ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՍԱՀՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ ՏԱՆՈՂ` ՁՈՐԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրով մեկնարկել են Շամբի խաչմերուկ – Շենաթաղ տանող` 13,800 մետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման եւ ասֆալտապատման աշխատանքները: Պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է: Ծրագրի 80 %ը ֆինանսավորվում է համաշխարհային բանկի կողմից, 20 %ը` ՀՀ պետական բյուջեի: Ծրագրի պայմանագրային արժեքը 1 միլիարդ 291 միլիոն դրամ է: Կենսական նշանակության ճանապարհն անցնում է Ձորերի ենթաշրջանի` Դարբաս, Գետաթաղ, Լոր, Շենաթաղ բնակավայրերի միջով, ինչն, իսկապես, այս գյուղերի համար ունի կենսական նշանակություն: Այստեղ է գտնվում նաեւ բանաստեղծ Համո Սահյանի տուն-թանգարանը, եւ վատթարագույն ճանապարհների պատճառով շատ ու շատ զբոսաշրջիկներ խուսափում են կտրել-անցնել այն: Ծրագիրն իրականացնում է «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ն: Նախատեսված է ավարտել ընթացիկ տարեվերջին:

Կազմակերպության տնօրեն Էրիկ Պողոսյանը նշեց, որ եղանակային բարենպաստ պայմանները հնարավորում են մեկնարկել ծրագիրը, եւ արդեն սկսվել են հողային աշխատանքները: Տնօրենի խոսքով` ծրագրի մեջ է նաեւ վերը նշված գյուղերի` դպրոցներ տանող ճանապարհահատվածների ասֆալտապատումը, մայթերի եւ ջրահեռացման համակարգերի կառուցումը:

Էրիկ Պողոսյանը նշեց, որ ճանապարհի հիմնանորոգման եւ ասֆալտապատման աշխատանքներում ընդգրկված է մոտ 80 մարդ, ներգրավված է ավելի քան 30 միավոր տեխնիկա:

Խոսելով ծրագրի խնդիրների եւ խոչընդոտների մասին, ընկերության տնօրենը նշեց, որ միակ խնդիրն այն է, որ ճանապարհի ասֆալտապատման ծածկի լայնությունը, ըստ նախագծի, 4,5 մետր է, մինչդեռ անխափան երթեւեկության համար պահանջվում է 6 մետր: «Հարցը լուծելու խնդրանքով դիմել ենք պատվիրատուին եւ ակնկալում ենք դրական պատասխան»,- ասաց Էրիկ Պողոսյանը:

Սեփական լրատվություն

3 մեկնաբանություն ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՍԱՀՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ ՏԱՆՈՂ` ՁՈՐԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ հոդվածին

  1. Բա ո՞նց անենք, որ մի բանաստեղծ էլ Մուցք(Բարձրավան,Մազրա) գյուղում ծնվի…

  2. Ողջունելի նախաձեռնություն է, հրատապ լուծում պահանջող:

  3. Երբ երեկ այս լուրը լսեցի մորս շուրթերից,ձայնի մեջ այնքան հույս կար ու այնպիսի նրբերանգ,որ էլ վատթարագույն ճանապարհները պատճառ չեն կարողանալու դառնալ մեր ցանկություններին❤️☀️🌺🕊️

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *