ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՍԻՍԻԱՆՈՒՄ. Մենք ունենք խնդիրների լուծման կախարդական փայտիկը, եւ դա ժողովրդի վստահությունն է…

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը մարզային այցերը մեկնարկեց Սյունիքի մարզից: Առաջին կանգառը Սիսիանն էր: Սիսակ Նահապետի անվան հրապարակում ՀՀ վարչապետին սիսիանցիները դիմավորեցին ծափահարություններով, «վարչապե՛տ, սիրելի՛» բացականչություններով: Հանդիպումը սկսելուց առաջ վարչապետը ձեռքսեղմումներով, ողջագուրումներով անցավ առաջին շարքերում կանգնած սիսիանցիների մոտով, կարծես ակնարկելով, որ նոր Հայաստանում, նոր իրավիճակ ապրող երկրի ղեկավարի եւ երկրի ժողովրդի միջեւ անջրպետ չկա եւ չի կարող լինել: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ իրեն մեղավոր է զգում թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության ժամանակ քայլարշավի երթուղում Սյունիքը չներառելու համար, բայց վարչապետի պաշտոնում հենց Սյունիքից է սկսում մարզային հանդիպումները, որի նպատակը մարզի խնդիրներին ծանոթանալը, մարդկանց մտահոգությունները լսելը, առաջնահերթությունները հասկանալը, քննարկելը, լուծումներ փնտրելն ու ուղիներ գտնելն է: Առաջին անգամը լինելով` ընտրվել էր հանդիպման` հարցուպատասխանի ձեւաչափը` ավելի կենդանի, անմիջական, ջերմ ու վստահելի դարձնելով իշխանություն-ժողովուրդ շփումը: Եւ մինչ հարցուպատասխանին անցնելը` Նիկոլ Փաշինյանը նշեց, որ եկել է Հայաստանի հպարտ քաղաքացիների առաջ արձանագրելու, որ այն հաղթանակը, որ տեղի է ունեցել, նրանցից յուրաքանչյուրինն է, եւ այդ հաղթանակի հեղինակը իրենցից յուրաքանչյուրն է: «Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ հաղթանակածի զգացողությունը ձեր մեջ պաշտպանվի ոչ թե մեկ ամիս, ոչ թե մեկ տարի, այլ Հայաստանի հանրապետության քաղաքացու` հաղթանակածի զգացողությունը լինի մշտական: Հայաստանի հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, եւ ուրեմն Հայաստանի Հանրապետության քաղաքացու` հաղթանակածի զգացողությունը նույնպես պետք է գոյություն ունենա հավիտյան: Դուք հաղթած եք, դուք հաղթել եք: Եւ ուզում եմ ընդգծել, որ դուք եք լինելու ձեր հաղթանակի տերը: Երբեք որեւէ մեկին թույլ չտաք ձեր հաղթանակը ձեր ձեռքից առնել, որովհետեւ դուք հաղթած ժողովուրդ եք եւ պետք է մնաք հաղթած ժողովուրդ, ինչի կապակցությամբ ուզում եմ ասել, որ խոնարհվում եմ բոլորիդ առաջ, հպարտ եմ ձեզանով, սիրում եմ բոլորիդ եւ յուրաքանչյուրիդ, եւ մենք միասին պիտի շենացնենք մեր երկիրը»,-ասաց վարչապետը:36769226_1739685716130454_3304565214980079616_n

Հանդիպման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր: Ի պատասխան շատ հարցերի, վարչապետը նշեց, որ դրանք ընդունելու է ի գիտություն, ճշտելու, թե ինչ իրավիճակ է, եւ եթե այդտեղ լինեն քաղաքացիների իրավունքների խախտումներ, անպայման լուծումներ կտրվեն:

Մտահոգիչ էր Աննա Ռուբենյանի հարցը: Ըստ հարցադրողի` ոչ միայն Սիսիանում, այլեւ, մասնավորաբար Բռանկոթ համայնքում, որտեղ կա երկու գետակ եւ Վերդոյի գյոլը, գյուղացիների այգիներն ու բանջարանոցները չորացել են, որովհետեւ այդ ջրով հէկեր են աշխատեցնում:

Դարբաս համայնքի բնակիչ Սենիկ Միքայելյանը, խոսելով համայնքների խոշորացման մասին, ի մասնավորի նշեց, որ մեծագույն սխալ էր եւ չարդարացված տարածաշրջանի 32 գյուղերը մեկ համայնքում միավորելը, խոշորացված համայնք ստեղծելը, եւ այդ առումով համայնքների բնակիչների կարծիքն անտեսելը: Հարցադրողը նշեց, որ ոչ ոք ի զորու չէ 70 կմ տարածք ընդգրկող 32 գյուղերին տիրություն անել եւ իր ասելիքն ավելի պատկերավոր դարձրեց գուսանի` մե բաղվանչին երկու բաղին ինչ անի համեմտությամբ: Սենիկ Միքայելյանը նշեց նաեւ, որ սեփականաշնորհումից հետո համայնքի հողատարածքների 80 %-ը անտերության է մատնված, եւ իր հոր ժառանգությունը իրեն վերադարձնելու համար խոշոր գումար պիտի վճարի, ինչի իմաստը անհասկանալի է:

Պատասխանելով համայնքների խոշորացման մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը այդ գործընթացը համարեց շատ վիճահարույց, միաժամանակ նշեց, որ պետք է 1-2 տարի դադարեցնել գործընթացը, հետեւել, թե ինչ արդյունքներ են արձանագրվում խոշորացված համայնքներում, եւ գրանցվո՞ւմ են, արդյոք, բայց հարցի ճիշտ լուծումը եղած որոշումները հետ ողորմեա անելը չէ, եւ չի կարծում, որ բոլոր որոշումները չեղյալ անելու ճանապարհը ճիշտ ճանապարհ է: «Հողերի հետ կապված հարցերը գլոբալ հարցեր են, այդ խնդիրը կա, կառավարությունում 2 օր առաջ էլ քննարկել ենք, թե ինչ մեխանիզմներ կարելի է գործի դնել, որ չմշակվող հողերը մշակվեն, որովհետեւ ամեն չմշակվող հող նշանակում է ավելի քիչ արդյունք երկրի համար եւ պակաս տեմպերով զարգացում»,- ընդգծեց վարչապետը:

Ինչպես բոլոր ներկայացուցչական հանդիպումներում, այս անգամ էլ հնչեց Ֆիզկուլտուրնիկներ 6 բազմաբնակարան, 4-րդ կարգի վթարային, կազմաքանդման ենթակա շենքի չարչկված, բայց այդպես էլ լուծում չստացող հարցը, որտեղ, ահ ու սարսափը սրտում, ապրում է 43 ընտանիք: Եւ կրկին խնդիրը բարձրաձայնողը նույն շենքի բնակիչ Իրինա Գեւորգյանն էր: «Բայց հույս ունեմ, որ նոր Հայաստանում այն պարտադիր լուծում կստանա»,- նշեց Իրինան:

Անդրադառնալով երկրում առկա նման բազմաթիվ շենքերի խնդրին, վարչապետը նշեց, որ կուսումնասիրեն այս հարցը, քանի որ շատ անհանգստացնող է, իր մտահոգությունն ու անհանգստությունը հայտնեց նման շենքում ապրող մարդկանց ճակատագրի հանդեպ, միաժամանակ նշեց, որ երկրում առակ այս խնդրին պետք է գլոբալ առումով նայել. «Մենք գնում ենք 2 ճանապարհով` անել այնպես, որ զրոյացնենք բյուջեից մսխումները, որպեսզի բյուջեն չթալանվի, ծախսերը լինեն մաքսիմալ արդյունավետ: Պետական եկամուտները մեծացնենք, 36630283_1739688062796886_5163022053862801408_nստվերային տնտեսությունը կրճատենք, կոռուպցիան հաղթահարենք, եւ բյուջեն մեծանա, ինչքան մեծանա, այնքան ավելի կոնկրետ առաջնային ծրագրերը ֆինանսավորելու հնարավորությունը կմեծանա: Մենք ուզում ենք տնտեսական դաշտը ազատականացնել, որպեսզի մարդիկ, առանց մտավախության, թե որեւէ մեկը իրենց ներդրումը կխլի, փայ կմտի, իրենք գան եւ ներդրումներ անեն եւ աշխատատեղեր ստեղծեն»,- նշեց վարչապետը եւ անձամբ իր երաշխավորումով հորդորեց բոլոր սիսիանցիներին գալ եւ ներդրումներ անել` հավաստիացնելով, որ որեւէ մեկը այդ ներդրումը չի խլելու, փայ չի մտնելու, որեւէ ապօրինություն չի լինելու:

Վարչապետը հուսադրող պատասխան տվեց նաեւ վերջին շրջանում բազմաթիվ սիսիանցիների հուզող` Սիսիանի բժշկական կենտրոնի լուծարման մասին հարցին, հարց, որը նոր հնչեղություն ստացավ հատկապես թավշյա հեղափոխության առաջին օրերին, դառնալով ակտիվ ցույցերի հիմնական խթաններից մեկը:

Սիսիանի հիվանդանոցը լուծարելու մասին հարցին ի պատասխան վարչապետը նշեց, որ ծանոթ է խնդրին, խոսել է պաշտպանության նախարարի հետ, ով վաղը (հուլիսի 6.խմբ.) գալու է Սիսիան: «Կարող եմ ասել, որ այդ հարցը լուծման ճանապարհին է, եւ մեծ հավանականությամբ կլուծվի, եւ դուք կազատվեք այդ մտահոգությունից»,-հավաստիացրեց Նիկոլ Փաշինյանը:

Բնական է, որ հանդիպմանը իրենց հարցադրումներով աչքի ընկան եւ առավել ակտիվ էին երիտասարդները` նոր մտահղացումներով, նոր առաջարկություններով, իրենց վաղվա օրը հայրենիքում եւ հայրենի քաղաքում տեսնելու հեռանկարով ու ակնկալիքներով:

Սոնան եւ Հայկը հնչեցրեցին երիտասարդության զբաղվածության, նոր տեխնորոլգիաների զարգացման, այթի ընկերություններից մեկը Սիսիանում հիմնելու, Սիսիանի` արդեն սեփականաշնորհված զբոսայգիները սիսիանցիներին վերադարձնելու, նրանց ժամանցը եւ հետաքրքրությունները իրացնելու հնարավորություններ ստեղծելու մասին հարցեր, որոնց ի պատասխան վարչապետը կարեւորեց համայնքային կյանքի կազմակերպումը, մշակույթի տների եւ մշակույթի օջախների` հնացած իմաստները նոր իմաստների վերափոխելը, դրանց ֆունկցիոնալ նշանակության փոփոխությունը:

«Երիտատսարդները հեռանում են ոչ միայն նյութական կարիքներից ելնելով, այլեւ ստեղծագործ շփման միջավայրի բացակայության պատճառով»,- նշեց վարչապետը, հորդորելով երիտասարդներին հակամարտության ռեժմը փոխարինել համագործակցության ռեժիմով: «Դուք ձեր կյանքը հետաքրքիր դարձրեք եւ դրանով հետաքրքիր դարձրեք ուրիշների առօրյան ….Հեղափոխության ամենակարեւոր իմաստը որն է, որ մենք կարողանանք բոլորս մասնակցենք մեր երկրի շենացմանը եւ կառավարմանը եւ դա անենք արդյունավետ»,- ասաց վարչապետը:

Բնունիսի հիմնական դպրոցի ուսուցիչ Թամարա Հովակիմյանը ողջունելով վարչապետին, ասաց` խանդավառված ենք ձեր այցով, կենդանի լեգենդ, մեր երազանքների վարչապետ, ապա խոսեց դպրոցների, մասնավորաբար գյուղական դպրոցի ուսուցչի ոտնահարված արժանապատվության մասին, ինչի վկայությունը ստորացուցիչ` 0,25 %- դրույքաչափով վարձատրությունն է: Վարչապետը նշեց, որ 2019 թվականի բյուջեն քննարկելիս կանդրադառնան այդ հարցերին, միաժամանակ նշեց, որ խնդիրը ի գիտություն կընդունի ՀՀ ԿԳ նախարարը:

Ներկաները վարչապետին հղեցին վթարային շենքերի, սեփականաշնորհման օրդեր ստանալու խախտված իրավունքների, անձնական մոտիվներով աշխատանքից ազատելու, նախկին իշխանության օրոք 100-ից ավելի ազատամարտիկների հաշմանդամության կարգից եւ կենսաթոշակից զրկելու, Սիսիանի զինկոմիսարիատը լուծարելու եւ բազմ36723863_1804006762967981_5128684301432389632_nաթիվ այլ հարցեր: Շատերն իրենց հուզող հարցերը ներկայացրեցին գրավոր:

Սիսիանի թիվ 1 հիմնական դպրոցի հավաքարար Նուշիկ Հակոբյանը նախ խնդրեց վարչապետին մաքրել կրթության ոլորտը, որովհետեւ մեղք է ժողովուրդը, ապա նրա ուշադրությունը հրավիրեց այն անօրինականությունների վրա, որ կատարվում են դպրոցներում: «Երեք թոռներս գնում են դպրոց, էս որ դարն ա, որ երեխաները սովորում են հողե հատակի վրա»,- ասաց Նուշիկ Հակոբյանը` հավելելով, որ 8 ամիս առաջ էլ կտրել են հավաքարարի` իր աշխատավարձը` բյուջեն լցնելու պատճառաբանությամբ: «Ասում ա` բյուջեն դատարկ ա, բյուջե ենք լցնում, հավաքարի փողին բյուջե՞ են լցնում, ցավդ տանեմ…բա էդ թալանը որտեղ ա»,- ասաց Նուշիկը` դիմելով վարչապետին` երկրի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրները լուծել կարողանալու հավատով:

Ժամանակի սղության պատճառով բազմաթիվ սիսիանցիներ չկարողացան հնչեցնել իրենց մտահոգող եւ հուզող հարցերը: Ազատամարտիկ Մարիետա Խաչատրյանը հասցրեց վերջին պահին հնչեցնել «Ազատություն Շաքեի ջրվեժին» սիսիանցիներին եւ բոլոր զբոսաշրջիկներին մտատանջող հարցը: Վստահ չեմ, թե առանց բարձրախոս հնչեցված այս հարցը լսելի եղավ վարչապետին, բայց, որպես այս խնդրին բազմիցս անդրադարձած Հայաստանի եւ Սիսիանի հպարտ քաղաքացի, շատ կցանկանայի, որ նոր Հայաստանում Շաքեի ջրվեժն ազատվեր ջրի ակունքին նստած «վիշապից», եւ «վիշապազերծ» ջրվեժը իր ողջ հմայքով խորհրդանշեր ազատ ու հպարտ Հայաստանի թեւատարած, անկասելի թռիչքն ու գեղեցիկ սլացքը…

Հրաժեշտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնեց սիսիանցիներին` սրտացավ հարցադրումների համար, շնորհավորեց սահմանադրության օրվա առթիվ` հավելելով` Մենք ունենք խնդիրների լուծման կախարդական փայտիկը, եւ դա ժողովրդի վստահությունն է… Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա հզոր եւ բարեկեցիկ երկիր, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք եւ մեր երեխաները, որ ապրել եւ ապրում են ազատ երկրում…

Հ.Գ. Եւ երնեկ, երիցս երնեկ այն իշխանավորին, ում այսպես սիրում եւ հավատում է ժողովուրդը: Եւ փառք ու պատիվ այն իշխանավորին, ով այդ անպարագիծ ու մեծ սիրո հասցեատերն է ու վերցնում է դրա պատասխանատվությունն ու տանում իր ուսերին, իր հոգում, իր սրտում…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *