ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՔՈԼԵՋԸ ՓԱԿՈՒՄ Է ԻՐ ԴՌՆԵՐԸ ԵՎ… ԱՎԱՐՏՈՒՄ 20-ԱՄՅԱ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ կառավարության` 2011 թ.-ի հունիսի 10-ի N 781-Ն որոշմամբ ՀՀ ԿԳ նախարարության «Սիսիանի պետական հումանիտար քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը միացման ձեւով վերակազմակերպվել է` միացվելով ՀՀ ԿԳ նախարարության «Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը: Նոր կազմավորումը վերանվանվել է ՀՀ ԿԳ նախարարության «Սիսիանի պետական քոլեջ» ոչ առեւտրային կազմակերպություն:
Ի՞նչն է մղել ՀՀ կառավարությանը` այդօրինակ որոշում կայացնել, որո՞նք են միավորման պատճառները, ինչո՞ւ «վերացավ» Սիսիանի հումանիտար քոլեջը, որն ավելի քան 20 տարի գործունեություն էր ծավալել: Այս եւ այլ հարցերի շուրջ է մեր զրույցը այլեւս արդեն Սիսիանի նախկին հումանիտար քոլեջի վերջին տնօրեն Վազգեն Բաբայանի հետ:

-Պարո՛ն Բաբայան, ՀՀ կառավարությունն ինչո՞ւ է նման որոշում կայացրել: Ինչո՞ւ «փակվեց» Սիսիանի հումանիտար քոլեջը:
– ՀՀ կառավարությունը նման որոշում կայացրել է, բայց ես պաշտոնապես եւ հստակ դրա պատճառների մասին կոնկրետ որեւէ բան չեմ կարող ասել, որովհետեւ նախապայմանները չգիտեմ. գուցե` խոշորացման խնդիր է, գուցե` օպտիմալացման, գուցե` Եվրամիության պահանջ, չգիտեմ: Բայց միավորումն արդեն կայացել է, գործընթացն ընթանում է:
-Ձեր կարծիքով` ՀՀ կառավարության`  նման որոշում  կայացնելու համար քոլեջն իր գործունեությամբ որեւէ հիմք չի՞ տվել:
-Կարծում եմ` ո՛չ: Խնդիրն այն է, որ միավորման կոնկրետ հիմնավորումը չգիտեմ: Բայց նմանատիպ միավորում միայն Սիսիանում չէ, որ եղավ: Հանրապետության քոլեջային համակարգի մոտ 12 %-ը միավորվել է, 5-6 ուսումնական հաստատություն վերակազմակերպվել է, մեկն էլ մեր քոլեջն էր:
-Մխիթարվելու պես մի բա՞ն է Ձեզ համար, որ միայն Սիսիանում չէ այդպիսի գործընթաց իրականանում:
-Չէ՛, դա մխիթարանքի հետ որեւէ կապ չունի:
-Գուցե չե՞ք ապահովել բավարար քանակությամբ ընդունելություն, աշխատանքի որակ, կրթության մակարդակ:
-Դրանք  էլ հիմնական պատճառ չեն կարող լինել: Եղել է, որ ամբողջությամբ չեն ձեւավորվել բոլոր մասնագիտություններով խմբերը: Վերջին 10 տարվա ընթացքում ուսանողության թիվը 40-50 %-ով նվազել է:
-Դա պայմանավորված էր բնակչության ընդհանուր թվի նվազմա՞մբ, արտագաղթո՞վ, թե՞…
-Ոչ միայն: Կային մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ: Արտահոսքից բացի, միջնակարգ մասնագիտական ոլորտի որակավորմամբ աշխատանք չգտնելը, բուհերի` նոր մասնաճյուղեր բացելը, շատ ու շատ այլ պատճառներ, որոնք բերել-հանգեցրել են նման որոշում կայացնելուն:
-Քանի՞ տարի գործեց հումանիտար քոլեջը:
-20 տարի: Այն հիմնադրվել է 1991 թ.-ին եւ հանրապետությունում առաջիններից մեկն էր, որը, ընդ որում, ձեւավորվել է ոչ թե այլ ուսումնական հաստատության հիման վրա, այլ` հենց որպես քոլեջ: 20 տարին քիչ ժամանակ չէ: Այս տարիների ընթացքում առաջացել են նաեւ գուցե` օբյեկտիվ, գուցե` սուբյեկտիվ պատճառներ, իմ մեղքը կլինի, ժամանակների մեղքը, ընդհանուր ընթացքի, կառավարման, մոտեցումների, նման օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներն են ահա, որ, գուցե, հիմք են դարձել 2 քոլեջների միավորման:
Այսօր շատ բուհեր էլ կան, որ նույն խնդիրների առաջ են կանգնած, ուսանող չլինելու պատճառով շատ բուհեր են գնում «փակման»: Բայց, կարծում եմ, դա պատճառ չէր կարող լինել ուսումնական մի հաստատություն «փակելու»: Այսօրվա իրավիճակում հումանիտար քոլեջի հետագա գործունեությունը երեւի գնահատվել է անհեռանկարային եւ անիմաստ, դրա համար էլ կայացվել է վերամիավորման որոշումը: Սա օպտիմալ տարբերակ էր: Մյուս կողմից, իմ կարծիքով, հատկապես փոքր քաղաքում 2 քոլեջի գործունեության դեպքում շեշտը դրվում էր ուսանողներ ունենալու թվաքանակի մրցակցության վրա, եւ տուժում էր ուսման որակը: Հիմա ուղղակի դա կնպաստի ուսման որակի բարձրացմանը: Քոլեջի «փակումը» կամ «վերացումը» հասարակական ողբերգություն չէ, սա սովորական գործընթաց է: Ամեն բանի առաջընթացը առողջացումն է: Այս իրավիճակում, կարծում եմ, դա ավելի կարեւոր է, քան, ասենք, եւս մեկ քոլեջի գործունեությունը:
-Շատ հանգիստ բացատրություն եք տալիս: Ափսոսանք, ցավ չկա՞:
-Իհարկե, կա՛: Ամեն դեպքում սա մի կառույց էր, մի կոլեկտիվ էր, մի կազմակերպություն, բավականին նորմալ գործող ուսումնական հաստատություն` իր բոլոր ատրիբուտներով, մեր շրջանավարտները հանրությանն օգտակար մարդիկ են դարձել: Ամեն դեպքում, իհարկե, ափսոսանք կա:
-Բայց Ձեր քոլեջը, կարծես, կորցրել էր նախկին հեղինակությունն ու համբավը:
-Ես չէի ասի, թե հեղինակությունն այդպես խաթարվել էր, եւ քոլեջը չէր ծառայում իր բուն նպատակին: Մեր դասախոսների պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը որուէ մեկը կասկածի տակ չի կարող դնել, իսկ մեր ուսանողները չեն բողոքի ուսումնական պրոցեսի որակից եւ մակարդակից: Իմ` վերը հիշատակած խնդիրները, երեւի, կամաց-կամաց բերեցին դրան:
-Քանի՞ աշխատող ունեիք:
-Դասախոսական եւ վարչական կազմը միասին` 31: Նախկինում, իհարկե, ավելի շատ էր, ֆինանսական խնդիրների պատճառով նրանց թիվը կամաց-կամաց նվազեց:
-Պարո՛ն Բաբայան, ի՞նչ է լինելու նրանց հետագա աշխատանքային ճակատագիրը:
-Քանի որ այս գործընթացը վերամիավորման սկզբունքով է ընթանում, եւ մեր քոլեջն է միանում մյուս քոլեջին, բնականաբար, մեր վարչական աշխատողների հետ աշխատանքային պայմանագիր չի կնքվի: Իսկ ընդունելության քննությունների ավարտից, տարիֆիկացիայի կազմումից հետո, երբ համալրված կլինեն նաեւ նախկինում մեզ մոտ դասավանդվող առարկաների խմբերը, կարծում եմ` հաշվի կառնվեն մեր դասախոսների փորձը, պրոֆեսիոնալիզմը, եւ, եթե նրանց պահանջարկը լինի, կհրավիրվեն նոր աշխատատեղում աշխատանքի: Եթե խմբերը չձեւավորվեն, նրանք մեխանիկորեն դուրս կմնան:
-Իսկ անձամբ Ձեզ համար ի՞նչ կլինի:
-Իմ եւ վարչական կազմի խնդիրը կմնա այսպես` մենք աշխատանք չենք ունենա, մինչեւ` տեսնենք… Հիմա վերամիավորման գործընթացն է ընթանում, հանձնում-ընդունում, կգրվի եզրակացություն:
-Հնարավո՞ր էր, ասենք, որ հակառակ գործընթացը կատարվեր, եւ մյուս քոլեջը միանար Ձեզ:
-Չէ՛, հնարավոր չէր: Որոշման` այս տարբերակի համար հիմք է ծառայել կոնկրետ ուսումնական հաստատության վիճակը տվյալ պահին: Մյուս քոլեջում ուսանողների թիվն ավելի բարձր էր, ուսումնական, նյութատեխնիկական բազան, լսարանային, շենքային պայմանները մեզանից լավն էր, եւ այս պայմաններում ապսուրդ էլ կլիներ, որ իրենց միացնեին մեզ:
-Դուք չափազանց անկեղծ եք այս պատասխանի մեջ:
-Դէ, համեմատել որպես այդպիսին, չէր կարելի: Իրավիճակը տարբեր էր: Մենք ունեինք շենքային խնդիրներ, լսարանային պայմանները բավարար չէին: Մյուս քոլեջի շենքը ուսումնական հաստատության համար նախատեսված տիպային շենք էր` կառուցված դեռեւս կոմունիստների ժամանակ: Այս պարագայում ոչ համեմատության, ոչ էլ` մրցակցության խնդիր կար: Եթե մեր պայմաններն ավելի լավը լինեին, չեմ կարծում, որ սխալ պրոցես կկատարվեր:
-Ասացիք` հանձնման-ընդունման գործընթացն է կատարվում, որեւէ խնդիր ի հայտ եկե՞լ է այդ ընթացքում:
-Խնդիր որպես այդպիսին` չէ: Գործընթացին մասնակցում են նախարարության ներկայացուցիչներ, համապատասխան պատասխանատվությամբ անդամներ 2 քոլեջներից, եւ գործընթացն ընթանում է համերաշխ մթնոլորտում:
-Որեւէ խնդիր Ձեր քոլեջը չի՞ «հանձնելու» մյուս քոլեջին:
-Ո՛չ:
-Իսկ ֆինանսական առումո՞վ: Չէ՞ որ հումանիտար քոլեջը ֆինանսական խնդիրներ ունի:
-Ֆինանսական խնդիրները հումանիտար քոլեջը ունեցել է եւ ունի, այն նաեւ նախկինից է գալիս, կուտակվել են պարտքեր կենսաթոշակային ֆոնդին: 2009-ին ՀՀ կառավարության որոշմամբ ներվել են դրա տույժ-տուգանքները, բայց 2006-ից, ուսանողների թվի նվազման պատճառով, արտաբյուջետային միջոցները սուղ եղան, ունենք ապառքներ, որը որ պետք է վճարվի, հարկային հաշվարկները կկատարվեն, կկազմվի ժամանակացույց:
-Այսինքն` կա ֆինանսական պարտք, որն  անցնում է նոր քոլեջին:
-Իրավահաջորդության սկզբունքով` այո;
-Իսկ գո՞ւյքը:
-Մեխանիկորեն դա էլ:
-Շե՞նքը:
-Շենքը պետական սեփականություն է, ես նույնիսկ չգիտեմ, թե ում տնօրինման տակ է, այն մեզ տրված էր անհատույց օգտագործման:
-Ի՞նչ է լինելու այն ուսանողների ճակատագիրը, որոնք ուսումը դեռեւս չէին ավարտել:
-Նրանք կշարունակեն իրենց ուսումը նոր քոլեջում` իրենց ընտրած մասնագիտություններով, որովհետեւ նույն բաժիններն այնտեղ վերականգնվել են: Բայց նրանք կլինեն արդեն ոչ թե Սիսիանի հումանիտար կամ տնտեսագիտական քոլեջի ուսանող կամ շրջանավարտ, այլ` Սիսիանի պետական քոլեջի ուսանող կամ շրջանավարտ:
-Սեպտեմբերի մեկի զանգի ղողանջը, 20 տարի անց, նոր ուսումնական տարվա սկիզբ չի ազդարարի Ձեզ համար:
-Այո՛, սեպտեմբերի 1 որպես այդպիսին Սիսիանի հումանիտար քոլեջի համար չի լինի, որովհետեւ հումանիտար քոլեջ չի լինի:
-Այսինքն, Սիսիանում մի ուսումնական հաստատություն վերացավ, եւս մի ուսանողական միջավայր պակասեց, ինչպե՞ս արձագանքվեց նման երեւույթը Սիսիանում:
-Գիտեք` հենց սկզբում էլ ասացի, որ տհաճ երեւույթ է: Բայց ժամանակներն են լուծումներ առաջարկում: Շատ հնարավոր է, որ նոր մասնաճյուղեր բացվեն, նոր գործընթացներ զարգանան: Ես ինքս լավատես մարդ եմ եւ մտածում եմ, որ շուտ թե ուշ, ամեն մեկն իր տեղը կգտնի:
-Ի՞նչ կմաղթեք նրանց, ովքեր սեպտեմբերի 1-ը կդիմավորեն արդեն որպես Սիսիանի պետական քոլեջի ուսանող, դասախոս  կամ` աշխատակից:
-Բեղուն աշխատանք, ուսանողներին` հաճելի ուսանողական տարիներ, մանկավարժներին` աշխատանքային լավ պայմաններ, աշխատավարձի բարձրացում, որովհետեւ սա ամենացածր վարձատրվող համակարգերից մեկն է, քոլեջին` շատ ուսանողներ, անխափան ու անընդհատ աշխատանք:

Զրույցը վարեց
Արեւհատ ԱՄԻՐՅԱՆԸ   

Ավելացնել կարծիք

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվելու: Պահանջվող դաշտերը նշված են *