ՀՈԳՍԸ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՃԵԼԻ ՈՒ ՍԻՐԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔ

Ծղուկի դպրոցի շենքը շահագործվել է 1986 թ.-ին, որը նախատեսված էր հիմնական դպրոցի համար:
Սակային 1987 թ.-ին դպրոցը միջնակարգի կարգավիճակ է ստացել: 1995թ.-ից առ այսօր դպրոցի տնօրենն է ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Լարիսա Նավասարդյանը, որը մինչ այդ 8 տարի նաեւ դպրոցի ուսումնական մասի վարիչն էր: Գյուղական դպրոցի հիմնախնդիրներ, գյուղի եւ քաղաքի դպրոցների տարբերություններ, առանձնահատկություններ, ուսման, կրթության նկատմամբ վերաբերմունքի ժամանակից ընկալումներ եւ նմանատիպ այլ հարցեր քննարկեցինք Ծղուկի միջնակարգ դպրոցի տնօրեն Լարիսա Նավասարդյանի հետ:

-Ի՞նչ տարբերություն կա այսօր քաղաքի եւ գյուղի դպրոցների միջեւ:
-Այն նույն տարբերությունը, ինչը որ կա քաղաքի եւ գյուղի միջեւ: Քաղաքը մնում է քաղաք, գյուղը` գյուղ: Քաղաքի դպրոցը նախ` աչքի առաջ է եւ, իմ կարծիքով, առաջնահերթ բոլորն այդ դպրոցներին են ուշադրություն դարձնում: Այդ դպրոցները նաեւ մեծ են, աշակերտների թվաքանակով` շատ:
Գյուղական դպրոցի երեխան ընտրության սահմանափակ  հնարավորություն ունի:
Դպրոցի խմբակներից, դպրոցական միջոցառումներից բացի  չի կարող մարզական կամ երաժշտական որեւէ կրթօջախ հաճախել, նրա շփումը քիչ է: Ուստի գյուղում այսօր թունելի միակ լույսը  դպրոցն է, եւ նրա վրա է  թե՛ ողջ ծանրությունը, թե՛ դերը: Բայց` գյուղական դպրոցը մի մեծ առավելություն ունի. աշակերտների թվաքանակի պակասը, որ հիմնախնդիր է նրա եւ գյուղի համար, դարձել է նրա առավելությունը: Քիչ թվով երեխաների հետ աշխատանքը դարձել է անհատական պարապմունքի պես, որը, գուցե, այլ պարագաներում փոխարինում է մասնավոր պարապմունքներին: Երեխան ամեն օր դաս է պատասխանում: Նա «հերթ պահելու» հնարավորություն չունի: Մյուս կողմից` ամբողջ դպրոցում յուրաքանչյուր առարկայից մեկ մասնագետ է աշխատում, նրանն է թե լավ, թե վատ  արդյունքը: Գյուղական դպրոցի ուսուցիչն այս առումով շատ ավելի ծանրաբեռնված է:
 – Այդ դեպքում որտեղի՞ց այն  կարծիքը, որ որոշ ուսուցիչներ, ընտրության հնարավորության դեպքում, փորձում են առավելությունը տալ գյուղական դպրոցներում աշխատելուն` իբրեւ թե այնտեղ աշխատելը հեշտ է, որովհետեւ աշակերտների թվաքանակը քիչ է:
– Դա թյուր կարծիք է: Ես էլ լսել եմ նման կարծիքներ: Բայց հենց այդպես մտածող շատ ուսուցիչներ քաղաքից հետո գյուղում աշխատելով իրենք են փոխում իրենց`  նման մտածելակերպն ու գործելակերպը: Կարծում եմ` ընդամենը պատասխանատվության խնդիր է: Դրան գումարած` երթեւեկելու դժվարությունը, որը լրացուցիչ հոգնածություն է գյուղական դպրոցի ուսուցչի համար: Մյուս կողմից` երթեւեկող ուսուցչի կախվածությունը տրանսպորտից: Շատ կարեւոր է այս պարագայում նաեւ ուսուցչի` տեղացի լինելը: Ունենք  երթեւեկող 7 ուսուցիչ, բայց երթեւեկող լինելը, տրանսպորտից կախվածությունը հիմք չէ մեզ համար, որ նա թերանա իր աշխատանքում, տնօրինությունն էլ աչք փակի դրա վրա :
– Իսկ կրթության մակարդակի եւ գիտելիքի առումո՞վ:
– Լավ սովորողը լավ սովորում է թե քաղաքի դպրոցում, թե` գյուղի: Մեր շրջանավարտները պետական բուհեր են ընդունվում այնպես, ինչպես քաղաքի դպրոցների շրջանավարտները: Խնդիրն այստեղ թերեւս տոկոսային հարաբերություն մեջ է. շատ աշակերտից` շատ ընդունվածներ, քչից` քիչ:
– Այդ դեպքում` ինչո՞վ բացատրել օլիմպիադաներին գյուղական դպրոցների թույլ մասնակցությունը եւ մրցանակային քիչ տեղերը:
– Իմ կարծիքով` պատճառը ոչ այնքան իմացության–չիմացության մեջ է, որքան` ինքնադրսեւորման: Ես օլիմպիադաները գիտելիքի մրցակցություն չեմ դիտում, այլ` ակտիվության մրցակցություն: Իսկ գյուղական դպրոցի երեխան, ինչպես եւ գյուղի բնակիչը, միջավայրը փոխելիս անվստահ, ընկճված եւ կաշկանդված է լինում, եւ իրեն չի դրսեւորում այնպես, ինչպես իր ամենօրյա միջավայրում: Հարցի մյուս կողմն էլ կա. քաղաքի դպրոցների երեխաները թե՛ դպրոցում, թե՛ օլիմպիադաների ժամանակ տեսնում են իրենց նույն ուսուցիչներին, որոնք ավելի հարազատ են իրենց երեխաների համար: Ամեն տարի օլիմպիադայից հետո այս խնդիրը քննվում է, շոշափվում, եւ, կարծում եմ, ամեն անգամ գյուղական դպրոցի երեխայի հոգում մնում է վիրավորանքի եւ խտրականության նստվածքը: Այս դեպքում էլ  դարձյալ կախվածություն կա տրանսպորտից. շատ հաճախ երեխան կիսատ է թողնում օլիմպիադան` ավտոբուսից չուշանալու համար: Կարծում եմ` ճիշտ կլիներ եւ լավ կլիներ, որ օլիմպիադան անցկացվեր 2 փուլով` գյուղական դպրոցների համար` առանձին, քաղաքի համար` առանձին: Դա նաեւ կազմակերպչական հարցերը կթեթեւացնի եւ լարվածությունը կթուլացնի:
– Տիկին Նավասարդյան, գաղտնիք չէ, որ գյուղը դպրոցով է շեն եւ` հակառակը: Անցյալ տարի Ծղուկի միջնակարգ դպրոցը առաջին դասարանցի չուներ, այս տարի  ունի հինգ հոգի: Գյուղի եւ դպրոցի ապագան վտանգվա՞ծ է:
– Իմ` տնօրեն դառնալու տարում` 1995թ-ին Ծղուկի միջնակարգ դպրոցն ուներ 98 աշակերտ, այսօր` 56: Անցյալ տարի կարող էինք 1 առաջին դասարանցի ունենալ, բայց ծնողի խնդրանքով նա չհաճախեց դպրոց, որովհետեւ 11 տարի պիտի միայնակ լիներ: Հիմա մյուս 4-ի հետ ունենք 5 առաջին դասարանցի: Աշակերտների թվականակի նվազումը միայն սոցիալական հետեւանք է; Շատ ծնողներ վարձով ապրում են Երեւանում, քանի որ այնտեղ աշխատանք են գտել` տեղափոխելով նաեւ իրենց ընտանիքները: Գյուղում աշխատանք լինելու դեպքում, համոզված եմ, նրանք ետ կվերադառնամ: Իսկ գյուղում աշխատանք կգտնե՞ն… Դա է հարցերի հարցը: Ծղուկի միջնակարգ դպրոցում լավ ուսուցչական կոլեկտիվ է ձեւավորված, բոլորը` բարձրագույն կրթությամբ, երիտասարդ, եռանդուն: Մեր դպրոցի շատ ու շատ շրջանավարտներ այսօր տարբեր դպրոցների տնօրեններ են, ճանաչված ու հարգված մանկավարժներ եւ մասնագետներ: Դպրոցն առաջնահերթ իր հիմնական` պետության կողմից պատվիրակված կրթադաստիարակչական դերն է կատարում:
– Ի՞նչ խնդիրներ ունի այսօր Ձեր դպրոցը:
– Հիմնականում` շենքային: Կառուցվելուց ի վեր չի հիմնանորոգվել:Դպրոցի աշակերտը խանդով է վերաբերում լավ կահավորված դպրոցում  սովորող իր հասակակցին: Լավ դպրոցը նաեւ լավ տրամադրություն է, հաճելի աշխատանքային միջավայր, ինչի ակնկալիքը ունենք: Այսօր դպրոցում հիմնախնդիր են նաեւ լաբորատոր ժամանակակից սարքավորումներն ու նյութերը:
– Տիկին Նավասարդյան, կնոջ համար լրացուցիչ բեռ չէ՞ իր տան հոգսից բացի նաեւ նման հոգս վերցնելը:
– Իմ  կոլեկտիվը եւ ամուսինս, որ դպրոցի զինղեկն է, միշտ կողքիս են, կիսում են հոգսը, օգնում են, ընտանիքով էլ ծանրաբեռնված չեմ, եւ այդ հոգսը արդեն հաճելի ու սիրելի աշխատանք է դարձել ինձ համար: Իսկ եթե աշխատանքդ սիրում ես, նվիրված ես, ցանկացած հոգս հաղթահարելի է: Հակված չեմ մտածել, թե մեկ հարցազրույցով կարողացա ներկայացնել գյուղական դպրոցի հիմնախնդիրները: Բայց հավատում եմ թե՛ մեր դպրոցի, թե՛ մեր համայնքի, թե՛ պետության վաղվա լավ օրվան:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *