ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՍԻՍԻԱՆՈՒՄ ԷՐ` ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ

Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Սիսիանի մշակույթի տանը երեկ հանդիպում ունեցավ նաեւ տարածաշրջանի համայնքների ղեկավարների, դպրոցների մանկավարժական կոլեկտիվների, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ: Հովիկ Աբրահամյանը խորին շնորհակալություն հայտնեց սիսիանցիներին` ջերմ ընդունելության համար` ասելով, որ դա վարչապետի պաշտոնում իր առաջին հանդիպումն է Սիսիան քաղաքում` այդ ձեւաչափով:
Նշելով, որ թեեւ մեկուկես տարի է, ինչ ղեկավարում է ՀՀ վարչապետի պաշտոնը, բայց մինչ այդ զբաղեցրած պաշտոնավարումների ժամանակ կարողացել է խորությամբ ուսումնասիրել մարզային եւ համայնքային խնդիրները: Նման հանդիպումները հանրության լայն շերտերի ներկայացուչիչների հետ համարեց երկուստեք անհրաժեշտ եւ կարեւոր` առկա խնդիրները լսելու, դրանց լուծման ուղիները վեր հանելու, միաժամանակ նաեւ կատարված լավի, դրականի մասին խոսելու առումով: «Մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, որ մեր հասարակության հետ, մեր ժողովրդի հետ լինելու ենք շատ պարզ, անկեղծ, ազնիվ, կխոսենք իրենց հետ նաեւ մեր արած գործերի մասին, մեր բացթողումների մասին»,-նշեց Հովիկ Աբրահամյանը: Խոսելով ՀՀ կառավարության որդեգրած` տարածքների համաչափ զարգացման ծրագրի մասին` վարչապետը նշեց, որ տարածքային համաչափ զարգացումը ՀՀ կառավարության գերակայություններից է, եւ գործադիրը շարունակելու է մարզերի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացման քաղաքականությունը: «Մենք հիմա դեմքով շուռ ենք եկել դեպի համայնքներ, դեպի մարզեր,-ասաց Հովիկ Աբրահամյանը,- եւ տարածքների համաչափ զարգացումը ինձ համար գերխնդիր է: Ես շատ ինֆորմացված եմ եւ լավ պատկերացնում եմ, թե ինչ պետք է անեմ: Իրոք, մենք ամեն ինչ պետք է անենք` օգնելու մեր գյուղացուն: Իհարկե, քայլեր անում ենք: Երեւի մեր գյուղացուն երբեւէ այսքան օպերատիվ, անմիջական աջակցություն չի եղել, որքան` հիմա»,-հավելեց վարչապետը:
Խոսելով երկրի առաջ ծառացած մարտահրավերների մասին, վարչապետը նշեց, որ բոլորը շատ պարզ հասկանում են, որ աշխարհում ընթացող տնտեսական պատերազմը, տարածաշրջանի խնդիրները, մեր հարեւանների առկայությունը, Ռուսաստան-Եվրոպա-Արեւմուտք հարաբերությունները իրենց բացասական ազդեցությունն են ունենում նաեւ Հայաստանի տնտեսական իրավիճակի վար: «Բայց մենք փնտրում ենք ճանապարհներ եւ լուրջ ծրագրեր ենք իրականացնում: Չնայած նրան, որ հանրապետության քաղաքական ընդդիմադիր գործիչները խոսում են, թե մենք դատարկաբանությամբ ենք զբաղված, բայց մենք լուրջ գործեր ենք անում, եւ համոզված եմ` առաջիկա 1-2 տարում այդ ծրագրերը, աշխատատեղերի ստեղծումը, նոր գործարանների բացումը իրականացնելու ենք»,– նշեց վարչապետը:
Կարեւորելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն ու առաջընթացը մեր հանրապետությունում եւ երիտասարդ ու մատաղ սերնդի դաստիարակությունը, վարչապետը մասնավորապես նշեց, որ հանձին հրաշալի այդ սերնդի, մեր երկիրը ունենալու է պայծառ ապագա, ու այդ սերունդն է առաջ տանելու երկրի ղեկավարումն ու զարգացումը: Որպես դրա վառ ապացույց բերեց վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական փառատոնը, որին այս տարի հանրապետության 400 հազար աշակերտներից մասնակցել է մոտ 220 հազարը, ինչը խոսուն ցուցանիշ է:
Անդրադառնալով օրվա գլխավոր թեմային` սահմանադրական բարեփոխումներին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ դրա հետ կապված ոչինչ չունի ասելու, քանի որ դահլիճում նստածները բոլորը իրենց կողմնակիցներն են: Մի հանգամանքի, սակայն, անհրաժետ համարեց անդրադառնալ, նշելով, որ դա շահարկում են հատկապես ոչ-ի կողմնակիցները, ասելով, որ բարեփոխումներն արվում են իշխանությունների վերարտադրության նպատակով: «Հակառակը` գործող սահմանադրությամբ մենք ավելի հեշտ կվերարտադրվենք: Եթե կարդում եք սահմադրությունը, սա իշխող իշխանության համար, իրոք, ձեռնտու տարբերակ չէ, բայց երկիրը պիտի տանենք առաջ, եւ մենք այս տարիների ընթացքում հասկացել ենք, մեր մասնագետները հիմնավորել են, որ մենք կոլեգիալ կառավարում պետք է ունենանք: Ըստ գործող սահմանադրության` այսօր ունենք միահեծան կառավարում, որից դժգոհում են: Երկրի նախագահն էլ հայտարարել է, որ բոլորվին ցանկութուն չունի որեւէ պաշտոն գրավելու, դա նույնպես հանգստացրեց մեր ընդդիմախոսներին: Բայց մեր գլխավոր նպատակը դա չէ, եթե կա երկրի, պետության շահ, մենք բոլորս պիտի միասնական լինենք: Լինենք հանդուրժող, ոչ թե անձնական, կուսակցության շահը վեր դասենք ժողովրդի շահից, որ մեր երկիրը առաջ տանենք: Սյունիքը նաեւ սահմանապահ մարզ է, եւ մենք այստեղ գոնե ունենք ավելի մեծ ցանկություն` միավորվելու, լինելու հանդուրժող եւ գնալու առաջ: Մենք այլընտրանք չունենք»,-նշեց վարչապետը:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց երկրի նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` վերջին շրջանում մարզում եւ Սիսիանի տարածաշրջանում կատարած մեծածավալ աշխատանքների, մասնավորապես` Շաքե-Դաստակերտ 27 կիլոմետր ճանապարհի ասֆալտապատման եւ բարեկարգման հրապատ ծրագիրն իրականություն դարձնելու համար, որի 5 կմ հատվածն անցնում է Սիսիան քաղաքի միջով:
Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը խորին շնորհակալություն հայտնեց վերջին 2 տարիների ընթացում Սիսիանի տարածաշրջանում ՀՀ կառավարության` 5 միլիարդ դրամից ավելի աշխատանքներ կատարելու համար, ապա երկրի վարչապետի ուշադրությունը հրավիրեց 4-րդ կարգի վթարայնության աստիճանի Ֆիզկուլտուրնիկների 6 բազմաբնակարան շենքի բնակչության տարհանման հրատապության, ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող 4 անավարտ բազմաբնակարան շենքերի շինարարությունն ավարտին հասցնելու ճանապարհով` զոհված ազատամարտիկների եւ սոցիալապես անապահով սիսիանցի 20-ից ավելի ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու վրա:
Վարչապետին իրենց հուզող հարցերով դիմեցին նաեւ հանդիպման մասնակիցները:
Մհեր Եղիազարյանը խնդրեց կառավարության նիստով ներել նաեւ սիսիանցի այն շահառուների սերմացուի պարտքը, ինչպես որ դա կիրառվել է Շիրակի եւ Լոռու մարզերի` երաշտից եւ կարկուտից տուժած շահառուների նկատմամբ:
Սիսիանի ջրային հայելիների աղտոտվածության եւ այնտեղ թափվող շրջակա բազմաբնակարան շենքերի կոյուղաջրերի հարցը հնչեցրեց Սամվել Մանուչարյանը:
Վարչապետը խոստացավ վերադառնալուն պես ուսումնասիրել բարձրացված հարցերը եւ հնարավորության սահմաններում տալ դրանց պատասխանները` մեկ հարցի, սակայն, տալով անմիջական լուծում:
Քաջիկ Խաչատրյանի բարձրացրած` Սիսիանի բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման հարցին ի պատասխան վարչապետն անմիջապես խոստացավ 3 շենքի տանիքների փոխման համար տրամադրել 30 միլիոն դրամ: Հանդիպման ակորդը նման լավատեսական ու խանդավառ նոտայով եզրափակելով` հույս հայտնվեց, որ առաջիկայում եւս բարեփոխումներն ու դրական միտումները լինելու են առավել ակնհայտ ու տեսանելի:

R. Հոդվածը մեզ է տրամադրել ԱՅՈ-ի`  Սիսիանի քարոզչական շտաբը

22.11.2015

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *