ՀՈՂԻ ՄԱՐԴՈՒՆ ՄԻ՛ ԽՌՈՎԵՑՐԵՔ ՀՈՂԻՑ…

Ախլաթյանի համայնքապետարանի պատին արցախյան քառօրյա պատերազմում զոհված համայնքապետ, ազատամարտիկ Արմեն Բեգլարյանի հուշաքարն էր: Համայնքի ղեկավար Անաստաս Բաբայանն ասաց, որ տեղադրվել է Արմենի ընկերների կողմից, եւ տարելիցին հիշատակի միջոցառում կանեն: Արմենն ընտանիք չունեցավ, ու համայնքապետարանը, կարծես, խորհրդանշականորեն դարձել է նրա տունը, նրա ընտանիքը, նրա՝ իրականացված ու չիրականացված նպատակների եւ ցանկությունների աշխարհը: Համայնքի ղեկավարի հետ, չգիտես ինչու, զրույցս հենց այդտեղից էլ սկսվեց՝ չի՞ ճնշվում, արդյոք, նախորդ համայնքապետի՝ ազդեցիկ ներկայությունից: «Այսօր էլ է ճնշում, նրա զոհվելուց գրեթե մեկ տարի անց էլ է ճնշում, եւ միշտ կճնշի, քանի որ մենք ոչ միայն միասին աշխատել ենք, այլեւ՝ ընկերներ ենք եղել, մտերիմներ: Իմ՝ գյուղապետ դառնալու հանգամանքն էլ պայմանավորված էր հենց դրանով: Ճիշտ է՝ որեւէ մեկը մյուսի բացը չի լցնում, բայց երբ համայնքը նոր ղեկավար ունենալու խնդրի առաջ կանգնեց, նպատակահարմար համարեցինք, որ նրա կիստ գործերը ես շարունակեմ, նրա ծրագրերը ես իրականություն դարձնեմ, որ նրան այդպես միշտ կենդանի զգանք մեզ հետ ու մեր մեջ»,-ասում է համայնքապետը եւ հավելում, որ ծանոթ էր նրա բոլոր ծրագրերին, գյուղի բոլոր խնդիրներին… Աշխատել է գյուղապետարանում, եղել է Արմեն Բեգլարյանի, նրան նախորդած համայնքապետի տեղակալը: Հետո դուրս է եկել համայնքապետարանից եւ զբաղվել իր տնտեսությամբ:

Գյուղական համայնքները իրենց լավ օրերն ու ժամանակները չէ, որ հիմա ապրում են: Գյուղում ապրելը դժվար է, հոգսաշատ է, խնդրաշատ է, եւ ո՞րն է համայնքի ղեկավարի հիմնական դերն այսօր մեր հարցմանն ի պատասխան համայնքապետն ասում է, որ ինքն էլ նրանցից մեկն է, ու բոլորի հոգսերն ու խնդիրները նման են իրար, գրեթե՝ նույնն են: «Իմն ուղղակի կրկնապատիկն է, որովհետեւ բացի իմ խնդիրներից, իմն են նաեւ ողջ գյուղի եւ մյուսների հոգսերն ու խնդիրները»,- թեթեւ ժպիտով ասում է Անաստաս Բաբայանը:

Հարցին, թե որոնք են Ախլաթյանի՝ լուծման կարոտ հիմնական DSC05424խնդիրները, համայնքապետն ասում է, որ գյուղում միշտ էլ խմելու ջուրը հիմնախնդիր է եղել, թե՝  քանակով, թե՝ որակով: «Արմեն Բեգլարյանը շատ ջանքեր է թափել այդ հիմնախնդիրը լուծելու համար, եւ այն այսօր իրականություն է դառնում. Օբիձոր կոչվող տարածքից 4 կմ երկարությամբ խմելու նոր ջրագիծ պետք է անցկացվի գյուղում: Ծրագիրը ֆինանսավորում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, որի նախահաշվային արժեքը 51 մլն 707 հազար դրամ է: Աշխատանքները մեկնարկելու համար սպասում ենք ընդամենը ձյան հալվելուն»,-ասում է համայնքապետը ու նշում, որ դա կլինի Արմենի հարահոս հիշատակը: Հետո հիմնախնդիր է համարում նաեւ մանկապարտեզի հարցը: «Գյուղում կա մանկապարտեզահասակ 15-20 երեխա, գործելու դեպքում երեխաների թիվը կավելանա: Մտադիր ենք նախկին մշակույթի տան մի քանի սենյակներ վերանորոգել, կահավորել եւ դարձնել մանկապարտեզ»,-ասում է համայնքապետը:

Հետո նշում է, որ գյուղից արտահոսքն առանձնապես մեծ չէ, ժամանակին ով գնացել-գնացել է, հիմա գնում են միայն ժամանակավոր աշխատելու՝ Արցախում, Սիսիանում, Երեւանում, եւ ետ են վերադառնում, բայց գյուղում նոր ընտանիքներ չեն ստեղծվում, հարսանիքներ չեն լինում, գյուղում աշխատանք չկա:

Իսկ հողը գյուղացու համար աշխատատե՞ղ չէ մեր հարցին էլ պատասխանում է՝ ասելով՝ «Հողն ու անասնապահությունը գյուղացու հիմնական աշխատատեղն են, այսպես ասենք, բայց գյուղացին չի կարողանում հողից եկամուտ, արդյունք ստանալ, անասնապահությունը բանկրոտ է, էսօր մի լիտր ջերմուկը ավելի թանկ է, քան՝ մի լիտր կաթը: Գյուղացին չի կարողանում ապրել: Ես էլ գյուղացի եմ՝ նույն կարգավիճակով: Հողը մշակելու համար ուժ է պետք, փող, միջոցներ են պետք: Բոլորս խճճված ենք գյուղատնտեսական վարկերի մեջ, չենք կարողանում ուշքի գալ: Վերցրել ենք գցել հողը, արդյունք չենք ստացել: 5 տարի է՝ ոչ մի արդյունք: Մենակ մենք չենք: Տրվել է սերմացու, ցանել ենք, արդյունք չենք ստացել: Գյուղացին շփոթահար է, չգիտի՝ ինչ անի, ցանի՝ վայ է, չցանի, վայ է»,-ասում է համայնքապետը, ու այդ պահին նա ոչ թե համայնքի ղեկավար էր, այլ՝ գյուղի մարդ, հողի մարդ, ով բոլորի նման համակված է նույն դարդ ու ցավով:

Ապագա խնդիրների ու անելիքների մասին չցանկացավ խոսել, ասելով՝ ինչ իմանաս՝ վաղը ինչ կգա, բայց եւ նշեց, որ նույն գյուղից է, նույն հոգսերով, նույն պատասխանատվությամբ, հնարավոր բոլոր պետական, միջազգային կազմակերպությունների դռներն է թակում, գնում-գալիս, որ մի բան ստացվի, որ արդարացնի մարդկանց վստահությունը, մի բանով թեթեւացնի համագյուղացիների հոգսը: Առայժմ այդ փնտրտուքի մեջ են:

«Շատ խնդիրներ ունենք, չբարձրաձայնեմ, դրանք թող մնան իմ մտքում եւ իմ ծրագրերում, հենց որ իրականություն դառնալու հավանականությունը մեծանա, ինքս կտեղեկացնեմ, որ նաեւ մեր բնակիչներն իմանան, բայց հիմա այդ մասին եկեք չխոսեմ»,- ասաց նա:

Բնական էր նաեւ օրվա գլխավոր թեմայի՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին մեր զրույցը: Հարցիս՝ ինչպես է վերաբերվում խորհրդարանական առաջիկա ընտրություններին, պատասխանեց չափազանց անկեղծ եւ պրագմատիկ. «Ով գյուղի համար մի կարեւոր բան կանի, որ քաղաքական ուժը կցանկանա գյուղում մի լավ գործ անել, մի կարեւոր խնդիր լուծել, նրան էլ կընտրենք: Մեր բոլոր քայլերը պայմանավորված են լինելու գյուղի շահերով: Մարդիկ գալիս են-ձայն են խնդրում, տալիս ենք, գնում-մոռանում են գյուղը, էս պահին ինձ համար գերադասելին իմ համայնքի շահերն են»:

Մինչ մեր զրույցը մտածում էի, որ համայնքի նոր ղեկավարը լինելու է «խամ», անփորձ, դեռեւս իր գործի մեջ չհմտացած մարդ: Բայց բոլորվին այլ բանի ականատես եղա: Իհարկե, համայնքի ղեկավարից այսօր շատ բան կախված չէ, երկրի վիճակը առանձնապես գոհացուցիչ չէ: Բայց, անկախ ամեն ինչից, երկրիս կառավարությունը գյուղին մի քիչ այլ աչքով պիտի նայի, ջերմ աչքով, սրտի աչքով… որ գյուղացին չխռովի իր հողից… ու չօտարանա: Իսկ երկիրը հողն է… Հողը՝ Հայրենիքը…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

 

 

 

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *