ՀՀԿ-Ն ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ՉԱՌԱՋԱԴՐԵՑ

ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ – 2012


Թե ինչու ՀՀԿ-ն Սիսիանի քաղաքապետի ընտրապայքարում թեկնածություն չառաջադրեց, դեռեւս շատ կքննարկվի` լուրջ խորհելու տեղիք տալով հատկապես սիսիանցիներին: Բայց մի բան, այնուամենայնիվ, ակնհայտ է. որպես քաղաքական առեւտրի հետեւանք` այն կանաչ լույս էր մասնավորապես Աղասի Հակոբջանյանի ճանապարհին: Սակայն…

Սակայն եթե ՀՀԿ-ն թեկնածություն չառաջադրեց, բոլորովին չի նշանակում, թե` սատարում է Աղասուն, իսկ Սիսիանի հհկ-ականների «ուշքն էլ գնում է» նրան պաշտպանելու համար: Ընդհակառակը, պայքարի ճանապարհից ՀՀԿ-ին հեռացնելը, այս ձեւով նրան Սիսիանում վերջնականապես հեղինակազրկման տանելը եւ «ձայնազուրկ անելը» 30-ական թվականների քաղաքական, բարոյահոգեբանական անվստահության մթնոլորտ է ստեղծել Սիսիանում:
Մյուս կողմից` սիսիանցիները բոլորովին էլ համաձայն չեն Աղասուն այդքան հեշտ ու հանգիստ դեպի քաղաքապետի աթոռ, «պրախոդ տալու» մտքի հետ եւ առավել խորշանքով ու անհարգալից վերաբերմունքով են լցվել միշտ միայն «կրիշաներով» իր համար ճանապարհ հարթած ու հարթել փորձող Աղասու հանդեպ, ով, ի շահ իրեն օգտագործելով ՀՀԿ թեկնածություն չառաջադրելու հանգամանքը, ընտրողների շրջանում հայտարարում է երկրի իշխանությունների` իրեն սատարելու մասին անլուրջ խոսակցությունները` գոյություն չունեցող իր «քաղաքական կշիռը բարձրացնելու» նպատակով: Սյս երեւույթը նրա հանդեպ մեծ դիմադրություն է առաջացրել սիսիանցիների մեջ` վերջապես Սիսիանը նրա ասպատակություններից փրկելու առումով:
Սիսիանի համայնքապետի պաշտոնի համար Աղասի Հակոբջանյանից բացի առաջադրվել են նաեւ Տիգրան Լեգդարի Պողոսյանը, Մհեր Վիլիկի Ազոյանը, Հրաչ Նիկոլայի Խաչատրյանը եւ Գեւորգ Շուրայի Բեգյանը:
Տիգրան Պողոսյանը, լինելով ՀՅԴ անդամ, քաղաքական պայքարի է գնում ինքնաառաջադրմամբ, ինչը խոսում է նրա` կուսակցականությունից վեր կանգնելու մասին: Իսկ Աղասի Հակոբջանյանը, որ ընտրապայքարի է գնում ԲՀԿ հովանու ներքո, մեկ անգամ եւս վկայում է, որ հանրությանը ներկայանալու եւ իրեն արժեւորելու որեւէ այլ արժանիք չունի, բացի` ԲՀԿ-ական լինելուց: Սա էլ քննության չդիմացող «արժանիք է», քանի որ բոլորովին չի նշանակում, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի` ժողովրդական համակրանքը սիսիանցիները հալած յուղի տեղ պիտի տարածեն նաեւ Աղասու վրա միայն նրա համար, որ նա այդ կուսակցության անդամ է: Մյուս կողմից` չմոռանանք, որ, որքան էլ Գ. Ծառուկյանը համակրանք է վայելում, նա Սիսիանի ընտրող չէ, եւ սիսիանցին է, որ ապրում է Աղասու օրոք քանդուքարափ արված Սիսիանում, եւ իրենն է իր համայնքի ղեկավար ընտրելու վերջին խոսքը:
Այժմ` մեկ այլ, ոչ պակաս տրագիկ իրողության մասին, որ սիսիանյան քաղաքական դաշտ է «ներմուծել» Աղասի Հակոբջանյանը` համայնքի ղեկավարի ընտրապայքարում:
Առաջադրված թեկնածությունների մեջ միանգամից իր վրա  ուշադրություն է հրավիրում Գեւորգ Բեգյանի ինքնաառաջադրման հանգամանքը: Նրա աշխատանքային վայրի մասին սյունակում գրված է` քաղաքապետարանի տնտեսվար:
Միանշանակ պարզ է, որ նա ինքնաբացարկ կհայտնի, եւ ձեւական առաջադրում է Աղասի Հակոբջանյանի կողմից` մի քանի նպատակներով, որից, թերեւս, ամենահավանականը նրա միջոցով մյուս թեկնածուներին «սեւ պիառ անելն է»: Մյուս նպատակը` հնարավոր թեկնածություններ չլինելու պարագայում` կեղծ մրցակցություն ապահովելու եղանակով համայնքապետի աթոռին հեշտ հասնելը, ինչը առնվազն քաղաքական կարճամտություն է: Հաջորդը` քաղաքապետարանում աշխատող քիչ թե շատ հեղինակություն ունեցող որեւէ ենթակա հրաժարվել է Աղասու համար «կեղծ մրցակից լինելու» անպատվաբեր գործից, որին չի կարողացել դեմ գնալ միայն քաղաքապետարանի տնտեսվարը: Իսկ որեւէ այլ մրցակից «ներդնելու» դեպքում, չէր բացառվի նրա` Աղասու համեմատ ավելի շատ ձայներ հավաքելը, ինչից պիտի ինքը իրեն ապահովագրեր:
Սակայն այստեղ ամենազավեշտալի իրողությունը կա, որից Աղասին այդպես էլ չկարողացավ ձերբազատվել: Մենք բազմիցս ենք նշել, որ նա քաղաքապետի պաշտոնը իր գործելաոճով իջեցրել-հասցրել է կոմունալչիկի, թաղման բյուրոյի գործակալի մակարդակին: Չէինք սխալվել: Հեռու լինելով քաղաքապետարանի տնտեսվարի մարդկային որակները գնահատելուց, հավելենք միայն, որ Աղասին քաղաքապետի պաշտոնը հիմա էլ իջեցրել-հասցրել է քաղաքապետարանի տնտեսվարի մակարդակին: Ուստի` սիսիանցիներին ուրիշ ոչինչ չի մնում անել, քան` ընտրություն կատարել քաղաքապետի թեկնածու` քաղաքապետարանի «տնտեսվար» Աղասի Հակոբջանյանի եւ մյուս թեկնածուների միջեւ:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *