թալանը բացահայտող մեր հրապարակումների համար: Մյուս կողմից` հասկացնելու, որ լրատվամիջոցը ընտանեկան կենացների տեղ չէ:

Հարգանքով` «Որոտան»

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *