ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲԱՐԴՈՒՅԹԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ Է

Սիսիանի զարգացման կենտրոնում հաշմանդամների «Խարիսխ» ՀԿ-ի կողմից կազմակերպված սեմինար–քննարկումը նվիրված էր հասարակության մեջ հաշմանդամների հիմնախնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:
Ամերիկյան դեսպանատան ֆինանսավորմամբ իրականացվող «Տրանս-Կովկասյան կոնֆերանս» ծրագիրը նպատակ ունի վեր հանել հաշմանդամների հիմնախնդիրները հասարության մեջ եւ գտնել դրանց լուծման ուղիները: Այս սեմինարում առանձնակի ուշադրություն հրավիրվեց հաշմանդամ երեխաների հիմնախնդիրներին, քանի որ կյանքը նրանց համար դեռեւս առջեւում է, եւ պետք է անել հնարավորինս` նրանց հասարակության մեջ ինտեգրելու, միաժամանակ` հասարակության մեջ արմատավորելու միտքը, որ հաշմանդամը նույնպես հասարակության անդամ է եւ… լիիրավ անդամ, ու նրա հաշմանդամությունը պատճառ չէ նրանից օտարանալու, կամ նրան իրենից օտարացնելու:
Սեմինարի մասնակից թիվ 3 միջն. դպրոցի դասվար Ֆլորա Հովհաննիսյանը, որն արդեն բավականաչափ փորձ ունի հաշմանդամ աշակերտների հետ աշխատելու, նշեց, որ ԿԳ նախարարության կրթական չափորոշիչներում հատուկ տեղ է հատկացվել հատուկ կարիք ունեցող երեխաների հետ տարվող աշխատանքներին` անհրաժեշտ միջավայր եւ պայմաններ ապահովելու առումով, կազմված են ուսումնական պլաններ, մշակված է գնահատման այլընտրանքային համակարգ, ստեղծված են հատուկ հենակետային դասարաններ: Եթե հատուկ կարիքներով  երեխան չի կարող հաճախել հանրակրթական դպրոց, ինչը նախընտրելին է, ապա ուսուցիչն է գնում նրա մոտ: «Կարեւորն այն է, – հավելեց նա,- որ պետական հոգածությունը կա նրանց նկատմամբ եւ պետական չափորոշիչային պահանջների մեջ ներառված են նրանց կարիքները»:
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի աշխատակից Գայանե Հակոբյանը նշեց, որ «հաշմանդամ» բառն ինքնին սահմանազատում է նրան հասարակությունից, ու պետք է խուսափել այդ բառն օգտագործել, նշեց, սակայն, որ հասարակության մեջ փոխվել է վերաբերմունքը. եթե առաջ ծնողներն իրենք էին «թաքցնում» իրենց երեխային հասարակությունից, ապա  հիմա հոգեբանական այդ բարդույթը հաղթահարված է: Պարզապես նրանց առջեւ ծառացած հիմնախնդիրներն են մնում չլուծված եւ օրինակ բերեց թեքահարթակների ու թեքատների բացակայությունը, ինչը, մանավանդ  նորակառույցներում,  օրենքով է պահանջվում:
Այս առումով վկայակոչվեց հենց նորակառույց հրապարակում թեքատների բացակայությունը, որը  շինարարական նախագծի խախտում է:
Նորակառույց շինություններում, խանութներում, հասարակական վայրերում թեքատների բացակայության մասին քաղաքապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Վարդան Բալյանի պատասխանն ավելի քան տարօրինակ էր: Նա նշեց, որ կառուցապատողը շրջանցում է  կառուցապատման թույլտվությամբ  նախատեսված թեքատի կառուցումը` նախընտրելով տուգանքի վճարումը: Այդ դեպքում ի՞նչ են նախընտրել հրապարակը վերակառուցողները` շրջանցելով հարթասանդուղքի կառուցումը: Վ. Բալյանը նշեց, որ հրապարակում կան թեքատները: (՞): Այդ որտե՞ղ են թաքցրել, որ չի երեւում:
Հաշմանդամ երեխայի ծնող Սիլվա Հակոբյանը նշեց, որ գրեթե բացակայում են խաղահրապարակները, որոնք  զավթված են շինարարության եւ բանջարանոցների համար: Ի պատասխան այս հարցադրման, Վարդան Բալյանը երաշխավորեց, որ օրենքով սահմանված կարգով բոլոր ապօրինի շինությունները քանդվելու են, զավթված տարածքները վերականգնվելու են որպես խաղահրապարակ: Թե ում էր ինչ ուզում համոզեր քաղաքապետարանի նորանշանակ պաշտոնյան, ինքը միայն կիմանա: Այդ դեպքում ինչու են շարունակվում արագ տեմպով յուրացվել դեռեւս չյուրացված խաղահրապարակները ու ինչո՞ւ են խաղահրապարակներում խանութներ կառուցվում:
«Խարիսխ» ՀԿ նախագահ Սուսաննա Իսաջանյանը նշեց, որ կան, իրոք,  լավ օրենքներ հաշմանդամներին վերաբերող, բազմաթիվ արտոնություններ, պարզապես հաշմանդամն է քիչ իրազեկված եւ չի կարողանում իր իրավունքները պաշտպանել:
Սյունիքի մարզի ԲՍՓՀ-ի անդամ բժշկուհի  Արմենուհի Դովլաթյանը հավելեց, որ այդ պարագայում էլ իրենք են անում ամեն ինչ` նրանց իրավունքները պաշտպանելու եւ իրազեկելու` հաշմանդամության կարգը նշանակելիս:
«Տաս տարեկանում ես ինձ հաշմանդամ էի զգում,- ասաց Ժորա Համբարձումյանը,- բայց 16-ից հետո`  ոչ, փորձել եմ շատ ավելին անել եւ հասել եմ: Պարզապես պիտի հաշմանդամին ոչ թե կարեկցել, այլ` հարգել նրա անհատականությունը, եւ նա ինքն իրեն դուրս կբերի «հաշմանդամի» հոգեվիճակից: Անհնարին ոչինչ չկա»:
Իմի բերվեցին արված առաջարկությունները, խմբավորվեցին` դեկտեմբերին կայանալիք տրանս-կովկասյան կոնֆերանսին ներկայացնելու եւ դրանց լուծման ուղիները տալու ակնկալիքով:

Տաթեւիկ  ՇՈՂՈՒՆՑ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *