ՀԻՄԱ, ՑԱՎՈՔ, Ո՛Չ ՈՂՋԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՆ ՆՈՐՄԱԼ ԽՈՍՈՒՄ, Ո՛Չ` ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ

ԵԿՄ Սիսիանի կառույցի գործունեությանը մեր անդրադարձը պայմանավորեցինք Արայիկ Վարդանյանի` կառույցի նախագահ ընտրվելու մեկամյա աշխատանքին անդրադառնալու, մեկ անգամ եւս մայիսյան տոների մասին խոսելու եւ խորհելու, երեկվա եւ այսօրվա արժեքները ընկալելու, հայրենիքի երեկվա պաշտպանների նկատմամբ հանրային գիտակցության այսօրվա վերաբերմունքի պատճառներին անդրադառնալու մտադրությամբ:

-Պարո՛ն Վարդանյան, որպես ԵԿՄ Սիսիանի խորհրդի նախագահ, ի՞նչ եք արել այդ պաշտոնում ընտրվելուց հետո:
– ԵԿՄ-ի համար շատ կարեւոր են ստեղծված ավանդույթները պահպանելը եւ նոր ավանդույթներ հիմնավորելը: Վերականգնել ենք ԵԿՄ-ի` պատանեկան եւ երիտասարդական թեւերի գործունեությունը, համալրել, ակտիվացրել շարքերը: Այսօր ունենք 87 պատանի եւ երիտասարդ եկմական: Երիտասարդ եկմականների հետ աշխատանքն իրականացնում է Արա Խաչատրյանը, պատանիների հետ` Արսեն Ավագյանը: Պարապմունքներ ենք անցկացնում հրաձգարանում, ծանոթացնում ենք զենքին, նրա կիրառման կանոններին, հանդիպումներ ենք կազմակերպում դպրոցների, գյուղաբնակ երիտասարդների եւ պատանիների հետ, ինչը բնավ էլ ինքնանպատակ չէ: Նոր սերնդի հետ տարվող աշխատանքը կարեւորում ենք նրանով, որ մեզ արժանի փոխարինողներ նախապատրաստենք, նրաց փոխանցենք մեր փորձը, մեր տեսածը, մեր ապրածը, որ անհրաժեշտության դեպքում նրանք թե՛ հոգեպես, թե՛ գործնականում պատրաստ լինեն զենք վերցնել: Մեր սերունդն էլ զենք վերցրեց հանուն հայրենիքի, բայց` սկզբում գուցե եւ տարերքով, այդ հետո գիտակցություն դարձավ, թե ինչի համար էր: Իսկ եթե մենք էլ նախապատրաստված լինեինք, զոհերն ավելի քիչ կլինեին իրականում: Եղել է, որ զենքին չտիրապետելու պատճառով յուրայինի վրա էլ ենք կրակել: Կարծում եմ` այս պատանիների եւ երիտասարդների հետ նման բան չի պատահի: Ուրախալի է, որ կան նաեւ աղջիկներ: Մյուս կողմից` այս պատանիները բանակում ծառայության անցնելիս արդեն բավականին տիրապետած կլինեն զենքին:
Այս ընթացքում մասնակիորեն վերանորգել ենք ԵԿՄ գրասենյակը: Խորհրդի նիստերի անցկացումը դարձել է պարտադիր, եւ որեւէ հարց առանց խորհրդի քննարկման չի որոշվում: Նման քննարկման արդյունքում է, որ մերժվել է ԵԿՄ անդամ չհանդիսացող Աղասի Հակոբջանյանի անդամությունը խորհրդի կազմում, հաճախակի բացակայությունների համար դադարեցվել է Արմեն Հայրապետյանի անդամությունը:
– Տպավորություն կար, կամ` գուցե այդպես էր, որ ԵԿՄ Սիսիանի կառույցում ներքին տարաձայնություններ, անհամաձայնություններ կային: Վիճակն ինչպիսի՞ն է հիմա:
– Այո, տարաձայնություններ եղել են: Բայց տղաներն ավելի շատ երկրից էին նեղացած, վիրավորված: Ոմանց էլ թվացել է, որ եթե կրակել են, դրա դիմաց փոխհատուցում պիտի լինի: Բայց իրենք իրենց պարտքն են կատարել: Կամաց կամաց այդ նեղացածությունը, վիրավորվածությունը հաղթահարվում է, եւ ԵԿՄ-ից հեռացած շատերը, նաեւ` «Ոգու փորձությանը» անդամագրվածներից շատերը կրկին վերադառնում են ԵԿՄ, որովհետեւ երկիրը պահող զինվորի գիտակցությամբ են նրանք գնացել գոյամարտի, ոչ թե` հաշվարկով: Իրենք են իրենց ճանապարհն ընտրել, ոչ ոք նրանց չի ստիպել: Մյուս կողմից էլ` պատմությունը ցույց է տվել, որ պատերազմի մասնակցած ոչ մի զինվոր խաղաղության ժամանակ նորմալ չի ապրել: Երե նյութապես ապահով են եղել, հոգեպես են անհանգիստ ու անկայուն եղել: Շատերը նույնիսկ պատերազմի ժամանակ չկրակեցին էլ, բայց այսօր ապահով էլ ապրում են, շատերը ընդամենը եռամսյա հավաքների մասնակցեցին, այն էլ` զոռով, բայց այսօր կամավոր կռվածների հետ նույն` Արցախայն պատերազմի վետերանի կարգավիճակն ունեն, նույն անդամատոմսը, նույն պետական պարգեւները: Գուցե մենք ենք մեղավոր, որ թացը չորի հետ խառնվել է: Մենք մեր մեջ անգամ ամաչում ենք նրանց փոխարեն, երբ նրանց կրծքին էլ տեսնում ենք նույն շքանշաններն ու մեդալները, ինչ որ` պատերազմում 4 տարի կռվածների:
– Բայց ո՞ւմ եք մեղադրում դրա համար: Չ՞է որ Դուք եք ներկայացնում պետական պարգեւների:
– Ոչ միայն` մենք: Ներկայացնում են նաեւ զինկոմիսարիատը, զորամասը: 420 վետերան ունենք, բայց կազմված է 500 մարդու ցուցակ: Որտեղի՞ց այդ թիվը: Պատերազմական տարիներին զինկոմիսարիատը ցուցակներում գրել է նաեւ այնպիսի մարդկանց անուններ, ովքեր պատերազմի հետ ոչ մի կապ, ոչ մի առնչություն չեն ունեցել, կռվի երես չեն տեսել: Նեղացածությունը նաեւ այդտեղից է:
-Իսկ ի՞նչ սկզբունքով եք ներկայացնում պետական պարգեւի: Մեկը, գուցե, մի քանի մեդալ ու շքանշան ստանա, մյուսը` ոչ մի: Դա նեղացածության առիթ չէ՞:
– Հաշվի ենք առնում նախ կատարած, մատուցած ծառայությունը, այնպես ենք անում, որ պարգեւները չկրկնվեն:
– Բայց որքան գիտեմ, Ֆելիքս Գրիգորյանը ( Հոպարը ) ետ է վերադարձրել իր պարգեւները: Ինչո՞վ եք բացատրում:  Նման քայլ կատարում են թերեւս ծայրահեղ դեպքերում եւ ծայրահեղ պատճառներով, ինչպես, ասենք, բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը ետ վերադարձրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից ստացած պարգեւները` 2006-ի ապրիլյան դեպքերից հետո, Վախթանգ Կիկաբիձեն` ՌԴ նախագահ Պուտինից ստացած պարգեւները` Ռուսաստանի` Վրաստանի հետ պատերազմից հետո: Այս դեպքում` ինչո՞ւ:
– Ես չեմ կարող ասել, թե` ինչու: ճիշտ կլինի` իրեն հարցնեք: Բայց ինքն էլ է ասում, որ եթե ամեն անարժան այդ մեդալներից ունի, ինքը չի կարող կրել պետական այն նույն պարգեւները, ինչ որ` նրանք: Նրա տարիքն արդեն  առաջացած էր, երբ սկսվեց արցախյան ազատամարտը, բայց նա ակտիվորեն մասնակցում էր եւ թիկունքի կազմակերպական գործերին, եւ մասնակցություն է ունեցել մարտական գործողություններին:
-Իսկ ցանկացած ոք կարո՞ղ է ստանալ ԵԿՄ անդամատոմս:  2011_39
– Դէ` ոչ ցանկաված ոք: Մեր կանոնադրությունը թույլ է տալիս, որ եթե պատերազմին չի մասնակցել, բայց մեծ աջակցություն է ցուցաբերել, կարող է եւ ստանալ ԵԿՄ անդամատոմս:
– Ի՞նչ խնդիրներ ունի ԵԿՄ-ն:
– Բազմաթի՛վ: Նախ` ֆինանսական: Չենք կարողանում ըստ արժանվույն օգնել զոհված եւ վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին: Օգնության նամակներով դիմել ենք շատ շատերին: Բայց մուրացկանությամբ էլ մարդ չես պահի: Ի վերջո, նրանք արժանի էլ չեն այդ վերաբերմունքին: Նրանք նաեւ կարիք ունեն մարդկային լավ վերաբերմունքի:
Ճշգրտման կարիք ունի 1988-1994 թ.թ.-ի մարտական գործողությունների մասնակիցների ցուցակը, իրականում այդ ցուցակներում կան մարդիկ, ովքեր պատահական են հայտնվել:
– Պարո՛ն Վարդանյան, մեր հանրության` սկզբնական շրջանի ակնածանքը, հիացմունքը, խոնարհումը արցախյան պատերազմի վետերանների նկատմամբ կարծես այլեւս այն չէ, փոխվում է ոչ հարգալից վերաբերմունքի: Ինչո՞ւ:
– Հիմա, ցավոք, ո՛չ ողջերի մասին են նորմալ խոսում, ո՛չ` նահատակների: Իսկ ում բախտը բերել է` չի զոհվել, եւ կարողացել է ետպատերազմյան տարիներին ինչ-որ բանի հասնել, չի «ներվում» նրան, որ չի զոհվել: Դժվարն այն է, որ մեկը սայթաքի: Անմիջապես թիրախ է դառնում: Օրինակը` Աշոտ Մինասյանը: Չխնայվեց անգամ նրա մեծ կորուստը, մեծ ցավը: Նրա նման ճանապարհ անցած մարդը, գուցե եւ արդեն հոգեպես խաթարված, «չներվեց»: Քրիստոսին խաչեցին, Աշոտն ով է, որ չանեին: Ցավում եմ, որ այդպես է: Պառճառը, կարծում եմ, նախանձն է: Նման մարդկանց վարկաբեկում են, որ իրենք առաջ գնան: Լուրջ քաղաքական խաղ է, որը ես չեմ հասկանում, բայց` ցավը հասկանում եմ: Երեւի Աղվանը քիչ էր, Աշոտին էլ էին ուզում: Ով է արել, ով չի արել, հիմա էական չի, ցավալին այն է, որ արվել է: Մտածում եմ, որ ցանկացածիս հետ էլ կարող էր նույն բանը պատահել, եւ ուզում եմ հավատալ, որ այս օրինակով երկրապահը ավելի կհամախմբվի, որովհետեւ ոչ ոք մեր ցավը, մեր կորուստը այնպես չի կարող հասկանալ, ինչպես որ` մենք, քանի որ այն մենք ենք ապրել մեր մաշկի վրա: Մենք Սիսիանի անունն ենք պահել, նրանք Սիսիանի մարտական փառավոր անունը ոտնատակ տվեցին: Մեզնով են պատերազմական տարիներին Սիսիանը ճանաչել ու գնահատել: Ասում են` շահ եք ունեցել, որ գնացել եք: Մեռնելու շահը ո՞րն է:
Հանրային վերաբերմունքն է փոխվել դեպի վատը թե մեր հաղթանակի, թե` զոհերի, թե, առավել եւս, ողջ մնացածների հանդեպ: Իսկ եթե ինչ-որ բան էլ արվում է, ձեւական է արվում:
-Մեծ հայրենականի վետերանների մասին հիմա, թերեւս, ավելի ակնածանքով, մեծարանքով են խոսում եւ վերաբերվում, քան` արցախյան պատերազմի:
– Մեծ հայրենականից հետո էլ շատերին աքսորեցին, հետապնդեցին, հալածեցին: Հետո, շատ հետո սկսեցին արժեւորել եւ գնահատել նրանց ու նրանց արածը, երբ այլեւս նրանք չկային: Նույնը եւ արցախյան պատերազմի վետերանների նկատմամբ է կատարվում: Նրանք կանցնեն, կգնան, տարիները կանցնեն, հետո նոր կսկսեն արժեւորել, գնահատել, խոնարհվել: Եթե պատմությունն էլ արդարացիորեն չուսումնասիրվի ու չգնահատվի, աստված չանի, եթե ազատագրված տարածքներն էլ ետ տալու խնդիր լինի, չի բացառվում, որ մեզ անգամ ազգի դավաճան հանեն: Այդպես է: Այդպես էր Նժդեհի հետ: Նժդեհը Սյունիքով ու Զանգեզուրով էր հայոց պետականությունը պահում, Անդրանիկը Զաբուղի կռվից հետո է հայտարարել, որ եթե այս զորքը ա՛յն ժամանակ ունենար, նկատի ուներ Սիսիանի ջոկատները, հիմա Արեւմտյան Հայաստանում կկռվեի: Սիսիանի մարտական ոգին միայն այսպես կարող են ջարդել` իր հրամանատարին ջարդելով: Ցեցը ներսից է: Հրամանատար Վուրգին էլ մենակ թողեցին մարտի դաշտում:
Մենք մեր պատանի եւ երիտասարդ եկմականներին սովորեցնում ենք, որ հրամանատարին չի կարելի մենակ թողնել մարտի դաշտում: Ետպատերամզյան դաշտն էլ մարտադաշտ է:
-Պատմության մեջ պատահականություններ չեն լինում. Մայիսի 9-ը մեզ համար եռատոն է` Մեծ հայրենականի հաղթանակ, Շուշիի ազատագրում, երկրապահի օր: Ո՞րն է եռատոնի խորհուդը:
– Երբ Մեծ հայրենականի վետերանները, կրծքները շքանշաններով ու մեդալներով զարդարված, դպրոցում հանդիպում էին մեզ` աշակերտներիս հետ եւ զրուցում, պատմում պատերազմից, դասերից հետո գնում էինք կռիվ-կռիվ էինք խաղում: Գիտակցությունը այդպես է փոխանցվում` հայրենիքի, ինքնապաշտպանության, կորցրած տարածքները ետ բերելու գիտակցությունը: Մենք նրանց հետնորդն ենք: Մեզանից հետո եկողների համար մենք ենք հետնորդ լինելու: ԵԿՄ-ի պատանեկան եւ երիտասարդական թեւերի ստեղծումը հիմնականում հետապնդել է հենց այդ նպատակը` երկիրը պահելու ժառանգության փոխանցման գիտակցումը:
Ինչ վերաբերում է Մայիսի 9-ի խորհուրդներին. չնայած Շուշիի ազատագրման մարտական գործողություններին մասնակցել է մեր մարտական ուժի ընդամենը մեկ տոկոսը, բայց այն մեր առաջին հաղթանակն էր, պատերազմի մեջ գտնվող բանակը առաջին անգամ ճաշակեց հաղթանակի համը եւ հասկացավ, որ կարելի է հաղթել նաեւ անհավասար ուժերի պայմաններում անգամ եւ հաղթեց: Կամքի հզոր ուժ տվեց այդ հաղթանակը` փոխանցվելով ողջ ճակատով:
-Արժեքների անկումից ենք խոսում, ճիշտ չգնահատվելուց, պատերազմ հաղթած զինվորին անտեսելուց, պատերազմ հաղթած հրամանատարին «մարդկային թուլությունների» համար չներելուց, ոմանց` բանտարկելուց, նման իրողություններին ականատես սերունդը ինչպե՞ս պիտի հավատա Ձեր ասած` երկիրը պահելու գիտակցության ժառանգության փոխանցմանը եւ կկարողանա՞ դառնալ դրա կրողը:
– Պատերազմներից հետո միշտ էլ այդպես է եղել: Իսկ պատերազմները, յուրաքանչյուր 100 տարին մեկ, անխուսափելի են: Բայց միշտ էլ պատերազմի հերոսներ ծնվել ու ծնվելու են: Քանի դեռ մեր ազգային խնդիրները լուծված չեն, պատերազմին պիտի միշտ պատրաստ լինենք: Կցանկանայի, սակայն, որ եթե այն լինելու է, մեր սերնդի օրոք լինի, որ նոր սերունդը չանցնի այն նույն ճանապարհը, ինչ` մենք ենք անցել, չտա այնքան զոհ, որքան մենք տվեցինք: Նոր սերնդի համար այն գուցե եւ դաժան իրողություն լինի, ինչպես սկզբում մեզ համար էր, հիմա այդ ճանապարհը մեզ համար ծանոթ ու անցած ճանապարհ է: Բայց կա նաեւ հայտնի ճշմարտությունը. եթե պատերազմ ես գնում, որ զոհվես, չես զոհվում, եթե գնում ես թաքնվելու ու վախենում ես…
Մեր ազատամարտի եւ Մեծ հայրենականի Մայիսի 9-ի խորհուրդն այն է, որ «եթե նորից սրով բարձրանան, Մայիսի 9-ով պիտի վերջանան»:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *