ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍԻՍԻԱՆՈՒՄ

Սիսիանի տարածաշրջանի խոշորացված՝ Գորայք համայնքի բնակչության հետ  հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Սիսիանի մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր հանդիպում ունեցավ տարածաշրջանի համայնքների ներկայաչուցիչների հետ: Ողջունելով եւ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետն իր ներածական խոսքում հակիրճ ներկայացրեց այն ուղղությունները, որոնք նախանշված են կառավարության կողմից մշակված տնտեսության զարգացման ծրագրում: «Մենք բազմիցս բարձրաձայն հայտարարել ենք, որ պետք է փոխվենք եւ շատ բան պետք է փոխենք,-ասաց վարչապետը: -Տնտեսության զարգացման հիմնական ծրագիրը կառուցել ենք այնպես, որի հիմքում դրված է հետեւյալ գաղափարը, որ մեր հիմնական կապիտալը մարդն է: Եւ պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ, որ ստեղծագործող, գյուղատնտես, աշխատող, ֆանտազիայով մարդը կարողանա իրագործել իր բոլոր կարողությունները»,-նշեց վարչապետը, հավելելով, որ ըստ վիճակագրության եւ վերլուծությունների՝ աշխարհի ամենաերջանիկ երկրները ոչ թե նրանք են, որ ունեն շատ նավթ եւ շատ գազ, այլեւ այն երկրները, որտեղ ստեղծվել են աշխատող մարդու համար բարենպաստ պայմաններ:

Անդրադառնալով տնտեսության զարգացման ծրագրի ոլորտներին՝ վարչապետը նշեց, որ այն իրականում մշակվել է շատ մանրամասն եւ ընդգրկում է բոլոր ոլորտները, ճյուղ առ ճյուղ՝ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, սոցիալական ոլորտը, առողջապահությունը, կրթությունը: «Որպես առանձին ոլորտ նույնիսկ ներառել ենք նաեւ պետական կառավարման համակարգը,-ասաց վարչապետը: -Երբ որ ասում ենք պետք է փոխվենք եւ մեզանից սկսենք, առաջինը նկատի ունենք, որ պետք է հենց պետական կառավարման համակարգը փոխենք: Ցավոք սրտի, պետական կառավարման համակարգը մինչեւ վերջ դեռեւս կայացած համակարգ չէ: Յուրաքանչյուր նախարար գալիս է, ինքը զրոյից է սկսում, վարչապետը գալիս է, ինքը զրոյից է սկսում, չունենք սիստեմա, այս բառը հատուկ ուզում եմ նշել, համակարգ, որը որ թույլ չի տալիս, կամ սահմանափակում է սուբյեկտիվ կամ ինդիվիդուալ մարդու պատկերացումները, իր սխալ մոտեցումները, որը բերում է շեղում այդ ճանապարհին»,-նշեց Կարեն Կարապետյանը:

Վարչապետը կարեւորեց այն հանգամանքը, որ շատ հստակ ձեւակեպված է նաեւ Արցախի նկատմամբ վերաբերմունքը:

Խոսելով Սյունիքի մարզի զարգացման հեռանկարների մասին, Կարեն Կարապետյանը նշեց, որ առկա է Սյունիքի մարզի հստակ զարգացման ծրագիր, առկա են բոլոր խնդիրները, առաջարկված են լուծման ուղիները, հայտնի են ֆինանսական աղբյուրները: «Հրապարակել ենք 3,2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր, որի աղբյուրը գիտենք, անողը գիտենք, պրոեկտը գիտենք, գիտենք՝ քանի աշխատատեղ է ստեղծվելու… 830-840 միլիոն դոլարի ներդրում է նախատեսված 2017-ի համար: Բաժանումը ունենք եւ ըստ ոլորտների, եւ ըստ ֆինանսական աղբյուրների: Այսօր քննարկում ենք 55 միլիոնի ներդրումային ծրագիր, որը վերաբերում է հանքարդյունաբերությանը, անասնապահությանը, գյուղատնտեսությանը»: Վարչապետը կարեւորեց նաեւ Սյունիքի մարզի աշխարհաքաղաքական դիրքից բխող բիզնեսծրագրերը՝ այն պայմանավորելով իրանական շուկայի հետ ստեղծվող առեւտրային կապերով:Նշեց, որ առավել քան թույլ են 80 միլիոն բնակչություն ունեցող սահմանակից հարեւանի՝ Իրանի հետ առեւտրա-տնտեսական կապերը, որի ապրանքաշրջանառությունը հասնում է ընդամենը 50 մլն դոլարի, էներգետիկան հանած, ինչը որակեց համարյա զրոյական, ապա հավելեց, որ այս պահին բանակցում են իրանական կողմի հետ Մեղրիի տարածքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար եւ կարեւորեց այնտեղ որակավորման ինստիտուտի ներգրավումը:

Վարչապետը խոսեց նաեւ վերջերս ստեղծված համայնքների ռեսուրսները թվայնացնելու մեթոդաբանության մասին, այն համարելով չափազանց կարեւոր փաստաթուղթ, ըստ որի բոլոր համայնքապետերը պարտավոր են հստակ ձեւակերպել իրենց համայնքի 5 տարվա զարգացման ծրագիրը, հստակ ձեւակերպել համայնքի բնութագիրը, գործազրկությունը, զբաղվածությունը, որի վերլուրծության հիման վրա կարող են գնահատել համայնքի հնարավորություններն ու կարողությունները, եւ համեմատության մեջ դնելով՝ ամեն տարի գնահատել եւ համայնքի ղեկավարի, եւ մարզպետի աշխատանքը:

Վարչապետը կարեւորեց գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի ստեղծումը, որի հիմնական գործառույթը եւ ֆինանսական աջակցությունն է, եւ գյուղատնտեսական բիզնեսը գիտական հիմքերի վրա զարգացնելը:

Խոսելով երկրում առակա հիմնախնդիրների, դրանց լուծման հեռանկարների մասին, վարչապետը նշեց, որ իրականում հասկանում են, թե ինչ ծանր բեռ են վերցնում: «Մենք ուզում ենք այնպիսի երկիր կառուցել, անձամբ՝ ես, որ իմ երեխան, իմ թոռը չմտածի այս երկրից գնալու մասին, այնպիսի երկիր կառուցենք, որ հպարտանանք, որ այսպիսի երկիր ունենք»,-շեշտեց Կարեն Կարապետյանը:

Հանդիպման ընթացքում վարչապետն առավելապես հորդորեց իրեն ուղղել հուզող եւ մտահոգող հարցեր, եւ պատրաստակամություն հայտնեց լսել ներկաների թե առաջրկությունները, թե՝ քննադատությունները:

Համայնքի խմելու ջրի հիմնախնդիրը ներկայացրեց Դարբասի համայնքապետ Սաշա Ստեփանյանը, նշելով, որ գյուղի՝ 1969 թ.-ին կառուցված խմելու ջրի համակարգն ամբողջությամբ շարքից դուրս է եկել, եւ համայնքի 240 տուն, 8 հասարակական օբյետ եւ 700 բնակիչ մնացել է առանց ջրի: Ծրագրի արժեքը 50 մլն դրամ է, համայնքը պատրաստ է 15 միլիոն դրամի ներդրում անել, եւ խնդրեց վարչապետին հնարավորինս արագացնել խնդրի լուծումը, քանի որ համայնքի բնակիչները ջուրը կրում եմ դույլերով, 1 կմ հեռավորության վրա գտնվող աղբյուրից:

Տարածաշրջանի մի քանի համայնքների ոռոգման ջրի խնդրի մասին բարձրաձայնեց Անգեղակոթի համայնքի ղեկավար Արմենակ Մարկոսյանը՝ վարչապետի ուշադրությունը բեւեռելով Մուխուրթուրյան ջատարի վերանորոգմանը, որից օգտվում են գյուղական 4-5 համայնք, որոնք պատարստ են եւ ֆինանսական եւ աշխատուժի ներդրում անել:

Հարցեր հնչեցին Սիսիան քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների անմխիթար վիճակի եւ դրանց վերանորոգման հրատապության, Արփա-Սեւան թունելում աշխատած 28 տարիների թոշակի վերանայման, Սիսիանի բժշկական կենտրոնի շտապօգնության 2 մեքենաների՝ շահագործման ոչ պիտանելիության, սերմացուի եւ դիզվառելիքի սուբսիդավորման, փոքր քաղաքների զարգացման հեռանկարների, Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների փողոցի թիվ 6 բազմաբնակարան վթարային շենքի ճակատագրի մասին, որը ըստ փորձագիտական եզրակացության՝ ենթակա է կազմաքանդման:

-Ի՜նչ հետաքրքիր անուն է՝ Ֆիզկուլտուրնիկների, իսկ ֆիզկուլտուրայով զբաղվում ե՞ք,-հարցրեց վարչապետը հարցադրողին, որին ի պատասխան անմիջապես հնչեց Իրինա Գեւորգյանի՝ -Այո, հենց երկրաշարժ է լինում, հինգ րոպեում ամբողջ շենքը դրսում է,-պատասխանը, հարուցելով ոչ միայն վարչապետի, այլեւ՝ ողջ դահլիճի վարակիչ ծիծաղը:

Վարչապետը պատասխանեց բոլոր հարցերին՝ հավաստիացումով, քանի որ ինքը չի սիրում խոստումներ տալ, բայց խոստացավ ծանոթանալ, մտածել եւ գտնել բարձրացված հարցերի լուծման հնարավոր ուղիները:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Մեկ Արձագանքման ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍԻՍԻԱՆՈՒՄ համար

  1. Vladik Lernashenci says:

    harkavor e hajaxaki gal Sisian.

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *