ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵՑ ԶԱՔԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԵՎ ԱՐՏԱՇԵՍ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Այցի շրջանակներում նախարարն այսօր առաջինը ծանոթացավ Սիսիան քաղաքի մշակութային օջախներին, նրանց հիմնախնդիրներին:
Հասմիկ Պողոսյանի այցի կարեւոր հասցեներից էր ՀՀ ժողովրդական եւ ՌԴ վաստակավոր նկարիչ Զաքար Խաչատրյանի եւ ՀՀ ժողովրդական նկարիչ, անվանի քանդակագործ Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարանը:
Տուն-թանգարանի վարիչ Արեւհատ Ամիրյանը նշեց, որ նշանավոր  արվեստագետները իրենց առանձնատունը պետությանն են նվիրել դեռեւս 2006 թվականին: Առանձնատան հետ նվիրել են նաեւ 980 քառ. մետր հողամաս-այգին, ավելի քան հարյուր գեղանկար, որոնք ի պահ են տրված Ազգային պատկերասրահին, քանդակներ, արժեքավոր իրեր, ինչպես նաեւ նշանավոր այլ նկարիչների ստեղծագործությունների` իրենց հավաքածուները:
Արեւհատ Ամիրյանը ներկայացրեց տուն-թանգարանի խնդիրները, նշեց, որ թեեւ 2014 թվականին մի քանի նախանձախնդիր սիսիանցիների ջանքերով եւ բարեգործական եղանակով վերանորոգման, բարեկարգման որոշակի աշխատանքներ են կատարվել, անց է կացվել ջեռուցման համակարգ, բայց կան լուծման կարոտ շատ հիմնախնդիրներ: Նա մասնավորապես կարեւորեց նոր ցուցասրահի կառուցման, տանիքի վերանորոգման, շինության ամրացման, աշխատակազմի ձեւավորման, տուն-թանգարանի գույքի ռեստավրացիայի հարցերը, ինչը հնարավոր համարեց միայն պետական աջակցությամբ:
Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ նշանավոր երկու արվեստագետներն արժանի են տուն-թանգարան ունենալ, եւ որեւէ կասկած այստեղ լինել չի կարող: Միաժամանակ շեշտեց, որ նրանք արդեն իրենց ներդրումը կատարել են` պետությանը հանձնելով շենքը, իրենց նկարներն ու քանդակները, այլ հավաքածուներ: «Բայց դա հանձնել են պետությանը, որ այն նաեւ պատշաճ պահպանվի եւ ցուցադրվի»,-ընդգծեց նախարարը: Հասմիկ Պողոսյանը նշեց, սակայն, որ Սիսիանում Ազգային պատկերասրահի երկու մասնաճյուղն արդեն խնդիր է: «Շատ հարգելով երկու արվեստագետներին եւ համարելով, որ տուն-թանգարանը նման վայրում շատ ավելի կարեւոր է եւ կարող է ավելի ակտիվ գործել, կարծում եմ, որ մասնաճյուղերը պետք է միավորվեն` ավելի արդյունավետ աշխատելու համար»,- ասաց նախարարը, հավելելով, որ խնդրին պետք է փորձել առաջնահերթ լուծում տալ` այն քննարկելով ազգային պատկերասրահի տնօրինության հետ:
Հասմիկ Պողոսյանը հավելեց նաեւ, որ տուն-թանգարանը գործող դարձնելու, բարձրացված խնդիրները համակողմանի քննարկելու եւ լուծման արդյունավետ ուղիները գտնելու համար առաջիկա շաբաթվա մեջ կհրավիրի խորհրդակցություն, որին կմասնակցեն Ազգային պատկերասրահից, խնդրին քաջատեղյակ այլ մարդիկ, մասնագետներ, շինարարներ, կմշակվի հայեցակարգ` ի վերջո հարցի լուծումը կամաց-կամաց տեղից շարժելու համար:
Հույս հայտնվեց, որ կյանքի 91 ամյակը բոլորած, բայց դեռ երիտասարդական ավյունով աշխատող Զաքար Խաչատրյանին եւ 86 ամյա Արտաշես Հովսեփյանին կուրախացնենք իրենց տուն-թանգարանում նրանց հոբելյանները նշելու ու նրանց նորանոր աշխատանքների ցուցադրությունները կազմակերպելու պատեհությամբ…
Լիանա ԳԵՎՈՐԳՅԱՆ
31.08.2014

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *