ՀՀԿ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ` ՍԻՍԻԱՆՈՒՄ ԵՎ` ԱՂԱՍՈՒ…ԿՐԱԽԸ

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ


Հենց էն գլխից, որ ՀՀԿ Սիսիանի նախընտրական շտաբը կոնկրետ շտաբի պետ չունեցավ, արդեն նախադրյալ էր Սիսիան քաղաքում ՀՀԿ-ի պարտության  եւ նրա` նախագահի  թեկնածուին դժվար տրված հաղթանակի համար:
(Գյուղական համայնքները դուրս ենք դնում խնդրո առարկայից, քանի որ այնտեղ այլ մոտիվացիաներ են «աշխատում»):

Ենթաշտաբերի պետեր նշանակելով, ընդ որում, մարդկանց, ովքեր երբեք բարեհաճ չեն եղել միմյանց նկատմամբ, ընդհանրական պատասխանատվությունը մասնատվեց` այն տեղափոխվելով  անհատական տիրույթ: Թեեւ բոլոր ենթաշտաբերի պետերն էին, իսկապես, ջանում իրենց հանձնառության տակ գտնվող տեղամասում ապահովել առավելագույն ձայներ` «ցուցակային» ջանադիր աշխատանքով, վերջնական արդյունքը եղավ այն, ինչ եղավ. ՀՀԿ Սիսիանի նախընտրական շտաբը արձանագրեց ոչ այնքան բարձր արդյունք` ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած` 3690 ձայների քանակով:
Թեեւ, ինչպես ասում են, 51,59 %-ը վատ չուցանիշ չէ, բայց` բավարար չէ գործող նախագահի պարագայում, եւ այն պարագայում, երբ սիսիանցիները ընդունում են Սերժ Սարգսյանին եւ ավելի շատ ձայն կտային նրան, եթե նրան «օգնողները» կողքից այդքան շատ չխանգարեին…
Իսկ այն, ինչ արձանագրվեց, միայն` մեծ ջանքերի գնով:
Սպասելի՞ էր ՀՀԿ Սիսիանի նախընտրական շտաբի այս ձախողումը:
Թերեւս:
Փորձենք հիմնավորել:
Նախ` «աչքաբաց» է դարձել ինքը` ընտրողը: Արտաքուստ առճակատման եւ հակադրվելու տրամադրություններ չցուցաբերելով իրեն «ցուցակագրողների» հանդեպ, ընտրողը «խղճի հետ զրույց արեց» միայն քվեախցիկում:
Հասարակ, շարքային եւ կորցնելու ոչինչ չունեցող ընտրողը հրաշալի գիտակցեց, որ այն ջանքը, որ ներդնում են «շտաբիստները» եւ «ցուցակագրողները», միայն իրենց դիրքն ու պաշտոնը ամրապնդելու համար է, որից որեւէ կերպ եւ Սիսիանում, եւ իրենց կյանքում ու միջավայրում դրական որեւէ փոփոխություն չի կատարվում:
Ավանդաբար լինելով պետականամետ եւ երկիրը, հողը սիրող, սիսիանցին շարունակ իրեն եւ իր քաղաքը դուրս մղված է տեսնում երկրի եւ մարզի քիչ թե` շատ զարգացումներից եւ շարունակում է Սիսիանը ընկալել ու գնահատել որպես ամենախեղճ, ամենանանտեսված, ամենազուրկ բնակավայրը եւ քաղաքը, եւ ընտրության հետ է փորձում կապել որեւէ փոփոխության հույս:
Չենք բացառում նաեւ, հատկապես` վերջին շրջանում, Սիսիանի քաղաքապետի, Սյունիքի մարզպետի, պատասխանատու պաշտոններ զբաղեցնող ՀՀԿ-ի մյուս շտաբիստների գործունեությունը եւ վարքագիծը լուսաբանող աղմկահարույց հրապարակումների` ընտրողի գիտակցության վրա թողած ընդգծված բացասական ազդեցությունը ՀՀԿ-ի եւ նրա շտաբի հանդեպ:
Կարծում ենք, որ ՀՀԿ Սիսիանի նախընտրական շտաբի պարտությունը եւ ՀՀԿ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի` Սիսիանում հավաքած ձայների` ոչ այդքան մխիթարող քանակը  մտահոգիչ քննարկման առարկա կդառնա համապատասխան ատյաններում` լրջագույն վերաբերմունքի եւ գնահատականի արժանացնելու այն իրողությունը, որը առկա է սիսիանյան հանրային ու համայնքային կյանքում:

Հիմա` խնդրի` խորքային ու ամենացավոտ կողմի մասին

Այն, որ Սիսիանն, իսկապես, անտեր է բառի բուն եւ փոխաբերական իմաստով, սիսիանցիները վաղուց չեն վիճարկում:07
Այն, որ Սիսիանը լուրջ լիդերի եւ սրտացավ տիրոջ կարիք ունի, նույնպես անվիճարկելի է:
Անվիճարկելի է նաեւ այն կարծիքը, անգամ` «յուրային» ճամբարում, որ առկա է Սիսիանի քաղաքապետի նկատմամբ, քանի որ «ճամբարափոխի», «դասալիքի», ԲՀԿ-ով իշխանության գալու պարագայում` նաեւ` ԲՀԿ-ին եւ նրա լիդեր Գագիկ Ծառուկյանին «քցելու» գնով ՀՀԿ-ի շվաքի տակ տեղ ապահովողի նրա վարքագիծը եւ ՀՀ քր. օրի 308 հոդվածի 1-ին կետի շրջանակներում շրջանառվող նրա անունը իր հանդեպ որեւէ վստահություն չի ներշնչում:
Քաղաքական, բարոյական այս կոնտեքստում, իհարկե, այս հանգամանքը չէր կարող դուս մնալ եւ դուրս չմնաց սիսիանցիների տեսադաշտից` բացասաբար անդրադառնալով ընտրությունների արդյունքների վրա` ի վնաս ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի:
Դեռեւս չհաղթահարած եւ չհանդուրժած նրա` Սիսիանում կրկին քաղաքապետ նշանակելու անազնիվ քաղաքական խաղերի եւ դրա հետեւանքների հետ, սիսիանցիները հերթական անգամ առիթ ունեցան խորապես խորշանքով լցվելու ԲՀԿ-ի` որեւէ թեկնածուի չսատարելու հայտարարությունը արհամարհող եւ անտեսող ու միայն սեփական հավակնություններով այս կյանքում առաջնորդվող եւ նույն այդ նպատակներով Սերժ Սարգսյանին «սատարող» Աղասու հանդեպ:
Եվ քանդրտված ու ցեխոտ փողոցներով ընտրատեղամասեր մտնող ցեխակոլոլ կոշիկներով սիսիանցիները հազիվ թե «հանուն» իրենց «ճամբարափոխ» ու «դասալիք» քաղաքապետի` հարգեին նրա` Սերժ Սարգսյանին ձայն տալու «ինքնամոռաց» ջանքները: Մինչդեռ` խոստացել էր սիսիանցի 6500 ընտրողներից «ապահովել» 6 հազար ձայն` Սերժ Սարգսյանի օգտին: Բայց, չկարողանալով հաղթահարել «փառասիրական սինդրոմը» եւ իրեն վերագրելով ԱԺ ընտրությունների ժամանակ Սիսիանում Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ-ի ստացած ձայները, նույն ընտրություններում` Թաթուլ Հակոբյանի` համասիսիանյան հաղթանակը, եւ մեծ պայքարի եւ ջանքերի գնով հասնելով  իր «ամենահզոր»` Գայի  թաղամասի  ենթաշտաբի պետի պաշտոնին` չկարողացավ նախագահին արժանի  բավարար ձայներ ապահովել այն դեպքում, երբ տնով-տեղով, ամբողջ ցեղով, խնամի-փեսայով առավոտից իրիկուն «պաշարել էին» ոչ պակաս յուրային` թիվ 2 մանկապարտեզի շենքը, որտեղ տեղակայված էր 37/15 ընտրատեղամասը:
Բա` ո՞ւր էր Թաթուլ Հակոբյանի` Սիսիանում ստացած ձայների էն 83 %ը, որ հոխորտում էր, թե` «ինքն է այդ ձայները ապահովել, Թաթուլը 83 %-ոց տղա՞ է…»…Ի՞նչ է` Սերժ Սարգսյանը «արժանի՞ չէր» …այդ պատվին:
Ընտրությունները ավարտվեցին: Սերժ Սարգսյանն այլեւս  երկրի նոր նախագահն է:
Տեղամասերը փակվել են, եւ յուրաքանչյուրը վերադարձել է «ապահով Հայաստան» կառուցելու իր գործին:
Իսկ Սիսիա՞նը: Իսկ` սիսիանցի՞ն: Իսկ «բազմակուսակցական» Աղասի՞ն:
ԲՀԿ-ին ու Ծառուկյանին «քցել է», ՀՀԿ-ն կարիք չունի այլեւս «ծախուներին» լծել «Ապահով Հայսատանի» իր կառքին, որովհետեւ «քցողի» խասյաթը գեշ է, չի փոխվում…
Ի՞նչ պիտի անի խեղճը: Օրեր առաջ համ ՀՀԿ էր, համ` ԲՀԿ էր, համ` ՀՀԿ ենթաշտաբի պետ էր, համ` մարզպետի հետ էր…
Հիմա`ո չ ՀՀԿ է, ոչ` ԲՀԿ է, ոչ` ենթաշտաբի պետ է, ոչ`…
Նրան մնացել է միայն քաղաքապետի` կրախի ենթարկվածի կարգավիճակը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ
19.02.2013

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *