ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԱՎԱԳ ԴՊՐՈՑԸ

ՀՀ կառավարության ֆինանսավորմանբ, ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվերով իրականացվում է Սիսիանի ավագ դպրոցի հիմնանորոգումը, որի համար պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 110 մլն դրամ: Ինչպես մեզ հետ զրույցում նշում է ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանը, աշխատանքներն իրականացնելու ժամանակ ի հայտ են եկել նոր հիմնախնդիրներ, որոնք նախագծում ներառված չեն եղել, ուստի հիմնանորոգումը պաշաճ կատարելու համար լրացուցիչ ֆինանսավորման խնդիր է առաջացել, ինչը կավելացվի:

Հիմնանորոգումն իրականացնում է «Հարսնաքար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (տնօրեն` Վարդան Միրզոյան): Այն ավարտելու համար նախատեսված է հնգամսյա ժամկետ:
«Քանի որ ավագ դպրոցի շենքը կառուցվել է 1936 թ.-ին եւ եղել է Սիսիանի առաջին դպրոցը, հիմնանորոգումից բացի իրականացվում է նաեւ շենքի ամրացում` 9 բալանոց սեյսմակայունության պահանջներով, հին մասնաշենքի առաստաղի փայտածածկը կփոխարինվի բետոնածածկով: Հիմնանորոգմանը զուգահեռ` շենքային պայմանները, ըստ նախագծի, հարմարեցվում են ավագ դպրոցի պահանջներին: Լաբորատոր կաբինետները կպահպանվեն, իսկ դասասենյակները կհամապատասխանեցվեն 15-20 աշակերտ տեղով դասասենյակներին»,-ասում է Նաիրա Ներսիսյանն ու ավելացնում, որ դպրոցի շենքը մասնակի վերանորոգվել է միայն 2000 թ.-ին, հիմնանորոգմամբ նախատեսված է նաեւ մարզադահլիճի հատակի փոխումը, պարսպի բարձրացումն ու ամրացումը, մուտքի դարպասների փոխումն ու նորացումը:
Հիմնանորոգմանը զուգահեռ ավագ դպրոցում ընթանում են նաեւ դպրոցի ընդունելության աշխատանքները: Կազմակերպական առումով այն լրացուցիչ դժվարություն է հարուցել, քանի որ, զրկված լինելով աշխատանքային նորմալ պայմաններից, դրանք ընթանում են քաղաքապետարանի դահլիճում: Նախնական տվյալներով նոր ուսումնական տարին ավագ դպրոցում կդիմավորի 170 նոր աշակերտ:
Կհասցնե՞ն մինչեւ սեպտեմբերի 1 ավարտել հիմնանորոգումը մեր հարցին Նաիրա Ներսիսյանը պատասխանեց. «Քանի որ շենքի ամրացման հարցերն առաջացան եւ փոփոխություններ կատարվեցին նախագծում, աշխատանքների ավարտը, թերեւս, կուշանա: Բայց շինարարները խոստացել են անել ամեն ինչ, որ ավագ դպրոցի սաները սեպտեմբերի 1-ը դիմավորեն հիմնանորոգված մասնաշենքում: Ինչ վերաբերում է հիմնական եւ տարրական դպրոցներին, նրանք ուսումնական տարին կդիմավորեն ոչ թե դպրոցում, այլ` հարմարեցված շենքում: Մեզ առայժմ առաջարկվել է Սիսիանի` արդեն փակված հումանիտար քոլեջի շենքը: Թեեւ քոլեջի շենքային պայմանները բավարար չեն ուսումնական պրոցեսների համար, բայց կանենք հնարավոր ամեն ինչ, որ դրանից ուսման որակը չտուժի: Մի քիչ ավելի դժվար կլինի տարրական դասարանների համար: Բանակցում ենք` հնարավոր առավել լավ ու արդյունավետ լուծում գտնելու համար»:
Հիմնանորոգման որակի մասին դպրոցի տնօրենն ասաց, որ այն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է, քանի որ, ի վերջո, տանտերն իրենք են եւ իրենք են ավելի շահագրգռված որակով:
Նաիրա Ներսիսյանը հույս հայտնեց, որ հիմնանորոգված, հաճելի ու տրամադրող դասասենյակներն ավելի կնպաստեն ուսումնական գործընթացներն առավել արդյունավետ ու առավել ջանադրությամբ իրականացնելու համար:

Սեփ. լրատվություն

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *