ՀՈՐԻՆՎԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ

Երբ մենք երջանիկ ենք, միշտ բարի ենք, բայց երբ մենք բարի ենք, միշտ չէ, որ երջանիկ ենք…
Չգիտեմ` բարի էի, թե՞` երջանիկ, բայց սիրով եւ հավատով լցված մի ամրոց էի կառուցում` փոքրիկ, կոկիկ, աչքի ընկնող: Ոչ ոք չգիտեր, որ դա ամրոց է, եւ միայն` իմն է: Ես էլ կարծում էի, որ այն ոչ մեկին պետք չէ: Երկար ժամանակ անցավ, մինչեւ ոտքի կանգնեցրի իմ շինությունը: Սիրում էի, փայփայում, ով ներս էր մտնում իմ փոքրիկ ամրոցը, կարծես հարազատս լիներ: Միշտ ուշադիր էի, որ ոչ մեկը չվնասեր իմ ստեղծածը, եւ այնքան էի հավատում, որ իմ ամրոցում ապրողները հավատարիմ են ինձ ու չեն լքի այն: Զգույշ էի, որ չնեղացնեմ նրանց, որ չփշրվի իմ հորինած երազային կառույցը. ախր այն միայն սիրով, անկեղծությամբ, հավատով ու հույսով էր շաղախված…
Մի օր մի չարաճճի աղջիկ եկավ եւ չարախինդ ժպիտով որոշեց, որ դա իրենը պիտի լինի: Իսկ ես այնքա~ն հանգիստ էի, գիտեի, որ այն չի վաճառվում եւ տեղափոխել չի լինի, ա~խր կփլվի…
Բայց… ամրոցի փոքրիկ բնակիչները, որոնց ես էի բնակեցրել այնտեղ, դավաճանեցին ինձ, դուրս եկան այնտեղից, պատռեցին իմ հույսի շղարշը եւ գնացին այդ չարաճճի աղջկա մոտ:
Երբ արթնացա խորը քնից, տեսա, որ նրանք էլ չկան, ու ես մենակ եմ: Ամրոցն իր տեղում էր, բայց այն շերտը, որ սիրուց, նվիրվածությունից, հավատից էր կառուցված, ցիրուցան էր եղել փողոցով մեկ: Արցունքներս սրբեցի, ափսոսանքով կռացա, որ հավաքեմ գետնին թափված նվիրական զգացմունքներս, բայց դրանք սահելով թափվում էին մատներիս արանքով. կարծես նրանք էլ արցունքի կաթիլներ լինեին:
Հիմա այդ չարաճճի ու չարախինդ աղջիկը ինձնից գողացած բնակիչներին կպահի իր ամուր բերդում, որի պատերը փառամոլությամբ, կեղծիքով ու քաղքենիությամբ են պատված: Այնտեղից այդքան հեշտ չի լինի փախչել. չէ՞ որ միշտ էլ փողը զորեղ է եղել մարդկային բոլոր արժանիքներից: Հիմա ես ուղղակի իմ փոքրիկ բնակիչներին եմ խղճում, որ էլ սիրով ու անկեղծությամբ չեն շրջապատված, որ կյանքի այդ դպրոցը պիտի անցնեն, որտեղ տիրակալը փողն է միայն:
Երկար տխրեցի ու հետո հասկացա, որ նրանք արժանի չեն իմ զգացմունքներին ու մխիթարվեցի նրանով, որ կյանքում ոչինչ հարատեւ չէ…

Մելանյա  ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *