ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ ԼԱՎ ԱՌԻԹ ԵՆ, ՈՐ…

Ասում են` հոբելյանները լավ առիթ են հոբելյարի անցած ճանապարհն արժեւորելու, գնահատելու, իմաստավորելու համար:
Մեր հայրենակից, ՀԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ-ի տնտեսագիտության տեսության ամբիոնի պատվավոր վարիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, ՀՀ վարչապետի եւ ՀՀ նախագահի շնորհակալագրերի արժանացած Գրիգոր Ալեքսանի Ղարիբյանի ծննդյան 80-ամյակը նմանօրինակ լավ առիթներից էր նաեւ հայրենի եզերքում նրան մեծարելու, գիտության ու կրթության մեծ երախտավորի նրա անցած ճանապարհը արժեւորելու եւ նրա մեծարման հանդիսությունը Սիսիանի հիմնանորոգված մշակույթի տան դռնբացեքին հաճելիորեն զուգակցելու:
Երկու հոգեւոր իրադարձություն` մեկը մյուսին լրացնող, մեկը մյուսով արժեւորվող, մեկը մյուսով` խորհրդանշական:

Թեեւ նշանավոր գիտնականի ծննդյան 80 ամյակը հավուր պատշաճի նշվել է թե՛ Երեւանի տնտեսագիտական համալսարանում, ուր այժմ էլ աշխատում է նա, թե՛ ԵՊՀ-ում, ուր կյանքի եւ աշխատանքային գործունեության 55 տարին է անցկացրել գիտնականը, բայց, ինչպես գիտնականին եւ մեծ մարդուն է յուրահատուկ, նա անկեղծորեն խոստովանեց, որ կյանքի 80 տարիների մեջ առաջին անգամն է իր ծննդյան օրը նշվում այսքան շատ սիսիանցիների հետ, սիսիանցիների մեջ ու սիսիանցիների կողքին, ինչից նաեւ մարդկայնորեն շոյվել եւ հուզվել էր:
Միայն այն փաստը, որ մեծ գիտնականի 80 ամյակը նրա հետ հայրենի եզերքում նշելու էին եկել սիսիանյան ծագմամբ գիտնականների, մշակույթի, արվեստի, հասարակական կյանքի հանրահայտ գործիչների պատվարժան ու ներկայանալի մի փաղանգ, վերստին վկայում է Գրիշա Ղարիբյանի մեծ հեղինակության, մեծերով շրջապատվածության, գնահատված լինելու մասին:
Շնորհավորանքի եւ ողջերթի իրենց խոսքերում գրեթե բոլոր ելույթ ունեցողները հիմնանորոգված մշակույթի տան բացման եւ մեծ գիտնականի մեծարման հանդիսության համադրումը գնահատեցին որպես գիտության եւ մշակույթի նորօրյա արժեւորում, հույս հայտնելով, որ այն շարունակություն ունեցող նախադեպ ու առօրյա կդառնա ոչ միայն սիսիանյան հանրային կյանքում:
Քաղաքի երաժշտական դպրոցի ուսմասվար Գայանե Վարդանյանը նշեց, որ «աշխարհի ամենագունեղ կապերը ստեղծում է մշակույթը, նրա համար չկա ոչ լեզու, ոչ` հայրենիք», իսկ նմանօրինակ հանդիսությունները հատկապես իրենց` մշակույթի աշխատողների համար համարեց կրկնակի տոն, նորաբաց մշակույթի տան բեմահարթակը` դեպի ավելի մեծ բեմեր տանող ուղի:
Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սուվարյանը, որ ավելի քան 50 տարի ճանաչում է Գրիշա Ղարիբյանին, նշեց, որ «այս իմաստուն մարդը, որ ավելի քան 100 գիտական աշխատանքների հեղինակ է, որ կյանքում շատ պարգեւների է արժանացել, բազում ձեռքբերումների ու նվաճումների համար է հուզվել, երբեք այսքան հուզված ու խռովված չի եղել, որովհետու երբ խոսում է Սիսիանի մասին, հուզվում է մեծին վայել հուզմունքով»:
Իր ողջույնի եւ շնորհավորանքի խոսքը Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը համեմեց իր մանկության անմոռաց հիշողություններով, երբ 50 տարի առաջ այս նույն մշակույթի տուն էին գալիս` գտնելու մանկության ոսկե հեքիաթը: Կարեւորելով մշակույթի դերը, ամենից առաջ նա կարեւորեց ստեղծագործ մարդուն, նրա կատարած լավ գործերը` մասնավորաբար հիշելով մեր մեկ ուրիշ հայրենակցին` Զաքար Խաչատրյանին, ով Գրիշա Ղարիբյանի հետ միասին սովորել է գեղանկարչություն` Թերլեմեզյանի անվան ուսումնարանում:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որ 25 տարուց ավելի աշխատում է Գրիշա Ղարիբյանի հետ, նրան ներկայացրեց ոչ միայն որպես ուսուցիչ, ոչ միայն որպես դասախոս, ոչ միայն որպես մեծանուն գիտնական, այլեւ` զարմանալի մարդ, ով քայլել գիտի ժամանակի հետ: Նրա նկարագրի մեծագույն ու յուրատիպ բնորոշիչը համարեց այն, որ երբ այն տարիներին շատերը հանապազօրյա հացի խնդիր էին լուծում, Գրիշա Ղարիբյանը, առաջացած տարիքում, աշակերտի եւ ուսանողի խանդավառությամբ ու ջերմեռանդությամբ Հայաստանի Ամերիկյան համալսարանում աշխարհի առաջադեմ գիտնականներին ու փիլիսոփաներին էր ուսումնասիրում` ոչ միայն ժամանակից ետ չմնալու, այլեւ` ժամանակին համընթաց քայլելու համար:
Այսպես մեծարվելու, ծննդյան 80 ամյակը այս շուքով ու հանդիսավորությամբ նշելու, իր մեծ բարեկամ Համո Սահյանի անունը կրող մշակույթի տան դռնբացեքը իր ծննդյան 80 ամյակով պատվելու արարողությունից խորապես հուզված գիտնականի շնորհակալական խոսքը սոսկ երախտապարտի ու հոբելյարի խոսք չէր, այլ` գիտնականի, մտավորականի, երկրի, ազգի, Սիսիանի ճակատագրով մտահոգ, դրա համար տագնապող իմաստուն ու մտածող մարդու խոսք:
Հոտաղից մաճկալ դարձած, մաճկալից` գյուղի ամենասիրված երեխան, որովհետեւ ինքը լավ էր սովորում, իսկ գյուղում սիրում էին լավ սովորողին, բարիսովկացի Դադա ամու տղայից հանրապետության ամենաճանաչված գիտնականներից մեկի` նրա անցած ճանապարհը իմաստության բացառիկ մի դաս է, ու իր դասախոսություններից բացի նրա ապրած կյանքը նույնպես ուսուցանող է, դաստիարակող, վարակող ու ներշնչող: Գիտնականի եւ գիտության երախտավորի մտահոգությամբ Գրիշա Ղարիբյանը նշեց, որ եկել է ոչ թե դժգոհելու, այլ` ահազանգելու, որ աշխարհն այսօր գիտության աշխարհ է, մարդկային կապիտալի ամենաուժեղ պաշարը գիտությունն է, եւ Սիսիանը, որ հռչակավոր շատ մարդիկ է տվել հայ ազգին, իրավունք չունի ետ մնալ: «Սիսիանի համար ուժեղ դպրոցը եւ ուժեղ աշակերտը հրամայական պահանջ է»,- ահազանգեց նա, միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ վերջին տարիներին Տնտեսագիտական համալսարանում նվազել է սիսիանցի ուսանողների թիվը, ինչը իրեն խորապես տխրեցնում է:
Ծննդյան 80 ամյակի առիթով Երեւանեւմ մեծ գիտնականի հետ մեր հանդիպման ժամանակ Գրիշա Ղարիբյանը այլեւայլ շատ հարցերի շարքում նշեց, որ պետություն չունենալու պարագայում մեր ազգի հազարամյա գոյության հիմքը եղել են ավանդական հայ գյուղը, ավանդական հայ ընտանիքը, հայ մշակույթը, ու ցավ հայտնեց, որ այսօր այս երեքն էլ խաթարվում են, բայց գիտնականի եւ իմաստուն մարդու լավատեսությամբ հավելեց, որ ազգի գենը առողջ է, եւ հայ տեսակի ոսկե երակը երբեք չի ամլանա:
Կյանքում շատ բան տեսած եւ շատ դժվարություններ հաղթահարած, մեծ գիտնականին հարիր գրեթե բոլոր պարգեւներին արժանացած եւ վաստակած Գրիշա Ղարիբյանը ամենածանր եւ ցավալի դառնությունը կյանքում համարեց ապերախտությունը եւ 80-ամյա իր բարձունքից հորդորեց ապերախտ չլինել` իր կենսափիլիսոփայությունը բանաձեւելով իր մեծ բարեկամ եւ մտերիմ Համո Սահյանի կենսափիլիսոփայությամբ, որովհետեւ`

Պահած-պաշտած ծառիդ համար
Կաս թե չկաս, միեւնույն է,
Սրբատաշած քարիդ համար
Կաս թե չկաս, միեւնույն է…
Այնքան սիրած սարիդ համար
Կաս թե չկաս, միեւնույն է…
Հաշտվիր այս պարզ օրենքի հետ
Եվ ճանապարհդ այնպես գնա,
Որ մշտական մերժողդ անգամ
Ոչ մի անգամ մտքում չասի.
– Խառն ու խռով դարիդ համար
Կաս թե չկաս, միեւնույն է…

Հ.Գ. Հանդիսությունից հետո մեզ մոտեցավ սիրունադեմ մի հայուհի` Արգինե Սահակյանը, եւ բավականին հուզված ասաց, որ մեծ գիտնականի ծննդավայր Բորիսովկա-Ծղուկից նույնպես պատվիրակություն էր եկել մեծ հայրենակցին շնորհավորելու եւ իրենց ուղերձն էր բերել ասելու, որ որքան Գրիշա Ղարիբյանն է իր բոլոր հաջողությունների հիմքը համարում իր ծննդավայր Բորիսովկան եւ նրա մաքուր ակունքները, նույնքան էլ Ծղուկն է հպարտ նման հայրենակից ունենալու համար, եւ թախանձագին խնդրեց իրենց ուղերձը մեծ հայրենակցին հաղորդել գոնե թերթի միջոցով:

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *